Հայի պայքարող տեսակ, հայենասիրություն ու արգելված սեր՝ ահա, թե ինչի մասին է Դիանա Գրիգորյանի նոր՝ «Երդում» հեռուստասերիալը, որն օրերս մեկնարկել է «Արմենիա» հեռուստաընկերության եթերում:
Մինչ եթեր դուրս գալը սերիալն արդեն տարատեսակ քննարկումների էր արժանացել: Եղան նաեւ օգտատերեր, որոնք քննադատացին Թուրքիայում նկարահանումներ իրականացնելու գաղափարը, իսկ այսօր սերիալն արդեն հասցրել է գրավել հազարավոր հեռուստադիտողների ուշադրությունն ու յութուբյան հարթակում արժանանալ դրական արձագանքների:
Ինչպե՞ս ստեղծվեց գաղափարը, ի՞նչ նպատակներ ու ասելիք ունի «Երդումը». այս հարցերի շուրջ NEWS.am STYLE-ը զրուցել է սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանի հետ, որը նաեւ պատմել է, թե էլ ինչ մասնակցություն է ունեցել ֆիլմի ստեղծման մեջ.

«Ամեն անգամ, երբ նոր գործ ես մատուցում հեռուստադիտողին, նա իր մեկնաբանություններում դրական առումով շատ շռայլ չի գտնվում, բայց այս անգամ, դատելով յութուբյան մեկնաբանություններից, արձագանքը շատ դրական է, ինչը մեզ անչափ ուրախացրել է, քանի որ մենք գնահատվել ենք, եւ այդ գնահատականը մեզ տվել է մեր հեռուստադիտողը: Սա մեծագույն հաղթանակ է: Շատ հետաքրքիր, գրագետ մեկնաբանություններ են թողնում այդ հարթակում, ինչը եւս շատ կարեւոր է, նշանակում է՝ դիտողը կիրթ է, գրագետ, հասկանում է՝ ինչ ես դու տալիս, մատուցում, եւ ըստ արժանվույն գնահատում է քեզ»,-անդրադառնալով ֆիլմի մասին արձագանքներին՝ նշեց Դիանան՝ չշրջանցելով նաեւ սկզբնական փուլում թյուրըմբռնման արժանանալու փաստը.

«Քննարկումներ շատ կային, քանի որ շատերը չգիտեին, թե մենք ինչ նպատակով էինք գնացել այնտեղ: Ես չեմ մեղադրում այն մարդկանց, որոնք այլկերպ էին հասկացել, դա նորմալ է, քանի որ ծանոթ չէին մեր գաղափարին: Հետո, երբ ֆիլմը մատուցվեց, ամեն ինչ ավելի, քան ընկալելի դարձավ: Քննադատական ալիքը կապված էր նրա հետ, թե «ինչու գնացին այնտեղ նկարահանումների», բայց, չէ՞ որ, մենք գնացել էինք այնտեղ նկարելու մերը՝ այն, ինչ-որ այնտեղ է: Մենք նկարահանումներ ենք իրականացրել հայկական գերեզմանում, այցելել մեր մեծերի շիրիմներին, ներկայացրել ենք այն ճարտարապետությունը, որը հայի ձեռքով է կերտվել: Մենք այնտեղ` թշնամու հողում` ծովի մոտ, բղավել ենք՝ «Հայաստա~ն»…»:

