Ամռան տապին փորձում եմ երթևեկել մետրոյով։ Մոտենում եմ դրամարկղին, տալիս եմ գումարը՝ «Բարև Ձեզ, մեկ ժետոն խնդրում եմ»։ Փոքրիկ պատուհանից ինձ են նետում ժետոնը, իսկ հետո մանրը։ Վերցնում եմ ժետոնը, հավաքում մանրը, ասում՝ «Շնորհակալություն, ցտեսություն»։ Մեկ օր անց՝ նույն դրամարկղը, նույն մռայլ, գեր տիկինը և ես։ «Բարև Ձեզ, մեկ ժետոն խնդրում եմ, շնորհակալ եմ, ցտեսություն»։ Հստակ չեմ հիշում, բայց կարծում եմ 6-7 անգամ նույն տոմսավաճառին եմ հանդիպել, և ամեն անգամ նույն սցենարը կրկնվել էր։ Բայց կարմիր, կրծած եղունգներով գեր տիկինը անվրդով էր։ Կարծում եմ, նա արդեն մտապահել էր ինձ, որովհետև երբ ես վերջին անգամ նրան հոգեբանական-բարոյական գրոհի ենթարկեցի, զարմացած նայելով ինձ՝ ցուցամատը պտտացրեց քունքի մոտ․․․ Երևում է, ինձ հետ իսկապես ինչ-որ բան այն չէ․․․
Ցավալի է, բայց գռեհիկ մարդիկ մեր միջավայրի մի մասն են կազմում։ Սակայն չի կարելի ասել, որ գռեհկությունը հայ ազգին բնորոշ հատկանիշներից է։ Մենք հայտնի ենք մեր հյուրընկալությամբ և ջերմությամբ, ամբողջ աշխարհը խոսում է մեր բարության, համախմբվածության և գթասրտության մասին։ Բայց․․․ մենք, կարծես, դադարել ենք հարգել, սիրել միմյանց․․․ Պատճառաբանում ենք, որ մեր կոպտությունն ու նյարդային վիճակը մշտական հոգնածության հետեւանքն է, որը հետագայում վերածվում է դյուրագրգռության․ նշում ենք կյանքի դժվար և անլուծելի խնդիրների, ֆինանսական ծանր վիճակի, ժամանակի պակասի, չսիրած աշխատանքի, վատ նախագահի, անպետք կյանքի մասին․․․Մենք խեղդվում ենք բարկությունից, երբ մեր ցանկություններն ու սպասումները չեն իրականանում։ Կնոջ կոպտությունը տղամարդու պարտականությունների բեռի իր ուսերին կրելու հետևանքն է, տղամարդու ագրեսիան՝ ընտանիքն ապահովելու հնարավորությունների բացակայությունն է, տարեց մարդկանց էլ ոչ մի կերպ բաց չեն թողնում սովետական անհոգ կյանքի հիշողությունները։ Այսքանից հետո ի՞նչ ենք սպասում մեր երեխաներից։
Կոպտությունն ու գռեհիկությունը հանդիպում են ամեն քայլափոխին՝ հատկապես սպասարկման ոլորտում։ Ձեր ողջույնին կարող են չպատասխանել, ձեզ երկար կսպասեցնեն, ձեր հարցին հնարավոր է պատասխան չստանաք, փոխարենը երկար և անհեթեթ մի պատճառաբանություն կլսեք, կամ Ձեր դեմքին ուղղակի դուռը կշրխկացնեն՝ ասելով, որ նրանց ընդմիջման ժամն է։ Հաճախ այս երևույթները հանդիպում են պոլիկլինիկաներում, արխիվներում, անձնագրային բաժանմունքներում։ Սպասարկման ոլորտի գռեհիկ աշխատակիցները, չգիտես ինչու, վստահ են, որ մենք կախված ենք իրենցից և առանց նրանց չենք կարող։ Հասկանալի է, որ ամեն մեկը վատ տրամադրության իր պատճառն ունի՝ ոմանց անձնական կյանքը չի դասավորվում, մյուսներն ընտանեկան խնդիրներ ունեն, ինչ-որ մեկի ֆինանսական վիճակն է վատ, մյուսի՝ առողջականը։ Իսկ զայրույթի ամենատարածված պատճառը՝ ցածր աշխատավարձն է։ Բայց մի՞թե մենք ենք մեղավորը՝ մարդիկ, որ նստում են կատաղած վարորդի երթուղայինը, կամ տանը մնացած բաժնի վարիչի սենյակ ենք մտել՝ տեղեկանք վերցնելու, կամ էլ փորձում ենք մի բան գնել՝ հենց նոր ընկերոջից բաժանված մի վաճառողուհուց․․․Շատերը չեն մտածում, որ վաղը հենց իրենք կդիմեն մեզ ինչ-որ հարցով, և նրանց մտքով էլ չի անցնում, որ իրենց հետ էլ կարող են կոպիտ վարվել․․․
Բնական է, որ մասնագիտությունն էլ է իր հետքը թողնում մարդու բնավորության վրա, սակայն չսիրած աշխատանքը, որը ոչ բավական եկամուտ է բերում, ոչ էլ հաճույք, նույնպես բացասական է ազդում նյարդային համակարգի վրա։ Շատերը հնարավորություն չունեն զբաղվելու իրենց սիրած գործով և նախասիրություններով, որոնք կօգնեն կարգի բերել մտքերը, աշխատանքային օրվա վերջում լիցքաթափվել և վայելել կյանքը։ Մենք անընդհատ անհասկանալի մի պայքարի, մարտական պատրաստակամության մեջ ենք։ Եվ ինչպե՞ս են մեր մեջ զարմանալի ներդաշնակությամբ համակցվում զոհաբերությունն ու անխոհեմ արիությունը։
Մենք՝ հայերս, բավականին տաքարյուն և զգացմունքային ենք, սակայն անոխակալ։ Դաստիարակության ավանդույթները մեր մշակույթում վառ արտացոլում են մեր կապվածությունը ընտանիքի և երեխաների հանդեպ, հարգանքը՝ մեծերի նկատմամբ։ Մենք ընկերասեր ենք, ազնիվ, ատում ենք շինծու. արհեստական նկրտումները, շատ զգայուն ենք անհարգալից վերաբերմունքի նկատմամբ։ Մեզ բնորոշ առանձնահատկությունն է աշխատասիրությունը։ Մենք անփոփոխ և հավատարիմ ենք ընկերության մեջ, և յուրաքանչյուր պահի պատրաստ ենք հասնել օգնության։ Սակայն, չգիտես ինչու, մեր անկոտրում հոգին ու համառ քաջությունը վերածվել են հանդգնության և կոպտության։ Ինչու՞ ենք մենք զարմանում, երբ մեզ զիջում են ճանապարհը․ ուրախանում ենք, երբ բանկում մեր հերթը շատ շուտ է հասնում , և այդ ընթացքում ծեծկռտուք չի լինում ․ ինչու՞ ենք մենք անսահման երջանկանում, երբ մատուցողը սիրալիր է և ժպտում է, իսկ երթուղայինի վարորդը չի հայհոյում և կատաղած չի մրցում իր <<կոլեգաների>> հետ։ Մենք զարմացած ժպտում ենք, երբ դեղագործը մեզ խորհուրդ է տալիս դեղորայք ընտրելիս և չի պարտադրում գնել թանկ, բայց անարդյունավետ միջոցը․ մենք զարմանում ենք, երբ բժիշկն իր նշանակած ժամին է մեզ ընդունում, իսկ բջջային կապի օպերատորը քաղաքակիրթ ձեւով է իր գործն անում․․․ Բայց, գրո՜ղը տանի, դա նորմալ է, այդպես էլ պետք է լինի։
․․․Մենք հոգնել ենք իրարից, մենք երբեմն ատում ենք իրար՝ հաճախ չհասկանալով, թե ինչի համար։ Շատ պատճառներ կան, որոնք մեզ կոպտացնում և չարացնում են՝ կլինի դա դաստիարակության պակասը, անբարենպաստ պայմանները, հանգամանքները, մշտական լարվածությունը, հիվանդությունը և այլն․․․Սակայն կոպտությունը երբեմն սեփական անզորության հետևանք է։ Բայց մի՞թե մենք այդքան անզոր ենք, որ չենք կարող մի պահ կանգ առնել, մտածել, լռել, դիմանալ կամ ուղղակի գնահատել իրավիճակը․․․
Բարև Ձեզ․ շնորհակալ եմ․ համեցեք, խնդրեմ․․․ Այդքան էլ դժվար չէ․․․
Եվա Նավասարդյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:21, 12 սեպտեմբերի
1 միլիոն դոլարը՝ ականջին. Քայլի Ջենները ցուցադրել է դեղին ադամանդների մի ամբողջ շարան11:43, 12 սեպտեմբերի
Բեն Շիրինյանի «Տնային տնտեսուհին» լիամետրաժ ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում11:19, 12 սեպտեմբերի
Լեդի Գագան առաջին անգամ մայր է դարձել. երգչուհուն նկատել են նորածին երեխայի հետ10:30, 12 սեպտեմբերի
Ջեքի Քենեդիի՝ 380,000 դոլար արժողությամբ «անիծյալ» ժամացույցը. Ինչպես է Քիմ Քարդաշյանը ձեռք բերել լեգենդար Cartier-ը09:00, 12 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 11 սեպտեմբերի
Հազարավոր ուխտավորներ հավաքվեցին տան առաջ «Մարիամ Աստվածածնի դեմքը» տեսնելու. տանտերը չդիմացավ և քանդեց խոհանոցը22:31, 11 սեպտեմբերի
Կարմիր գորգի գաղտնի կանոնները. ում է ամեն ինչ թույլատրվում, և ում վայրկյանների ընթացքում դուրս կշպրտեն21:15, 11 սեպտեմբերի
200,000 դոլար երկրորդ կյանքի հնարավորության համար. Ավստրալիայում մահացածներին սառեցնում են՝ հարյուրավոր տարիներ անց վերակենդանանալու հույսով20:17, 11 սեպտեմբերի
Բեռնար Արնոն դուրս է մնացել աշխարհի 10 ամենահարուստ մարդկանց ցանկից. LVMH-ի գործադիր տնօրենի կարողությունը նվազել է 65 միլիարդ դոլարով19:26, 11 սեպտեմբերի
Ռալֆ Լորենը կենտրոնանում է սեքսուալության և շքեղության վրա. ինչպիսի՞ն կլինի կանանց զգեստապահարանը 2027 թվականի գարնանը16:30, 11 սեպտեմբերի
Jacob & Co.-ն ներկայացրել է 693,000 դոլարանոց ադամանդե ժամացույց. Արլեքինոյից ոգեշնչված զարդերի գլուխգործոց15:55, 11 սեպտեմբերի
«Ես 60 տարեկան եմ, բայց իմ կենսաբանական տարիքը 40 է». կինը պատմել է, թե ինչպես է 53 տարեկանում երկվորյակներ ունեցել