«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Լուսանկարը՝ որպես թերապիա․ Ինչպես է մեկ կադրը վեր հանում մարդու ներքին զգացողություններն ու ի՞նչն է դառնում կնոջ ցածր ինքնագնահատականի պատճառը

12:08, 19 օգոստոսի

Օգոստոսի 19-ը նշվում է որպես Լուսանկարչության միջազգային օր։ Բայց գիտեի՞ք, որ տեսախցիկով լուսանկարելը միայն պահը անմահացնելու, գեղեցիկ կադրեր ստանալու կամ հիշողություններ պահպանելու մասին չէ։ Լուսանկարը կարող է նաև հոգեբանական աշխատանքի գործիք դառնալ։

Ֆոտոթերապիան, որը տարբեր երկրներում արդեն կիրառվում է որպես հոգեբանական աշխատանքի մեթոդ, Հայաստանում ևս նոր էջ է բացում։ Հոգեբան, պրոֆեսոր և հոգեբանական գրքերի հեղինակ Սոնա Հարությունյանը Երևանում ստեղծել է ֆոտոթերապիայի ստուդիա՝ մի գողտրիկ ու լուսավոր անկյուն, որտեղ հոգեբանական աշխատանքի կարևոր մասը զրույցից բացի նաև լուսանկարն է։

Վերջերս հյուրընկալվել էի Սոնայի ստեղծած կենտրոնում՝ զրուցելու ֆոտոթերապիայի, դրա կիրառման մեթոդների և այն մասին, թե ինչպես կարող է սեփական լուսանկարին նայելը դառնալ ինքնաճանաչման ճանապարհ։ Սակայն մեր զրույցի թեման շատ ավելի լայն ստացվեց, քան պարզապես լուսանկարն ու սեփական արտաքինի հանդեպ վերաբերմունքը։ Խոսեցինք նաև հայ կանանց ինքնագնահատականի, ինքնաընկալման, առօրյա հոգսերի և, ամենակարևորը, սեփական անձի համար ժամանակ գտնելու անհրաժեշտության մասին։

49763a42-4db6-4ca2-b702-06b4a88da09d.jpeg (91 KB)

Երկու սեր՝ լուսանկարչությունն ու հոգեբանությունը

Սոնա, ինչպե՞ս որոշեցիք ստեղծել ֆոտոթերապիայի ստուդիան։

Հոգեբանության ոլորտում երկար տարիներ եմ եղել, բայց լուսանկարչությունն ինձ մանկուց է ուղեկցում։ Միշտ սիրել եմ լուսանկարել։ Հետո եկավ մի փուլ, երբ ինքս ինձ հարց տվեցի՝ լուսանկարչությո՞ւնն եմ ավելի շատ սիրում, թե՞ հոգեբանությունը։ Բնականաբար, չկարողացա առանձնացնել որևէ մեկը, և միտք առաջացավ համատեղել լուսանկարչությունն ու հոգեբանությունը։ Իսկ այդ երկուսի համադրության արդյունքում էլ հենց ֆոտոթերապիան է։

Ֆոտոթերապիան՝ որպես մեթոդ և ուղղություն, իհարկե, նոր չէ, սակայն Հայաստանում սա առաջին ստուդիան է, որտեղ ֆոտոթերապիան կիրառվում է որպես հոգեբանական մեթոդ։

Երբ լուսանկարը դառնում է հոգեբանական հայելի

Ինչպե՞ս է կիրառվում այս թերապիան։

Երբ մարդը դիմում է հոգեբանին, նախ զրուցում ենք՝ հասկանալու համար, թե ինչն է նրան անհանգստացնում։ Դրանից հետո կազմակերպում ենք լուսանկարահանում, այնուհետև ստացված լուսանկարները միասին դիտում ենք և փորձում վերլուծել։ Հարցուպատասխանի մեթոդով դուրս ենք բերում զգացմունքները, մտքերը, ինքնավերաբերմունքը, և դրանից հետո արդեն ձևավորվում է հետագա աշխատանքի բնույթը։

Հիմնականում կանանց և աղջիկների դեպքում անհանգստացնող են լինում արտաքինի հետ կապված հարցերը՝ լինի դա քաշը, կնճիռները և այլն։ Իսկ դեռահասների դեպքում հաճախ խնդիրն առհասարակ ինքնաընկալման հետ է կապված, քանի որ նրանք զարգացման ու բազմաթիվ փոփոխությունների փուլում են։

Կախված նրանից, թե ինչ տարիքային փուլում է գտնվում մարդը, փորձում ենք աշխատել համապատասխան ուղղությամբ։ Լուսանկարները կարևոր են ոչ միայն արտաքին հատկանիշների գնահատման, այլև ներքին աշխարհի բացահայտման համար, որովհետև արտաքինի միջոցով դրանք մեզ տեղեկություն են տալիս նաև մարդու ներքին վիճակի, հուզական աշխարհի և ինքնագնահատականի մասին։ Հետագայում արդեն իրականացվում է հոգեբանական աշխատանքը։

Հետաքրքիր է, որ մի քանի հանդիպումներից հետո մարդը կարող է բոլորովին այլ կերպ վերաբերվել իր լուսանկարներին։ Քանի որ վեր ենք հանում խնդիրը և աշխատում դրա ուղղությամբ, բնականաբար, ներքին փոփոխություններ են տեղի ունենում, և դա կարող է արտացոլվել նաև լուսանկարներում։

Հայ կնոջ ինքնագնահատականը․ բոլորի մասին հոգալուց մինչև սեփական անձին ժամանակ տրամադրելը

Քանի որ Դուք հիմնականում աշխատում եք կանանց հետ, կարո՞ղ եք խոսել նաև հայ կանանց ինքնագնահատականի մասին։ Ինչպիսի՞ն էր այն նախկինում, և ինչպիսի՞ն է հիմա։

Ուշադիր եմ լինում ներկա պահին ինձ դիմող կանանց ինքնագնահատականին։ Հայ կանայք հիմնականում ցանկանում են գոհացնել բոլորին, բայց ժամանակ չտրամադրել սեփական անձին։ Այդ միտումը հատկապես նկատելի է ավագ սերնդի մոտ։

Ընտանիքի բոլոր անդամների հարցերը, նրանց բարօրությունն առաջնագծում են, և, բնականաբար, կանայք ժամանակ չեն հատկացնում իրենց։ Արդյունքում ժամանակի ընթացքում տուժում է նրանց ինքնագնահատականը, որովհետև եթե կինը իր համար անձնական ժամանակ չունի և չի հոգում ինքն իր մասին, վաղ թե ուշ տուժում է թե՛ նրա հոգեկան առողջությունը, թե՛ ինքնագնահատականը։

Եթե գոնե մեկ ժամ կինը կարողանա տրամադրել իրեն, դա կարող է բերել թե՛ արտաքին, թե՛ ներքին խնամքի և, ի վերջո, նպաստել ինքնագնահատականի ու ինքնավստահության բարձրացմանը։

Ինձ դիմած կանանց շրջանում գերակշռել են ինքնագնահատականի հետ կապված խնդիրները։ Իսկ ցածր ինքնագնահատականի հետ աշխատելու համար ֆոտոթերապիան արդյունավետ միջոց է, որովհետև դա հատկապես տեսանելի է լուսանկարում։

Ինքնագնահատականը միայն մեր մասին չէ

Կարո՞ղ է, արդյոք, կինը ինքնուրույն՝ իր ներաշխարհի հետ աշխատելով, հասնել ինքնագնահատականի բարձրացման, թե,՞ ամեն դեպքում, մեծ նշանակություն ունի նաև սիրելիի, ընտանիքի ու շրջապատի աջակցությունը։

Ինքնագնահատականը ձևավորվում է և՛ շրջապատի, և՛ հենց տվյալ անձի՝ ինքն իրեն տված գնահատականի միջոցով։ Սակայն այստեղ շատ կարևոր է տարիքային փուլը։ Բնականաբար, մինչև որոշակի տարիք շրջապատի մարդկանց կարծիքն ու գնահատականը շատ ավելի մեծ նշանակություն ունեն ինքնագնահատականի ձևավորման հարցում։

Կա կարծիք, որ որքան բարձր է սեփական ինքնագնահատականը, այնքան ավելի բարձր է այն նաև շրջապատի աչքում։ Այդպե՞ս է։

Շատ կարևոր է, որ մարդը կարողանա ունենալ իրատեսական ինքնագնահատական։ Այո՛, եթե անձն իրեն ներկայացնում է իրատեսական ինքնագնահատականով, միանշանակ, հետադարձ վերաբերմունքը մեծապես պայմանավորվում է նրանով, թե ինչպես է նա իրեն ներկայացնում։

Բայց շատ կարևոր է տարբերակել իրատեսական և պարզապես բարձր ինքնագնահատականը։ Եթե մարդն իրեն վերագրում է ավելին, քան իրականում ունի, դա կարող է վանող հատկանիշ դառնալ և դժվարություններ առաջացնել շփման մեջ։ Իսկ երբ ինքնագնահատականը իրատեսական է, այսինքն՝ մարդն իսկապես ունի այն հատկանիշները, որոնք ներկայացնում է, դա ավելի դրական վերաբերմունք է ձևավորում նաև իր նկատմամբ։

«Ի՞նչ կարող եմ ես անել ինքս ինձ համար»

Ի՞նչ խորհուրդ եք, սովորաբար, տալիս Ձեզ դիմող կանանց։

Խորհուրդ կտամ, որ բոլոր կանայք ու աղջիկները շատ ուշադիր լինեն, առհասարակ, իրենց հանդեպ և իրենք իրենց տան հետևյալ հարցը՝ «Ի՞նչ կարող եմ ես անել ինքս ինձ համար»։

Ոչ թե սպասելիքներ ունենան մյուսներից, այլ առաջին հերթին՝ հենց իրենցից, և փորձեն դա ապահովել ամենօրյա ռեժիմով։ Հոգ տանեն իրենց մասին, անեն այն ամենը, ինչը դրական էմոցիաներ է պատճառում։ Կարծում եմ՝ ինքնակրթումը ևս շատ կարևոր է, քանի որ նա, ով ունի գիտելիք, շատ ավելի գրագետ է վերաբերվում և՛ իր անձին, և՛ իր հոգեկան առողջությանը, և այդ կերպ ավելի ինքնավստահ է դառնում։

Այնպես որ, ամենակարևորը՝ ժամանակ տրամադրեք ինքներդ ձեզ։

Լուսանկարը, որից սկսվում է փոփոխությունը

Սոնա Հարությունյանի հետ զրույցից հետո մի բան հատկապես պարզ է դառնում․ լուսանկարը երբեմն շատ ավելին է, քան պարզապես գեղեցիկ կամ անհաջող կադր։ Այն կարող է դառնալ հայելի, որի մեջ մենք տեսնում ենք ոչ միայն մեր արտաքինն, այլև սեփական անձի հանդեպ մեր վերաբերմունքը։

Գուցե հենց այդ պատճառով էլ ֆոտոթերապիայի ամենակարևոր հարցը ոչ թե «Գեղեցի՞կ եմ լուսանկարում», այլ «Ի՞նչ եմ զգում, երբ նայում եմ ինձ» հարցն է։ Իսկ այդ հարցի պատասխանը երբեմն կարող է դառնալ փոփոխության առաջին քայլը։

Մեր առօրյայում մենք հաճախ այնքան ենք զբաղված ընտանիքով, աշխատանքով, երեխաներով ու շրջապատի սպասելիքներով, որ մոռանում ենք ինքներս մեր մասին։ Ֆոտոթերապիան, այս իմաստով, ոչ միայն լուսանկարելու, այլ նաև կանգ առնելու, ինքներս մեզ նայելու և մեզ լսելու հնարավորություն է։

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search