Ի՞նչ պատմություններ են թաքնված ճերմակ շապիկներ կրող մարդկանց ներաշխարհում, հոգում ու հիշողություններում՝ հե՞րքում, կարո՞տ, ցա՞վ… Այս հարցերն է բարձրաձայնել նաև սցենարիստ Անի Մաղաքյանը Monk3-ի «Ճերմակ շապիկ» առաջին գեղարվեստական ֆիլմում։ Հոգեբանական ժանրի ֆիլմի փակ ցուցադրությունը կայացել էր սեպտեմբերի 9-ին՝ «Կինոմոսկվա»-ում, իսկ այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ֆիլմը պաշտոնապես բարձրացավ մեծ էկրաններ։
Ֆիլմի գլխավոր հերոսներին մարմնավորում են Թելման Խաչատրյանն ու Մերի Քոչարյանը։
Շվայտ կյանքի սիրահար Մարկը, իր գործած սխալը կոծկելու համար, հայտնվում է հոգեբուժարանում, որտեղ հանդիպում է Սալիին։ Իսկ ինչո՞ւ է այս հանգիստ ու խաղաղ աղջիկը, որը պարզապես փնտրում է իր մորը, հայտնվել հոգեբուժարանում։ Առաջին անգամ Մարկը, մոռանալով սեփական ապրումների մասին, որոշում է օգնել մեկ այլ մարդու և պատասխանատվություն կրել նրա համար։ Սալիի հետ ծանոթությունը փոխում է Մարկին․ նա սկսում է գիտակցել իր գործած սխալներն ու դրանց հետևանքները։ Բայց արդյո՞ք կկարողանա փրկել նաև Սալիին…
Ֆիլմը պահում է հուզական լարվածության մեջ՝ ստիպելով հանդիսատեսին ոչ միայն հետևել հերոսների պատմությանը, այլև զգալ նրանց անձնական դրամաներն ու ներքին պայքարը։
Սցենարի հեղինակ Անի Մաղաքյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց, որ պատմությունը գրելիս չի ունեցել կոնկրետ հերոսների նախատիպ։ Որպես հիմք՝ նա ընդունել է լրատվամիջոցներում լուսաբանված մի ավտովթարի պատմություն և փորձել պատկերացնել, թե ինչպես կարող էր այդ դեպքից հետո փոխվել մարդու կյանքը։
Սցենարիստն ասում է՝ հերոսների վարքագիծը բացահայտելու համար պարզապես փորձել է ներթափանցել մարդկային զգացմունքների ու հոգեբանության խորքերը։ Այդպես են ծնվել Մարկի ու Սալիի զրույցները, ինչպես նաև Մարկի մենախոսությունը։
Իրենք՝ դերասանները, խոստովանում են՝ հեշտ չի եղել հոգեբանական բարդ գծեր ունեցող հերոսների մարմնավորումը։
«Ճերմակ շապիկը» Մերի Քոչարյանի ու Թելման Խաչատրյանի կյանքում առաջին գեղարվեստական ֆիլմն է։ Մերին ցուցադրության ընթացքում հուզված էր, լարված, բայց միևնույն ժամանակ՝ ոգևորված։
«Ուզում եմ նշել, որ յուրաքանչյուրս մեծ ու բարդագույն աշխատանք ենք կատարել։ Կարծում եմ՝ սցենարը շատ հետաքրքիր էր ու տարբերվող, և նաև կարծում եմ՝ նոր որակ ենք բերել հայկական կինոարտադրության մեջ»,- լրագրողների հետ զրույցում նշեց նա։
Թելման Խաչատրյանը դժվարացավ վերհիշել, թե որոնք էին իր համար ամենաբարդ տեսարանները, քանի որ ֆիլմի ընթացքում իր հերոսն անցնում է դժվար ճանապարհով՝ բազմաթիվ բացահայտումների ու ապրումների միջով։ Այդուհանդերձ, դերասանը, թերևս, առանձնացրեց Մարկի երկխոսությունը հոր հետ։
«Իրականում ցանկացած կերպար ունենում է իր բարդությունները, և ցանկացած կերպար մարմնավորելիս էլ հանդիպում ես դժվարությունների»,- ամփոփեց Թելմանը։
Ֆիլմի գլխավոր պրոդյուսերը Կարո Նաղդալյանն է, բեմադրող ռեժիսորը Պետրոս Հովհաննիսյանը, բեմադրող օպերատոր՝ Ֆելիքս Շախտոյան։ Դերերում հանդես են գալիս նաև Բաբկեն Չոբանյանը, Արամ Կարախանյանը, Նարինե Պետրոսյանը, Մարիամ Ալեքսանյանը, Մինաս Ասրյանը, Տաթևիկ Մելքոնյանը,Կարինե Ծատուրյանը և հեռուստադիտողին ծանոթ այլ դեմքեր։
«Ճերմակ շապիկը» պարզապես երկու մարդկանց հանդիպման մասին պատմություն չէ։ Այն մարդկային սխալների, պատասխանատվության, կորստի ու փրկության մասին է՝ այն սահմանների, որտեղ երբեմն ուրիշին հասկանալու փորձը դառնում է սեփական անձի հետ առերեսվելու ճանապարհ։ Իսկ գուցե հենց այդ ճերմակ շապիկների տակ են թաքնված ամենածանր պատմությունները՝ այնպիսիք, որոնք առաջին հայացքից չեն երևում, բայց երկար ժամանակ շարունակում են ապրել մարդու ներսում։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի














































Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
00:16, 11 սեպտեմբերի

23:10, 10 սեպտեմբերի
Շվեդիան խելագարվում է միլիարդատերերի համար. Ինչպես IKEA-ի և համեստության երկիրը բացահայտեց «հարստության պոռնոն»22:18, 10 սեպտեմբերի
Կանանց 80%-ը սխալ չափսի կրծկալ է ընտրում. Ահա, թե ինչպես դա կարող է վնասել ձեր կրծքին և մեջքին21:36, 10 սեպտեմբերի
«Birkin-ը մահացել է». Հարուստ կանայք զայրացած են ինֆլուենսերների կողմից պաշտամունքային պայուսակը ծաղրի առարկա դարձնելու համար20:21, 10 սեպտեմբերի
Ռեկորդային՝ 1.87 միլիարդ դոլարի ամուսնալուծություն. հարավկորեացի մեծահարուստը նախկին կնոջը նվիրել է իր կայսրության մեկ երրորդը19:30, 10 սեպտեմբերի
Maison Margiela-ն նորաձևությունը խորասուզում է հոգեբանական թրիլերում17:00, 10 սեպտեմբերի
«Գոյ»-ը վերադարձ չէ, շարունակություն է․ դերասան Արսեն Ազիզյանը՝պայքարի, կորսված բեմի և չլռող թատրոնի մասին16:41, 10 սեպտեմբերի
Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը16:26, 10 սեպտեմբերի
28,000 դոլար արժողությամբ կոնյակ՝ սեփական սառնարանով. Louis XIII-ը ներկայացրել է նոր Black Pearl-ը15:43, 10 սեպտեմբերի
Celine-ը և Reebok-ը միավորվել են. Freestyle Lo խորհրդանշական սպորտային կոշիկները շքեղորեն վերափոխվել են15:23, 10 սեպտեմբերի
Լիլի Քոլինզը ցուցադրել է իր կազմվածքը լողազգեստով՝ Ֆրանսիայում անցկացրած կարճատև արձակուրդի ժամանակ14:42, 10 սեպտեմբերի
Կովեր, ոսկու հանքեր և 1 դոլար. ինչ խենթ առաջարկներ է ստանում միլիարդատերն իր «կղզու» համար