Դիանան նշում է. «Թեման, անշուշտ, վերքոտ է բոլորիս համար, որովհետեւ այսօր մենք ապրում ենք այլ իրականության մեջ, որքան էլ մեզանից յուրաքանչյուրն իր ընտանիքում, իր շրջապատում փորձում է իրեն այնպես պահել, թե կյանքը շարունակվում է, այնուհանդերձ, ամեն հայի մեջ անջնջելի հետք է թողել այն իրականությունը, որը մենք ապրեցինք ու ապրում ենք: Այսօր շատերը չեն ցանկանում տեսնել նման ֆիլմեր, քանի որ փորձում են փախչել իրականությունից: Այո, կյանքը շարունակվում է՝ պետք է ստեղծվեն նոր ընտանիքներ, պետք է ծնվեն նոր կյանքեր, բայց ներքուստ մենք պիտի ու պարտավոր ենք հիշել, որ այս պահը, որը մենք ապրում ենք, մեր ընկած տղաների շնորհիվ է: Հազարավոր ընտանիքներ այսօր ապրում են այդ ցավը... Ներկայացնելով նման մի ընտանիքի պատմություն՝ մենք հաղորդագրություն ենք տալիս, որ, անձի ողբերգությունն անհատինն է, իսկ հայրենիքի ողբերգությունը` բոլորինս, բայց ծնելով նոր կյանքեր ու շենացնելով հայրենիքը` մենք կհասնենք արդարության: Հայն ամեն տեղ հայ է, ու միշտ բարձրաձայնում է այդ մասին ու փորձում իր արդարությունն առաջ տանել` ահա գլխավոր ասելիքը»:

Դիանա Գրիգորյանն իր անմիջական մասնակցությունն է ունեցել նաեւ սերիալի թեմատիկ երգի ստեղծման մեջ: Սա այն եզակի դեպքերից է, որ հեռուստադիտողը կարող է լսել նաեւ պրոդյուսերի վոկալը.
«Ֆիլմի ամբողջ երաժշտական ձեւավորումը անում է մեր կոմպոզիտորը՝ Արման Պարսամյանը: Այդ ամենից դուրս նա նաեւ առաջարկեց «Արի իմ սոխակ» երգի հետաքրքիր տարբերակի մշակում, եւ ասաց, որ վոկալային մաս է նաեւ պետք դրան, որը պետք է երգվեր շատ հանգիստ. առաջարկեց, որ հենց ես կատարեմ, ու ես կատարեցի այդ երգը: Նաեւ ֆիլմի տեսարաններից մեկի համար գրվեց երաժշտություն, որը հեղինակել է Արման Անտոնյանը, իսկ խոսքերը գրել եմ ես: Երգը կոչվում է «Երդում»: Այն արդեն պատրաստ է, չէինք էլ կարծում, որ այն այդքան կսիրվի, եւ քանի որ, իսկապես, սիրվեց, շուտով ֆիլմի կադրերով կհավաքվի տեսահոլովակ, եւ երգը կմատուցենք ամբողջական տարբերակով»:

«Երդում» սերիալի գլխավոր հերոսին մարմնավորում է Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Անդրանիկ Հակոբյանը, որի համար սա առաջին մասշտաբային փորձն է՝ որպես սերիալի գլխավոր հերոս: Անդրադառնալով նրա ընտրությանը՝ Դիանան հավելեց.
«Ամեն անգամ պետք է բացահայտես նոր դերասանների, պիտի բացահայտես տաղանդավոր մարդկանց: Մասնավորապես՝ մեր գլխավոր հերոսի ընտրությունը մեզ հարմար համարձակ քայլ էր, սակայն Անդրանիկն արդարացնում է մեր սպասելիքները: Նա հրաշալի դերասան է` օժտված հրաշալի ձայնով, եւ արտաքնապես էլ ամբողջությամբ համապատասխան է մեր հերոսի կերպարին»:

Ինչ վերաբերում է հերոսների ճակատագրերի հետագա զարգացումներին ու նրանց շուրջ ինտրիգային պատմություններին՝ Դիանան խոստացավ` «Ինտրիգները շատ են, իրադարձություններն էլ արագ կզարգանան: Այստեղ շեշտը դրվելու է նաեւ արգելված սիրո վրա, որովհետեւ մենք շատ հայրենասեր ընտանիք ենք ներկայացրել. մեր հերոսուհու ե´ւ հայրը, ե´ւ եղբայրը ռազմաճակատում ընկան... Թշնամու հողում ծնված հայ տղայի հանդեպ սիրո արգելքն է պատկերված լինելու ու դրա շուրջ պտտվող ինտրիգային իրադարձությունները»:
Խոսելով սերիալի տեւողության մասին՝ պրոդյուսերը նշեց.

