Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

«Մարդիկ տեսնում են մեր որեւէ արտադրանքը եւ անմիջապես ճանաչում՝ սա Kara Silver է». Կարինե Ավետիսյան

12:11, 27 փետրվարի

Կարինե Ավետիսյանը Հայաստանում (եւ ոչ միայն) շատ տարածված Kara Silver բրենդի հիմնադիրն է ու սեփականատերը: Եվ ինչպես արծաթը կամ ցանկացած այլ թանկարժեք մետաղ բարձրագույն հարգ ունի, նույնպես եւ Կարինեն, կամ ուղղակի Կառան, Երեւանի մասշտաբներով եզակի երեւույթ է: Միահատ: Բարձրագույն հարգի: Նա երեւանյան այն մտավորականության ներկայացուցիչն է, որը ծանր 90-ականներին մնաց, չկոտրվեց եւ կարողացավ իր մասին հայտարարել համառ աշխատանքով ու տաղանդով: Ի դեպ, Կարինեն իր մասին ակնհայտորեն շատ ավելի համեստ կարծիք ունի. պատմում է ընդհատումներով, դադարներով՝ ասես չցանկանալով...

Առաջին անգամ Kara Silver-ի մասին լսել եմ 2009 թվականին… Այսինքն՝ գրեթե ամենասկզբո՞ւմ:

Այո, դու մեր մասին լսել ես խանութի բացումից մեկ տարի անց: Դա երկար ճանապարհ էր: Դժվար: Ամեն ինչ սկսվեց գրեթե 2000-ին. ես շատ մտերիմ ոսկերիչ ընկերներ ունեի եւ նրանց հաճախ էի հյուր գնում, նայում էի՝ ինչպես են աշխատում: Շատ հետաքրքիր էր հետեւել: Եվս մեկ գործոն. քեռիս արծաթի մասնագետ է. Ընկերներս աշխատում էին ոսկու վրա, քեռիս՝ արծաթի: Ներսումս ինչ-որ բան թպրտաց, եւ ես ասացի. «Եկեք, ես էլ փորձեմ»:

Իսկ ինչպե՞ս էր հնարավոր առանց փորձ ունենալու:

Դե փորձ, թեկուզ եւ փոքր, կար: Մինչ այդ աշխատել էի ոսկերչական խանութում, ծանոթ էի յուրաքանչյուր ունելիին, յուրաքանչյուր սարքին… Այսինքն՝ տեսությանը արդեն ծանոթ էի, բայց հարկավոր էր այդ գործը պրակտիկայում փորձել. ինչ-որ բան ընկերներս ցույց տվեցին, ինչ-որ բանի ինքնուրույն հասա: Ես այդպես աշխատեցի մոտ մեկ տարի: Հետո գնեցի իմ գործիքները եւ աշխատանքից հետո աշխատում էի սեփական հաճույքի համար: Պատրաստեցի մի մատանի՝ պարզ, բայց օրիգինալ: Իսկ մի անգամ ինձ հարցրեցին՝ կարո՞ղ եմ այն պատրաստել վաճառքի համար: Իսկ ինչո՞ւ ոչ: Այսպես էլ ամեն ինչ սկսվեց՝ մատանուց: Հետո տեսականին ընդարձակեցի, ծանոթացա լավ դիզայներների հետ: Այն, ինչ ինձ դուր էր գալիս, այն, ինչ անում էի, շուկան դեռեւս չէր ընդունում: Ես մինչեւ խանութը բացելը, դեռ մոտ 5 տարի վաճառքի էի դնում Վերնիսաժում: Մարդիկ մոտենում էին, դիտում, նրանց դա դուր էր գալիս, բայց չէին համարձակվում կրել: Հետո վարժվեցին, սկսեցին գնել, ուրիշներին խորհուրդ տալ: Ինչ վերաբերում է կազմակերպական հարցերին, ապա ես զբաղվում էի արտադրությամբ, իսկ Գայան՝ քույրս, մենեջմենթով:

Հարկերի հետ կապված ոչ մի խնդիր չի եղել՝ ոչ մի իշխանության օրոք: Բայց ահա մրցակիցները… Մեզ պատճենում են: Այո: Նույնիսկ չգիտեմ՝ ուրախանամ, թե տխրեմ, որովհետեւ եթե իրավիճակը ինքնահոսի մատնես, մեր ամբողջ տեսականին կտեղափոխվի նույն Վերնիսաժ: Մենք դրա դեմ պայքարում ենք իրավական եւ իրավաբանական հիմքով, բայց ընդհանրապես երկրում հեղինակային իրավունքի հետ կապված իրավիճակը բարդ է:

Իսկ դիզայնն ավելի հաճախ քո մտահղացո՞ւմը չի:

Ավելի հաճախ՝ ոչ, բայց դետալները միասին ենք համաձայնեցնում: Որովհետեւ ես իմ ոճն ունեմ, եւ այն, ինչ նրանք առաջարկում են, պետք է ինձ շատ դուր գա... Պատահում է, մեզ մոտ հաճախ գալիս, այս կամ այն զարդն են խնդրում անել, բայց եթե դա ինձ հոգեհարազատ չէ, ես հրաժարվում եմ:

Բայց ու՞ր մնացին նորաձեւ միտումներն ու շուկայական պահանջները:

Շուկան շուկա, բայց ես մարդկանց ցանկանում եմ առաջարկել այն, ինչն ինձ հոգեհարազատ է, ինչը գեղեցիկ, ոճային եմ համարում: Կարծում եմ, որ հաշվի առնելով փորձը եւ Kara Silver-ի բեքգրաունդը՝ ես իրավասու եմ մի փոքր թելադրել, առաջարկել, իսկ հաճախորդներն արդեն թող իրենք որոշեն՝ հավանում են դա, թե ոչ... Kara Silver-ն իր ձեռագիրն ունի, եւ դա ինձ դուր է գալիս: Մարդիկ տեսնում են մեր որեւէ արտադրանքը եւ անմիջապես ճանաչում՝ սա Kara Silver է: Եվ ավելի լավ է այսպես՝ քո, այսպես ասած, դեմքով, քան սպառման համար…

Ի՞նչ է լավ ճաշակը: Կամ լավ ոճը:

Իմ պատկերացմամբ՝ լավ ճաշակը, ոճը համեստությունն է: Ոչ թե պաճուճագեղությունը, ոչ թե նորաձեւը, այլ այն ինչը քեզ սազում է... Ընդհանրապես, եթե մարդիկ ավելի հաճախ լսեն եւ տեսնեն գեղեցիկը, նրանց մոտ դրա նկատմամբ ձգտումը կուժեղանա: Փոփոխությունները միանգամից չեն կատարվում, մարդիկ պետք է տարիներով կարդան գեղեցիկի մասին, նայեն դրան, եւ այդ ժամանակ արդյունք կլինի... Ջրի կաթիլը քար է ծակում:

Որտեղի՞ց ես ոգեւորություն քաղում, եւ արդյոք պատահո՞ւմ են ստեղծագործական ճգնաժամեր։ Դե, ասենք, արվեստի շատ մարդկանց անպայման պետք է մեկնել ինչ-որ տեղ...

Անկեղծ ասած, երբեք այս իմաստով հատուկ մտատանջություններ-վայրիվերումներ չեմ ունեցել։ Ամեն բան ինքնըստինքյան է ստացվել, ճիշտ ժամանակին, ճիշտ ձեւով։ Ես գործի մարդ եմ։ Եթե այսպես չի ստացվում, ուրիշ կերպ եմ անում... Ոչ մի ստեղծագործական տառապանք. կա նպատակ, եւ ես փորձում եմ դրան հասնելու տարբեր ճանապարհներ։

Հայերը կարողանում են զարդեր կրել։ Կարողանո՞ւմ են արդյոք ճիշտ համադրել դրանք։

Ընդհանուր առմամբ՝ այո, բայց այստեղ քարացած դոգմաներ չկան։ Կան ինչ-որ նորմատիվներ, որպեսզի չափը չանցնես։ Ասենք՝ հիմա մի խոշոր կրծքազարդ ես կրում, եւ վերջ։ Դա ճիշտ է, որովհետեւ, եթե դրան ականջօղեր ավելացնես՝ մատանու հետ միասին, չափը կանցնես...

Իսկ քեզ ի՞նչ է դուր գալիս։ Ի՞նչն է ոգեւորում։

Ինձ, օրինակ, հետաքրքիր է աբստրակցիոնիզմը, այն որոշ իմաստով ազդում է այն բանի վրա, ինչ ես անում եմ։ Հավանաբար, դրա համար էլ իմ հավաքածուներում չկան գերռոմանտիկ ծաղիկներ՝ թերթիկներ, ինձ ավելի հարազատ են կոպիտ մետաղե մատանիները, պտուտակները։ Բայց եւ կանացիությունը պետք է պարտադիր լինի։ Պետք է կարողանալ համադրել, եւ առանց գռեհիկ ավելորդաբանության։

Իսկ սիրելի իր ունե՞ս։

Մեկը՝ «Եղջերու» մատանին երկար եմ փայփայել։ Բայց այնքան դրեցի-հանեցի, որ ի վերջո կորցրի... Շատ եմ սիրում մատանիներ, թեեւ ջանում եմ չկրել դրանք, որովհետեւ աշխատում եմ, եւ դա խանգարում է։ Իսկ առհասարակ սովորության հարց է... Մեզ մոտ գալիս են մարդիկ եւ համոզված հայտարարում, որ չեն կրում մեծ մատանիներ, իսկ հետո գնում են, վարժվում ու նույնքան էլ համոզված ասում, որ փոքրերը չեն կրում։

Դու մեծացել ես ստեղծագործակա՞ն ընտանիքում։

Բնավ ոչ։ Այն, ինչ անում եմ, ի սկզբանե, ըստ էության, ավելի շուտ արհեստ էր, որը ժամանակի ընթացքում վերածվեց արվեստի։ Եվ ես անգամ չգիտեմ, թե որտեղից է իմ մեջ դրա հանդեպ ձգտումը։ Մայրս էլ շատ համեստ կին է, գրեթե երբեք զարդեր չի կրում, այնպես որ, հաստատ, նրանից չէ...

Հիշո՞ւմ եք, 90-ականների սկզբին Թումանյանի «Սալոն» խանութը։

Դե, ահա, ուզում էի հենց դրա մասին ասել։ Դեռեւս դպրոցական էի եւ գնում էի այնտեղ դպրոցից հետո, ժամերով դիտում էի առարկաները, նկարները եւ այնտեղից թեւ առած վերադառնում։ Հավանաբար, այդտեղից էլ հետաքրքրությունն է արծաթի հանդեպ...

Անձուկ չէ՞ այստեղ՝ նման երեւակայությամբ եւ ներուժով։

Ես ելք փնտրում եմ դեպի ամերիկյան շուկա։ Գուցե ինչ-որ հետաքրքիր բան ստացվի։ Կարծում եմ, որ Նահանգների բազմամիլիոնանոց բնակչության մեջ կգտնվեն մարդիկ, որոնց դուր կգա հենց մեր արտադրանքը, թեեւ ընդհանուր առմամբ ամերիկացիները փոքր, աննկատ բաներ են կրում։ Պետք է տնտղել հողը, նայել։ Երեւանում սիրում են արծաթը, բայց այս քաղաքը մեր բիզնեսի համար փոքր է։ Իսկ գլոբալացումը հարմար բան է. կարող ես նստել Հայաստանում ու ունեցածդ վաճառել որտեղ ասես... Kara Silver-ը ավելի քան 2 հազար անուն արտադրանք ունի, եւ ափսոս, որ այս մասին աշխարհը չգիտի։  

Զրուցեց՝ Աննա Սաթյանը

Լուսանկարները տրամադրել է Kara Silver սրահը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել