«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Արտյոմ Կիրակոսյանը՝ բոտոքսի, ֆիլերների եւ այն մասին, թե ինչպես 50 տարեկանում չունենալ 20-ի տեսք եւ հակառակը

12:07, 14 փետրվարի

«Գեղեցկությունը պետք է ներսից լինի» կարգախոսն, իհարկե, ոչ ոք չի չեղարկել, ճիշտ ինչպես դեռեւս ոչ ոք չի բացահայտել  հավերժական երիտասարդության գաղտնիքը: Դրա փոխարեն մարդկությունը ստեղծել է, ինչպես հիմա են ասում, ամեն տեսակի «հաճույքներ», որպեսզի կանայք (ինչու ոչ՝ նաեւ տղամարդիկ) ավելի երիտասարդ, թարմ, պայծառ, հետաքրքիր տեսք ունենան... Յուրաքանչյուր ժամանակաշրջան թելադրում է գեղեցկության իր ստանդարտները, եւ եթե մի քանի տարի առաջ Երեւանի փողոցներում հայտնվում էին մեծացված շրթունքներով աղջիկներ, մեծամասնությունը, նուրբ ասած, զարմանում էր: Հիմա դա սովորական բան է եւ անգամ նախանձի առիթ, հատկապես նրանց համար, ով վախից կամ այլ պատճառներով չի  դիմում ուրվագծային պլաստիկայի մասնագետի... Խոսքը միայն շրթունքների մասին չէ. կնճիռների, դեմքի անհամաչափության, մաշկի չորության, «թերի» քթի, ինչ իմանաս էլ ինչի...

Ինչ-որ մեկը կասի, որ մեր տատիկներն առանց դրա հանգիստ յոլա են գնացել... Դե իհարկե, կարելի է եւ նախնիների  նման, բայց ինչո՞ւ: Հատկապես, եթե տակավին 35 տարեկան եք, բայց 50-ի տեսք ունեք, իսկ ներքին գեղեցկությանն ամենեւին չի խանգարի նաեւ արտաքին գեղեցկությունը... Ընդհանրապես նուրբ թեմա է: Չենք փորձում միանշանակ ինչ-որ բան խորհուրդ տալ, փոխարենը շփվել ենք մասնագետի՝ պլաստիկ վերականգնողական վիրաբույժ եւ միկրովիրաբույժ Արտյոմ Կիրակոսյանի հետ. աշխատել է Մոսկվայում, հիմա՝ Երեւանում, նա մեզ փոխանցեց այս հարցի հետ կապված որոշ մտքեր ... «Ես ուրվագծային պլաստիկան ավելի շուտ կանվանեի այլ կերպ եւ անգամ ոչ տերմինով՝ գեղեցկության եւ երիտասարդության ներարկումներ»,- ասաց նա NEWS.am STYLE-ի հետ զրույցում…

- Հաճելի է հնչում: Բայց համաձայնվեք, որ հանրության շրջանում այս առումով թյուր պատկերացումները շատ են...

- Սկսենք այն փաստից, որ Երեւանի հանրությունը, մեղմ ասած, այնքան էլ կարգապահ  չէ: Բժիշկն ինչ-որ բան է խորհուրդ տալիս, բայց պացիենտն իր, բժշկականից բացարձակապես այլ կարծիք ունի՝ հիմնված  ինչպես տարբեր առասպելների, այնպես էլ ընկերուհիների, ազգականների, հարեւանների կարծիքների, հեռուստատեսության եւ համացանցի տպավորությունների վրա: Կատարյալ շիլափլավ: Մեծ թվով թյուր պատկերացումներ, անհիմն սպասումներ, էլ չխոսենք այն փաստի մասին, որ շատերը նորմալ են համարում նման միջամտությունների կատարումը ավտոտնակում, գեղեցկության սրահում, ատամնաբույժի, գինեկոլոգի կամ նույնիսկ ընդհանրապես բժշկական կրթություն չունեցող անձի մոտ... 

- Նկատել եմ, որ մեր տիկնայք հիմնականում «սեւեռված» են այտոսկրերի եւ շրթունքների վրա...

- Իրավացի եք... Հայաստանի բնակչուհիների 90 տոկոսը պահանջում է շուրթեր, այն էլ այնպիսիք, որ մի թաղամաս այն կողմից երեւան: Եթե հաջողվում է, մտափոխում ենք, եթե ոչ՝ հրաժարվում: Դե անձամբ ես հրաժարվում եմ...

- Իսկ եթե նման բանից հետո ձեզ մոտ ընդհանրապես ոչ ոք ընդունելության չհերթագրվի՞:

- Ինձ համար շատ ավելի ցավալի կլինի, եթե հետո ինչ-որ մեկն իմանա, որ այն շուրթերը, որոնք «շուրթեր չեն», ես եմ սարքել... Սա շատ ավելի մեծ խայտառակություն կլինի:

- Ի դեպ, առասպելների մասին… Ձեր կարծիքով՝ որո՞նք են ամենատարածվածները:

Ամենաառաջին առասպելը: Հարցնում ես՝ ո՞վ է ձեր շուրթերը «սարքել»: Իսկ ի պատասխան լսում ես՝ բոտո՞քսի մասին եք։ Միանգամայն սխալ կարծիք է, որ շուրթերի ծավալը բոտոքսով են մեծացնում: Այն դրա համար չէ: Այն կարելի է վերին շրթունքին ներարկել մկանները թուլացնելու համար, օրինակ՝ եթե ժպտալիս ձեր լնդերը երեւում են եւ անհրաժեշտ է շուրթն իջեցնել, կամ, ինչը հազավադեպ է լինում, լրացուցիչ արտաշրջման համար: Բայց այս տարբերակն այնքան էլ խորհուրդ չէի տա, քանի որ դրա հետեւանքով կստանաք «ու» տառի թուլություն, խնդրահարույց կլինի ձողիկով խմելը, ծխելը...

- Շատերի մոտ բոտոքսի միայն հիշատակումը հիստերիա է առաջացնում...

- Արդեն մոտ 40-50 տարի բոտոքսն ուսումնասիրվում է, արդեն բոլոր հատկություններն ու կողմնակի էֆեկտները հայտնի են: Այս դեղամիջոցն ավելի պակաս «վնասակար» է, քան ֆիլերները (հիալուրոնաթթվային գել անհրաժեշտության դեպքում ծավալ հաղորդելու, խորը կնճիռները լցնելու համար – խմբ.): Ներարկումից հետո 1-2 օր անց բոտոքսն օրգանիզմից դուրս է գալիս, եւ մնում է միայն էֆեկտը: Իսկ ֆիլերը կարող է մնալ ամիսներով, երբեմն տարիներով: Ես շուրթերում ֆիլեր տեսել եմ միջամտությունից անգամ 17 տարի անց:

- Կախված որքա՞ն են ներարկել:

- Հարցը ոչ այդքան որքանն է, այլ ինչպեսը: Եթե արագ եւ մեծ քանակությամբ  են ներարկում, պատռում է հյուսվածքները, եւ այդ տեղում սպի է առաջանում: Ֆիլերն այնուհետեւ այդ սպիում պարկուճավորվում է եւ օրգանիզմը  գործնականում չի կարողանում այն «ներծծել»: Անհրաժեշտ է ֆիլերը ներարկել աստիճանաբար, շերտավորել, տիրապետել հատուկ տեխնիկաների եւ հասկանալ, որ եթե սկզբնական շուրթը մեծ է, ապա ձեւը պահելու համար կես գրամն էլ է բավական... Բայց վերադառնանք բոտոքսին... Այս դեղամիջոցի ցուցումներից առաջինը շլության բուժումն էր, ընդ որում՝ անգամ երեխաների մոտ. ներարկելով աչքը շարժող ավելի ուժեղ մկանի մեջ եւ այն թուլացնելով՝ աչքի դիրքը հավասարվում էր, շլությունը՝ «վերանում»: Իսկ երբ միջամտությունը կատարել են նաեւ մեծահասակների մոտ, նկատել են, որ հարթվել են նաեւ աչքերի շուրջը եղած կնճիռները: Եվ բնականաբար մտածեցին՝ իսկ ինչո՞ւ դեղամիջոցը չօգտագործել էսթետիկ նպատակներով: Ու սկսվեց... Այսինքն՝ առաջին մարդը, ով բոտոքսը սկսել է օգտագործեց կոսմետոլոգիայի մեջ, ակնաբույժ էր: Բոտոքսը մինչեւ հիմա կիրառում են նույնիսկ երեխաների բուժման համար, օրինակ՝ երբ կան տարբեր սպազմատիկ վիճակներ: Միայն պետք է հասկանալ, որ սա հզոր գործիք է, եւ եթե այն հայտնվեց  «ձեռքին նռնակ  ունեցող կապիկի» մոտ , հետեւանքները, նուրբ ասած, տխուր կլինեն:

- Եվս մեկ կարծրատիպ՝ ինչ կլինի, եթե ես դադարեմ ներարկվել, ինձ մոտ ամեն ինչ կկախվի՞...

- Անհեթեթություն: Եթե դուք մկանի ակտիվությունն անջատել եք բոտոքսով, ապա 4-ից մինչեւ 6 ամիս դրանից չեք օգտվի, այդ ընթացքում մկանն այնքան է թուլանում, որ հետո, երբ միջամտության էֆեկտը նվազում է, ձեր խնդիրը շատ ավելի պակաս արտահայտված կլինի:

Ինչ վերաբերում է ֆիլերներին, ապա այստեղ ամեն ինչ կախված է նրանից, թե ներարկումը ինչպես են կատարել, ինչ տեխնիկայով: Ինչպես արդեն ասացի, դեղամիջոցի շատ մեծ քանակության արագ ներարկումը հղի է հյուսվածքների պատռվածքով, միկրովնասվածքներով, կառաջանա սպի... Ֆիլերը ճիշտ տեղադրելուց հետո դուք չնայած եւ չեք դադարի  ծերանալ, բայց այն վիճակին, որից սկսել էիք, չեք վերադառնա. հիալուրոնաթթուն  դանդաղեցնում է ծերացման արագությունը: Ֆիլերների տարրալուծման արգասիքները սնուցում են մաշկը եւ խորանիստ  հյուսվածքները: Այսինքն՝ եթե ֆիլերը որակյալ է, ճիշտ է ներարկված՝ հավելած առողջ կենսակերպը, մեծ քանակությամբ ջուր օգտագործելը եւ այլն, ապա ծերացումը զգալիորեն կդանդաղի...

- Հիմա այսպիսի միտում կա՝ 40 տարեկան կանայք ցանկանում են 20-ի տեսք ունենալ...

- Դա նույն բանն է, երբ 60-ամյա կինը հագնվում եւ իրեն պահում է դեռահասի պես: Անբնական է նայվում եւ միանգամայն ոչ տեղին: Մենք պետք է ձգտենք տարիքը 5, 10, դե առավելագույնը 15 տարով փոխելուն: Բայց դա կախված է նաեւ դեմքի տեսակից: Եթե մարդն, օրինակ, ունի մանկական դիմագծեր, ինչպես ասում են՝ baby face, ապա դա հնարավոր է: Բայց եթե այն լայն է, ծանր, արտահայտված կզակով, ապա «բնական նայվող» ինչ-որ բան հազիվ թե ստացվի... Ամեն դեպքում յուրաքանչյուր խնդիր իր լուծումն ունի, երբեմն՝ միանգամայն անսպասելի լուծում: Միայն անհրաժեշտ է գտնել բնականության եւ գեղեցկության միջեւ ոսկե միջինը: Իսկական վարպետի դերն այդ նուրբ սահմանագիծը գտնելն է:

- Այսինքն՝ մասնագետին դիմելու համար, ըստ տրամաբանության, պարտադի՞ր չէ սպասել 40-ամյակին:

- Յուրաքանչյուր միջամտություն ունի իր երաշխավորված ժամկետը եւ սկսելու ցուցումները: Այս դեպքում սպասելը լավագույն որոշումը չէ... Օրինակ՝ բոտոքսը պետք է սկսել մինչեւ դինամիկ կնճիռների անցումը անշարժի: Այսինքն՝ երբ անկախ շարժումներից կնճիռը կա... Նույնապես մնացած բոլոր միջամտությունները պետք է սկսելու ցուցում ունենան, իսկ դա, մեղմ ասած, միայն տարիքի գործոնը չէ:

Ընդհանրապես կարելի է ամեն ինչ շտկել, եւ դրա համար պարտադիր չէ “դանակի տակ պառկել”

... Ասենք՝ քիթը... Ճիշտ է, այս անատոմիական հատվածը անչափ վտանգավոր է՝ ինչպես եւ միջհոնքային տարածությունը: Այնտեղ խիտ անոթային ցանցեր են, որոնք հաղորդակցվում են ցանցաթաղանթի եւ ուղեղի անոթների հետ: Եթե, Աստված մի արասցե, ֆիլերը հայտնվի անոթի լուսանցքում, ապա աչքի ցանցաթաղանթի անոթների թրոմբավորման եւ տեսողության վատթարացման հավանականություն կա՝ ընդհուպ մինչեւ կուրություն: Եվ, այդուհանդերձ, երբեմն, եթե միջնապատի հետ կապված խնդիրներ չկան, ավելի լավ է քիթը շտկել ներարկումներով...

Մի քանի խորհուրդ տվեք...

  • Շողացող մաշկ ոչ մի՝ ամենաթանկարժեք քսուքով չեք ստանա, դրանք կարող են ազդել է միայն մակերեսի վրա: Այս հարցում կարող են օգնել միայն բիոռեւիտալիզացիան եւ համանման միջամտությունները...
  • Եթե ձեզ հայելու մեջ ուղիղ նայում եք եւ ձեր այտոսկրերը ծածկում են ականջները, վատ է` «ֆիլերով շատ եք տարվել»:
  • Եթե դիմել եք մասնագետի, որն, օրինակ, անբնական մեծ այտոսկրեր ունի, կամ նկատում եք նաեւ, որ դեմքի հետ ինչ-որ բան այնպես չէ, հեռու փախեք...
  • Ցանկացած ավելորդ կիլոգրամ «ավելացնում» է տարիք...
  • Կարեւոր է չշտապել: Չի կարելի վերջնաժամկետներ սահմանել... Գործընթացը աստիճանական է՝ մանրակրկիտ աշխատանք պահանջող...


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել