Երբ թատրոնը տեղափոխվում է բնակարան, իսկ հանդիսատեսը դառնում է պատմության մասնակից...
«Ետ Նայիր Զայրացած» ներկայացումը հանդիսատեսին առաջարկում է ոչ միայն դիտել պատմություն, այլ ապրել դրա ներսում։ Բեմադրությունը խաղացվում է բնակարանային միջավայրում, որտեղ թատրոնը միախառնվում է կենդանի երաժշտությանը, գինուն, շնչող իրականությանը և ստեղծում բացառիկ մտերմիկ մթնոլորտ։ Այստեղ հանդիսատեսը պարզապես դիտորդ չէ․ նա հայտնվում է հերոսների կյանքի անմիջական հարևանությամբ՝ լսելով նրանց շնչառությունը, լռությունները և չասված խոսքերը։
Այս անգամ զրուցել ենք դերասան Արման Մաթևոսյանի և ռեժիսոր Ինգա Շահբազյանի հետ՝ ներկայացման, ոչ ավանդական թատերական միջավայրի, ժամանակակից սերնդի ներքին բախումների և հանդիսատեսի հետ ստեղծվող առանձնահատուկ կապի մասին։
Ինչո՞ւ որոշեցիք ներկայացումը խաղալ ոչ ավանդական թատերական միջավայրում։
Այս գաղափարը դեռ մեկ տարի առաջ էր ձևավորվել և պարզապես սպասում էր ճիշտ պահին։ Մենք հավատում ենք, որ թատրոնը կարող է գոյություն ունենալ ամենուր՝ ոչ միայն բեմում կամ թատրոնի շենքում։ Ինչպես Ուիլյամ Շեքսպիրն է ասել․ «Ամբողջ աշխարհը բեմ է, և մարդիկ՝ դերասաններ»։
Եթե կան մարդիկ, որոնք զբաղվում են թատրոնով, ապա թատրոնը կարող է լինել ցանկացած տարածքում՝ բնակարանում, ավտոբուսում, գործարանում։ Սա նաև փորձ է հայկական թատերական միջավայրում նոր ձևաչափ առաջարկելու՝ պատմություններ պատմել թատրոնից դուրս։
Ինչպե՞ս է տարածքը փոխում ներկայացման ներքին լարվածությունը։
Դերասանի ներքին լարվածությունը միշտ կա՝ լինի բեմում, տեսախցիկի առջև, թե հանդիսատեսից մի քանի քայլ հեռավորության վրա։ Բայց երբ հանդիսատեսը քեզ այնքան մոտ է, որ լսում է շնչառությունդ, նկատում ամեն հայացք ու ամեն դադար, դու պետք է առավելագույնս ճշմարիտ լինես։
Բեմում երբեմն հնարավոր է փոքր-ինչ թատերայնացնել խաղը, իսկ նման միջավայրում ամեն ինչ շատ ավելի մերկ ու անկեղծ է։ Այստեղ հանդիսատեսը անմիջապես զգում է կեղծիքը։
Ի՞նչ է տալիս դերասանին հանդիսատեսի այդքան մոտ ներկայությունը։
Այդ մտերմությունը ստեղծում է յուրահատուկ զգացողություն։ Հանդիսատեսը կարծես այլևս պարզապես դիտող չէ, այլ ներկա է այդ մարդկանց կյանքին։ Տպավորություն է ստեղծվում, թե նա գաղտնի հետևում է ինչ-որ ընտանիքի առօրյային՝ դռան անցքից։

«Ետ Նայիր Զայրացած» ներկայացման մեջ ո՞ր թեման է այսօր ամենացավոտը։
Ամենացավոտը հետպատերազմյան սերնդի ապրումներն են։ Սրանք մարդիկ են, որոնք փորձում են փոխել իրենց կյանքը, ինչ-որ բանի հասնել, բայց անընդհատ բախվում են ժամանակի ու իրականության ճգնաժամին։ Այդ անզորությունից էլ ծնվում է զայրույթը։
Ի՞նչ մթնոլորտ էիք ցանկանում ստեղծել ներկայացման առաջին րոպեներից։
Կարևոր էր, որ հանդիսատեսը հենց սկզբից զգար այդ տան ներսում գոյություն ունեցող լռությունն ու ներքին ճնշումը։ Արտաքուստ ամեն ինչ սովորական է թվում, բայց աստիճանաբար բացահայտվում է մարդկանց ներքին դատարկությունն ու չասված ցավը։
Ձեր կարծիքով՝ հերոսները ավելի շատ սիրո՞վ են կապված, թե՞ պայքարում են իրար դեմ։
Իրականում նրանք սիրում են իրար։ Հենց դրա համար էլ հաճախ բախումներ են լինում։ Նրանք պարզապես չգիտեն՝ ինչպես սիրել ճիշտ։ Ավելի շուտ պայքարում են կյանքի, ժամանակի և սեփական անկարողությունների դեմ։
Ո՞ր կերպարն էր ամենաբարդը հասկանալու համար։
Ջիմի Փորթերի կերպարը շատ բարդ հոգեբանական կառուցվածք ունի։ Նա մարդ է, որը կարծես ծնվել է սխալ ժամանակում և անընդհատ զգում է իրեն չհասկացված։ Բայց, ընդհանուր առմամբ, բոլոր կերպարներն էլ ներքին ծանր վիճակի մեջ են և յուրաքանչյուրը փակված է իր աշխարհում՝ Էլիսոն Փորթերը, Քլիֆ Լյուիսը, Հելենա Չարլզը։
Ներկայացման մեջ ավելի շատ ասվա՞ծն է կարևոր, թե՞ չասվածը։
Այս պատմության մեջ ամենակարևոր բաները հաճախ չեն ասվում։ Հերոսները շատ բաներ լռում են, չեն կարողանում իրար հետ անկեղծ խոսել։ Այդ պատճառով հանդիսատեսը պետք է ավելի շատ զգա, քան լսի։
Ինչպե՞ս են երաժշտությունն ու միջավայրը օգնում ստեղծել ներկայացման մթնոլորտը։
Քանի որ ներկայացումը խաղացվում է բնակարանում, ամբողջ մթնոլորտը շատ բնական է ստացվել։ Նույնիսկ երաժշտությունը ներկայացման մաս է դառնում բնական ձևով՝ այն հնչում է ռադիոյից, որը միացնում են հենց կերպարները։ Ամեն ինչ կառուցված է այնպես, կարծես մենք պարզապես հետևում ենք իրական կյանքի։
Ներկայացման առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այստեղ թատերական լուծումները դիտավորյալ «չեն երևում»․ ամեն ինչ կառուցված է առավել բնական ու կենդանի զգացողություն ստեղծելու համար։
Ներկայացման զայրույթը ինչի՞ հետևանքն է։
Թերևս ամենից շատ՝ կյանքի հանդեպ հիասթափության։ Բայց այդ զայրույթի մեջ կա և՛ սեր, և՛ միայնություն, և՛ չապրած կյանքի ցավ։
Կա՞ տեսարան, որն առանձնապես ծանր էր խաղալ։
Կան տեսարաններ, որոնք դերասանի ներսում երկար են մնում նույնիսկ ներկայացումից հետո։ Հատկապես այն հատվածները, որտեղ հերոսը խոսում է կորստի, ցավի ու կյանքի անխուսափելիության մասին։ Ֆինալն էլ շատ զգացմունքային է թե՛ դերասանների, թե՛ հանդիսատեսի համար։
Ի՞նչ զգացողությամբ կուզենայիք հանդիսատեսը հեռանա ներկայացումից հետո։
Կուզեինք, որ մարդիկ հասկանան՝ պետք է ապրել ներկայով։ Ներկայացման հերոսները անընդհատ հետ են նայում անցյալին, մինչդեռ կյանքը շարունակվում է։
Այսօր մարդիկ կարո՞ղ են անկեղծ խոսել իրենց ցավերի մասին։
Կարծում ենք՝ այսօր մարդիկ ավելի բաց են, քան նախկինում։ Բայց դեռ կա դժվարություն՝ ամբողջությամբ անկեղծ լինելու և իրար իսկապես լսելու մեջ։
Ինչպիսի՞ հարաբերություններ են ձևավորվել դերասանների միջև այս աշխատանքի ընթացքում։
Ստեղծվել են շատ ջերմ ու ընկերական հարաբերություններ։ Թատերախմբի ուժը հենց ներսի մթնոլորտի մեջ է։ Երբ կա վստահություն ու ընկերություն, դա անմիջապես զգացվում է նաև բեմում։ Թիմն արդեն պատկերացնում է, թե ինչպես է այս ներկայացմամբ մասնակցելու տարբեր փառատոնների և նոր ճանապարհորդությունների։
Ներկայացման մեջ ավելի շատ բողո՞ք կա կյանքի հանդեպ, թե՞ հասկանալու ցանկություն։
Ավելի շատ՝ բողոք։ Բայց այդ բողոքի խորքում նաև հասկանալու և փրկվելու ցանկություն կա։
Եթե ներկայացումը մեկ նախադասությամբ դիմեր հանդիսատեսին, ի՞նչ կասեր։
«Նայիր առաջ՝ հավատով և հույսով»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:19, 10 հոկտեմբերի
Մեգան Մարքլը ցանկանում է փախչել արքայազն Հարրիից. լրատվամիջոցները հայտնում են, որ զույգի ամուսնությունը փլուզման եզրին է18:20, 10 հոկտեմբերի
Իտալիայում գողացել են 4 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ 30 հազար շիշ էլիտար գինի՝ երկրի պատմության մեջ ամենամեծամասշտաբ գինու գողությունը17:33, 10 հոկտեմբերի
Կարո՞ղ է, արդյոք, սխտորը օգնել գրավել կնոջը․ գիտնականներն ուսումնասիրել են սննդի ազդեցությունը ժամադրությունների վրա17:00, 10 հոկտեմբերի

16:30, 10 հոկտեմբերի
Մալդիվներում գտնվող մասնավոր կղզին վաճառքի է հանվել 72 միլիոն դոլարով․ վճարումը հնարավոր է կատարել կրիպտոարժույթուվ15:24, 10 հոկտեմբերի
«Երես առած ժառանգորդուհի»․ Դոնալդ Թրամփի թոռնուհուն քննադատել են շքեղ բնակարանի և 531 դոլար արժողությամբ կոսմետիկայի համար14:14, 10 հոկտեմբերի
Մեգան Ֆոքսը գործարկել է OnlyFans-ի իր սեփական անալոգը. բաժանորդագրությունը արժե ամսական 20 դոլար13:33, 10 հոկտեմբերի
Արքայազն Հարրին 100,000 դոլար է ստացել դեպրեսիայի և արքայադուստր Դիանայի մահվան մասին բացահայտումների համար12:30, 10 հոկտեմբերի

12:17, 10 հոկտեմբերի
«Զոհը, որին դուր է գալիս հետապնդումը». Թրամփի զարմուհին խոսել է նրա և երիտասարդ օգնականի տարօրինակ հարաբերությունների մասին11:22, 10 հոկտեմբերի
«Նա դա ընդունեց որպես երեխայի մահ». Իլոն Մասկի նախկին կինը խոսել է այն մասին, թե ինչպես է նա արձագանքել, երբ դուստրը տրանսգենդեր է10:30, 10 հոկտեմբերի
Ամալ Քլունին առաջ է անցնում թրենդներից. շքեղ Gucci զգեստը դարձավ նրա կերպարի հիմնական շեշտադրումը