«Սերիաների քանակն ընթացքում կորոշվի, համենայն դեպս, այն շատ երկար չի լինի: Մեր նախորդ՝ «Սարի աղջիկ» սերիալը, բավական կարճ տեւեց: Երբ սերիալն ավարտվեց, շատերից էինք նամակներ ստանում, թե ինչու այդքան կարճ տեւեց: Իրականում, սերիալը կընթանա այնքան, որքան կպահպանի իր հետաքրքրությունը: Երբ զգանք, որ հետաքրքրությունը մարել է, միանգամից կմոտեցնենք ավարտին, որովհետեւ մեզ համար կարեւոր է ֆիլմի ունեցած պահանջարկը հեռուստադիտողի շրջանում»:

Հավելենք, որ «Երդում» սերիալում նկարահանվում են նաեւ Լուիզա Ղամբարյանը, Գրետա Մեջլումյանը, Լուիզա Մելքոնյանը, Հայկ Չոմոյանը, Գեւորգ Մկրտչյանը, Անիտա Ավետիսյանը, Լիլիթ Բադանյանը, Էմմա Մանուկյանը, Լեռնո Հարությունյանը, Վահագն Գալստյանը եւ այլք:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Դիանա Գրիգորյանի անձնական արխիվից եւ «Երդում» սերիալի ինստագրամյան էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:22, 26 նոյեմբերի
PETA-ն պատերազմ է հայտարարել Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգի պաշտամունքային կաշվե բաճկոնին. Նրան առաջարկել են ձիթապտղի թափոններից այլընտրանք՝ 875 դոլարով15:29, 26 նոյեմբերի
Դաունինգ սթրիթի սկանդալը սրվում է. ևս մեկ բլոգեր պարել է «Էժան հեշտոց» երգի տակ վարչապետի նստավայրի դիմաց15:05, 26 նոյեմբերի
GTA 6-ում էպիզոդիկ դերը նրան աստղ է դարձրել. բիկինիով աղջկա դերակատարուհին հայտնի է դարձել մեկ գիշերում14:25, 26 նոյեմբերի
«Մենք մեր դեմքերը այլանդակեցինք». Քիմ և Քլոե Քարդաշյանները զղջում են կորեական կոսմետոլոգիայի իրենց փորձի համար14:14, 26 նոյեմբերի
«Հրաշալի դար» սերիալի աստղ Դենիզ Չաքիրը ձերբակալվել է Թուրքիայում թմրանյութերի և մարմնավաճառության մեղադրանքով14:02, 26 նոյեմբերի
«Մոնթե». հերոսի, հաղթանակի ու հայրենասիրության պատմությունը՝ մեծ էկրանին13:13, 26 նոյեմբերի
Սարիկ Անդրեասյանի կինը խանդել է նրա և Վիկտորիա Լոպիրևայի սիրավեպը. մոդելը պատասխանել է կծու հեգնանքով12:35, 26 նոյեմբերի
Սոֆիա Վերգարան հանդիպել է իր 7.5 մետրանոց բրոնզե կրկնօրինակին. երկրպագուների արձագանքները հակասական էին12:12, 26 նոյեմբերի
Գորդոն Ռամզին խոհանոցը կփոխարինի մրցարշավարանով. հայտնի խոհարարը կղեկավարի Top Gear-ի վերաթողարկումը11:39, 26 նոյեմբերի
Էմիլի Ռատակովսկին միացել է Մեգան Ֆոքսի մեծահասակների համար նախատեսված հարթակին. մոդելը կարող է ամսական միլիոնավոր դոլարներ վաստակել11:16, 26 նոյեմբերի
Ծեծկռտուք Beautiful երգի ժամանակ. Քրիստինա Ագիլերայի համերգը Պերուում ավարտվել է արյունալի կռվով11:05, 26 նոյեմբերի
Էմիրությունների երեկոն Երևանում․ մշակույթ, ավանդույթներ և հյուրընկալություն՝ ի պատիվ ԱՄԷ-ի կազմավորման 55-ամյակի