MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Ամերիկուհու արկածները հայկական հիվանդանոցներում

21:06, 13 հոկտեմբերի

Իմ անունը Լուսինե է, ես 36 տարեկան եմ: Ծնվել եմ Հայաստանում, բայց 2000թ-ին ընտանիքիս հետ միասին տեղափոխվել եմ ԱՄՆ: Անցյալ տարվա դեկտեմբեր ամսին որոշեցի վերադառնալ հայրենիք՝ աշխատանքի շահավետ առաջարկ ստանալով տեղի հայտնի ընկերություններից մեկից: Ամուսնուս հետ վերադարձա, հարմարվեցի այստեղի կենսակերպին. կարծես թե ամեն ինչ լավ էր:

 Որոշ ժամանակ փորձում էի հղիանալ, բայց ոչ մի կերպ չէր ստացվում: Ամուսնուս հետ միասին որոշեցինք հետազոտվել, բայց քանի որ չգիտեի, թե ում դիմեի, հետեւեցի ընկերուհուս խորհրդին, ով «Սուրբ Աստվածամայր» ծննդատանը ծանոթ մասնագետ ուներ, եւ գնացի այնտեղ: Այս պահից սկսած սկսեցի ծանոթանալ այն բարձիթողի վիճակին, որն առկա է Հայաստանի հիվանդանոցներում: Այստեղ վարակների անալիզներ հանձնելուց հետո բուժող բժիշկը չկարողացավ հասկանալ խնդիրը եւ ուղարկեց ինձ արհեստական բեղմնավորում (ինսեմինացիա) կատարելու:
Քանի որ ճանապարհին մոտ էր նաեւ Նորքի հիվանդանոցը («Գրիգոր Լուսավորիչ»), գնացի այնտեղ, եւ ինձ հետազոտեց Խաթուն Կտրիճեւնան:
 

Առաջին խորհրդատվությունից հետո ինձ ուղարկեցին հորմոնալ անալիզներ հանձնելու (այս ամենի համար պահանջեցին քառասուն հազար դրամ): Ֆոլիկուլոմետրիան ցույց տվեց, որ արգանդում ինչ-որ անհայտ օվալաձեւ նորագոյացություն է առաջացել: Սակայն առաջին հերթին ցանկանում եմ խոսել մարդկանց նկատմամբ բժիշկների անուշադիր եւ ոչ հոգատար վերաբերմունքի մասին: Բժշկի հետ զրուցելուց հետո դուրս եկանք սենյակից եւ միասին սկսեցինք սենյակից սենյակ անցնել, որոնց առաջ հղի կանանց մի մեծ հերթ էր գոյացել. ի դեպ, նշեմ, որ անգամ մի աթոռ չկար, որ այդ հղի կանայք գոնե նստեին: Չնայած սպասող կանանց դժկամ հայացքներին՝ բժիշկը ձեռքս բռնած ինձ առանց հերթի քարշ տվեց մի սենյակ, որտեղ ինձ պետք է հետազոտեին (ԷԽՈ):
 

Բացի մեզանից, սենյակում ներկա էին նաեւ երեք բուժքույր եւ մեկ կին հիվանդ, ով անգամ չէր հասցրել հագնվել, երբ մենք ներս մտանք: Բուժքույրերն ակտիվորեն ինչ-որ բան էին զրուցում, ուտում, ծամում, երբ իմ բժիշկը կանչեց նրանց եւ բարձրաձայն սկսեց քննարկել այն, ինչ տեսնում էր. «Այս ինչ է աղջիկներ, հավանաբար պոլիպ է, այնպես չէ՞: Այո, հաստատ, պոլիպ է: Վերջ, հագնվիր»: Թե ինչ է պոլիպը, ոչ մեկ այդպես էլ չբացատրեց, եւ ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ ես ասես մի առարկա կամ իր էի, ում հետ զբաղվելու ու ուշադրություն դարձնելու ժամանակ ոչ մեկ չուներ: Չհասցրեցի հասկանալ ու «մարսել» իրավիճակը, երբ սենյակ ներխուժեց մեկ այլ հիվանդ: Կանգնել մտածում էի, որ ԱՄՆ-ում հաստատ այսպիսի երեւույթների չէի հանդիպի, բայց ամենից շատ ինձ զարմացրել էր այն փաստը, թե ինչու են բժիշկները հիվանդների հետ այդպես ոչ մարդկային ձեւով վերաբերվում, չէ՞ որ ես կին եմ, չէ՞ որ իրենք էլ են կին, միթե չեն հասկանում, թե հիվանդը ինչ խոցելի դրության մեջ է: Հեյ, բժիշկներ, ես էլ եմ մարդ, բացատրեք, թե ինչ է ինձ հետ կատարվում:

Մյուս սենյակում բժիշկն ինձ ասաց, որ ես պոլիպ ունեմ, որն էլ հենց խոչընդոտում է հղիությանը, եւ պետք է անմիջապես հեռացնել այն, այնուհետեւ ստուգել փողերը. եթե ամեն ինչ լավ լինի, կարելի է արդեն ինսեմինացիա անել:
Այն արհամարհանքն ու անտեսվածությունը, որը ես զգացի այս հիվանդանոցում, ստիպեցին ինձ գնալ մեկ ուրիշ հիվանդանոց եւ դիմել մեկ այլ բժշկի օգնությանը: Հասկացեք, ես փափկասուն ու խստապահանջ հիվանդ չեմ, պարզապես ամեն ինչ սահմաններ ունի. Հայաստանում մարդիկ կարծում են, որ եթե իրենց անասունների նման են վերաբերում, ապա դա նորմալ է:

Հաջորդ հիվանդանոցը Մարգարյանն էր, որտեղ իմ խնդրով սկսեց զբաղվել Էմմա Սերգեեւնա Տոտոյանը: Դարձյալ անալիզներ, հավելյալ անալիզ ինսեմինացիայի համար (ի դեպ, այստեղ անալիզներն ու խորհրդատվությունն արժեին 50-100 հազար դրամ): Միաժամանակ ամուսնուս էլ խնդրեցին վարակների անալիզ հանձնել: Արդյունքը՝ ամուսնուս մոտ դիսբակտերիոզ է: Ես զանգահարեցի բուժքրոջը (Տաթեւ), քանի որ իմ բժիշկը արձակուրդում էր, եւ հարցրեցի, թե ինչ է դիսբակտերիոզը, եւ ի զարմանս ինձ՝ նա այդպես էլ չկարողացավ բացատրել ինձ:

-Դե դիսբակտերիոզ էլի, եկեք ու բժշկից հարցրեք,-համառոտ պատասխանեց բժշկական համալսարանն ավարտած այս արարածը,- դիսբատերիոզը, գիտեք, դա... մմմմմ... աղիքներում եւ հեշտոցում...

-Դե իհարկե, իմ ամուսնու հեշտոցում,- կոպտորեն պատասխանեցի ես:

Ամուսնուս ասել էին (բուժքույր Տաթեւը), որ պետք է բուժումների կուրս ընդունել, եւ հենց գնացինք հիվանդանոց, դիսբակտերիոզը հանկարծ գարդներելլա էր դարձել: Ամուսինս, չհավատալով այս ախտորոշմանը, երկու օր անց կրկին անալիզ հանձնեց, եւ հրաշք կատարվեց՝ նա լիովին առողջ է: Ընդհանրապես չէինք հասկանում, թե ինչ է կատարվում մեզ հետ. հիմարի կամ «անհեթեթության թատրոնի» դերասանի պես կանգնել ու չգիտեինք, թե ինչ է պետք անել: Հետո եկավ իմ հերթը. ախտորոշումը ՝ խլամիդիոզ:

Ես ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ, թե ինչպես էին կարող հետազոտությունների պատասխաններն այդպիսին լինել, եթե մեկ տարի առաջ ես ստուգվել էի ԱՄՆ-ում , եւ ինձ մոտ ոչինչ չէին հայտնաբերել:

Փոխարինող բժիշկը՝ Նոնա Ֆրոլովա Գենադիեւնան ( ի դեպ, ես նրա դեմ ոչինչ չունեմ) իմ այս հարցին ժպտաց՝ կարծես թե ակնարկելով` «ախ, բալիկս, դու չգիտես, թե ինչպիսին են այս տղամարդիկ». բայց ես արդեն երեք տարի է ամուսնացած եմ եւ լիովին վստահում եմ ամուսնուս:

Որոշեցի տեղում կրկին անալիզներ հանձնել (ՊՇՌ), որոնք ուղարկվեցին Promtest. նույն օրը եկավ բացասական պատասխան, որին ի պատասխան բժիշկը ծիծաղելով ասաց, որ այդպես պատահում է:

Հաջորդ քայլով պետք է ստուգեին իմ փողերը, որի արդյունքում ախտորոշվեց պոլիպ՝ ձախ փողի մոտ:
Սեպտեմբերին եկավ իմ բժիշկը, ուսումնասիրեց հետազոտությունների պատասխաններն ու ասաց, որ իմ տարիքում հաճախ են նման դեպքեր պատահում: Կամ ինձ պետք է վիրահատեն, կամ սպասեմ մոտ մեկ տարի (ինչու մեկ տարի, այդպես էլ չհասկացա)՝ բնական ճանապարհով հղիանալու համար: Կարճ ասած՝ հղիանալու հավանականությունն ավելի է մեծանում, եթե ես փորձեմ In Vitro տարբերակը, որն արժե 4000-5000 ամերիկյան դոլար եւ ունի 35% հաջողության հավանականություն: Ես պետք է բժշկի խորհրդատվություն անցնեի, ինձ պետք է վիրահատեին՝ հեռացնելով պոլիպը, եւ մեկ ամիս անց In Vitro կատարեին:

Ես վերցրեցի հետազոտությունների պատասխանը եւ հեռացա այս հիվանդանոցից: Գնացի «Հանրապետական» հիվանդանոց՝ գովեստի խոսքեր լսելով տեղի բժիշկներից մեկի՝ Արա Դրամպյանի մասին:

Գնացի նրա մոտ, ինձ բավականին ջերմ ընդունեցին, ուշադրությամբ ուսումնասիրեցին հետազոտությունների պատասխանները եւ առաջարկեցին լապարոսկոպիա եւ գիստերոսկոպիա կատարել՝ «օվալաձեւ մարմինը» հեռացնելու եւ իմ փողերը բացելու համար:

Բժիշկը հայտնեց, որ այս գործողությունները կատարելուց մեկ ամիս անց ես կարող եմ փորձել հղիանալ, եւ եթե մեկ կամ երկու տարվա ընթացքում ոչինչ չստացվի, կարելի է դիմել In Vitro տարբերակի օգնությանը: Նշեմ, որ բժիշկ Դրամպյանն ու իր բուժքույրը՝ Լաուրան, միակ դրական կերպարներն էին իմ արկածների ողջ ընթացքում:
Մնում էր հեռացնել պոլիպը, եւ ինձ վիրահատեցին: Այստեղ կրկին բարձիթողի վիճակ էր տիրում, քանի որ պարզվեց, որ ես եւս մեկ հետազոտություն էլ պետք է անցնեմ մինչ վիրահատությունը: Ինձ հետազոտեց մի կին բժիշկ (անունը չեմ հիշում), իսկ սենյակում կար երկու գինեկոլոգիական աթոռ. մինչ դու պառկած ես քո դիմաց բացվում է հիվանդասենյակի բաց պատուհանների եւ քո դիմաց պառկած հիվանդի «գեղեցիկ տեսարանները»:

Նշեմ, որ այս ողջ ընթացքում ես միայն մի բանի մասին էի մտածում, որ ինձ հետ վարվում են ոչխարի նման: Մինչ ինձ հետազոտում էին (ԷԿԳ), ամեն րոպե բացվում էր սենյակի դուռը եւ մտնում կամ դուրս էր գալիս այս կամ այն բուժքույրը կամ էլ չգիտես, թե ով: Ինձ հետազոտելուց հետո կանչեցին մյուս հիվանդին: Նոր էի սկսել հագնվել, երբ մտավ մեկ ուրիշ կին. այստեղ արդեն չհամբերեցի եւ պոռթկացի.

«Միգուցե սպասեիք մինչեւ հագնվեի, հետո մի ուրիշ հիվանդի կանչեիք»,- բժիշկն ու բուժքույրերը զարմացած հայացքով ինձ նայեցին:

Բուժքույրերից մեկը լկտիաբար ստեց՝ հայտարարելով. «բայց չէ՞ որ մենք Ձեզ հարցրեցինք՝ վերջացրել եք, թե ոչ, իսկ դուք էլ պատասխանեցիք՝ այո»:

-Բավական է ստեք,- ասացի ես,- եթե ինձ հարցնեիք, ապա բնականաբար բացասական պատասխան կլսեիք:
Պետք է ասեմ, որ բոլոր կողմնակի մարդիկ դուրս եկան, եւ բժիշկն առաջին հերթին հետաքրքրվեց. «Ստեղացի չեք, չէ՞»:

-Ես վաղուց եմ այստեղից մեկնել,- պատասխանեցի ես:

Իմ հանդեպ սկսեցին միանգամից այլ վերաբերմունք ցուցաբերել. հարցրեցին, թե ով եմ, ինչով եմ զբաղվում, ԱՄՆ-ում որտեղ եմ ապրում, իսկ իմանալով, թե որտեղ եմ աշխատում, բժիշկներից մեկը անգամ փորձեց իր նորավարտ դստերը ինձ մոտ աշխատանքի տեղավորել:

-Մեզ մոտ բոլորը ըստ իրենց ինքնակենսագրականի են աշխատանքի ընդունվում,- հարգանքով ասացի ես:

- Ես ոչ մի ինքնակենսագրականի չեմ հավատում, մարդու ներսից պետք է լինի...

- Մեր ընկերությունում ամեն ինչ կարգ ու կանոնով է. կա օրենք, համաձայն որի էլ աշխատում ենք:
Հենց այս խոսակցության ժամանակ ներս մտավ մեկ այլ բուժքույր մեկ ուրիշ հիվանդի հետ:

-Դուրս եկեք, - բղավեց բժիշկը,- չե՞ք տեսնում` աշխատում եմ:

Բուժքրոջ բերանը բաց մնաց, բայց խելոք դուրս եկավ սենյակից: Երբ ես դուրս եկա, բոլոր բուժքույրերը կրկին մի հիվանդի հետ բոլորը միասին ներս մտան:

Վիրահատության օրն է. մինչեւ վիրահատվելն ինձ ասացին, որ պետք է զուգարան գնալ «փոքր գործով», ներողություն մանրամասների համար:

Մտնելով զուգարան, ես տեսա, թե ինչպես է բուժքույրը հիվանդի արյունը դուրս մղում կաթետրից: Բուժքույրն արագ հեռացավ՝ գործը կիսատ թողնելով, իսկ ես պետք է միզեի արյունով ողողված զուգարանակոնքի մեջ:
Հետո ինձ անզգայացրեցին, վիրահատեցին, որից հետո ինձ տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք: Պարզվեց, որ «օվալաձեւ մարմինը» պարզապես բարակ ֆիբրոիդ էր, եւ ոչ պոլիպ, ինչպես ասել էին «Մարգարյան» հիվանդանոցում, իսկ փողերը շատ լավ վիճակում էին:

Երբ ես ուշքի եկա, զուգարան գնալու կարիք ունեի. այս մասին ասացի բուժքրոջը, իսկ նա ինձ պատասխանեց. «Իսկ ինչու չմիզեցիք, երբ կաթետրը միացված էր»:
Ես ուժ չունեի նրան պատասխանելու համար: Ինձ համար հատուկ սպասք բերեցին, բարձրացրեցին, բայց ես շատ վատ էի ինձ զգում եւ չէի կարողանում հոգալ իմ կարիքները: Սպասքը հավաքեցին, դուրս եկան սենյակից՝ միայնակ թողնելով ինձ, ինչպես նաեւ վրեժի ծարավ առաջացնելով ինձ մոտ հայկական հիվանդանոցներում առկա գռեհկության եւ տգիտության համար: Նույն կոպիտ բուժքույրը մաքրեց ամեն ինչ, եւ ես թաքուն ուրախանում էի, որ ես էլ իմ ձեւով էի պատասխանել նրա բոլոր անտակտություններին:

Այն, ինչ գրել եմ, կարող եմ ապացուցել համապատասխան փաստաթղթերով: Ես շուտով հեռանալու եմ Հայաստանից եւ դրա պատճառներից մեկն էլ տեղի բժշկական համակարգի, մասնագետների, մարդկային վերաբերմունքի եւ փոխըմբռնման բացակայությունն է:

Ես չեմ մեղադրում իմ ազգին, որն այդքան չարացել է. նա այնքան տխուր վիճակում է, որ կորցրել է իր «Եսը», եւ այդ «Եսը» արտահայտվում է միայն մունաթով: Ես արդեն հոգնել եմ, իմ հայրենիքը, Աստված գիտի, թե ինչի է վերածվել: Եւ ես համոզված եմ, որ «Հանրապետական» հիվանդանոցի աշխատակիցը, մինեւնույնն է, միանգամից մի քանի «տեղացի» հայ հիվանդ է ներս թողնելու, իսկ «դրսից եկածներին»՝ ձեւական նրբանկատություն ցուցաբaերելու: Սակայն հայելու մեջ նայելիս միշտ հիշեք, որ խաբելով` առաջին հերթին խաբում եք ինքներդ ձեզ:

 

Հ. Լուսինե

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել