Ժամանակակից հայկական ջազի հետաքրքիր դեմքերից մեկի՝ թմբկահար Արման Մնացականյանի հետ զրուցել ենք՝ փորձելով բացահայտել նրա երաժշտական մտածողության առանձնահատկությունները, ազդեցությունները և բեմական փորձառությունները։
Ո՞ր ջազ երաժիշտն է առաջինը ձևավորել Ձեր հետաքրքրությունը ժանրի նկատմամբ։
Շատ վաղ տարիքում՝ ընդամենը երեք տարեկան էի, երբ առաջին անգամ առանձնահատուկ հետաքրքրություն զգացի ջազի նկատմամբ։ Այդ ժամանակ մեր տանը հաճախ հնչում էր George Benson-ի «Moody’s Mood for Love» ստեղծագործությունը, և ես, կարելի է ասել, նրա հետ հավասար երգում էի։ Ավելի ուշ, արդեն հասուն տարիքում, ինձ վրա մեծ ազդեցություն ունեցավ սաքսոֆոնահար Charlie Parker-ը։

Ո՞ւմ եք այսօր համարում Ձեր ամենասիրելի կամ ամենամեծ ազդեցություն ունեցող երաժիշտը։
Կան մի քանի անուններ, որոնց չեմ կարող չանդրադառնալ։ Առաջինը՝ Brad Mehldau, ում երաժշտական մտածողությունը չափազանց ազդեցիկ է ինձ համար։ Իհարկե՝ Տիգրան Համասյան, և դա որևէ կերպ կապված չէ այն փաստի հետ, որ այսօր նվագում եմ նրա խմբում․ ես դեռ վաղուց էի այդ համոզման։ Առանձնահատուկ ուզում եմ նշել Herbie Hancock-ին՝ որպես ջազային մտածողության ձևավորման հիմնասյուներից։ Իսկ թմբկահարների մեջ ինձ համար այսօր իսկապես հեղափոխական կերպար է Marcus Gilmore-ը։
Ո՞ւմ հետ կցանկանայիք համագործակցել, եթե նման հնարավորություն ունենայիք։
Ինձ համար մեծ երջանկություն է նշել, որ այսօր արդեն համագործակցում եմ այնպիսի արտիստների հետ, որոնց հետ աշխատելը միանշանակ ցանկալի է եղել ինձ համար։ Առավել ևս՝ Տիգրան Համասյան-ի խմբում հանդես գալը։ Այս պահին լիովին բավարարված եմ իմ ստեղծագործական ճանապարհով, իսկ ապագան, կարծում եմ, կզարգանա իր բնական հունով։
Ո՞ր ալբոմին եք ամենից հաճախ վերադառնում։
Ամենից հաճախ վերադառնում եմ Miles Davis-ի քվինտետի «My Funny Valentine (Live at Philharmonic Hall)» ալբոմին։ Այն հիմնարար ազդեցություն է ունեցել իմ երաժշտական մտածողության ձևավորման վրա և երկար ժամանակ եղել է իմ «օրվա հացը»։

Ի՞նչ դեր ունի լռությունը Ձեր երաժշտական մտածողության մեջ։
Լռությունն ինձ համար ունի առանցքային նշանակություն։ Եթե չլիներ լռությունը, մնացածն ինչը ասվում է, խոսվում է, նվագվում է, արդեն այդքան իմաստ չէր ունենա։ Երաժշտության մեջ ոչ միայն կարևոր է նվագելը, այլ առավել կարևոր է հասկանալ՝ երբ պետք է չնվագել։
Եթե երաժշտությունը չլիներ Ձեր ուղին, ո՞ր մասնագիտությունն էիք ընտրելու։
Վախենամ, որ եթե երաժշտությունը չլիներ, և այս պահին, Աստված չանի, եթե ընկնեի ու ձեռքս կոտրեի, չգիտեմ՝ ինչ կանեի և ում պետք կլինեի, կոպիտ ասած։ Բայց եթե երբևէ ստիպված լինեի այլ ուղի ընտրել, հավանաբար կդիմեի անասնաբուժությանը (կենդանիների հանդեպ իմ սերը շատ մեծ է) կամ համակարգչային խաղերի ստեղծման ոլորտին։
Ինչպե՞ս կբնութագրեք Ձեր երաժշտական ոճը մեկ նախադասությամբ։
Կբնութագրեի պարզապես մեկ բառով՝ «երաժշտություն»՝ առանց այն որևէ դասակարգման ենթարկելու։
Ջազը Ձեզ համար այսօր ավելի շատ ազատությո՞ւն է, թե՞ պատասխանատվություն։
Ջազը այն ազատությունն է, որին պետք է մոտենալ առավելագույն պատասխանատվությամբ։ Ազատությունը չի նշանակում անկանոնություն։
Մի պահ բեմում, որ դեռ հիշում եք ու ժպտում։
Մի անգամ Վահագն Հայրապետյան-ի հետ ակումբներից մեկում նվագելիս նկատեցինք, որ մի սեղանի շուրջ հավաքված կանայք բարձրաձայն քննարկում են կենցաղային թեմաներ։ Մենք որոշեցինք պարզապես «նվագակցել» նրանց խոսակցությանը, և ողջ դահլիճը հասկացել էր կատարվողը՝ բացի հենց իրենցից։
Մի պահ բեմում, որ կուզեիք մոռանալ։
Չկան նման պահեր։ Նույնիսկ ոչ այնքան հաջող փորձառությունները նպաստում են աճին և կատարելագործմանը։
Մենակ նվագելիս եք ավելի անկեղծ, թե՞ բենդի հետ։
Անկեղծությունը կախված չէ ձևաչափից․ ես միշտ եմ անկեղծ՝ անկախ հանգամանքներից կամ կոնտեքստից։
Ձեր ներսի տեմպը՝ արագ է, թե դանդաղ։
Կարծում եմ՝ արագ է, այնքան արագ, որ նույնիսկ ունեմ որոշ չափով խրոնիկ տախիկարդիա։ Ներքին ռիթմս (պուլսը) մոտավորապես 100–110 զարկ/րոպե է։
Ամենաանսպասելի տեղը, որտեղ ջազ եք լսել։
Երևանյան տաքսիում, և դա իսկապես հաճելի անակնկալ էր։

Մի սովորություն, որ Ձեզ օգնում է բեմից առաջ։
Բեմ դուրս գալուց առաջ կենտրոնանում եմ բացառապես երաժշտության վրա և խուսափում ցանկացած խանգարող հանգամանքից։ Ոչ մի ալկոհոլ կամ նմանատիպ բաներ՝ ամեն ինչ միայն համերգից հետո։
Մի բան, որ միշտ Ձեզ հետ տանում եք բեմ։
Իմ սկզբունքները և, իհարկե, թմբուկի փայտիկները։
Ձեր «չասված» երաժշտական երազանքը։
Կցանկանայի, որ Հայաստանում ստեղծվի ջազային երաժշտության և իմպրովիզացիայի մասնագիտացված դպրոց, որտեղ կդասավանդեն բացառապես նվիրյալ և արհեստավարժ մասնագետներ, և որտեղ կրթական ամբողջ գործընթացը միտված կլինի միայն երաժշտությանը, այլ ոչ թե ձևականորեն ապահովել ուսանողների քանակը՝ պարզապես ամբիոնի գոյությունը պահպանելու համար։
Երբ նվագում եք՝ ավելի շատ մտածո՞ւմ եք, թե՞ զգում։
Բեմը այն վայրն է, որտեղ հնարավորություն ունես վերջապես չմտածելու։ Եթե մտածում էլ եմ, ապա միայն երաժշտության մասին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 2 հոկտեմբերի
Քաշի կորստի հայտնի դեղամիջոցները կարող են սպառել ուղեղի էներգիան. փորձագետը զգուշացնում է ռիսկերի մասին22:31, 2 հոկտեմբերի
Էրլինգ Հոլանդը դատի է տվել ավիաընկերությանը՝ իր սանրվածքը օգտագործելու համար21:22, 2 հոկտեմբերի
Audemars Piguet-ը լեգենդար Royal Oak-ը վերածել է շքեղ զարդերի․ ադամանդներ, շափյուղաներ և զմրուխտներ20:14, 2 հոկտեմբերի

19:34, 2 հոկտեմբերի
Ռիմա Պիպոյանը՝ Գդանսկի միջազգային պարի փառատոնի ժյուրիի կազմում․ հայկական ժամանակակից պարը՝ միջազգային բեմում19:26, 2 հոկտեմբերի
«Հակաքրիստոսը գալիս է Երևան». Հայերը պահանջում են չեղարկել Մորգենշտեռնի համերգը17:00, 2 հոկտեմբերի
Պարոնյանի թատրոնը սեպտեմբերի 29-ին ազդարարեց 85-րդ հոբելյանական թատերաշրջանի մեկնարկը16:31, 2 հոկտեմբերի
Dom Pérignon-ը համագործակցում է Դեմիեն Հիրսթի հետ՝ պաշտամունքային շամպայնը արվեստի գործի վերածելու համար16:04, 2 հոկտեմբերի
Վարդուհի Վարդանյանի թոռնուհին ելույթ կունենա նրան նվիրված համերգին․ ինչպե՞ս են անցնում համերգային փորձերը (VIDEO)15:40, 2 հոկտեմբերի

15:13, 2 հոկտեմբերի
«Կինեմատոգրաֆիկ, կոսմոպոլիտ, հիասքանչ». Vogue France-ը պատմում է Հայաստանում տեղի ունեցած հարսանիքի մասին14:34, 2 հոկտեմբերի
«Ես կսպանեի նրան». փեսան խորանի մոտ հարսնացուին դիմել է նրա քրոջ անունով՝ ապշեցնելով հյուրերին