Այս տարի առաջին անգամ «Նոր ալիք» երիտասարդ կատարողների մրցույթն անցկացվեց ոչ թե Յուրմալայում, ուր անցկացվում էր իր ստեղծման առաջին իսկ օրվանից, այլ՝ Սոչիում։ Պատճառը Լատվիայի իշխանությունների՝ իր երկրի տարածք մուտք գործելու արգելքն էր ռուսական էստրադայի որոշ երգիչների նկատմամբ, որը բուռն քննարկումների առիթ դարձավ, եւ կազմակերպիչները որոշեցին իրենք էլ «պատժել» Լատվիային՝ մրցույթը տեղափոխելով Ռուսաստանի Դաշնություն։
Շուրջ տասն օր տեւած փառատոնն անցավ բառացիորեն 1-2 շաբաթում կառուցված համերգասրահում, շքեղ լույսերի ու հրավառության ներքո։ Կազմակերպիչները ֆինանսական միջոցներ չէին խնայել՝ ցույց տալու համար, որ իրենց մոտ էլ կարող են մրցույթը ոչ պակաս լավ անցկացնել, քան Լատվիայում։ Ընդ որում, այս համոզմունքը մրցույթի առաջին իսկ օրվանից հնչում էր բոլորի շուրթերից՝ հաղորդավարներից սկսած, ընդհուպ միչեւ Իգոր Կրուտոյի, ով չզլացավ շեշտել անգամ, որ Յուրմալայում մասնակիցները հիվանդանում էին, իսկ Սոչիում՝ ոչ։ Ամբողջ ընթացքում խոսվում էր Սոչի քաղաքի, նոր բեմահարթակի, տեխնիկական ավելի լայն հնարավորությունների եւ այլ առավելությունների մասին՝ փորձելով ստվերել նախկինում Յուրմալայում անցկացրած մրցույթները եւ,կարծես, արդարացնելով մրցույթը ՌԴ տեղափոխելու որոշումը։ Բայց, որքան էլ կազմակերպիչները ջանային ամեն ինչ անթերի անել, միեւնույն է, զգացվում էր, որ աշխատանքն արվել է հապճեպ եւ բավականին անկազմակերպ։
Ի դեպ, «Նոր ալիքը» հաճախ համեմատում են «Եվրատեսիլի» հետ, նույնիսկ այս տարի հնչեց այդ կարծիքը ասուլիսներից մեկի ժամանակ, բայց թույլ տվեք, որպես «Եվրատեսիլը» իրադարձությունների հենց կենտրոնից լուսաբանած լրագրող, միանգամայն հերքեմ դա, եւ դրա համար ես կարող եմ բերել հազար ու մի պատճառ։
«Եվրատեսիլում» պարզապես կատարյալ պայմաններ էին ստեղծված ոչ միայն մասնակիցների, այլեւ առաջին հերթին մրցույթը լուսաբանող լրագրողների համար։ Ընդարձակ մամուլի կենտրոն, որը հագեցած էր գերարագ կապով, տեխնիկայով եւ կահույքով, անվճար սնունդով։ Հարյուրավոր կամավորներ, ովքեր առանց քո խնդրելու պարբերաբար մոտենում էին ու օգնություն առաջարկում։ Հավատացեք, շուրջ մեկ շաբաթ եվրոպական երկրում միայնակ աշխատելով՝ այդքան դժվարության չեմ հանդիպել, որքան Սոչիում «Նոր ալիքը» լուսաբանելիս։ Նախ, սկսեմ նրանից, որ համերգասրահը, որտեղ անցկացվում էին փորձերը եւ համերգները, բավականին հեռու էր գտնվում մամուլի կենտրոնից, ինչը դժվարացնում էր աշխատանքը։ Բացի այդ, կենտրոնի դռները փակվում էին ժամը 22։00-ին, եւ դա այն դեպքում, երբ համերգներն ավարտվում էին ավելի ուշ, եւ անհասկանալի է, թե որտեղ էին լրագրողները պատրաստելու իրենց նյութերը։ Այդ էր, երեւի, պատճառը, որ կենտրոնն ամբողջ օրը «պարապության էր» մատնված։
Մամուլի կենտրոնում աշխատելիս եւս մեկ դժվարության հանդիպեցի. համացանցին միանալու համար, պարզվեց, պետք է ռուսական հեռախոսահամար մուտքագրել, որին ուղարկվում էր գաղտնաբառ, որի միջոցով էր միայն հնարավոր օգտվել համացանցից։ Ստացվում է, որ այդ մի քանի օրվա համար պետք է նոր հեռախոսաքարտ ձեռք բերես, դա էլ բավական չէ՝ ամեն անգամ համացանցին միանալու համար նոր գաղտնաբառեր հավաքես, քանզի դրանք չէին պահպանվում։ Տպավորություն էր, թե ամեն ինչ արված էր, որպեսզի հնարավոր չլինի օգտվել անվճար համացանցից։ Բացի այդ, մամուլի կենտրոնի համակարգիչներից շատ կարգավորումներ բացակայում էին, ինչը, բնականաբար, կրկնակի դժվարացնում էր աշխատանքը, եւ թե’ համակարգիչների, թե’, առհասարակ, մամուլի կենտրոնի առկայությունը դառնում էր ձեւական։
Ես չգիտեմ, թե Յուրմալայում ինչպես են աշխատել լրագրողները եւ ինչ պայմաններ են եղել նրանց համար, բայց որ Սոչիում այդ պայմանները, մեղմ ասած, բարենպաստ չէին, դա հաստատ, ինչը չես ասի, բնականաբար, «Եվրատեսիլի» մասին։
Ինչ վերաբերում է համերգները կամ փորձերը լուսաբանելուն, ապա «Նոր ալիքում» այդքան էլ «ուրախ չէին» լրագրողներին եւ լուսանկարիչներին։ Հարց է առաջանում՝ էլ ինչու՞ եք հավատարմագրել նրանց, եթե թույլ չեք տալու անարգել աշխատել։ Ես դեռ չեմ խոսում անվտանգության աշխատակիցների կոպիտ վերաբերմունքի մասին, որն ուղղված էր անխտիր բոլորին։ Նույնիսկ լրագրողական անցաթուղթն այստեղ չէր օգնում։ Զարմանում եմ, թե նման պայմաններում այս մրցույթի ինչի՞ն էին պետք լրագրողները։
Միգուցե, եթե ես «Եվրատեսիլի» «խոհանոցին» այդքան մոտիկից ծանոթ չլինեի, ինձ համար այսքան «ցավոտ» չէր լինի «Նոր ալիք-2015»-ը եւ դրանց երկուսի համեմատությունը, բայց, ինչեւէ, մրցույթն արդեն անցյալում է, եւ կազմակերպիչներին մնում է միայն ամփոփել արվածն ու չարվածը։ Միայն մեկ խորհուրդ. միգուցե՞ Յուրմալան այդքան փնովելու փոխարեն արժե զբաղվել մրցույթն իսկապես կատարելագործելով, որպեսզի ձեր փոխարեն ուրիշները գովեն...
Շուշան Շատիկյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 12 հոկտեմբերի
500 միլիոն դոլար արժողությամբ սուպերզբոսանավ, 3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդ և գաղտնի բնակարաններ. Ինչպես են Ջեֆ Բեզոսն ու Լորեն Սանչեսը ապրում Koru-ի վրա22:29, 12 հոկտեմբերի
Հինգ սխալ, որոնք լուռ կործանում են ամուսնությունները21:22, 12 հոկտեմբերի
Հեյլի Բիբերի «Rhode»-ը թողարկել է ելակի տեսքով պզուկների դեմ պլաստիր և մաշկի խնամքի համար աքսեսուար20:32, 12 հոկտեմբերի
Miu Miu-ի անփույթ մանիկյուրը՝ նորաձևության միտում, թե՞ ապստամբություն իդեալական գեղեցկության դեմ19:30, 12 հոկտեմբերի
«Դուբայը` երեք օրում. արևածագի փայլից մինչև Մարինայի կինեմատոգրաֆիկ մայրամուտները»16:21, 12 հոկտեմբերի
Գեղեցիկ դեմքերը գրավում են կանանց՝ անկախ սեռից. Գիտնականները պարզել են, թե ինչպես են տղամարդիկ և կանայք ընկալում գեղեցկությունը15:54, 12 հոկտեմբերի
Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ15:30, 12 հոկտեմբերի
Սիլիկոնային հովտի միլիարդատերերը դարձել են Հոլիվուդի գլխավոր չարագործները. Մասկը, Ցուկերբերգը և Ալտմանը՝ մութ պատմությունների կենտրոնում14:38, 12 հոկտեմբերի
Թոբի Մագուայրը «ամուսնացրել է» նախկին կնոջը միլիարդատեր ժառանգորդի հետ՝ ամուսնալուծությունից ընդամենը մի քանի շաբաթ անց14:17, 12 հոկտեմբերի
Մրգերն ու բանջարեղենը 50%-ով պակաս սննդարար են, քան 1960-ականներին. գիտնականները զգուշացնում են սննդանյութերի «արտահոսման» մասին13:29, 12 հոկտեմբերի
«Ես իմ առաջին դոլարը ձեռքումս պահեցի ընդամենը հինգ տարի առաջ». Բրիթնի Սփիրսը քննադատել է ծնողներին տարիների խնամակալության համար13:05, 12 հոկտեմբերի
Րաֆֆի Գալստյան․ «Ուզում եմ իմ լավագույն տարիները նվիրել հենց մեր թատրոնին»