Դերասան եւ երգիչ Արման Նշանյանը բավական արտասովոր անձնավորություն է: Նրա հետ NEWS.am STYLE-ի հարցազրույցը նույնպես հետաքրքիր եւ ինքնատիպ է ստացվել:
Եթե հրաշագործ լինեիք, ի՞ նչ կանեիք:
Ոչ մի բան, քանի որ Աստծուց մեծ հրաշագործ չկա: Եթե անհրաժեշտ լիներ մի բան անել, ապա հենց Նա կաներ:
Ունե՞ ք այնպիսի երազանք, որին դեռեւս չեք հասել:
Կան օպերային դերեր, որոնք դեռ չեմ երգել, բայց ցանկանում եմ: Նաեւ ցանկանում եմ աշխատել համաշխարհային ռեժիսորների հետ եւ ֆիլմարվեստում, եւ թատրոնում, օրինակ` Մարտին Սկորսեզեի հետ: Ցանկություն կա երգել Տրավիադա օպերայում՝ Ալֆրեդոյի, Լաֆրենի, Ռուդոլֆի դերերում:
Իսկ ի՞ նչն է խանգարում այդ ամենին հասնել:
Միայն պայմանները:
Գալիս է մի պահ, երբ արվեստագետն իրեն սպառում է: Համաձա՞յն եք այս մտքի հետ:
Դրա մասին լսել եմ, բայց չեմ հավատում: Եթե ճիշտ աշխատես, ոչ մի խնդիր չի լինի: Տատիկս 84 տարեկան է, բայց երգում է 18 տարեկանի նման:
Այսօր Հայաստանի գրեթե բոլոր երիտասարդները ցանկանում են սովորել եւ աշխատել Ամերիկայում: Իսկ Դուք այդ ամենը թողեցիք ու եկաք Հայաստան: Ինչո՞ւ:
Ես ցանկանում էի օպերային աշխարհ մուտք գործել, իսկ դրա համար պետք է սովորել ու շատ լավ սովորել: Դրա համար էլ Հայաստան եկա: Ես երգիչ եմ դարձել Երեւանի Կոնսերվատորիայի շնորհիվ:
Իսկ արտերկրում սովորելու հնարավորություններն ավելի մեծ չէի՞ն:
Միշտ չէ, որ դրսում լավ է: Ես եղել եմ արտասահմանում եւ շատ լավ գիտեմ այնտեղի կյանքի համը: Հայաստանում շատ ավելի լավ մասնագետներ կան: Եթե մեր սոցիալական վիճակը ծանր է, դեռ չի նշանակում, որ մեր արվեստագետները թույլ են: Եթե մեր բժիշկները չունեն լավ սարքավորումներ, չի նշանակում, որ նրանք վատ բժիշկ են:
Իսկ Ձեր սովորածն ուրիշներին փոխանցելու ցանկություն չունե՞ք:
Ինձ համար դասավանդելը բոլորովին այլ մասնագիտություն է: Եթե լավ ես երգում, չի նշանակում, որ կկարողանաս նաեւ լավ ուսուցիչ լինել: Ցավոք, հիմա շատերը հենց այդպես էլ անում են: Դասավանդողն իր աշակերտի համար պետք է լինի առաջնորդ ամբողջ կյանքում: Թեեւ ես դասավանդման փորձ ունեմ: 2004 2005թ.թ. դասավանդել եմ թատերական ինստուտում, Սոս Սարգսյանի կուրսում: Աշակերտ եմ ունեցել նաեւ Ամերիկայում:
Մի անգամ ասել եք, որ բեմը Ձեզ համար խորան է: Այդ դեպքում ի՞նչ է կյանքը:
Կյանքը դպրոց է: Եվ ես ամեն օր ինձ նորովի եմ ճանաչում ու բացահայտում:
Իսկ այսօր ի՞նչ բացահայտեցիք Ձեր մեջ:
Պետք է միշտ քաղաքավարի լինել մարդկանց հետ:
Դերասան ծնվե՞լ եք, թե՞ դարձել:
Դերասան ծնվում են, չեն դառնում: Եվ, առհասարակ, բոլոր ոլորտների մասնագետներն էլ ծնվում են այդպիսին, հետո կատարելագործվում են, բայց ոչ թե դառնում: Դերասանի մասնագիտությունը նման է բժշկի մասնագիտությանը: Բժիշկը մարմին է բուժում, մենք` հոգի: Եթե հանդիսատեսը հավատա իմ կերպարին, ուրախություն ապրի կամ հուզվի, անհանգստանա, ուրեմն ես համարում եմ կերպարս ստացված: Հենց դրանից եմ ես մեծ բավարարվածություն ստանում, որը հնարավոր չէ գտնել փառքի կամ փողի մեջ:
Ձեզ հաջողակ մարդ համարո՞ւմ եք:
Երբեմն` այո, երբեմն` ոչ: Հենց մտածում եմ՝ հաջողակ եմ, սկսում եմ նաեւ մտածել, թե ինչեր դեռեւս կարող էի արած լինել եւ չեմ արել: Եվ այդ ժամանակ սկսում եմ վախենալ, արդյո՞ք շնորհքս չեմ վատնում դեսուդեն:
Եթե հասկանայիք վրձնի լեզուն, ի՞նչ կնկարեիք:
Իմ երկրորդ կեսին կնկարեի, բայց թե ինչպիսին կպատկերեի, չեմ կարող ասել:
Ասում են՝ տղամարդու համար հավատարմությունը նույնն է, ինչ վագրի համար՝ վանդակը:
Մենք` տղամարդիկս, ընդունել ենք դա որպես փաստ, որպեսզի հեշտ ապրենք, բայց եթե տղամարդը կարողանում է դավաճանել իր կնոջը, այսինքն՝ իր ընտրությունը, ուրեմն նա ամեն ինչ էլ ու ամեն մարդու էլ ունակ է դավաճանել:
Իսկ ի՞նչ կասեք հաշվարկով ամուսնության մասին:
Այսօր գրեթե բոլորն էլ ամուսնանում են հաշվարկով: Եթե դիմացինիդ ընտրում ես, որովհետեւ խելացի, գեղեցիկ է, կարող է լավ մայր լինել, ուրեմն էլի հաշվարկ ես անում:
Կինը կարո՞ղ է փոխել տղամարդուն:
Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կարողանա փոխել տղամարդուն: Պարզապես կինը տղամարդու մեջ կարող է նոր բաներ արթնացնել:
Գիշե՞ր, թե՞ ցերեկ:
Իհարկե՝ գիշեր:
Խոսակցություններ կան, որ այս տարի Եվրատեսիլում Դուք եք ներկայացնելու Հայաստանը:
Առաջարկ դեռեւս չեմ ստացել: Ես այդպիսի մեծ մրցույթների կողմակից չեմ, բայց եթե պետությունը գտնում է, որ դա ճիշտ քայլ է, ուրեմն ավելին է հասկանում այդ ամենից: Ես կողմնակից եմ, որ այս տարի Հայաստանը, օրինակ, ներկայացնի Ռենկարնացիան:
Եթե գիրք գրեիք, ինչպե՞ս կանվանեիք այն:
(Երկար մտածելուց հետո) «Որովհետեւ»:
Սիրե՞լ, թե՞ սիրվել:
Սիրել: Կուզեի իմ կյանքում գոնե մեկ անգամ շատ սիրել: Թեեւ մտածում եմ, որ չեմ էլ սիրվել, այլ կարծել եմ, թե ինձ սիրել են, որովհետեւ իրական սերը ծնվում է երկու կողմից:
Հոգով դերասա՞ն եք, թե՞ երգիչ:
Ինձ համար երգիչը դերասան է, ու եթե ընտրության առջեւ կանգնել՝ կինո՞, թե՞ բեմ, կընտրեի բեմը, քանի որ ֆիլմն ինձ համար սուտ արվեստ է: Կան ֆիլմեր, որոնք որպես դրամատուրգիա են հանճարեղ, բայց դերասանական արվեստը շատ հզոր պետք է լինի, որպեսզի կարողանա բավարարել: Իսկ եթե երգ կամ թատրոն, ապա՝ օպերա:
Կա՞ մի ֆիլմ, որտեղ ցանկություն ունեք նկարահանվելու:
Այո, շատ են, բայց այդ ֆիլմերն այդքան էլ ճանաչված չեն, որովետեւ կոմերցիոն չեն:
Ապագայի ի՞նչ ծրագրեր ունեք:
Հիմա Դրամատիկական թատրոնում բեմադրում ենք մի ներկայացում` Նիլ Սայմոնի «Կենտ զույգ» կատակերգությունը: Ներկայացումը երկու տղամարդու մասին Է: Այն բեմադրել եմ ես, գլխավոր դերում ես ու Սոս Ջանիբեկյանն ենք, ինչպես նաեւ Ստեփան Ղամբարյանը, Լեռնիկ Հարությունյանը, Գագիկ Մադոյանը, Լյուսի Հայրապետյանն ու Մարիամ Հայրապետյանը: Ներկայացման պրեմիերան կկայանա նոյեմբերի 14-ին: Հիմա երկու երգի ուղղությամբ եմ աշխատում, որոնք ձայնագրության գործընթացում են: Երկուսն էլ տեսահոլովակ են ունենալու: Ցանկություն ունեմ նաեւ մենահամերգ ունենալ գարնանը, որն առավել վաղ էր նախատեսվում, սակայն բեմադրություններիս պատճառով հետաձգվեց:
Նարե Մովսիսյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
01:13, 10 մայիսի
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ00:12, 10 մայիսի
Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսազրափակչին (VIDEO)23:00, 9 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը․ «Լադանիվան» ելույթ կունենա 8-րդը (ՈւՂԻՂ)22:09, 9 մայիսի
Սալվադոր Դալին եւ նրա լեգենդար բեղերը21:23, 9 մայիսի
Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձրահասակի տիտղոսը կզիջի Սաուդյան Արաբիայի Ջիդդա աշտարակին20:16, 9 մայիսի
Շառլ Ազնավուրի սիրավեպերը․ շանսոնյեի հարյուրամյակին19:05, 9 մայիսի
«Վայ քու… կամ փարթամ կակտուսը». ֆիլմի պրեմիերան ու «կանաչ» գորգը (ֆոտո)18:31, 9 մայիսի
Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է17:38, 9 մայիսի
Հայտնի երաժիշտ եւ մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես է գալիս Երեւանում16:03, 9 մայիսի
Հայաստան կատարած ուղեւորությունից հետո Թամլին Քուրինիը ճանաչվել է «Խմիչքի թեմայով տարվա հեղինակ»15:36, 9 մայիսի
«Լադանիվա»-ն այսօր ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակչին․ ի՞նչ է լինելու բեմում15:26, 9 մայիսի
Ռոբերտ Դե Նիրոյին նվիրված առաջին փառատոնը տեղի կունենա Նյու Յորքում