Երբեք չեմ մտածել, որ անապատը կարող է գեղեցիկ լինել։ Չնայած քամուն և ավազին՝ աչքերում և բերանում։ Չնայած նրան, որ կապկպվել ես գլխաշորով ու մի կերպ վեր ես մագլցում՝ մինչև ծնկներդ խորտակվելով ավազի մեջ, որպեսզի հասնես հենց այս ավազաբլրի գագաթին, որտեղ հորիզոնից բոսորագույն գնդով կհառնի արշալույսը։ Եվ կկանգնես հմայված։ Ու կնայես՝ ինչպես է արևի սկավառակը դանդաղորեն սողում վեր՝ լուսավորելով ավազի այս անեզրությունը։

Չնայած նրան, որ այս ավազը ամենուր է՝ առանձնատանդ կողքի լողավազանի հատակում, թեև այն միշտ ծածկում են տենտով։ Քո կոշիկներում, հագուստիդ մեջ, ականջներում ու մազերում։ Հեռախոսիդ էկրանին, երբ ապարդյուն փորձում ես այս անսահմանությունը որսալ կադրում։
Չգիտեի, որ ավազի վրա կարելի է սահել, ինչպես ձյան վրա։ Դա կոչվում է սենդբորդինգ։

Կամ կարող ես տարբեր տեսակի ամենագնացներ քշել՝ բագգի և քվադրոցիկլ՝ ավազաբլուրներով վեր ու վար անել։ Սա իսկական «ամերիկյան ատրակցիոն» է։
Բայց կարելի է տրվել այս վայրերի ավանդական զվարճանքներին՝ ուղտերով և ձիերով զբոսանքին։ Հետևել բազեների որսին և կրակ սանձահարողներին, ինչպես նաև անապատում բեդվինների գանձեր որոնել։

©️Department of Culture and Tourism, Abu Dhabi
Եվ չմոռանալ․ մութն ընկնելիս վերև նայել։ Չէ՞ որ մոտակայքում մեծ քաղաքներ չկան, և դրանց լույսը չի խանգարի տեսնել երկինքը՝ շաղ տված աստղերով։ Աբու Դաբի մեծ քաղաքը գտնվում է այստեղից երեք հարյուր կիլոմետր հեռավորության վրա, իսկ մենք գտնվում ենք Լիվա անապատի կենտրոնում՝ Bab Al Nojoum քոթեջային հյուրանոցում։

©️Department of Culture and Tourism, Abu Dhabi
Մենք արհեստականորեն ստեղծված օազիսում ենք, որտեղ ջուրը բերում են ցիստեռններով։ Բայց քո հարմարավետ համարում ցնցուղ ընդունելիս երբեք չես կռահի դա։

©️Department of Culture and Tourism, Abu Dhabi
Այստեղ կարելի է գալ ընտանիքով կամ ընկերական խմբով. կան մեկ, երկու և երեք ննջասենյակով առանձնատներ։

©️Department of Culture and Tourism, Abu Dhabi
Երեկոյան անապատում զով է, բայց կարելի է նստել խարույկի մոտ։ Եվ անապատին նայելով բոցի լեզվակների արանքով, քեզ զգալ «ժամանակի ավազների» մի հատիկ։

©️Department of Culture and Tourism, Abu Dhabi
Հյուրասրահում միշտ սեղանին սրճեփ կա՝ արաբական սուրճով, իսկ նախաճաշի համար՝ ամեն ճաշակի ուտելիք։ Բայց ավանդական քյուֆթայից, հումուսից և զաթարով լոշիկից հրաժարվել չարժի։ Արաբական տարբեր երկրներում և դրանց տարբեր շրջաններում դրանք տարբեր են, բայց միշտ շատ համեղ։
Վերադարձ Աբու-Դաբի
Իսկ հետո ճանապարհ հետ՝ դեպի Աբու Դաբի։ Մեքենայի պատուհանից դուրս բնապատկերներն աստիճանաբար փոխվում են և ինչ-որ պահի վառ կապույտ շերտով հառնում է Պարսից ծոցը։ Ավելի ուշ հորիզոնում են հայտնվում քաղաքի երկնաքերները։ Դրանցից ամենաբարձրը Բուրջ Մոհամմեդ բին Ռաշիդն է, նվիրված է Դուբայի էմիրին։ Այսպիսի յուրատեսակ պատասխան Դուբայի ամենաբարձր աշտարակին՝ Բուրջ Խալիֆային՝ որը կառուցվել է Աբու Դաբիի էմիրի պատվին։

©️Department of Culture and Tourism, Abu Dhabi
8 կմ երկարությամբ ափ, մանր սպիտակ ավազով լողափեր և կապույտ-կապույտ ջուր։ Այն այնքան աղի է, որ կարող ես պարզապես անշարժ կախված մնալ դրա մեջ այնքան, ինչքան ուզում ես։
Shangri-La Qaryat Al Beri
Հյուրանոցը, որտեղ կանգ ենք առնում Shangri-La Qaryat Al Beri-ն է։ Արաբական ոճով պերճաշուք կառույց՝ շքեղ համարներով, սեփական լողափով, մի քանի ռեստորաններով, լողավազանով, մարզասրահով և սպա-կենտրոնով։

©️Department of Culture and Tourism, Abu Dhabi
Եվ նախաճաշերով աբրա նավակի վրա, որը մեղմ ճոճվում է հյուրանոցի պարագծով փորված ջրանցքում։

©️Department of Culture and Tourism, Abu Dhabi
Համարում ինձ շատ է դուր գալիս դեկորատիվ սնդուկը։ Թեև այն այնքան էլ դեկորատիվ չէ, այն ճամպրուկը դնելու համար է։ Սեղանին քաղցրավենիք ու մրգեր են։

©️Department of Culture and Tourism, Abu Dhabi
Շատ հարմարավետ պատշգամբ, որը նայում է լողափին, իսկ հակառակ ափին սպիտակին են տալիս Շեյխ Զայեդ մզկիթի գմբեթները։

©️Department of Culture and Tourism, Abu Dhabi
Ընթրիք ֆրանսիական ռեստորանում, որտեղ Միշլենի աստղ ունեցող շեֆ խոհարարը որոշում է զարմացնել՝ առաջարկելով խառը ճաշացանկ։ Ֆրանսիական ուտեստներ՝ ասիական վարիացիաներով։ Կարտոֆիլի և գազարի պյուրեներ, սոխով ապուր, ֆուագրա և թայլանդական ոճով պատրաստված սաղմոն։ Կարմիր և սպիտակ գինի, իսկ երբ թվում է, որ այլևս անկարող ես որևէ բան դնել բերանդ, մատուցվում է նրբահամ աղանդերը։

Անապատից՝ գերժամանակակից քաղաք
Աբու Դաբի քաղաքի պատմությունը սկսվում է այս դիտաշտարակից, որը կառուցվել է 18-րդ դարի երկրորդ կեսին։

©️Department of Culture and Tourism, Abu Dhabi
Այս մասին մեզ պատմում են Qasr Al Hosn ամրոցում, որը սկզբում ծառայել է որպես ափը վերահսկելու աշտարակ, ապա դարձել է իշխող Ալ Նահայան ընտանիքի նստավայրը։

©️Department of Culture and Tourism, Abu Dhabi
Այստեղ պահպանվել են կենցաղային իրեր, որոնք վկայում են ազգի հայր՝ շեյխ Զայեդի բավականին ասկետիկ կենսակերպի մասին։ Նրա մահճակալը, նրա կոտրված փիալան։ Պատերին լուսանկարներ են, որոնցում շեյխ Զայեդը որս է անում կամ ընդունում է բարձրաստիճան բրիտանացի հյուրերի։

©️Department of Culture and Tourism, Abu Dhabi
Դրանք արվել են բրիտանացիների հեռանալուց առաջ, մինչև շեյխ Զայեդը կորոշեր միավորել Էմիրությունները։ Դա 1971 թվականի վերջին էր։ Իսկ Qasr Al Hosn-ում սեղան է դրած՝ հեռախոսով և գնդիկավոր գրիչներով, որոնցով ԱՄԷ-ի նորաթուխ քաղաքացիները ստորագրում էին իրենց անձնագրերը։ Այսօր շեյխ Զայեդի անունը ամենուր է՝ փողոցների, համալսարանների և հիվանդանոցների անվանումներում։ Եվ ամենամեծ մզկիթի, բայց դրա մասին ավելի ուշ։
Արհեստների տուն
Հինա դրած մատներով և ավանդական Battoulah դիմակներով կանայք նույն Qasr Al Hosn ամրոցում՝ Արհեստների տանը ցույց են տալիս՝ ինչպես հյուսել արմավենու տերևները և մանել ուղտի ու ոչխարի բուրդը:

©️Department of Culture and Tourism, Abu Dhabi

©️Department of Culture and Tourism, Abu Dhabi

©️Department of Culture and Tourism, Abu Dhabi
Տեղում ընթանում է սուրճի արարողությունը՝ տարածելով հիլի բույրը։ Կարող եք փորձել նաև կոսմետիկ յուղեր, որոնք մաշկի վրա ծաղկային տտիպ բույր են թողնում։

©️Department of Culture and Tourism, Abu Dhabi
Հիացմունքով նայում ես ոսկով և արծաթով ասեղնագործված հանդերձներին, ապարդյուն փորձելով մտքում դիրհամները վերածել դրամի՝ հասկանալու համար, թե այս գեղեցկությունն ինչ արժի։ Ընթացքում մտածում ես, դիրհամ, դրամ․ նույն բառն է, բայց ինչո՞ւ դրանց միջև այդպիսի տարբերություն կա։
Ռամադան. Շեյխ Զայեդի մզկիթ
Մարտի վերջին Աբու Դաբիում հրաշալի եղանակ է, դեռ շոգ չէ, ուզում ես անվերջ զբոսնել լայնարձակ փողոցներով՝ հիանալով քաղաքի ժամանակակից ճարտարապետությամբ և զարմանահրաշ կամուրջներով, որոնք կապում են քաղաքի մայրցամաքային և կղզային հատվածները: Դրանցից մեկը Զահա Հադիդի ստեղծագործությունն է և, ինչպես Աբու Դաբիում ամեն ինչ, կոչվում է Շեյխ Զայեդի անունով:

©️Department of Culture and Tourism, Abu Dhabi
Անցնում ես կամրջով, և առջևումդ վեր է հառնում սպիտակ մարմարից հրաշակերտ մի կառույց՝ ոսկե գմբեթներով:

©️Department of Culture and Tourism, Abu Dhabi
Մոտենում է մայրամուտի պահը, Ռամադանի վերջին շաբաթն է, և հավատացյալները հավաքվում են մզկիթում երեկոյան աղոթքի և իֆթարի համար: Բակում երկար սեղաններ են դրվում, որտեղ ցերեկվա երկարատև ծոմից և աղոթքից հետո, հենց մթնի, հավատացյալները կկարողանան վայելել կերակուրը:
Շեյխ Զայեդի մզկիթ կարող է մտնել ցանկացած դավանանքի մարդ: Այսպես են իրենց դիրքավորում Արաբական Միացյալ Էմիրությունները՝ որպես երկիր, որտեղ խաղաղ գոյակցում են բոլոր համաշխարհային կրոնները, և սերտորեն միահյուսվում են բոլոր մշակույթները: Պարզապես պետք է հարգանք դրսևորել իսլամի ավանդույթների նկատմամբ՝ գլխից մինչև ոտք ծածկվել, և քեզ կուղեկցեն մզկիթ:

©️Department of Culture and Tourism, Abu Dhabi
Կանանց ներս են թողնում կանանց հատվածից, և դու, ներքին բակի մարմարե խճանկարի վրայով անցնելով, բոբիկ ոտքերով զգուշորեն կկանգնես վառ գույներով առկայծող աշխարհի ամենամեծ պարսկական գորգի վրա:

©️Department of Culture and Tourism, Abu Dhabi
Կանցնես գույնզգույն վիտրաժներով հսկայական սրահով, իսկ առաստաղից քեզ վրա կկախվեն ոսկուց և Սվարովսկի բյուրեղներից պատրաստված հսկայական արմավենի-ջահեր:

Դժվար է պատկերացնել, թե տարբեր երկրներից քանի հազար շինարարներ ու վարպետներ են աշխատել այս շքեղության վրա ամբողջ 12 տարի, որպեսզի 50 հազար հավատացյալ միաժամանակ կարողանա այստեղ աղոթք բարձրացնել Ալլահին:
Քեզ կպատմեն, որ աշխարհի ամենամեծ (հիմնադրման պահին) մզկիթը կառուցելու գաղափարը, իհարկե, պատկանում է ԱՄԷ-ի հիմնադիր հայր Շեյխ Զայեդին: Մզկիթը մտահղացվել էր որպես իսլամական մշակույթի և ժամանակակից ճարտարապետության միասնության խորհրդանիշ: Շեյխն անձամբ վերահսկում էր դրա շինարարությունը, սակայն չապրեց մինչև դրա բացումը, որը տեղի ունեցավ 2007 թվականին: Եվ այժմ նրա աճյունն ամփոփված է դամբարանում, որը կառուցված է հենց մզկիթին կից:
teamLab Phenomena Abu Dhabi

©️Department of Culture and Tourism, Abu Dhabi
Այս տարօրինակ ձև ունեցող շենքում թափառելը յուրօրինակ զգացմունքային փորձարկում է: Դու պարզապես դիտորդ չես, դու ինստալյացիայի կենտրոնում ես:

©️Department of Culture and Tourism, Abu Dhabi
Իսկ շուրջբոլորը աներևակայելի ներկայացում է՝ լույսի, անիմացիայի, բնական երևույթների և գիտության վերջին նվաճումների կիրառմամբ: Կարող ես «քայլել» ջրի վրայով, անցնել դատարկության վրայով, իջնել Երկրի տակ՝ դեպի ծառերի ու բույսերի արմատները, կարող ես հորինել և նկարել անհավանական կենդանիներ, և դրանք կկենդանանան ու կսկսեն դուրս թռչել քո ոտքերի տակից:

©️Department of Culture and Tourism, Abu Dhabi
Այս ամենը՝ սկսած շենքից, որի ձևն անհնար է նկարագրել, մինչև անհավանական տեխնոլոգիական հնարքները, ճապոնական թիմի ստեղծագործությունն է, որը ստեղծել է մի քանի թանգարաններ և բազմաթիվ ցուցահանդեսներ ամբողջ աշխարհում: teamLab Phenomena Abu Dhabi-ն բացվել է 2025 թվականի ապրիլի 18-ին:
Լուվր Աբու Դաբի
Սաադիյաթ՝ «Երջանկության» կղզում բոլոր շենքերը ժամանակակից ճարտարապետության գլուխգործոցներ են: Լուվր Աբու Դաբին՝ ֆրանսիացի ճարտարապետ Ժան Նուվելի ստեղծած «լողացող» տունը՝ տանիքի փոխարեն մետաղական ցանցով, դրանցից մեկն է:

©️Department of Culture and Tourism, Abu Dhabi
Բոլոր պատուհաններից ջուր ես տեսնում: Վերջին սրահից դուրս գալով՝ հայտնվում ես աստիճանավոր ափին, որտեղ լույսն ընկնում է ժանյակավոր նախշերով՝ անցնելով ցանցավոր գմբեթի միջով:

©️Department of Culture and Tourism, Abu Dhabi
Լուվր Աբու Դաբիում չկա մեզ համր սովորական «Հունական սրահ»: Այստեղ այլ հայեցակարգ է. ցուցանմուշները դասավորված են ոչ թե ըստ երկրների և քաղաքակրթությունների, այլ ըստ դարաշրջանների: Այստեղ մեկ պատվանդանի վրա կանգնած են Շիվան, Բուդդան և Մարիամ Աստվածածինը՝ Քրիստոսի հետ: Գուցե թանգարանի հավաքածուն այնքան տպավորիչ չէ, որքան ֆրանսիական Լուվրում, բայց ամբողջ աշխարհը մեկ ժամանակային կտրվածքով ցույց տալու գաղափարը թվում է ճիշտ և տրամաբանական:

©️Department of Culture and Tourism, Abu Dhabi
Իսկ երբ էքսկուրսավարը սկսում է պատմել լուսանկարչության ծնունդի մասին, հիացմունքով սպասում ես հաջորդ սրահում տեսնել սիրելի իմպրեսիոնիստներին և չես սխալվում:
Ֆրանսիայի հետ համաձայնագրով՝ թանգարանն իրավունք ունի Լուվր կոչվել մինչև 2047 թվականը: Այստեղ ցուցադրված են Փարիզի Լուվրից, Օրսե թանգարանից և Պոմպիդու կենտրոնից բերված գլուխգործոցներ: Իրենց ցուցանմուշներն են տրամադրում նաև աշխարհի այլ հայտնի թանգարաններ:
Warner Bros. World Abu Dhabi
Եվս մեկ անցում կամրջով, և պատմության ու արվեստի աշխարհից տեղափոխվում ես կինոյի և մուլտիպլիկացիայի աշխարհ՝ Յաս կղզում գտնվող Warner Bros. World Abu Dhabi թեմատիկ այգում:

©️Department of Culture and Tourism, Abu Dhabi
Քեզ ամրագոտիներով կապում են, տալիս 3D ակնոց և բաց թողնում սուպերհերոսների աշխարհ՝ հրապուրիչ տիեզերական տեսարաններով: Եվ չնայած գիտակցությունդ անընդհատ հուշում է, որ այս ամենն իրական չէ, դու միևնույն է սեղմվում ես բազկաթոռին և գոռում, երբ վիշապի գլուխը կրակ է փչում ուղիղ քո դեմքին:

Եվ պարզապես ճչում ես հիացմունքից, երբ Թոմի ու Ջերիի տանը պանրի հետևից ես ընկնում՝ թռչելով մկների բների միջով:
Warner Bros.–ում, անշուշտ, երազում են հայտնվել երեխաները: Բայց մեծահասակներն էլ այստեղ մեծ հաճույք են ստանում: Այգին զբաղեցնում է ավելի քան 150,000 քառակուսի մետր հսկայական տարածք, որտեղ տեղակայված են 29 գլխապտույտ առաջացնող ատրակցիոններ: Բացի այդ, այստեղ կան ինտերակտիվ ատրակցիոններ ամբողջ ընտանիքի համար և մանկական միջոցառումներ, ինչպես նաև խանութներ ու սրճարաններ, որտեղ կարելի է հանգստանալ և սնվել:
Erth ռեստորան
Արկածներով լի օրվանից հետո՝ վայելել էմիրաթական ուտեստներով ընթրիք՝ նոր մեկնաբանությամբ, որոնք Erth ռեստորանին բերել են Միշլենի աստղ, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի լավագույն ռեստորանի կոչում:

©️Department of Culture and Tourism, Abu Dhabi
Կարելի է տեղավորվել դրսում՝ ջրի մոտ, կամ ներսում՝ ավանդական մեջլիսի ոճով սրահում՝ ժամանակակից դիզայներական լուծումներով, ինչպիսին է հղկված բետոնը:

©️Department of Culture and Tourism, Abu Dhabi
Ռեստորանը գտնվում է Qasr Al Hosn-ի ներսում:

©️Department of Culture and Tourism, Abu Dhabi
Սու-շեֆը պատմում է, որ ուտեստներն այստեղ պատրաստվում են ամբողջ երկրի ֆերմաներում աճեցված մթերքներից: Նա մանրամասն նկարագրում է յուրաքանչյուր մատուցվող ուտեստ՝ բացատրելով, թե ինչ օտարոտի շտրիխներ են ավելացվել ավանդական ուտեստին՝ այն ավելի պիկանտ դարձնելով: Ուտեստները շատ գեղեցիկ են ձևավորված, և երևում է, որ սիրով: Հենց մենյուն՝ իր օրիգինալ բաժիններով՝ «Փորձիր ինքդ», «Սկսիր», «Կիսվիր ընկերախմբում», «Երես տուր քեզ» և «Ավարտիր», հատուկ տրամադրություն է ստեղծում:
Ի դեպ, Erth-ը արաբերենից թարգմանվում է որպես ժառանգություն: Եվ այստեղ, ինչպես Էմիրություններում ամենուր, գործում է նույն առանցքային հայեցակարգը՝ միավորել բոլոր ժողովուրդների ժառանգությունը՝ խնամքով պահպանելով սեփականը՝ արաբականը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 8 սեպտեմբերի
Մեկ ամբողջ տարի շքեղ նավի վրա. 56,000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ կռուիզը, որը կընդգրկի ամբողջ աշխարհը՝ Ալյասկայից մինչև Զանզիբար22:23, 8 սեպտեմբերի
Այգու քմահաճ արիստոկրատը. ճապոնական թխկու խնամքի հիմնական կանոնները՝ անթերի կարմիր գույնի համար21:27, 8 սեպտեմբերի
Միլիարդատերերի շրջանում դարավոր ծառեր գնելը նոր միտում է դարձել20:30, 8 սեպտեմբերի
Խանդ՝ պիքսելների հանդեպ․ սոցիալական ցանցերում վեճեր են սկսվել GTA 6-ի «ռոմանտիկ» առանձնահատկությունների շուրջ19:30, 8 սեպտեմբերի
Վալենտինո Շոտտին Fantini-ի պատմությունը ներկայացրեց Հայաստանում19:15, 8 սեպտեմբերի
Արյուն, ոսկորներ և Դրակուլա. հնաոճ վամպիրների որսի հավաքածուն հայտնվել է առցանց աճուրդում16:32, 8 սեպտեմբերի
Բեռլինից երեք տղամարդ ամուսնանում են իրար հետ, բայց նրանց միջև սեքս չկա. «Մենք պարզապես շատ ենք սիրում իրար»16:28, 8 սեպտեմբերի
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը․ «Մեր նպատակն է Հայաստանը ներկայացնել աշխարհի մշակութային քարտեզում»15:39, 8 սեպտեմբերի
Ֆիբի Բրիջերսը ցնցել է Վենետիկը իր չսափրված ոտքերով15:20, 8 սեպտեմբերի
Թերի Հեթչերը կդառնա նոր Միրանդա Փրիստլի. «Հուսահատ տնային տնտեսուհիներ» սերիալի աստղը կգրավի պոդիումը «Սատանան կրում է Պրադա» մյուզիքլում14:41, 8 սեպտեմբերի
Միլիոնատեր Էնդրյու Գարֆիլդը պատերազմ է հայտարարել միլիարդատերերի դեմ և անմիջապես ծաղրի առարկա դարձել համացանցում14:36, 8 սեպտեմբերի
Արթուր Խաչենցը հայր է դարձել․ ի՞նչ հետաքրքիր անուն է նա ընտրել դստեր համար