«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Գոյ»-ը վերադարձ չէ, շարունակություն է․ դերասան Արսեն Ազիզյանը՝պայքարի, կորսված բեմի և չլռող թատրոնի մասին

17:00, 10 սեպտեմբերի

«Գոյ» թատրոնի շուրջ վերջին տարիների պատմությունը վաղուց դուրս է եկել պարզապես թատերական կառույցի սահմաններից։ Այն դարձել է մարդկանց, մասնագիտության, ստեղծագործական ազատության և սեփական ճանապարհը շարունակելու մասին պատմություն։ Փակ դռներ, սպասում, այլ տարածքներում փորձեր, անորոշություն, բայց նաև մի բան, որը չի դադարել՝ ստեղծագործելու մղումը։

Դերասան Արսեն Ազիզյանի համար «Գոյ»-ը պարզապես թատրոն չէ։ Այն ճակատագիր է։
«Գոյ թատրոնը ճակատագիր է, ու փառք Աստծո՝ այդ ճակատագրի մեջ հավաքված մարդիկ իսկապես նվիրյալներ են, իրենց գործի մասնագետներ, պրոֆեսիոնալներ և ունեն ինչ-որ բան ասելու այս երկրին, այս երևանյան իրականությանը»։

Այս կապը, ըստ Ազիզյանի, պատահական չէ։ «Գոյ»-ը միավորել է մարդկանց, որոնք տարիների ընթացքում դարձել են ոչ միայն գործընկերներ, այլև ընկերներ։ Իսկ այդ ամրության հիմքում, նրա համոզմամբ, մեկ բան է՝ ճշմարտությունը, որի անունը թատրոն է։

0d3c6178-b938-4ece-b9a0-278d415b09eb.jpeg (133 KB)

Այդ ճանապարհի կարևորագույն հիմքերից մեկը նաև դպրոցն է։ Դպրոցը, որը նրանց տվել է Արմեն Մազմանյանը։ Ազիզյանի համար վարպետը ոչ միայն թատրոնի մասնագիտական գաղտնիքների փոխանցողն էր, այլև այն մարդը, որը կարողացավ իր սաներին թատրոնի հմայքն ու նույնիսկ թերություններն այնպես ցույց տալ, որ նրանք սիրահարվեն այդ արվեստին և մշտապես ձգտեն այն կատարելագործել։

Այսօր, հետ նայելով անցած ճանապարհին, Ազիզյանն առաջին հերթին հպարտություն և պատասխանատվություն է զգում՝ լինելու այդ թատրոնի մի մասը:

Ճանապարհը, սակայն, հեշտ չի եղել։ Այն ունեցել է նաև իր ծայրահեղ պահերը։ Դերասանները նույնիսկ դեկտեմբերին երկար ժամանակ քնել են իրենց թատրոնի դռների առաջ։ Հետադարձ հայացքով այդ ամենը երբեմն նույնիսկ ծիծաղելի է թվում, բայց ապրածի ներսում այն ամենևին էլ ծիծաղելի չէր։

Այդ փորձությունը փոխել է նաև նրանց թատերական ընթացքի ընկալումը։ Մտածողությունը նոր տեմպ և ռիթմ է ստացել։ Եվ որքան էլ ճանապարհը դժվար լինի, նրանք այսօր էլ համոզված են, որ անցել ու անցնում են այն ճիշտ պատճառով՝ ստեղծագործելու համար։

bb3caeae-13c3-45a9-bdd3-5b5d918ae7b6.jpeg (118 KB)

«Մենք շարունակում ենք անհամաձայն լինել այն ամենի հետ, ինչը կատարվեց «Գոյ» թատրոնի հետ, բայց միանշանակ կարոտել ենք մեր հանդիսատեսին, ու վստահ ենք՝ նրանք էլ մեզ։ Վստահ ենք, որ դեռ երկխոսություն ունենք անելու միասին»։

Այդ երկխոսությունը, ըստ Ազիզյանի, թատրոնի ամենակարևոր առաքելություններից մեկն է՝ թատրոնին տրված լեզվով իր հանդիսատեսի հետ խոսելու, ասելիքը փոխանցելու և այդ խոսքի արձագանքը ստանալու հնարավորությունը։

«Գոյ»-ը, նրա համոզմամբ, այդ լեզուն ունի։ Ունի իր մտածողությունը, ձեռագիրն ու ասելիքը։ Այդ պատճառով էլ թատրոնը լռեցնելը հեշտ գործ չէ։

«Եթե թատրոնի մարդիկ ոտքի վրա կանգնած են ու ասելիք ունեն, թատրոնի փակվելու մասին լուրերը գերչափազանցված են»,- ասում է նա՝ հիշելով իրենց վարպետի խոսքը։

«Գոյ»-ի դերասանները տարբեր նախագծերում պահանջված և զբաղված մարդիկ են։ Բայց նրանցից ոմանք նույնիսկ հրաժարվում են առանձին նախագծերից կամ ներկայացումներից՝ շարունակելու «Գոյ»-ի ընթացքին մասնակցելը։ Սա, Ազիզյանի համար, ոչ թե ամբիցիայի, այլ գաղափարական ընկալման հարց է։

Որովհետև թատրոնը, նրա համոզմամբ, ինքն է որոշում իր մեռնելու և ծնվելու ժամանակը։ Այդ իրավունքը ոչ մեկին տրված չէ։

«Գոյ»-ի պատմության շուրջ, ինչպես ինքն է ասում, կան նաև «շատ մութ ու թատրոնի հետ կապ չունեցող պատմություններ»։ Բայց դրանցից անկախ՝ «Գոյ»-ը կա։ Ունի ասելիք իր հանդիսատեսին, իսկ հանդիսատեսն էլ ունի «Գոյ»-ի կարիքը։

Այսօր նրանց ճանապարհը հենց այդ կարիքը բավարարելու ճանապարհն է՝ նախ իրենց ավելի լավը դարձնելու, ապա նաև իրենց հանդիսատեսին ու միջավայրը ավելի լավը դարձնելու փորձը։

Թատրոնը շենք չէ

«Գոյ»-ի շուրջ խոսելիս հաճախ է հնչում այն միտքը, որ սա միայն շենք կամ կազմակերպություն չէ։ Արսեն Ազիզյանի համար այդ համոզումը միանշանակ է։

«Թատրոնը որպես երևույթ շենք չէ, մանավանդ այսօր՝ 21-րդ դարում, երբ մեծ տրանսֆորմացիայի է ենթարկվել թատրոնը»։

d0449a89-82aa-471e-885a-e740b27d1c6b.jpeg (125 KB)

Այսօր ներկայացման բեմ կարող է դառնալ գրեթե ցանկացած տարածք՝ սար ու ձորից մինչև ամենափոքր ու նեղ միջանցքը։ Հետևաբար թատրոնը չի սահմանափակվում պատերով, հասցեով կամ կոնկրետ բեմով։

Թատրոնը մտածողություն է։ Բայց դրանից ավելին էլ կա՝ խրախճանք, մոլուցք՝ հանդիսատեսին ինչ-որ բան տալու։

Այդ իսկ պատճառով «Գոյ»-ի իրական տարածքը միայն այն շենքը չէր, որտեղ ներկայացումներ էին խաղում։ «Գոյ»-ի տարածքը մարդիկ էին, նրանց հարաբերությունները, էներգիան, մտածողությունը և այն մթնոլորտը, որը նրանք ստեղծել էին միասին։

Երբ բեմը կա, բայց մուտքը՝ ոչ

Դերասանի համար բեմից զրկվելը միայն աշխատավայր կորցնել չէ։ Դա ստեղծագործական ընթացքի խաթարում է։ Սակայն «Գոյ»-ի դերասանները փորձել են թույլ չտալ, որ փակ տարածքը վերածվի փակ ստեղծագործական կյանքի։

Նրանք տարբեր պայմաններում շարունակել են զբաղվել իրենց գործով։ Աջակցող մարդիկ առաջարկել են տարածքներ, զանգահարել՝ հարցնելով, թե ինչով կարող են օգնել, հնարավորություն տվել իրենց տարածքներն օգտագործել փորձերի համար։

Այդ արձագանքը նրանց համար ոչ միայն օգնություն է, այլև պարտավորեցնող ուժ։

Թատրոնը, Ազիզյանի խոսքով, դժվար կառույց է, և այդ դժվարությունը նրանք փորձում են պատվով տանել՝ նախ իրենց առաջ ունեցած պարտքի, ապա՝ հանդիսատեսի հանդեպ պատասխանատվության գիտակցումով։

Այդ ամենը նաև ցույց է տվել, որ «Գոյ»-ի ոգին հնարավոր չէ փակել մեկ դռան հետևում։

Այո, նրանց նախկին բեմն այլևս չկա այն տեսքով, որով նրանք ճանաչում էին այն։ Տարածքը, որտեղ եղել է իրենց թատրոնը, այսօր արդեն ուրիշ էներգիա ունի։

Դա ցավալի է։

Բայց թատրոնը միայն տարածքը չէ։

«Թատրոնը նախ մարդիկ են, ու այդ մարդկանց ստեղծած մթնոլորտն ու էներգիան է որոշում թատրոնի լավն ու վատը»։

«Գոյ»-ի նախկին տարածքը նրանց համար շատ թանկ էր։ Այնտեղ իրենց բոլոր ներկայացումները՝ բեմանկարչական, տեխնիկական և էներգետիկ առումներով, ստեղծված ու «կարված» էին հենց այդ բեմի համար։ Այդ պատճառով դրա կորուստը, բնականաբար, ցավոտ է։

Բայց Ազիզյանը հավատում է, որ իրենց ստեղծած էներգիան ավելի ուժեղ է, քան որևէ տարածք։

Ուր էլ հայտնվեն, նրանք նորից կստեղծեն իրենց մթնոլորտը, էներգետիկան ու ասելիքը։

Գեղեցիկ կազմ, թե՞ գիրք

«Գոյ»-ի ճանապարհի մասին խոսելիս Արսեն Ազիզյանը մի պատկերավոր համեմատություն է անում.

«Շատ հեշտ է ստեղծել գեղեցիկ գրքի կազմ, բայց շատ բարդ ու դժվար է գիրք գրել»։

Իրենք, ասում է նա, զբաղված են ոչ թե գեղեցիկ կազմ ստեղծելով, այլ գիրք գրելով։

Սա նաև նրանց ստեղծագործական սկզբունքն է։ Նրանք չեն փորձում սահմանափակվել ձևով, փաթեթավորմամբ կամ արտաքին տպավորությամբ։ Փորձում են միաժամանակ խոսել ձևի և բովանդակության մասին։

Իսկ վերջնական գնահատականը, նրա համոզմամբ, պետք է տա միայն հանդիսատեսը։

Ոչ թե առանձին անհատներ, մարդիկ կամ որևէ այլ արտաքին գնահատող։

Հանդիսատեսը։

Վերադարձ, որը վերադարձ չէ

Այսօր «Գոյ»-ի գործունեությունը շարունակելու մասին խոսակցություններն արդեն նոր սպասում են ձևավորում։ Բայց Ազիզյանը չի շտապում դա անվանել վերադարձ։

«Սա վերադարձ չէ, շարունակություն է։ Ընթացք է։ «Գոյ» թատրոնի պատմություն է, որը մենք պատվով, սիրով ու մեծ եռանդով փորձում ենք տանել»։

Եվ այդ շարունակությունն արդեն կոնկրետ ամսաթիվ ունի։

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 19:30-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում «Գոյ»-ը հանդիսատեսին կներկայանա նոր պրեմիերայով։ «Խելագարը» ներկայացումը բեմադրվել է իտալացի դրամատուրգ Դարիո Ֆոյի հանրահայտ «Անարխիստի պատահական մահը» պիեսի հիման վրա։

Այս իրադարձությունը «Գոյ»-ի համար պարզապես նոր ներկայացում չէ։ Այն շարունակվող ճանապարհի հերթական էջն է՝ նոր բեմում, նոր պայմաններում, բայց նույն մարդկանց, նույն մտածողության և իրենց հանդիսատեսի հետ նորից խոսելու ցանկությամբ։

Նրանց համար սա ոչ թե հին «Գոյ»-ը նույնությամբ վերականգնելու փորձ է, այլ իրենց թատերական մտածողությունը շարունակելու հնարավորություն։

Այդուհանդերձ, եթե երբևէ կրկին մտնեն իրենց նախկին տարածք, առաջին զգացողությունը, հավանաբար, կլինի կարոտը։ Շատ մեծ կարոտը։ Բայց այդ հանդիպումն արդեն նույնը չի լինելու, որովհետև տարածքն այլևս այն տարածքը չէ, որն իրենք գիտեին։

Նախկին բեմը չկա։

Փոխվել է էներգիան։

Փոխվել են մարդիկ։

Փոխվել է ժամանակը։

Բայց չի փոխվել հիմնական կապը։

Այն թելը, որը շարունակում է միավորել «Գոյ»-ի մարդկանց, ըստ Ազիզյանի, այնքան ամուր է, որ նրանք հստակ գիտեն՝ ուր են գնում, ինչ ունեն ասելու և ինչ ունեն տալու իրենց հանդիսատեսին։ Եվ, ոչ պակաս կարևոր, գիտեն նաև՝ ինչ ունեն վերցնելու։

«Գոյ»-ի հաջորդ էջը

Նրանք դժվար ճանապարհ են անցել և վստահ են, որ առաջիկա ճանապարհներն էլ հեշտ չեն լինելու։ Բայց հիմա արդեն ունեն անցած ճանապարհի փորձը, իրենց միմյանց կապող ամուր թելը և իրենց ասելիքի հստակ գիտակցումը։

Եվ ամենակարևորը՝ նրանք չեն հոգնել։

Իսկ այս հանդիպումը, թերևս, լավագույն պատասխանն է բոլոր նրանց, ովքեր «Գոյ»-ի պատմության մեջ փորձել են վերջակետ տեսնել։

Իսկ «Գոյ»-ի ասելիքը՝ անցյալում, ներկայում և ապագայում, նույնն է։
Կյանքը սիրել։
Չչարանալ։
Եվ կյանքում ու գործում իսկապես ազնիվ լինել։

Գուցե հենց այս երեք պարզ նախադասության մեջ է այն ամենի ամենաճշգրիտ ձևակերպումը, ինչի համար «Գոյ»-ի մարդիկ շարունակում են ճանապարհը։

Նրանք կորցրել են բեմը, բայց չեն կորցրել թատրոնը։

Կորցրել են տարածքը, բայց ոչ մթնոլորտը։

Փակվել է դուռը, բայց չի լռել թատրոնը։

Եվ գուցե հենց այդ պատճառով էլ «Գոյ»-ը վերադարձ չէ։

Այն շարունակություն է։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search