Սլավոնական ծագում ունեցող ամերիկացի մոդել և գործարար Ջասթին Ջեդլիկան աշխարհին առավել հայտնի է որպես կենդանի Քեն տիկնիկ: Լրատվական կայքերը, վերջերս, լուրեր տարածեցին այն մասին, որ պլաստիկ վիրահատությունների սիրահար 34-ամյա մոդելն իրականացրել է իր 191-րդ վիրահատությունը, որպեսզի ձեռք բերի «հրեշտակային թևեր»: Իրականում, մինչ օրս քանի՞ վիրահատությունների է ենթարկվել Ջասթինը և է՞լ ինչ արտաքին փոփոխությունների է պատրաստվում դիմել մոտ ապագայում: NEWS.am STYLE-ը բացառիկ հարցազրույց է ունեցել կենդանի տիկնիկի հետ` պարզելու վերը նշված հարցերի պատասխանները:
- Ջասթին, ինչո՞ւ և երբվանի՞ց որոշեցիք փոխել Ձեր արտաքինը:
- Ես հասկացա, որ ցանկանում եմ դիմել պլաստիկ վիրահատության, երբ դեռ 14 տարեկան էի: Ես սիրում էի ուրվագծել երեխաների և հասուն մարդկանց մարմիններ: Ընդհանրապես, սիրում էի ուրվանկարներ անել և շատ էի ցանկանում դառնալ ճարտարապետ, ինչն այսօր ինձ համար ծիծաղելի է հնչում, քանի որ այժմ ես ինձ տեսնում եմ որպես պլաստիկ վիրաբուժության նախագծող` իմ հաճախորդների մարմինների «ճարտարապետ»: Ես միշտ ցանկացել եմ աչքի ընկնել իմ ոճով, դիզայնով և գեղեցկությամբ: Պլաստիկ վիրաբույժների հետ սկսել եմ խորհրդակցել 17 տարեկանից, իսկ առաջին վիրահատությունս կատարել եմ 18-ում:
- Ի սկզբանե մտածո՞ւմ էիք դառնալ Քեն տիկնիկ:
-Ես միշտ ինձ համար ստեղծել եմ կուռքեր, երազել եմ շքեղ կյանքի մասին և սիրել եմ պլաստիկ վիրահատությունը` որպես գեղարվեստական մանգա: Դա ինձ ավելի էր ոգեշնչում, քան Քենին նմանվելը, քանի որ ես միշտ կարծել եմ, որ արտաքնապես ավելի շատ ասիացու եմ հիշեցնում: Չնայած արևելաեվրոպական ծագում ունեմ, ինձ դուր է գալիս բազմաէթնիկ երևալը:
- Իսկ ինչպե՞ս Ձեր ընտանիքը վերաբերվեց Ձեր ընտրությանը:
-Իմ ընտանիքի անդամները միշտ ինձ հասկացել և աջակցել են իմ նորամուծություններում: Մայրս իմ ամենամեծ երկրպագուհին է:
- Ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան Ձեր կյանքում` վերջնական տեսքին հասնելուց հետո:
-Գիտե՞ք` չեմ կարծում, թե երբևէ ձեռք կբերեմ իմ «վերջնական» տեսքը: Անընդհատ փոփոխվելու գործընթացն ինձ համար զվարճալի է: Որպես արտիստի` այն ինձ ինքնավստահություն է հաղորդում:
- Երբ հայտնվում եք հանրային վայրերում, սովորաբար, ի՞նչ մեկնաբանություններ եք ստանում:
- Մարդկանց հետաքրքրում են իմ արտաքինում անընդհատ կատարվող փոփոխությունները: Դեմ առ դեմ հանդիպումների ժամանակ բոլորը չափազանց մեղմ են և հաճախ հաճոյախոսություններ են անում: Օնլայն տիրույթում քննադատողներն ավելի շատ են, բայց ես կարծում եմ` դա նախանձից է: Ես շատ գումար եմ ծախսել ինձ վրա, մինչդեռ շատերն այդ գումարը ծախսում են շքեղ ավտոմեքենաների, տների, հագուստի և թանկարժեք զարդերի վրա: Ահա, թե ինչով են մարդիկ տարբերվում միմյանցից: Ի դեպ, շատ շքեղ իրեր ևս անհրաժեշտություն չեն ներկայացնում: Պարզապես, ես մի փոքր անսովոր ճանապարհ եմ ընտրել:
- Ջասթին, վերջերս որոշ կայքեր գրեցին այն մասին, որ Դուք կատարել եք Ձեր` թվով 191-րդ պլաստիկ վիրահատությունը: Գո՞հ եք արդյունքից, թե՞ պատրաստվում եք շարունակել վիրահատությունների շարքը:
-Իրականում, ես մոտ 245 կոսմետիկ միջամտության եմ արդեն դիմել: Ինչպես գիտեք, հեռուստատեսային հաղորդումներ պատրաստելու համար երկար ժամանակ է պահանջվում, և որոշ մանրամասներ դեռևս չեն հաղորդվել: Հարկ է նշել, որ չեմ զղջում արածներիս համար: Տղամարդկանց պլաստիկ վիրահատության ոլորտում նորամուծություններ անելն ինձ ոգեշնչում է: Ես այս ոլորտի առաջին կամավորներից եմ, ինչն ինձ առաջ է մղում: Ես սա անում եմ ոչ միայն ինձ համար, այլև ցանկանում եմ օգնել մյուսներին` իմպլանտների և այլ միջամտությունների հարցում, որոնց վրա աշխատում եմ: Ապագայում կցանկանայի մեծացնել թիկունքիս, որովայնիս և ոտքերիս մկանները: Դրանք կանեմ իմ պատրաստած իմպլանտներով: Դա կլինի աննախադեպ մի բան պլաստիկ վիրաբուժության ոլորտում:
- Սակայն միշտ չէ, որ հաճախորդները գոհ են լինում պլաստիկ վիրահատության արդյունքից: Դուք նման իրավիճակի առնչվե՞լ եք:
- Ես չէի օգտագործի «գոհ չլինել» արտահայտությունը: Ինձ վրա արված շատ միջամտություններ աշխարհում արվել են հենց առաջին անգամ: Այդ պատճառով էլ` թե՛ իմ վիրաբույժները, թե՛ ես հասկանում ենք, որ ցանկալի արդյունքի հասնելու համար երբեմն պետք է կրկնել միևնույն վիրահատությունը: Մենք քաջատեղյակ ենք, որ սա մեծ ռիսկի հետ է կապված, բայց սիրով ենք մոտենում մեր աշխատանքին:
- Բացի պլաստիկ միջամտություններից, էլ ի՞նչ միջոցներով եք պահպանում Ձեր կառուցվածքը:
- Անկեղծ ասած` ես լավ գեներ ունեմ և դա ինձ օգնում է միշտ լավ մարզավիճակում մնալ: Իրականում, ես քաղցրակեր չեմ, բայց, ամեն դեպքում, դիետա էլ չեմ պահում: Բացի այդ, 6 տարի շարունակ անդադար աշխատանքի մեջ եմ լինում: Այնուամենայնիվ, իմ ընտրած ճանապարհով ես իմ առջև գեղեցիկ կառուցվածք ունենալու խնդիր չեմ դրել, ես ավելի շատ ուզում եմ հասնել մարմնի կառուցվածքի արվեստին: Այդ միտքն ինձ ուժ է տալիս փորձարկումներ կատարել ինձ վրա:
- Մոդել լինելուց զատ` էլ ինչո՞վ եք զբաղվում:
- Վերջին 3 տարիների ընթացքում անդադար աշխատել եմ իրական շոուի աստղ դառնալու ուղղությամբ: Իմ հայտնի լինելն ինձ համար շատ կարևոր է, և ես ցանկանում եմ իմ օրինակով ոգեշնչել մարդկանց: Ես ծնվել եմ աղքատ ընտանիքում, բայց պլաստիկ վիրահատությունների հանդեպ իմ սերն ինձ ոգևորեց և բարձրացրեց ինքնագնահատականս, իսկ հիմա ես զբաղվում եմ նրանով, ինչի մասին երազել եմ:
Շատերին իմ նախասիրությունը տարօրինակ կթվա, բայց ես հաջողության հասել եմ տարբերվելով: Երբ փոքր էի, մայրիկս հաճախ էր ասում` «մի հետևիր նորամուծություններին, եղիր դրանց թելադրողը»: Դա իմ կյանքի կարևորագույն խորհուրդներից մեկն է եղել` հասկանալ, թե ով ես դու, հպարտանալ դրանով և երբեք չզղջալ դրա համար: Մարդիկ սիրում են ստեղծել կարծրատիպեր: Ես մարտահրավեր եմ նետել դրանց և դա մարդկանց տարօրինակ է թվում: Բայց եթե իմ շնորհիվ շատերի մոտ կարող են հարցեր առաջանել, թե ինչ է գեղեցկությունը և ինչու են դրա մասին առկա տարբեր կարծրատիպեր, ուրեմն ինձ հաջողվել է ստիպել, որ մարդիկ մի փոքր այլ կերպ մտածեն և վերացնեն մի շարք խտրականություններ:
Ներկա պահին ես աշխատում եմ իմ իրական շոուի վրա: Բացի այդ, աշխատում եմ մի գրքի վրա, որը պլաստիկ վիրահատությունների և դրանց վերաբերյալ հասարակության կարծիքի մասին է: Նաև նոր իմպլանտներ եմ ստեղծում և, վերջապես, նոր բիզնես եմ հիմնել, որի միջոցով տեղեկություն եմ փոխանցում մարդկանց` ելնելով սեփական փորձիցս: Այս ոլորտում մասնագետ լինելը հաճելի զգացողություն է: Այս բիզնեսն ինձ համար խիստ անձնական ու կարևոր է:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով