Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Հանդիսատեսը երգում է «Երազ իմ երկիր հայրենի»-ն․ Խորեն Լևոնյանի «Կինո ու մի քիչ ավելին» ներկայացումը՝ ԱՄՆ բեմերում

12:20, 29 ապրիլի

Խորեն Լևոնյանի «Կինո ու մի քիչ ավելին» երաժշտական ներկայացումը վերջին շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում։ Նախագծի գաղափարի, իրականացման, ինչպես նաև հայկական մշակույթը միջազգային հարթակներում ներկայացնելու կարևորության շուրջ զրուցել ենք պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանի հետ։

Պարոն Վիրաբյան, Խորեն Լևոնյանը կարծես երկար ժամանակ թատերական ներկայացումներից բացակայում էր։ Ինչպե՞ս ծնվեց նրա վերադարձի գաղափարը հենց այս ձևաչափով։

Իրականում ճիշտ չի լինի ասել, թե Խորեն Լևոնյանը բացակայում էր։ Վերջին մեկ տարվա ընթացքում նա ակտիվորեն հանդես էր գալիս «Անհայտ բաժանորդ» ներկայացմամբ, որը խաղացվում էր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում և հաջողությամբ ներկայացվեց Միացյալ Նահանգներում։ Սակայն այս՝ երաժշտաթատերական ձևաչափով, նա իսկապես որոշ ժամանակ չէր ներկայացել։

Խորենը ոչ միայն դերասան է, այլև կայացած երաժիշտ՝ իր «Հույս» ալբոմով, և մենք գտանք, որ այդ նյութը պետք է ներկայացվի նաև բեմում՝ համադրելով թատերական լուծումների հետ։ Այդպես էլ ձևավորվեց նախագիծը։ Սցենարական և բեմադրական աշխատանքներին միացավ Հրաչ Քեշիշյանը, ներգրավվեցին բարձրակարգ երաժիշտներ թե՛ Հայաստանից, թե՛ Լոս Անջելեսից, և արդյունքում ստեղծվեց ամբողջական ներկայացում, որը մեծ հաջողությամբ ընդունվեց նաև ԱՄՆ-ում։

Որքա՞ն դժվար էր նրան համոզել այս ձևաչափով ներկայանալը։

Համոզելու խնդիր չի եղել։ Այս նախագծով մենք ցանկացանք ցույց տալ նրա բազմակողմանիությունը․ նա այն եզակի արտիստներից է, ով հավասարապես հաջող է թե՛ թատրոնում, թե՛ կինոյում, թե՛ երաժշտության մեջ։ Ընտրված ձևաչափը հենց հնարավորություն է տալիս ամբողջական ներկայացնել այդ ճանապարհը։

Կարելի՞ է այս նախագիծը դիտարկել որպես նոր փուլ նրա ստեղծագործական կյանքում։

Ավելի ճիշտ կլինի այն դիտարկել որպես շարունակական զարգացում։ Խորեն Լևոնյանը վաղուց է բեմում։ Մեր առաջին համագործակցությունը սկսվել է դեռևս 2007 թվականին՝ Գյումրու դրամատիկական թատրոնում, երբ նա հրավիրված էր մասնակցելու ներկայացման՝ ժողովրդական արտիստուհի, պետական մրցանակի դափնեկիր Վարդուհի Վարդերեսյանի հետ։ Խոսքը Ռաֆայել Գրիգորյանի «Ծառերը կանգնած են մահանում» բեմադրության մասին է, որտեղ ներգրավված էր նաև թատրոնի ամբողջ ստեղծագործական կազմը։

Այնուհետև Խորենը հանդես է եկել հայաստանյան տարբեր թատրոններում և թատերական նախագծերում։ Նա ունի նաև միջազգային փորձ, և երբ կա վստահելի թիմ ու հստակ գաղափար, միշտ պատրաստ է նոր համագործակցությունների։

«Կինո ու մի քիչ ավելին» վերնագիրը բավական ինտրիգային է։ Ինչպե՞ս կբացատրեք «մի քիչ ավելին» արտահայտությունը։

Վերնագիրը պատկանում է Հրաչ Քեշիշյանին և շատ դիպուկ է։ Ներկայացման առանցքում Խորեն Լևոնյանի կինոճանապարհն է, սակայն դրան զուգահեռ անդրադառնում ենք նաև թատրոնին, երաժշտությանը, անձնական պատմություններին։ Կարևոր տեղ ունի նաև ժառանգականության թեման՝ կապված Խորեն Աբրահամյանի կերպարի և ազդեցության հետ։ «Մի քիչ ավելին»-ը հենց այդ բազմաշերտությունն է։

Սա ավելի շատ համերգ է, թե՞ թատերական ներկայացում։

Սա համադրություն է։ Ծրագրում ընդգրկված է շուրջ 20 երաժշտական ստեղծագործություն, որոնք միավորված են սցենարական հստակ գծով։ Կարելի է ասել՝ սա համերգ-ներկայացում է կամ երաժշտական ներկայացում։

Որքա՞ն բարդ է նման նախագիծը տեղափոխել ԱՄՆ բեմեր։

Դա բավական լուրջ կազմակերպչական աշխատանք է պահանջում։ Սակայն մենք կարևորում ենք, որ հայկական մշակութային բարձրարժեք նախագծերը հասանելի լինեն նաև սփյուռքին։ Սա մեր այս տարվա արդեն երկրորդ հյուրախաղն է ԱՄՆ-ում, և արձագանքները ցույց են տալիս, որ նման նախաձեռնությունները իսկապես պահանջված են։

Կարելի՞ է սա դիտարկել որպես մշակութային «արտահանում»։

Անկասկած։ Մենք պարտավոր ենք մեր լավագույն մշակութային արժեքները ներկայացնել նաև արտերկրում, հատկապես ԱՄՆ-ում, որտեղ մեծաթիվ հայ համայնք կա։ Այն հուզական մթնոլորտը, որ ձևավորվում է ներկայացումների ընթացքում, խոսում է դրա կարևորության մասին։ Երբ հանդիսատեսը Խորեն Լևոնյանի հետ միասին երգում է «Երազ իմ հայրենի»-ն, հասկանում ես, թե որքան մեծ է այդ կապը հայրենիքի հետ։

Տիգրան Վիրաբյանի խոսքով՝ «Կինո ու մի քիչ ավելին» նախագիծը պարզապես ներկայացում չէ, այլ փորձ՝ մեկ բեմում միավորելու արվեստի տարբեր ուղղություններն ու փոխանցելու մշակութային հիշողությունը։ Այն միաժամանակ անդրադարձ է անցած ճանապարհին և նոր հնարավորությունների բացահայտում է։ Իսկ ամենակարևորը՝ այսպիսի նախաձեռնությունները կամուրջ են դառնում Հայաստանի և սփյուռքի միջև՝ վերարժևորելով արվեստի դերը ժամանակակից իրականության մեջ։

Ներկայացումը դեռ խաղացվում է ԱՄՆ-ում։ Հայաստան վերադառնալուց հետո այն կխաղացվի նաև Գյումրիում, ապա կրկին կվերադառնա Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոն։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search