Մայքլ Անդրանիկ Գուրջյան` դերասան, ռեժիսոր, սցենարիստ, որը հոլիվուդյան ֆիլմերում նկարահանվել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Քրիստիան Բեյլը («Նորություններ վաճառողները» 1992թ.), Ռոբերթ Դաունի կրտսերը («Չափլին» 1992թ.), Մել Գիբսոնը («Միշտ երիտասարդ» 1992թ.) եւ Մորգան Ֆրիմանը («Հորդառատ անձրեւ» 1998թ): Նա նաեւ հանդիսանում է «Illusion» («Պատրանք» 2004թ) ֆիլմի ռեժիսորը, որտեղ նկարահանվել է լեգենդենդար դերասան Քըրք Դուգլասի հետ:
NEWS.am STYLE-ը խոսել է «Էմմիի» մրցանակակիր, հայազգի դերասանի հետ։ Մեզ տված բացառիկ հարցազրույցում Մայքլը պատմել է ոչ միայն իր հայկական արմատների մասին, այլեւ կիսվել է հոլիվուդյան զվարճալի պատմություններով:
- Մայքլ, պատմեք Ձեր ծագման մասին:
-Ես կիսով չափ հայ եմ, հայրս հայ էր: Նրա ծնողները ժամանակի ընթացքում տեղափոխվել են Միացյալ Նահանգներ: Պապիկս Պալու կոչվող գյուղից էր, տատիկս` Էրզրումից: Նրանք փախուստի են դիմել մինչեւ 1915 թիվը: Պապիկիս գյուղում զանգվածային ջարդեր էին սկսվել եւ նրա բարեկամներից ոչ բոլորը կարողացան փախչել: Նա հասավ Դետրոիթ, որտեղ էլ հանդիպեց իմ տատիկին, որն այնտեղ էր հասել Էրզրումից: Նրանք հանդիպեցին, ամուսնացան։ Հայրս ծնվեց Դետրոիթում, սակայն հետո նրանք տեղափոխվեցին Սան Ֆրանցիսկո: Այնտեղ էլ հայրս` մասնագիտությամբ ֆիզիկոս Պիտեր Գուրջյանը, հանդիպեց մորս` Սառային: Նա շոտլանդական եւ ամերիկյան ծագում ունի: Ահա այսպիսին են իմ արմատները:
-Հայաստանում եղե՞լ եք:
-Այո, եղել եմ…Հայաստան եկել եմ 2006թ-ին: Ինձ հետ էր նաեւ ընկերներիցս մեկը, որը լրագրող է: Մենք Հայաստան եկանք Վրաստանից եւ որոշ ժամանակ անցկացրինք այդտեղ:
- Իսկ ի՞նչն ամենից շատ հավանեցիք Հայաստանում:
-Մեր ժամանակի մեծ մասն անցկացրինք Երեւանում, եւ այն ինձ դուր եկավ: Ինձ համար դա մեծ փորձ էր: Ես այնտեղ էի իմ «Illusion» («Պատրանք») կոչվող ֆիլմի գործերով եւ հիանալի ժամանակ անցկացրեցի: Ինձ ցույց տվեցին քաղաքը, մարդիկ այնքան ընկերասեր էին…Ինձ այդ ամեն ինչ այնքան դուր եկավ, որ կցանկանայի վերադառնալ: Իհարկե, աշխատանքի բերումով փոքր-ինչ դժվար է դա համատեղելը, բայց կցանկանայի ավելի շատ ճանապարհորդել Հայաստանով, գնալ Սեւանա լիճ…
- Մայքլ, խոսենք Ձեր դերասանական գործունեությունից: Ինչպե՞ս սկսեցիք նկարահանվել Հոլիվուդում:
-Երբ բնակվում էի Սան Ֆրանցիսկոյում եւ Օքլենդում, հաճախում էի թատերական դասընթացների: Հետո ընդունվեցի UCLA քոլեջի թատերական բաժինը եւ սկսեցի մասնակցել հեռուստատեսային տարբեր քասթինգների: Առաջին աշխատանքս ստացա «Նորություններ վաճառողները» ֆիլմում, որտեղ հանդես եկա որպես պարող: Այն հիմա Broadway show է համարվում: Հետո ավելի շատ դերեր սկսեցի ստանալ: Ինձ հրավիրեցին մասնակցելու «Խնջույք` հինգի համար» շոուին: Ինձ դուր էր գալիս ֆիլմերում նկարահանվելը: Լոս Անջելեսը հրաշալի վայր է, բայց ես նախընտրում եմ Սան Ֆրանցիսկոն, քանի որ ընտանիքս այնտեղ է, իսկ Լոս Անջելես վերադառնում եմ խաղալու եւ ժամանցային նախագծերին մասնակցելու համար:
- Ի՞նչ եք կարծում` ո՞րն է այն ֆիլմը, որը մեծ հաջողություն բերեց Ձեզ:
-Ես հանդես եկա մի ֆիլմում, որը կոչվում է «Դեւիդի մայրը», որի համար արժանացա «Էմմի» մրցանակի, եւ դա ինձ շատ օգնեց: Իսկ երբ նկարահանվեցի «Խնջույք` հինգի համար» շոուում, մարդիկ ինձ ավելի շատ սկսեցին ճանաչել` որպես դերասանի:
- Իսկ հետո նկարահանվեցիք այնպիսի Հոլիվուդյան աստղերի հետ, ինչպիսիք են Քրիստիան Բեյլը, Մել Գիբսոնը, Ռոբերտ Դաունի կրտսերը եւ Մորգան Ֆրիմանը…Ինչ-որ հետաքրքիր դեպքեր հիշո՞ւմ եք նրանց հետ նկարահանումներից:
-Այո, շատ հայտնի մարդկանց հետ եմ նկարահանվել, ինչն ինձ համար մեծ փորձ էր: Մորգան Ֆրիմանը շատ լավ շախմատ է խաղում: Երբ միասին նկարհանվում էինք, նրա հետ հաճախ էի շախմատ խաղում: Քանի որ ես հայ եմ, բնականաբար, շախմատից շատ լավ եմ: Ինչ վերաբերում է մյուս բոլոր աստղերին, նրանք էլ հասարակ ու պարզ մարդիկ են:
- Խոսենք Ձեր` «Illusion» («Պատրանք») ֆիլմից: Ինչպե՞ս էր Քըրք Դուգլասի հետ աշխատելը:
-«Illusion»-ն առաջին ինքնուրույն ֆիլմն է, որի վրա աշխատել եմ: Դրա հիմքում ընկած է ֆրանսիացի գրող Պիեռ Կոռնեյլիի պիեսը: Ես ցանկանում էի ստեղծել մի ֆիլմ, որտեղ նաեւ կարող էի հանդես գալ որպես դերասան, իսկ այդ ստեղծագործության կառուցվածքը թույլ էր տալիս, որպեսզի այն բաժանեինք մի քանի մասերի: Ինձանից մոտ երեք տարի պահանջվեց, որպեսզի նկարահանեմ այդ ֆիլմը: Վերջում, ինձ հաջողվեց գլխավոր դերում նկարահանել Քըրք Դուգլասին, որը մարմնավորում է ֆիլմում իմ հերոսի հոր դերը… նրա հետ աշխատելը հոյակապ էր: Մենք միասին մեկ ամիս ենք փորձ արել… նրա խաղն ուղղակի անկրկնելի էր…Սա նրա մասնակցությամբ վերջին ֆիլմն է:
- Համոզված եմ, որ այդ փորձերը չեն անցել առանց զավեշտալի միջադեպերի: Կհիշե՞ք որեւիցե մեկը:
-Հիշում եմ` մի անգամ Քըրք Դուգլասի հետ փորձ էինք անում նրա առանձնատներից մեկում, որը գտնվում է Բեւեռլի Հիլզում: Ես այն ժամանակ շատ փող չունեի եւ այնտեղ հասա ավտոբուսով: Փորձերից մեկի ժամանակ ես պատահաբար բախվեցի նրա պատից կախված մի նկարի եւ փչացրեցի այն: Այդ ժամանակ Դուգլասն ասաց. «Օ՜հ, ոչինչ, ամեն ինչ կարգին է…Սա, ընդամենը, Մարք Շագալի նկարներից է»: Պարզվեց, դա Մարք Շագալի օրիգինալ նկարներից էր, որը նկարիչը հատուկ ստեղծել էր Քըրք Դուգլասի համար: Փաստորեն, ես գրեթե փչացրեցի նրա արվեստի գործը:
- Հոլիվուդյան էլ ո՞ր աստղերի հետ կցանկանայիք նկարահավել միեւնույն ֆիլմում կամ նկարհանել Ձեր ֆիլմերում:
-Այդպիսի շատ դերասաններ կան… Սիրում եմ Ջոաքին Ֆենիքսին եւ Դենիել Դեյ-Լյուիսին, իսկ դերասանուհիներից` Նաոմի Ուոթսին, Հելեն Միռենին ու Մարիոն Կոտիլյարդին: Մեծ ցուցակ կստացվի, եթե նշեմ իմ բոլոր սիրելի դերասաններին:
- Իսկ հայկական կինոարվեստին հետեւո՞ւմ եք; Ի՞նչ կասեք այս թեմայով:
-Շատ բան չգիտեմ հայկական կինոարտադրության ու հայաստանցի դերասանների մասին: Գիտեմ, որ շատ հայ դերասաններ կան, որոնք աշխատում են Հոլիվուդում, սակայն կոնկրետ Հայաստանի կինոարվեստի մասին շատ բան չգիտեմ, բայց կցանկանայի իմանալ…
-Ներկա պահին ինչի՞ վրա եք աշխատում:
-Մի նովել եմ գրել, կոչվում է «Բեաթրիս»: Այն լույս կտեսնի այս աշնանը: Սա իմ առաջին նովելն է եւ դրա վրա աշխատել եմ երեք տարի: Այժմ գոհ եմ արդյունքից: Գրքի հիման վրա նաեւ սցենար եմ գրել եւ երբ գրքի հետ կապված աշխատանքներն ավարտեմ, կզբաղվեմ ֆիլմի նկարահանումներով: Հուսով եմ` նկարահանումները կսկսեմ մյուս տարի` Քալիֆորնիայում: Շուտով էկրաններ կբարձրանա նաեւ իմ նոր ֆիլմը, որը կոչվում է «Punk's Dead»: Այն «SLC Punk» կոչվող ֆիլմի շարունակությունն է, որը ես նկարահանել եմ մի քանի տարի առաջ:
- Մայքլ, ի՞նչ կմաղթեք News.am Style-ի ընթերցողներին:
-Մաղթում եմ բոլորիդ գեղեցիկ կյանք: Ես հպարտ եմ, որ հայ եմ… Հուսով եմ` դուք նույնպես:
Զրուցեց Սյունե Առաքելյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը