Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Տիգրան Ձիթողցյան. «Նյու Յորքում ես երեւանցի եմ»

11:18, 25 հուլիսի

Տաղանդավոր նկարիչ Տիգրան Ձիթողցյանը տարիներ առաջ մեկնել է Նյու Յորք. որպես ստեղծագործող մարդ` դա նրան օդի պես էր պետք։ Հիմա Տիգրանը այնտեղի մշակութային բոմոնդի անբաժանելի մասն է, նրան ճանաչում են, հարգում, բայց եւ, միաժամանակ, Տիգրանը բնավ նման չէ մեր` ամերիկացի դարձած բազմաթիվ հայրենակիցներին. լրիվ երեւանցի է, ասես չի էլ գնացել։ Ինքն ասում է, որ անմիջապես փոխակերպվում է՝ հենց որ ինքնաթիռը վայրէջք է կատարում «Զվարթնոց» օդանավակայանում, եւ որ ամենալավն այլ կլիներ, եթե տարվա կեսն ապրեր Երեւանում, կեսը՝ Նյու Յորքում... «Գրեթե այդպես էլ ապրում եմ. ամռանը Երեւանում եմ, հետո երկու շաբաթով մեկ էլ գալիս եմ աշնանը եւ երկու շաբաթ էլ՝ գարնանը,- ասում ՝ Տիգրանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում։- Տուն եմ կառուցում՝ արհեստանոց բոլոր հարմարություններով։ Այդպիսի տուն Նյու Յորքում չունեմ եւ հավանաբար չեմ էլ ունենա»։

Իսկ ինչպիսի՞ն է տունդ Նյու Յորքում։

Այնտեղ ես Լոֆտ ունեմ։ Նյու Յորքի համար այն մեծ է, բայց Երեւանի տան համեմատ՝ պստիկ է։

Լա՞վ շրջան է։

Այո։ Ապրում եւ աշխատում եմ  դաունթաունում, հարմարավետ տեղ է. հետիոտների փողոց, մեքենաների աղմուկ չկա։ Ես եմ ու իմ աշխարհը։ Երբ դուրս եմ գալիս, հայտնվում եմ տեղի ունեցողի էպիկենտրոնում։ Նյու Յորքում ես «երեւանցի» եմ, հենց գալիս եմ այստեղ, ակնթարթորեն ձուլվում եմ այս կյանքին։

Իրականում գլխավորը չհամեմատելն է։ Իհարկե, 2,5 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ գալս շոկ էր։ Նույն պահին հասկացա, որ սիրտս ցավում է Հայաստանի համար, Երեւանի համար, հարազատ կեղտոտ մուտքիս համար։

Բայց այդ կեղտոտ մուտքերը հիմա էլ կան...

Իսկ հիմա ես այդ ամենը չեմ նկատում։ Վարժվել եմ այդ երկու իրողություններին։

Իսկ նյույորքյան իրողություններում այդ կեղտոտ մուտքերը չկա՞ն։

Նյու Յորքում լիքը կեղտոտ բաներ կան։ Եվ ես այդ ամենը նույնպես սիրում եմ։ Ե՛վ այնտեղ, ե՛ւ Երեւանում տեսնում եմ միայն լավը... Սիրում եմ այն, ինչն անփոխարինելի է, այն, ինչն այլ տեղերում չկա։

Ի՞նչն, օրինակ։

Շփումը մարդկանց միջեւ, հարաբերությունները։ Հայերի հետ ես փոխըմբռնում ունեմ, իհարկե, ավելի լավ, քան ուրիշ որեւէ մեկի հետ։ Ամեն բան հասկանում եմ կես խոսքից։ Դա իմն է։ Պաշտում եմ Երեւանը, իմ սիրելի քաղաքը։ Սիրում եմ հայերին, հարազատ մարդիկ են։ Միեւնույն ժամանակ, շատ բան այստեղ նյարդայնացնում է ինձ, որովհետեւ ցանկանում եմ ամեն բան ավելի լավ լույսով տեսնել, քան կա իրականում։ Ցանկանում եմ, որպեսզի Երեւանն ու երեւանցիներն ավելի լավ ապրեն։ Ուստի երբեմն սրտնեղում եմ...

Ըստ իս՝ դու իդեալիստ ես։ Դե, համենայնդեպս, քո դատողությունները եւ դիմանկարային աշխատանքները նման տպավորություն են թողնում. հերոսուհիներդ իդեալական գեղեցիկ են... Ցանկանում ես նրանց ավելի լավ ցուցադրել, քան կա՞ն։

Դիմանկարների այդ շարքի ամբողջ իմաստն այն է, որ ցույց տրվի կանացի գեղեցկության համաչափությունը։ Ասենք այսպես. ես նրանց նկարում եմ այնպես, ինչպիսին նրանք տեսականորեն ցանկանում են, որպեսզի իրենց տեսնեն շրջապատողները։ Ես հենց իդեալականացնում եմ նրանց։ Եվ ինձ հետաքրքիր է այն եզրագիծը, որտեղ նրանք սկսում են կորցնել իրենց անձը, եւ մինչեւ որտեղ կարող են փոխել իրենց դեմքը դեպի ընդունված մոդելային գեղեցկությունը... Չէ՞ որ հենց դրանով է զբաղված աղջիկների մեծ մասը սոցցանցերում. մշտապես դեմքերն են «շտկում», եւ ահա ինձ հետաքրքիր է, թե ինչ են նրանք փորձում շտկել եւ ինչքան։

Ի հակակշիռ սոցցանցերում կատարվողի՝ ավելի հաճախ է սկսել հնչել մեսիջն այն մասին, որ ներքին գեղեցկությունը շատ ավելի կարեւոր է, առանց դրա արտաքինը հետաքրքիր չէ։

Ուշադրությունը գեղեցիկ մարդկանց կարող է փչացնել, եւ հետո՝ ամեն բան ճանաչվում է համեմատության մեջ։ Փոքրիկ քաղաքում գեղեցիկ աղջիկը մեծ ուշադրության է արժանանում, եւ որպես անձ՝ նա ձեւավորվում է հենց այդ ուշադրության համատեքստում։ Այլ բան է հսկայական Նյու Յորքը, աշխարհի կենտրոնը, որտեղ ապրում է 60-70 հազար մոդել. նրանք գնում են քասթինգների, որտեղ նրանց սպասելու համարը 257-ն է, եւ օր օրի մերժումներ են ստանում։ Նրանք ամեն անգամ հարցականի տակ են եւ հենց դրա համար շատ պարզ ու ինքնաքննադատող են. նրանք այնքան մերոնքական աղջիկներ են, որ ես նրանց հետ շփվում եմ տղաների պես՝ ոչ մի անձնական բան։

Լսիր, դու շատ ես աշխատում կանանց հետ։ Մեզանից ինչ-որ բան հասկացա՞ր։

Ոչ։ Անհասկանալի շատ բան կա։ Այ, ասենք, մուսուլմանական երկրների կանայք եւ աղջիկները սոցցանցերում դերասանուհիների նկարներ են դնում՝ իրենց նույնացնելով նրանց հետ։ Նա չի կարող ցուցադրել իր դեմքը, դրա համար էլ Մոնիկա Բելուչիի 230 լուսանկար է դնում եւ ինչ-որ պահի սկսում հավատալ, որ ինքը Բելուչին է որ կա։ Եթե նա տխուր է, «տխուր Բելուչի» է դնում, եթե ուրախ է՝ ժպտացող... Ֆենոմենալ է։ Ճիշտ նույն կերպ էլ աղջիկները, որոնք ուժեղ ֆիլտրեր են օգտագործում. նա քեզ հետ հավեսով գրագրություն կպահպանի, բայց չի հանդիպի։ Լուսանկարներից է երեւում, որ դրանք շատ լավ մշակված են։ Իսկ հուզական իմաստով դա նման է նրան, թե ինչպես է տղամարդը ցավում թիմի համար, եւ երբ այն հաղթում է, իրեն ամենաուժեղ մարդն է համարում աշխարհում. ահա մոտավորապես նույն զգացողությունն է։

