Մարմնի մազածածկույթից արագ եւ ընդմիշտ ազատվելը ցանկացած կնոջ երազանքն է: Ժամանակակից կինն ամեն տեսակի զոհաբերության պատրաստ է, որպեսզի համապատասխանի գեղեցկության համընդհանուր ընդունելի չափանիշներին: Եվ, ահա, երազանքն իրականություն է դառնում լազերային էպիլյացիայի շնորհիվ: Այսօրվա դրությամբ՝ սա միակ մեթոդն է, որն իսկապես թույլ է տալիս մարմնի վրա անցանկալի մազերի խնդիրն արմատապես լուծել երկարաժամկետ կամ ընդմիշտ: Առասպելները պսակազերծելու եւ պարզելու համար, թե իրականում ինչից արժի զգուշանալ, դիմեցինք մայրաքաղաքի առաջատար կլինիկաներից մեկի բժիշկ -կոսմետոլոգ Տաթեւիկ Սայադյանին:
Երեւանում այսօրվա դրությամբ մի քանի տեսակի սարք կա, որոնց հիմքում ալիքի տարբեր երկարությամբ լազերներն են: Ամենաարդյունավետն է համարվում ալեքսանդրիտով աշխատող լազերը: Այն այդպես է կոչվել ալեքսանդրիտի բյուրեղի օգտագործման պատճառով, որը հարստացված է քրոմով: Ի տարբերություն մյուսների՝ այն այրում է նաեւ մակերեւույթին գտնվող աղվամազերը, այս պատճառով միջամտությունից անմիջապես հետո մաշկը հարթ կլինի: Այս միջամտությունը համապատասխանում է մուգ մազերով եւ բաց գույնի մաշկով մարդկանց: Ալեքսանդրիտը նաեւ օգնում է արագ ազատվել այն մազերից, որոնք հայտնվել են հորմոնալ անհավասարակշռության հետեւանքով: Սակայն ալեքսանդրիտի բացասական կողմն այն է, որ կարող է մուգ կամ թարմ արեւայրուքով մաշկի վրա այրվածքների հետքեր թողնել: Ալեքսանդրիտային լազերով միջամտությունը կիրառում են Երեւանի կլինիկաների եւ սրահների մեծ մասում:

Տարածվածությամբ չի զիջում նաեւ դիոդային համակարգով լազերը: Միջամտության այս եղանակը պակաս ցավոտ է սառեցման համակարգի շնորհիվ, որը նվազեցնում է ծակելու հետեւանքով առաջացած զգացողությունը: Դիոդային լազերի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ կարող է հեռացնել ե՛ւ մուգ մաշկի վրայի մազերը, ե՛ւ սոլյարիի երկրպագուների մաշկի: Եվ ամենակարեւորը՝ մաշկի վրա այրվածքի հետքեր կամ կարմիր բծեր չեն մնում:
Երեւանի կլինիկաներում նեոդիմային լազերը հաճախակի չի հանդիպում, այս համակարգը նոր-նոր է սկսում տեղ գտնել «գեղեցկության առանձնասենյակներում»: Նեոդիմային լազերը հրաշալի համապատասխանում է թուխ եւ մուգ մաշկով մարդկանց, ինչը մազերի հեռացման համար խոչընդոտ չի հանդիսանում: Քանի որ այն վերջին սերնդի սարք է, հագեցած է սառեցման նորագույն համակարգով, ինչով պայմանավորված՝ ո՛չ ցավի զգացողություն կլինի, ո՛չ կարմրություն:

Երեւանում նաեւ բազմաթիվ կենտրոններ են բացվել, որտեղ էլոս (elos) համակարգն են օգտագործում. տեխնոլոգիա, որը հիմնված է ֆոտո- եւ լազերային էպիլյացիայի համակցության վրա: Էլեկտրական եւ օպտիկական էներգիայի միաժամանակյա ներգործության հաշվին տեղի է ունենում մազապարկի քայքայում: Մեթոդը գործնականում ազդում է բոլոր տեսակի մազերի վրա, եւ, ի դեպ, այս միջամտությամբ հնարավոր է մազածածկույթը հեռացնել արեւահարված կամ մուգ մաշկից:
Լազերային էպիլյացիայի արդյունքը նկատելի է հենց առաջին միջամտությունից հետո: 10-14 օրվա ընթացքում նկատվում է մազերի «կեղծ աճ». մազերը մաշկից դուրս են ցցվում՝ կարծես թե աճում են:
Մի քանի օր հետո այս մազերն ամբողջովին դուրս կգան մաշկի մակերեւույթ եւ կթափվեն: Բարակ մազերն ավելի արագ են անհետանում, կոշտ եւ մուգ մազերը ավելի փափուկ եւ բաց գույնի են դառնում:
Միջամտությունների անհրաժեշտ քանակությունն անհատապես է որոշվում եւ կախված է մազերի աճի ու կառուցվածքի առանձնահատկություններից, մազի հաստությունից, հաճախորդի տարիքից, նրա հորմոնալ ֆոնից եւ առողջական ընդհանուր վիճակից:
Սայադյանի խոսքով՝ մազերի աճը նկատելիորեն դանդաղում է 4-5 միջամտությունից հետո, մշակված հատվածում մազերը նոսրանում են եւ ավելի բարակում: Լազերային էպիլյացիայի առաջին սեանսներն անցկացվում են ամիսը մեկ անգամ, հետագայում, կախված մազերի աճի դանդաղման աստիճանից, 6-7 շաբաթը մեկ անգամ: Մի՞թե սա յուրաքանչյուր կնոջ երազանքը չէ:
Որպես կանոն, լազերային էպիլյացիան կողմնակի էֆեկտներ չունի, որոնց մասին ընդունված է խոսել: Այս միջամտությունն ինքնին գործնականում ոչ մեկին չի կարող վնաս պատճառել, քանի որ լազերի ներգործության խորությունը ընդամենը 1-4 մմ է, սակայն ամեն ինչ հնարավոր է, եթե ձեզ մոտ հակացուցումներ կան եւ հանդիպել եք ոչ հասու վարպետի:
Կարեւոր է իմանալ, որ այս միջամտության համար որոշակի հակացուցումներ կան՝ մաշկային հիվանդություններ, հերպես, արեւայրուք, հղիություն եւ կրծքով կերակրելու շրջան, օնկոլոգիա, շաքարային դիաբետ, երակների վարիկոզ լայնացում եւ այլն:

Լազերային էպիլյացիայից հետո կտրականապես արգելվում է բաղնիքում, շոգեբաղնիքում շոգեհարվել, արեւահարվել կամ սոլյարի հաճախել: Միջամտությունների միջակայքում չարժի սափրվել կամ մազերից ունելիով, մոմով կամ էպիլյատորով ազատվել: Միջամտությունների միջեւ մազերի հեռացման միակ միջոցը դեէպիլյացիոն քսուքով հեռացումն է:
Տարբեր կլինիկաներում լազերային էպիլյացիայի արժեքը տարբեր կերպ է գնահատվում՝ կա՛մ սրահը գինը որոշում է յուրաքանչյուր գոտու համար, կա՛մ վճարում ես իմպուլսների քանակի դիմաց: Ենթադրենք՝ էպիլյացիայի կենտրոններից մեկում ոտքերի մազահեռացման արժեքը եղել է 100 հազար դրամ, բայց խորհուրդ են տվել 5 հազար դրամով գնել զեղչի քարտ եւ միջամտության համար 50 տոկոսի զեղչ ստանալ: Արդյունքում ստիպված կլինեիք 50 հազար վճարել:
Մեկ այլ կլինիկայում այսպիսի ակցիա էր՝ 49 հազար դրամ ես վճարում լազերային կաբինետում 45 րոպեի համար եւ հեռացնում ես այն ամենը, ինչ հնարավոր է այս ժամանակահատվածում հեռացնել: Եթե դուք տոտալ էպիլյացիայի կարիք չունեք, ապա ձեզ առավել կհամապատասխանի ըստ իմպուլսների վճարումը: Դեմքի եւ պարանոցի շրջանում իմպուլն արժե մոտ 200 դրամ, մարմնի՝ 150, իսկ ձեռքերի եւ ոտքերի՝ 50 դրամ:

Իհարկե, լազերային էպիլյացիան չի կարող միանգամից լուծել անցանկալի մազերի աճի խնդիրը:
Տաթեւիկ Սայադյանը նշեց, որ մազերի ավելորդ աճի վրա մեծ թվով գործոններ են ազդում, ինչպիսին են էնդոկրին խանգարումները, հորմոնալ անհավասարակշռությունը, ուստի ոչ մեկը չի կարող երաշխավորել, որ դուք խնդրից կազատվեք 3 միջամտությունից հետո: Լազերային, ինչ խոսք՝ նաեւ ցանկացած էպիլյացիայի դիմելուց առաջ ավելի լավ է անալիզներ հանձնել եւ պարզել ավելորդ մազածածկույթի պատճառը:
Մարգարիտա Ավագյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:28, 17 հոկտեմբերի
«Երբ նստում ես ինքնաթիռ, այն չի հարցնում՝ տղամարդ ես, թե կին». «Թռչող դաշնակահարուհին»՝ Նարինե Մելքումյան18:18, 17 հոկտեմբերի
Սկանդալ Michelin Guide-ի շուրջ. հայտնի ռեստորանային ուղեցույցը մեղադրվում է ակնարկներ գրելու համար արհեստական բանականություն օգտագործելու մեջ17:32, 17 հոկտեմբերի
Rolex-ը՝ ոսկու փոխարեն. Ինչու են միլիարդատերերը ներդրում կատարում ժամացույցների, ռուբինների և Կլիմտի նկարների մեջ16:04, 17 հոկտեմբերի
«Սարսափելի բան չկա». LVMH-ի ժառանգորդը բացատրում է, թե ինչու շքեղ ապրանքանիշերը չպետք է խուճապի մատնվեն ճգնաժամի պատճառով15:29, 17 հոկտեմբերի
Շերը բացահայտել է իր պաշտամունքային «մերկ» զգեստի գաղտնիքը, որը նա հագել էր 1974 թ-ի Met Gala-ին14:11, 17 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը պատմել է, թե ինչպես է Դենի ԴեՎիտոն կուլ տվել մարիխուանայով բոլոր ծխախոտները, երբ նրանց կանգնեցրել է ոստիկանությունը13:22, 17 հոկտեմբերի
«Դու ինձ խայտառակեցիր». Մեգան Մարքլը խզել է հարաբերությունները դիզայների հետ Քեյթ Միդլթոնի պատճառով12:17, 17 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը իր 46-ամյակը նշել է ամբողջությամբ կապիչներից պատրաստված զգեստով11:50, 17 հոկտեմբերի
«Նա ցույց էր տալիս առնանդամների լուսանկարներ և պարծենում էր իր սիրեցյալներով». Հունաստանում ԱՄՆ նախկին դեսպանի շուրջ սկանդալը թափ է հավաքում11:12, 17 հոկտեմբերի
Մայք Թայսոնը հազարավոր դոլարներ է ծախսում օծանելիքի վրա. յուրաքանչյուրի արժեքը տատանվում է 2000-ից 6000 դոլարի սահմաններում10:30, 17 հոկտեմբերի
Միլիարդատիրոջ ժառանգորդուհին տարեկան մինչև 60,000 դոլար է ծախսում գեղեցկության վրա. 23 տարեկանից բոտոքս և 500 դոլար արժողությամբ մանիկյուր09:00, 17 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