Եթե տևական ժամանակով խախտվում է Մորփեոսի գրկում ութժամյա հանգիստը, ապա մարդու օրգանիզմոմ որոշակի տեղաշարժեր և փոփոխություններ են լինում, ինչն էլ նպաստում է տարբեր հիվանդությունների առաջացմանը:
Քնի քրոնիկական պակասը կարող է լուրջ հետևանքներ ունենալու մարդու օրգանիզմի համար՝ չհաշված, որ դա նպաստում է վաղաժամ ծերացմանը, և մարդը մշտապես հոգնած ու հյուծված տեսք է ունենում: Բայց անքուն կամ կիսաքուն գիշերների վատ հետևանքները թվարկենք հերթականությամբ:
Գունատ և թորշոմած մաշկ
Գեղեցկության և երիտասարդության ապահովման պարագաների արտադրությունը պարբերաբար կանանց է ներկայացնում կոսմետիկական միջոցներ, որոնք, արտադրողների հավաստիացմամբ, ի վիճակի են շատ կարճ ժամանակում և տևականորեն դեմքից ջնջել հոգնածության և ծերության նշանները: Սակայն ոչ մի հրաշք միջոց չի կարող փոխարինել լիարժեք քնին:
Ստոկհոլմի Կարոլինի ինստիտուտի գիտնականները կամավորներին երկու օր անընդմեջ արգելել են չորս ժամից ավելի քնել՝ փորձելով պարզել քնի նկատմամբ անտարբեր վերաբերմունքի հետևանքները մարդու արտաքինի վրա: Առավոտյան նրանք լուսանկարել են փորձարկման մասնակիցներին և դրանք, ինչպես նաև լիարժեք քնած մարդկանց լուսանկարները ցույց են տվել Ստոկհոլմի պատահական անցորդներին: Արդյունքները բավականին կանխատեսելի էին: Այն մարդիկ, ովքեր միայն չորս ժամ էին կարողացել քնել, ըստ անցորդների՝ անառողջ տեսք ունեին և նրանց դժվար էր գեղեցիկ ու հրապուրիչ համարել:
Պատճառը ոչ միայն աչքերի տակ առաջացած սև շրջանակներն ու այտուցներն էին, այլև մարդու դեմքի մաշկը: Քնի պակասն անմիջականորեն անդրադառնում է մարդու մաշկի վրա: Քանի դեռ մենք արթուն ենք, մաշկի ամբողջ գործառույթը շրջակա միջավայրի վնասակար ազդեցություններից պաշտպանվելն է: Իսկ քնի ժամանակ դրանում ինքնավերականգնման գործընթացներ են սկսվում՝ լավանում է նյութափոխանակությունը, բջիջները վերականգնվում են և ավելի է խթանվում կոլագենի արտադրությունը, ինչը խոչընդոտում է կնճիռների առաջացմանը: Իսկ երբ մարդը չի քնում կամ կարճատև է քնում, ապա այդ գործընթացները կամ չեն կատարվում կամ դանդաղ ու թերի են կատարվում, և մաշկը չի հասցնում վերականգնվել, թորշոմում է ու վաղաժամ ծերանում:
Ավելորդ քաշ
Քնի պակասը սթրես է օրգանիզմի համար: Եվ վտանգ տեսնելով՝ այն անմիջապես միջոցներ է ձեռնարկում՝ դանդաղեցնելով նյութափոխանակությունը, ինչը դժվար թե ուրախացնի որևէ մեկին: Դա կարող է նպաստել անցանկալի կիլոգրամների ավելացմանը:
Քնի պակասը նաև խթանում է ախորժակը, մարդը պարբերաբար ուտելու ցանկություն է ունենում: Լոնդոնի թագավորական քոլեջի գիտնականները հաշվակել են, որ անքուն գիշերվա պատճառով հաջոդ օրը մարդը 385 կկալ-ով ավելացնում է իր սննդակարգը, իսկ դա բոլորի համար չէ, որ կարող է անհետևանք մնալ:
Քնի պակասը նաև խախտում է քաղցի և հագեցվածության զգացում առաջացնող հորմոնների հավասարակշռությունը, ինչի պատճառով հաճախ մարդը շատակեր ու ամենակեր է դառնում:
Համակարգային հիվանդություններ
Արտաքինի հետ կապված խնդիրներից բացի՝ ոչ լիարժեք քունն օրգանիզմում համակարգային խանգարումներ է առաջացնում: Մասնագետների հավաստիացմամբ՝ որոշ դեպքերում այն կարող է նպաստել աթերոսկլերոզի զարգացմանը: Քրոնիկական անքնությամբ տառապող մարդկանց մոտ խոլեստերինի շրջանառության համար պատասխանատու գեները թերի են աշխատում, և այն կուտակվում է անոթներում՝ խցանելով և նեղացնելով դրանք:
Իսկ Բոստոնցի մի խումբ գիտնականներ պարզել են, որ առավելագույնը 5 ժամ քնող մարդկանց մոտ նվազում է ինսուլինի նկատմամբ զգայունությունը, ինչը հետագայում կարող է շաքարային դիաբետի առաջացման հանգեցնել:
Ապացուցված է, որ քնի պակասը ցածրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը տարբեր հարուցիչների ու հիվանդագին ազդակների նկատմամբ: Որոշ հետազոտությունների արդյունքների տվյալներով՝ թերի քունն ուղղակի կապ ունի դեպրեսիաների առաջացման և բարձր ճնշման հետ:
Ծույլ ուղեղ
Քրոնիկական անքնությունից, սակայն, ամենաշատը տուժում է ուղեղը: Վերջերս բավականին մեծ քննարկում էր ծավալվել Իտալիայի պոլիտեխնիկական ինստիտուտի գիտնականների աշխատանքի շուրջ: Գիտնականներն ապացուցել են, որ կարճատև և ոչ լիարժեք քնի դեպքում խախտվում է ուղեղի մաքրման, բեռնաթափման բնականոն գործընթացը: Հատուկ բջիջները՝ նեյրոգլիները, քնի ժամանակ ոչնչացնում են վնասված նեյրոնները՝ լավացնելով ուղեղի աշխատանքը: Եթե մարդը լիարժեք չի քնում, ապա նեյրոգլիները սկսում են ոչնչացնել առողջ բջիջները: Իսկ դա կոգնիտիվ խանգարումներ է առաջացնում՝ հիշողությունը թուլանում է, դանդաղում են արտաքին ազդակներին արձագանքելու, տեղեկատվությունը յուրացնելու ունակությունները:
Մարդն ինքը կարող է և չզգալ այդ փոփոխությունները և ժամանակին չարձագանքել: Փենսիլվանիայի համալսարանի մի խումբ գիտնականներ ապացուցել են, որ այն կամավորների մոտ, որոնց արհեստականորեն թույլ չեն տվել երկար քնել, կոգնիտիվ ցուցիչների զգալիորեն նվազում է նկատվել, սակայն իրենք հաճախ դա չեն գիտակցել և վերահսկել: Օրինակ, մարդը կարող է հանուն աշխատանքի զոհել քունը, բայց հետո չնկատել, որ դրա պատճառով սկսել է ավելի վատ աշխատել:
Ո՞րն է ելքը, ինչպե՞ս կարելի է խուսափել քնի քրոնիկական պակասի հետևանքով առաջացող տհաճություններից ու հիվանդություններից:
Նախ՝ հարկավոր է հաշտվել այն մտքի հետ, որ միանգամից հնարավոր չէ բոլոր գործերն անել և դրանց մի մասը կարելի է հետաձգել առավոտյան:
Ձեզ համար ցերեկվա աշխատանքային և առույգության լավագույն ժամեր սահմանեք և աշխատեք չխախտել այն: Կարծիք կա, թե կարևոր չէ քանի ժամ է մարդը քնում, կարևոր են քնի ժամերը: 22:00-04:00-ն ընկած ժամանակահատվածում վեցժամյա քունն առավել արդյունավետ է, քան 02:00-11:00-ն ընկած ժամանակահատվածում ինը ժամ քնելը:
Բնակարանում աշխատանքի և քնի տարածքները պետք է առանձին լինեն: Գիտնականները խորհուրդ են տալիս ննջարանն օգտագոծել միայն քնելու համար: Հեռուստացույցն այնտեղ անթույլատրելի իր է: Հարկավոր է սենյակում քնի համար նպաստավոր պայմաններ ստեղծել՝ ապահովել լիարժեք մթություն և լռություն, ինչպես նաև հարմարավետ ջերմաստիճան պահպանել՝ ոչ շատ սառը և ոչ էլ շատ տաք:
Քունը կարգավորելուն օգնում է ֆիզիկական ակտիվությունը, իսկ ահա շատակերությունը կարող է նպաստել անքնության: Երեկոյան 7-ի, 8-ի սահմաններում նյութափոխանակությունը դանդաղում է: Ուշ ժամին սնվելը, ինչպես նաև առատ ընթրիքը խթանում են ստամոքսի և աղիների աշխատանքը՝ թույլ չտալով, որ օրգանիզմը լիարժեք հանգստանա:
Քնի հետ խնդիրներ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում օրվա երկրորդ կեսից սկսած հրաժարվել կոֆեին պարունակող ըմպելիքներից, իսկ քնելուց մեկ ժամ առաջ ապրել առանց հեռուստացույցի և համակարգիչների:
Աղբյուրը՝ wday.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:29, 26 սեպտեմբերի
«Մենք ուրախ կլինենք այստեղ նախագծեր իրականացնել». Ֆիլիպո Իննոչենտին՝ Zaha Hadid Architects-ի՝ Հայաստանում աշխատելու հնարավորության մասին17:19, 26 սեպտեմբերի
Ադամանդե «մենամարտ» Միլանում. Ջորջինա Ռոդրիգեսն ու Արինա Սաբալենկան համեմատեցին իրենց հսկա նշանադրության մատանիները16:28, 26 սեպտեմբերի
Ծաղիկներ տան համար և ոչ միայն. Ո՞ր սոխուկավոր բույսերը տնկել սեպտեմբերին, որպեսզի շքեղ ծաղկեն15:22, 26 սեպտեմբերի
Դեմնան շրջեց Gucci-ի էջը. Միլանում շքեղ ցուցադրությունը զարմացրել է նոր գեղագիտությամբ14:14, 26 սեպտեմբերի
Ջեյ Զիի բռնաբարության մեջ մեղադրող կինը հետ է վերցրել իր մեղադրանքները և պնդել, որ երբեք չի հանդիպել նրան13:21, 26 սեպտեմբերի
Քանյե Ուեսթը նորից աշխարհին ներկայացրել է Բիանկա Սենսորիին. նա կրկին հանել է կրծկալը և ցնցել թափանցիկ վերնաշապիկով12:36, 26 սեպտեմբերի
«Բարի գալուստ Ամերիկա». Թրամփի 15-ամյա թոռնուհին իր անթերի չինարենով գրավել է Սի Ցզինպինին11:18, 26 սեպտեմբերի
Gucci-ի վաճառողուհուց մինչև նորաձևության աստղ. Ջորջինա Ռոդրիգեսը նվաճել է Միլանը համարձակ մինի-կոստյումով10:30, 26 սեպտեմբերի
«Երբ լսում եմ մեր երգը, լաց եմ լինում». Միխայել Շումախերի կինը 12 տարվա մեջ առաջին անգամ խոսել է իր ցավի մասին09:10, 26 սեպտեմբերի
«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ՓԲԸ-ն նշեց իր գործունեության 30-ամյա հոբելյանը Հայաստանում09:00, 26 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 25 սեպտեմբերի
90 տարեկան, 19 տիտղոս և երազանքի մարմին. ճապոնացի բոդիբիլդերը չի պատրաստվում ծերանալ