Իսկ դու սելֆիներ չե՞ս անում։

Երբեք սելֆի չեմ արել։  Բայց ըստ էության դա չէ՞ որ նույն ինքնադիմանկարն է. մի ժամանակ այդ պատմությունը հասանելի էր մի քանի նկարիչների, որոնք կարողանում էին նկարել իրենց, իսկ հիմա դա վայրկենական գործ է դարձել, ինքնարտահայտման թեթեւ ձեւ։ Խոստովանում եմ, մինչեւ վերջերս կանանց չեմ նկարել, միայն տղամարդկանց։ Շրջապատս, հավանաբար, կարծում էր, որ ես գեյ եմ (ծիծաղում է – Հեղ.)։ Հետո սկսեցի նկարել կանանց, սկսեցին մտածել՝ հաստատ փլեյբոյ է։ Իրականում կինը մեծ հանելուկ է, եւ ամեն օր համոզվում եմ, որ չեմ հասկանում նրանց։ Բայց շատ հարգանքով եմ վերաբերվում այդ հանելուկին անգամ այն պարագայում, որ ինձ համար անհասկանալի են աղջիկները, որոնք ցանկանում են, որպեսզի նրանց տեսնեն օրը երեք անգամ տարբեր ռակուրսներով՝ մեքենայում, աշխատավայրում, տուն գնալու կամ տնից դուրս գալու ճանապարհին։

Մի քանի տարի առաջ   հատուկ բաժանորդագրվել էի 2000 աղջիկների կայքերում, որոնք ամեն օր մշակված լուսանկարների հսկայական քանակություն էին տեղադրում, գրում էի բոլորին։ Եկա այն եզրակացության, որ նրանք իրենք էլ չեն կարող գիտակցված բացատրել, թե ինչու են այդպես անում։

Բայց չէ՞ որ քո նկարներում էլ ֆիլտրեր կան։

Կյանքում դու չես կարող  մարդուն նայել մի ամբողջ ժամ, դրա համար էլ իմ նկարներում պատկերը քանիցս մեծ է մարդու ֆիզիկական հասակից։ Ես մարդկանց հնարավորություն եմ տալիս ամեն բան մանրամասն նայել։ Դա էլ ֆիլտրերն են, որոնք ստեղծում են այն եզրը, որից այն կողմ դժվար է եւ պետք էլ չէ նայել։

Տեխնիկան բա՞րդ է։

Դե, նրանց համար, ովքեր չեն տիրապետում, այո։ Բայց տեխնիկան ինձ համար գործիք է, որի մասին ես չեմ մտածում։ Ես կյանքում այնքան ժամեր եմ նկարել, որ աչքս ու ձեռքս լրիվ սինքրոնացվել են։ Այն, ինչ ես պատկերացնում ու տեսնում եմ, ստացվում է այնպես, ինչպես պետք է։ Ինձ հարցնում են՝ ի՞նչն է ավելի դժվար նկարել՝ ակա՞նջ, թե՞ աչք։ Դա նույնն է, թե ինձ ասեն՝ ինչի՞ն է ավելի դժվար նայել՝ ականջի՞ն, թե՞ աչքին։ Ամենուրեք նույն կերպ ես նայում։ Ինչ-որ ավելի բարդ բան չկա։ Գուցե մի դրվագ կարող է ավելի շատ ժամանակ պահանջել։

Կնճիռներով ծերուկ նկարելը շատ ավելի հեշտ է, քան մանկանը, որովհետեւ կենդանացնել դեմքի հարթությունը, ծավալ ստանալ՝ դա է հենց վարպետությունը... Ռաֆայելը կարող էր պատկերել մանկանը, եւ նա կենդանի էր ստացվում։ Իսկ եթե նկարում ես մեծ չափի նատուրա, ապա դա եռակի բարդ է, ռելիեֆ է պետք։ Առանց դրա դեմքը հարթ, անկենդան կստացվի։

Իսկ ստեղծագործական ճգնաժամեր եւ փնտրտուքներ քեզ հետ չե՞ն պատահում։

Առանց ստեղծագործական ճգնաժամի չի լինում։  Առանց դրա պետք է ամեն ինչ դեն նետել։ Ես մշտապես զգում եմ, որ ճանապարհի սկզբին եմ։ Մշտապես որոնումների մեջ եմ։ Երբ ավարտում եմ աշխատանքը, կարող եմ գոհ լինել ոչ երկար ժամանակով. հաջորդ օրը ինձ կարող է այդ ամենը դուր չգալ։ Ինձ համար դա ասես անցած էտապ է, եւ ես ինքս ասում եմ, որ կարող էի ավելի լավ անել։ Ինքնահավանություն երբեք չեմ ունեցել։

