Երևանում մեկնարկել են նոր՝ «Հպում» ֆիլմի նկարահանման աշխատանքները. գլխավոր դերերում՝ Սոս Ջանիբեկյան, Լուիզա Ներսիսյան, Դիանա Մալենկո և Լևոն Հախվերդյան:
Պատրիկ Մարբերի «Մտերմություն» հայտնի գործի վրա դեռևս 2004 թ-ին էր նկարահանվել համանուն ֆիլմը՝ Նատալի Փորթմանի, Ջուդ Լոուի, Ջուլիա Ռոբերտսի և Քլայվ Օուենի գլխավոր դերակատարմամբ: Ֆիլմի հայկական տարբերակի ռեժիսոր և պրոդյուսեր Նարեկ Ներսիսյանի խոսքով՝ սցենարը գրելիս աշխատել են այն համապատասխանեցնել ժամանակակից հայերի մենթալիտետին:
«Երկար ժամանակ ստեղծագործական դադար ունեի, և որոշեցի անդրադառնալ հենց այս թեմային, քանի որ կարծում եմ՝ այն շատ արդիական է։ Պիեսը գրված է բրիտանացի հեղինակի կողմից, բայց կարծում եմ՝ մերօրյա Հայաստանում, հայ հասարակության մեջ կան այն հերոսները, ովքեր ներկա են ֆիլմում և այն բոլոր փոխհարաբերությունները, որոնք նրանք ապրում են։ Հայկական տարբերակում բովանդակային առումով ոչինչ, գրեթե, չի փոխվել, նույնիսկ ավելի հարստացել է, որովհետև տեսարաններ կան, որոնք ավելացել են Անահիտ Աղասարյանի հետ աշխատանքի արդյունքում»,-նշեց ռեժիսորը։
«Հպում» սիրային դրաման պատմում է Դանի, Ալիսի, Աննայի և Լևոնի սիրային քառանկյունու մասին։ Դանի ու Ալիսի պատահական հանդիպումը վերածվում է սիրո, սակայն Դանը հրապուրվում է Աննայով։ Նրա միջոցով Աննան ծանոթանում և ամուսնանում է Լևոնի հետ, միևնույն ժամանակ Դանն ու Աննան գաղտնի սիրավեպ են սկսում։ Դավաճանությունների բացահայտումը քանդում է երկու զույգերին՝ սերը վերածելով խանդի, վրեժի և ճշմարտության մոլուցքի։
Ստեղծագործական և դերասանական կազմը երեկ՝ հոկտեմբերի 28-ին, ավանդաբար կոտրեց ափսեն՝ ազդարարելով նկարահանումների սկիզբը։
Սոս Ջանիբեկյանը ֆիլմում մարմնավորում է Լևոնին։ Նա բժիշկ է՝ կայուն ու հաստատված անձնավորություն, որը սակայն հանգամանքների բերումով սիրային քառանկյունու մաս է կազմում։
«Այս պիեսը շատ լավ հիմք է ստեղծագործելու և աշխատելու՝ որպես դերասան։ Նարեկի հետ առաջին անգամ եմ աշխատում, կարծում եմ՝ նախադրյալներ կան, որ սա կլինի լավ ֆիլմ, քանի որ այստեղ քննարկվում են մարդկային փոխհարաբերությունները, մարդկային ճակատագրերը, իսկ դերասանների համար շատ լայն տարածություն կա աշխատելու»,-ասում է Սոս Ջանիբեկյանը։
Լուիզա Ներսիսյանն իր կերպարը դիտարկում է ավելի գլոբալ՝ հարաբերությունների մեջ դրսևորվող տեսանկյունից.
«Ֆիլմը սիրային քառանկյունու մեջ ձևավորված զգացմունքների մասին է, ձգողականության ու գայթակղությունների մասին է։ Կարևորն այն է, որ կյանքում հասկանաս՝ դու ընտրությո՞ւն ես կատարում, թե՞ գայթակղվում ես ու տրվում ակնթարթային հրապուրանքին»։
Դիանա Մալենկոն խոստովանում է՝ համաձայնվելով նկարահանվել ֆիլմում՝ ինքն իրեն մարտահրավեր է նետել։ «Երբ արդեն կա այս հրաշալի ֆիլմը՝ նկարահանվելով դրա հայկական տարբերակում, տեղափոխել դա հայկական իրականության մեջ և խաղալ այնպիսի դերասանուհուց հետո, ինչպիսին Նատալի Փորթմանն է, ում դերակատարումը ես անչափ սիրում եմ այդ ֆիլմում, ես, կարելի է ասել, ինքս ինձ ձեռնոց եմ նետել»,-ասում է դերասանուհին՝ նաև ուրախություն հայտնելով առ այն, որ մի շարք կատակերգություններից հետո, վերջապես, հնարավորություն ունի նկարահանվելու դրամայում։
Լևոն Հախվերդյանն առաջին անգամ չի աշխատում Նարեկ Ներսիսյանի հետ։ Դերասանն ասում է՝ Նարեկը վաղուց էր մտածում ֆիլմ նկարահանելու մասին ու աշխատում էր իր նպատակի իրականացման շուրջ, և նա հատկապես ուրախ է, որ ռեժիսորը հենց այս սցենարի շուրջ է որոշել ֆիլմ նկարահանել։
«Ինձ համար շատ կարևոր կրերպարի եմ մարմնավորում, որն ունի տարբեր շերտեր խաղալու և ներկայացնելու։ Միայնայկ, ոչ այնքան հաջողակ գրողի պատմությունն է, որը միաժամանակ սիրահարվում է մի քանի կնոջ։ Այստեղ արդեն սկսում է երևալ, թե ինչպես են սերը, կապվածությունն ու մտերմությունը անընդհատ փոփոխվում, ինչը, կարծում եմ, նաև շատ ուղիղ կապ ունի մեր սովորական կյանքի հետ»,-ասում է Լևոնը։
Ֆիլմի բեմադրող ռեժիսոր և պրոդյուսեր՝ Նարեկ Ներսիսյան, երկրորդ ռեժիսոր՝ Սասուն Մելիքյան, կրեատիվ պրոդյուսեր և PR պատասխանատու՝ Արմինե Բրսոյան, բեմադրող օպերատոր՝ Ֆելիքս Շախտոյան։ Պաստառի հեղինակ՝ Արվին Քոչարյան։
«Նման ձևաչափի ֆիլմ Հայաստանում դեռ չի եղել։ Դիտողի հետ ու մեր դերասանների խաղով պետք է հասկանանք որտեղ է հատվում սիրո, կրքի և հավատարմության թելը։ Գիտեմ, որ հանդիսատեսը երբեմն նախընտրում է ավելի թեթև, չծանրաբեռնող կոմեդիաներ, բայց սա այդ դեպքը չէ, այստեղ մարդուն բնորոշ կարևոր գծեր են ներկայացվելու»,-ասում է կրեատիվ պրոդյուսեր և PR պատասխանատու Արմինե Բրսոյանը։
«Հպում» ֆիլմի պրեմիերան, նախնական տվյալներով, կկայանա 2027 թ-ի ապրիլին:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:30, 29 հոկտեմբերի
Սելենա Գոմեսն ու Դեմի Լովատոն վերամիավորվել են Rare Beauty-ի նոր արշավի շրջանակում15:05, 29 հոկտեմբերի

14:22, 29 հոկտեմբերի
Մի անգամ Prada-ի աշխարհում․նորաձևության տունն իր նոր արշավը վերածել է «Դիսնեյի» հեքիաթի13:34, 29 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, թե ինչպես է Լյուիս Հեմիլթոնը նվաճել իր սիրտը12:45, 29 հոկտեմբերի
Ջենիֆեր Լոուրենսը հաստատել է իր վերադարձը «Քաղցած խաղեր» ֆիլմաշարին12:05, 29 հոկտեմբերի
«Ունիվեր» սերիալի աստղը խոստովանել է, որ սեռական ոտնձգություններ է կատարել դերասանուհիների նկատմամբ11:25, 29 հոկտեմբերի
Կարա Դելևինը վերածվել է իսկական շիկահեր գեղեցկուհու՝անճանաչելիորեն փոխելով արտաքինը10:45, 29 հոկտեմբերի
Գուրգեն Դաբաղյանի ու որդու զբոսանքը՝ Հյուսիսային պողոտայում10:30, 29 հոկտեմբերի
Թրամփը կատակել է, թե Մար-ա-Լագոյում համբուրգերն ու աղանդերը 5 հազար դոլար կարժենան՝ խորհուրդ տալով «գներին հետևող» ամերիկացիներին չայցելել իր ակումբը09:00, 29 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 28 հոկտեմբերի
Մոնա Լիզայի դեմքի ևս մեկ առեղծված․ գիտնականները բացահայտել են հոնքերի և թարթիչների բացակայության հնարավոր պատճառը22:32, 28 հոկտեմբերի
«Աղքատների և անօթևանների համար». Վիկտորյա Բոնյան քննադատել է Louis Vuitton-ն ու Chanel-ը՝ Ֆիլիպ Կիրկորովի սիրելի ապրանքանիշերը