Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

«Hahaha LA». Երբ մանկական հագուստը դառնում է մշակութային կամուրջ

17:35, 19 սեպտեմբերի

Լոս Անջելեսում հիմնադրված «Hahaha LA» հայկական ընկերությունը մանկական հագուստը վերածում է յուրօրինակ մշակութային կամրջի, որը կապում է սերունդներ, երկրներ և միմյանցից տարբեր մանկական աշխարհներ։ Այստեղ հագուստը պարզապես շապիկ կամ զգեստապահարանի իր չէ։ Այն երեխայի համար ընտրելու, խաղալու, փորձարկելու և նոր բան բացահայտելու հնարավորություն է։

Այս գաղափարի հեղինակը Գևորգ Բալյանն է, ում համար մանկական հագուստն ի սկզբանե կապված էր ոչ այնքան նորաձևության, որքան սեփական մանկության հուշերի՝ ազատության զգացման, խաղի և ինքնուրույն որոշելու հնարավորության հետ։

«Hahaha LA»-ն ծնվել է Լոս Անջելեսում, սակայն հայկական տարրն աստիճանաբար դարձել է բրենդի ինքնության կարևոր մասը։ Հավաքածուում հայտնվել են հայկական խորհրդանիշներով՝ Արարատի, խաչքարի, Տորք Անգեղի պատկերներով պիտակներ։ Դրանց միջոցով հայկական մշակույթը դուրս է գալիս սովորական շրջանակներից և հայտնվում երեխաների առօրյայում՝ այդ թվում նրանց, ովքեր երբեք չեն եղել Հայաստանում և անգամ հայկական արմատներ չունեն։

Երեխայի համար նման խորհրդանիշը սկզբում կարող է պարզապես գեղեցիկ պատկեր լինել շապիկի վրա։ Բայց դրան կարող են հաջորդել հարցեր, պատմություններ ու զրույցներ, և աստիճանաբար հետաքրքրություն առաջանալ մի մշակույթի հանդեպ, որին նա նախկինում ծանոթ չէր։ Իսկ ԱՄՆ-ում կամ մեկ այլ երկրում մեծացող հայազգի երեխայի համար նման իրը կարող է դառնալ փոքրիկ, բայց շոշափելի կապ իր արմատների հետ։

Հենց այս հնարավորությունն է Բալյանը կարևոր համարում՝ ոչ թե պարզապես երեխաներին պատմել հայկական մշակույթի մասին, այլ թույլ տալ, որ այն բնականորեն մտնի նրանց առօրյա՝ հագուստի, խաղի և սեփական ընտրության միջոցով։

Բրենդի գաղափարը ձևավորվել է ամենասովորական միջավայրում՝ ընկերական ընթրիքի ժամանակ։ Այդ պահին դեռ հստակ պատկերացում չկար, թե ինչ ուղղությամբ պետք է զարգանա նախագիծը։ Սակայն մանկական հագուստի մասին խոսելիս հիմնադիրները որոշեցին չսահմանափակվել միայն ծնողների պահանջների ուսումնասիրությամբ, այլ հիշել իրենց իսկ մանկությունը։

Նրանք մտաբերեցին այն հագուստն ու իրերը, որոնց հետ ջերմ հույզեր էին կապված՝ հին շապիկներ, կերպարներ, առանձին դետալներ, որոնց կարելի էր դիպչել, փոխել կամ օգտագործել խաղի մեջ։ Այդպես ծնվեց մանկական հագուստը ոչ թե որպես զուտ պատրաստի իր, այլ որպես մի բան, որի հետ երեխան կարող է սեփական հարաբերությունը ձևավորել։

Գևորգ Բալյանի համար կարևոր էր հասկանալ, թե ինչ կարող է երեխային ընտրության հնարավորություն տալ։ Մանկության տարիներին երեխաները հաճախ էին հագուստի տարբեր համադրություններ անում՝ ոգեշնչվելով միմյանցից, ֆիլմերից կամ սիրելի հերոսներից։ Նման փորձարկումները նրանց ինքնուրույնության զգացում էին տալիս՝ թեկուզ մեկ օրով որոշելու, թե ով են իրենք ուզում լինել։

Հենց այս գաղափարն էլ հետագայում դարձավ «Hahaha LA»-ի փիլիսոփայության մասը։ Երեխան կարող է ձևափոխել հագուստը, պիտակը փակցնել այլ տեղում, գունավորել այն կամ օգտագործել այնպես, ինչպես ինքն է ուզում։ Կարևոր է ոչ միայն պատրաստի արդյունքը, այլև ընթացքը՝ իրը սեփականը դարձնելու հնարավորությունը։

Հայկական թեման այս տիրույթում ի հայտ եկավ բնականորեն։ Մշակութային պիտակների ստեղծման հիմքում ընկած են նաև Բալյանի մանկական հետաքրքրությունները։ Նա հիշում է, որ մանկուց իրեն հատկապես ձգում էին հունական լեգենդներն ու առասպելները՝ նախևառաջ դրանց երևակայական ու ստեղծագործ աշխարհը։

Այժմ նա ուզում է երեխաներին հնարավորություն տալ նույնպիսի հետաքրքրությամբ բացահայտելու հայկական պատմություններն ու խորհրդանիշները։ Նրա համար կարևոր է, որ հայկական մշակույթի հետ ծանոթությունը տեղի ունենա ոչ միայն դասագրքերի ու պաշտոնական պատմությունների, այլև խաղի, հետաքրքրասիրության և առօրյա իրերի միջոցով։

Սա հատկապես հետաքրքիր է ամերիկյան միջավայրում։ Հայկական խորհրդանիշը կարող է հայտնվել երեխայի հագուստին՝ անկախ նրա ծագումից, և դառնալ զրույցի կամ նոր հետաքրքրության առիթ։ Իսկ հայկական արմատներ ունեցող երեխայի համար, որը երբեք չի ապրել Հայաստանում, այն կարող է դառնալ սեփական ընտանիքի մշակույթի հետ կապը զգալու միջոց։

Ընդ որում, «Hahaha LA»-ի նպատակը պարզապես հայկական պիտակներ վաճառելը չէ։ Բալյանի համար կարևոր է այն գործընթացը, որի ընթացքում երեխան ինքն է հայտնաբերում, հարցեր տալիս ու կապեր ստեղծում։ Այդ իմաստով հագուստը դառնում է ոչ թե վերջնական արդյունք, այլ պատմության սկիզբ։

Երբ Բալյանին հարցնում են, թե ինչ կուզեր, որ երեխան տարիներ անց հիշեր «Hahaha LA»-ի մասին, նրա պատասխանը վերաբերում է ոչ այնքան կոնկրետ շապիկին կամ պիտակին, որքան ազատության զգացմանը։

«Մենք կուզեինք, որ նա հիշեր այդ զգացողությունը՝ որ իրեն թույլ են տվել ընտրել։ Որպեսզի ամեն առավոտ նա կարողանար որոշել, թե ով է ուզում լինել այդ օրը, ինչ է ուզում պատմել իր մասին և ինչն է իրեն հետաքրքիր տվյալ պահին։ Իսկ ծնողը, այս ընտրությունը սահմանափակելու փոխարեն, դառնար դրա մասնակիցը»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search