Փառասեր չե՞ս։

Ցանկացած մարդու սեր հարկավոր է։ Իսկ ստեղծագործող մարդը պետք է զգա, որ այն ամենը, ինչ անում է, կարեւոր է եւ անհրաժեշտ։ Ստեղծագործել ոչ մի բանի համար՝ դժվար է։ Դրա համար պետք է շատ անձնուրաց մարդ լինես։ Պոզիտիվ քննադատությունը ոգեւորում է, բայց որքան էլ տարօրինակ է, ես երբեք չեմ կարդում, թե ինչ են գրում իմ մասին՝ ոչ հարցազրույցները, ոչ արձագանքները... Սեփական խոսքերս կարդալն այնքան էլ հետաքրքիր չէ, իսկ եթե դրանք նաեւ չեն համապատասխանում բնօրինակին, ապա ինձ համար առավել քան հաճելի չէ։

Արվեստ եւ բիզնես. ի՞նքդ ես քո նկարների առաջխաղացմամբ զբաղվում։

Այսօր Արեւմուտքում ասում են, որ նկարիչը ժամանակի 50 տոկոսը պետք է ծախսի բիզնեսի, իսկ 50 տոկոսը՝ արվեստի վրա:  Չգիտեմ, ես բոլորովին անտեղյակ եմ այդ գործից: Ողջ կյանքիս ընթացքում ոչ մի մեյլ չեմ գրել, չեմ թակել ոչ մի դուռ, չեմ դիմել ոչ մի պատկերասրահի...

Իսկ գործակալ չունե՞ս։

Կա գործակալ-փաստաբան, բայց նա ոչ մեկի չի դիմում, միայն նամակներին է պատասխանում: Եթե ինչ-որ անկարեւոր բան է գալիս, նա անգամ ինձ չի ուղարկում, կամ խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել ինչ-որ բանի վրա: Ես միշտ ամեն ինչ ինքս եմ արել:

Այսինքն՝ դու քո պահանջվածությունը թողնում ես ինքնահոսի, պատահականությանը: Իսկ պատահականություն կարող է չլինել։

Այո, կարող է եւ չլինել: Երբեք երաշխիք չկա, որ վաղը ես պահանջված կլինեմ: Բայց ես այսպես ապրում եմ երկար տարիներ, եւ կարծես թե ստացվում է, քանի որ ինձ շատ հաջողակ եմ համարում: Իսկական ստեղծագործական մարդը չպետք է այդ ամենով զբաղվի. ես չեմ զվարճանում, դուրս չեմ գալիս հատուկ մարդկանց հետ ծանոթանալու համար, որոնցից ինչ-որ շահ կարող է լինել, դա իմը չէ: Հանրության մեջ հայտնվում եմ, երբ անկեղծ ինչ-որ մեկի ցանկանում եմ տեսնել: Ինձ բոլոր հնարավոր գալա-արարողությունների հրավերներ են ուղարկում, բայց ես միայն հայկականին եմ գնում Նյու Յորքում եւ սատարում եմ նրանց:

Ի՞նչ կարծիքի ես այստեղի մշակութային իրողությունների մասին: Հատկապես Միացյալ Նահանգներից հետո։

Ես շատ մեծ լավատես եմ: Երբ նայում ես այսօրվան՝ ցավոտ է եւ ծանր, իսկ երբ նայում ես ճանապարհին, ամեն ինչ այդքան դրամատիկ չէ: Խորհրդային իշխանության ժամանակ մշակութային կյանքը զգալիորեն հարստացավ. դա առողջ «արյան փոխանակում»  էր ռուսական մշակույթի հետ: Բայց դրա հետ մեկտեղ մեր կյանք նաեւ շատ վատ բան մտավ. կոռուպցիա, անգործություն, բառերը փոխեցին իրենց նշանակությունը: Պահեստապետ լինելը շատ հեղինակավոր էր, իսկ ոստիկանությունում ծառայությունը զուգորդվում էր կաշառակերության հետ... Ներկայիս Հայաստանը մինչեւ հիմա քաղում է դրա պտուղները: Երբ բողոքում են, որ սա այնպես չէ, նա այնպես չէ, ուզում ես ասել՝ իսկ այլ կերպ հնարավոր չէ...  Եթե երեկ մենք լինեինք Շվեյցարիայի նման երկիր եւ այսօր հայտնվեինք այնտեղ, որտեղ գտնվում ենք, այդ ժամանակ քննադատությունը հնարավոր կլիներ ընդունել... Եվ ես ուրախ եմ, որ անկախ Հայաստանում ծնված մարդիկ այլ կերպ են մտածում, ավելի լայն: Այն հին կանոնները նրանց համար այլեւս չեն աշխատում: Շատ բան փոխվել է...Երեւանում ես սովորականից երկար մազեր ունեի, այդ պատճառով ամեն օր կռվի մեջ էի հայտնվում:

Դե, մազերն... այո: Այսօր դրանով ոչ մեկի չես զարմացնի։ Փոխարենը հասարակությունը բավական նյարդային է արձագաքնում ԼԳԲՏ-ին։

Ես այդ իմաստով բոլորի համար հավասար իրավունքների կողմնակից եմ, բայց միեւնույն ժամանակ ողջամիտ հավասարակշռության կողմնակից: Օրինակ՝ Նյու Յորքում այժմ դրա հետ կապված չափն անցել են. փոքրամասնություններին շատ հիվանդագին են պաշտպանում: Կոպիտ ասած՝ այնտեղ մի ամիս գեյ շքերթ է, եւ եթե դու քո սրճարանի կամ խանութի ցուցափեղկին նրանց աջակցության դրոշը չես փակցնում, ապա դու իզգոյ ես, դու Թրամփի կողմնակիցն ես, դու սահմանափակ ես... Ես կարծում եմ, որ դա ոտնահարում է իմ իրավունքները... Ես մարդկանց չեմ բաժանում կողմնորոշումների, նրանք ինձ համար կա՛մ հետաքրքրիր են, կա՛մ ոչ:

Ընդ որում, ես չեմ կարծում, որ ԼԳԲՏ-ն ուժեղ «հարվածում» է մեր ավանդույթներին: Ինչի մասին է ընդհանրապես խոսքը, եթե մեր այգիներում կանգնած էին տրանսվիստիտներ, որոնց պաշտպանում են ոստիկանները։

Անցյալ տարի Սյուզան Սարանդոնի մասնակցությամբ «Ամերիկյան հայելի» ֆիլմը  չէին ներառել «Ոսկե ծիրանի» ծրագրում։ Ինչո՞ւ։

Ֆիլմը 8 առաջին մրցանակ է ստացել եւ այժմ ներակայցված է Մելբուռնում կինոփառատոնին... Իսկ «Ոսկե ծիրանի» կազմակերպիչները սկզբում ասել էին, որ այն բավականաչափ լավը չէ մրցույթի համար, իսկ հետո՝ «կողքից ցույց կտանք»։ Դե, մենք ասացինք՝ լավ: Սակայն ռեժիսոր Արթուր Բալդերը այն հանեց ցուցադրությունից. դրա համար մեզ աշխատանքային օր հատկացրին Կինոյի տանը, այն էլ առավոտյան 11-ին։

Ափսոս: Երեւանի հանդիսատեսը դրանից միայն պարտվեց: «Ոսկե ծիրանն» էլ հաստատ չշահեց: Սակայն Տիգրան Ձիթողցյանն այդ առումով չի մտահոգվում. նա առանց այդ էլ հագեցած ստեղծագործական կյանք ունի: Այնքան, որ շատ բան  այս զրույցից մնաց, ինչպես ասում են կադրից դուրս՝ հիմնականում նկարչի համեստության եւ զսպվածության պատճառով, որին նյարդայնացնում են «ինձ հետ մի այսպիսի դեպք էր պատահել» ոճի հոխորտանքները։ Չնայած նման մի քանի դրվագներ նա, այնուամենայնիվ, պատմեց: Բայց դա off record է՝ ոչ լայն լսարանի համար...

Աննա Սաթյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել