Նորաձեւությունը միշտ եղել է Վահան Խաչատրյանի ամենամեծ կիրքը: Երիտասարդ դիզայներն առաջին էսքիզը նկարել է 15 տարեկանում եւ հասկացել, որ դա այն է, ինչով ցանկանում է զբաղվել: Այդ օրից նորաձեւության Օլիմպոսի ճանապարհին Վահանը հաղթահարել է բազմաթիվ խոչընդոտներ, բայց նրա համառությունը, նորաձեւության հանդեպ սերը եւ գործնական մարտավարությունը հանգեցրել են մեծ հաջողությունների ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպայում: Վերջերս Վահանը վերադարձել է Իտալիայից, որտեղ ուսանել եւ միաժամանակ աշխատել է Dolce & Gabbana դիզայներական տան թիմի հետ: NEWS.am STYLE-ը որոշեց դիզայների հետ զրուցել կարիերայի, նորաձեւության հանդեպ սիրո եւ Իտալիայում աշխատանքի մասին:
Վահան, ինչպե՞ս սկսվեց Ձեր առաջին ճամփորդությունը նորաձեւության աշխարհում:
Ես միշտ սիրել եմ նորաձեւությունը: Հիշում եմ, թե 15 տարեկանում արված էսքիզներս որքան բարձր գնահատեցին արվեստի ոլորտում աշխատող ընկերներս: Նրանք ինձ խնդրեցին հագուստ ստեղծել ելույթների եւ համերգների համար: Դրանից էլ սկսվեց ամեն ինչ: Սկզբում ես հագուստներ էի ստեղծում նաեւ մտերիմներիս եւ ընկերներիս համար, իսկ որոշ ժամանակ անց առաջին պատվերները ստացա: 1990-ական թվականներին արվեստի դպրոց ընդունվելը խելամիտ չէր. այդ դժվար ժամանակներում ես ցանկանում էր ստանալ կրթություն, որը կօգներ հետագայում կայուն աշխատանք ունենալ: Ու թեեւ ընդունվեցի լեզվաբանական համալսարան, նորաձեւության հանդեպ կիրքս չմարեց: Ես ինքնակրթությամբ էի զբաղվում, շարունակում էի զգեստապահարանի նոր տարրեր ստեղծել, որոնք մեծ սիրով ընդունվեցին բազմաթիվ արտիստների եւ արվեստի գործիչների կողմից:
Հետո եկավ 2009 թվականը, որն իր տեսակի մեջ շրջադարձային էր Ձեզ համար, այնպես չէ՞:
2009 թվականին ինձ հնարավորություն ընձեռվեց սովորել Ֆլորենցիայի Аccademia Italiana նորաձեւության եւ դիզայնի ինստիտուտում: Ես որոշեցի բաց չթողնել այդ հնարավորությունը եւ ուղեւորվեցի Իտալիա: Մեկ տարի անց Dolce & Gabbana նորաձեւության տունն ինձ համատեղ աշխատելու հրավեր ուղարկեց: Ինձանից բացի, այդ պատվին արժանացան եւս երկու դիզայներներ:
Ինչպիսի՞ն էր համաշխարհային նորաձեւության արդյունաբերության հսկաների հետ աշխատանքը: Այն Ձեր հայացքներն ինչ-որ առումով փոխե՞ց:
Ընդհանրապես Իտալիայում ապրելն իմ մեջ շատ բան փոխեց: Իմ ոճը, ճաշակները եւ նորաձեւության մեջ նախասիրությունները, նորաձեւության արդյունաբերության ընկալումները…
Dolce & Gabbana-ի հետ համագործակցությունն ինձ հնարավորություն տվեց նորաձեւության աշխարհին ծանոթանալ բոլորովին այլ կողմից, եւ, հավատացեք, նորաձեւության իրական աշխարհն ամենեւին էլ այնքան գլամուր չէ, որքան շատերին է թվում:
Պատմեք, ինչպե՞ս են ծնվում նոր գաղափարները եւ ինչպիսի՞ն է նոր հագուստների ստեղծման գործընթացը:
Ներշնչման աղբյուր կարող է դառնալ ցանկացած բան: Իմ առաջին հավաքածուի ստեղծման համար ներշնչանքի մեծ աղբյուր էր Իտալիան: Եվ դա միանգամայն տրամաբանական է: Ես այնտեղ 3 տարի ապրեցի: Ինչ-որ մեկը կարող է ինձ գրագողության համար մեղադրել, նաեւ ասել, թե որոշ գաղափարներ պատճենել եմ իտալական դիզայներներից: Սակայն դա այդպես չէ: Աշխատել՝ հետեւելով ինչ-որ ուղղությունների (այս դեպքում ես ոգեշնչվել էի նորաձեւության իտալական դպրոցից), մեկ հարց է, իսկ պատճենել ինչ-որ մեկին՝ այլ հարց: Ես Dolce & Gabbana-ի համար հավաքածու ստեղծելու առաջարկ չէի ստանա, եթե նորաձեւության հարցում մեր գաղափարներն ու հայացքները չհամընկնեին: Մենք միատեսակ ենք մտածում, երբ կանանց համար զգեստ ենք ստեղծում, մեր հայացքները համընկնում են կերպարի ստեղծման հարցում:
Հագուստ ստեղծելու գործընթացում ո՞րն է ամենից հետաքրքիրը:
Յուրաքանչյուր դիզայներ ինչ-որ բան ստեղծում է հանուն այն պահի, երբ հաճախորդի դեմքին ժպիտ եւ հիացմունքի արտահայտություն է հայտնվում: Ես աշխատում եմ հենց դրա համար: Իսկ հագուստի ստեղծման գործում ինձ դուր է գալիս գործվածքի տարբեր կտորների հետ աշխատելը: Մեծ հաճույք է պատճառում մանեկենի մոտ աշխատանքը: Փորձել եւ հագցնել կտորի տարբեր հատվածները, ստեղծել տարբեր կերպարներ… Ամենից շատ սիրում եմ աշխատել ժանյակով, այդ կարելի է նկատել իմ գարուն-ամառ հավաքածուում:
Խոսենք վերջին ցուցադրության մասին: Այն շատ հաջող էր, եւ շատ իրեր հետագայում վաճառվեցին: Բայց չե՞ք կարծում, որ փոքր-ինչ ուշացած էր:
15 տարվա ընթացքում ես հավաքածու ստեղծելու կարիք չեմ զգացել: Ինձ ճիշտ հասկացեք, բացի հաճույքից, որ դիզայները զգում է նոր հավաքածու ստեղծելիս, նա նաեւ մտածում է վաճառքի եւ հավանական գնորդների մասին: Ահա այս տարիների ընթացքում հայկական շուկայում իմ հագուստի հանդեպ պահանջարկ չեմ զգացել: Իհարկե, ես շատ պատվերներ եմ ունեցել եւ հաճույքով կատարել եմ դրանք: Բայց առանձին հավաքածու ստեղծելու համար դեռեւս վաղ էր: Իսկ արդեն այս տարի զգացի, որ իմ առաջին հավաքածուն ներկայացնելու ժամանակն է: Այդ հարցին շատ լուրջ վերաբերվեցի: Չնայած սեղմ ժամկետներին, ինձ հաջողվեց 60 կերպարից բաղկացած հավաքածու պատրաստել: Ինձ համար ամենակարեւորը հաճախորդներիս կարծիքն էր:
Ցուցադրության ժամանակ Ձեր հագուստը ներկայացրեցին հայտնի գեղեցկուհիներ, ինչպես, օրինակ, Թովմասյան քույրերը, Գոհար Հարությունյանը, Անգելինա Բաբաջանյանը, ինչպես նաեւ երգչուհի Նառան, դերասանուհի Սոֆյա Պողոսյանը եւ El Style ամսագրի գլխավոր խմբագիր Մայա Պողոսյանը: Նրանց հետ աշխատելը դժվա՞ր էր:
Այո, ցուցադրությանն իսկապես մասնակցեցին Հայաստանի շատ գեղեցիկ կանայք: Նրանցից մի քանիսը տեղական եւ միջազգային գեղեցկության մրցույթների դափնեկիրներ են, բայց ինձ համար նրանք նախ մտերիմ ընկերներ են: Ի դեպ, նրանք, ինչպես եւ ես, հուզմունքով էին սպասում այդ ցուցադրությանը: Այնպես որ՝ վստահորեն կարող եմ ասել, որ համատեղ աշխատանքը հաճույք էր:
Դեֆիլեի ժամանակ առաջին եւ վերջին հագուստի ցուցադրությունը համարվում է ամենից պատասխանատուն, եւ սովորաբար լավագույն մոդելն է ընտրվում: Ինչո՞ւ ընտրվեց հենց Վիցե-Միսս Եվրոպա-2005 Լուսինե Թովմասյանը:
Ես ընտրության խնդիր չունեի: Նույնիսկ չէի էլ մտածում այլ մոդելի մասին: Ինձ համար Լուսինեն միակն էր, ով կարող էր պատվով բացել եւ փակել իմ ցուցադրությունը: Մենք շատ ջերմ հարաբերություններ ունենք, միմյանց շատ վաղուց ենք ճանաչում:
Համաշխարհային ինչպիսի՞ մոդելների հետ կցանկանայիք աշխատել հետագայում:
Ես մեծ հաճույքով կաշխատեի իտալական մոդել Մարիա Կառլա Բասկոնոյի հետ: Եթե հետագայում հնարավորություն լինի, անպայման նրան կհրավիրեմ իմ ցուցադրություններից մեկին մասնակցելու:
Գրիգոր Ավետիսյան











Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:30, 22 նոյեմբերի
Որտե՞ղ զգալ տոնական տրամադրությունն ու ինչպե՞ս անցկացնել ձմռան առաջին օրը Երևանում16:13, 22 նոյեմբերի
Տարեկան 300 հազար դոլար արժողությամբ երազանք՝ Ֆորմուլա 1․ ինչպես են հարուստ ծնողները փոքր երեխաներին պատրաստում ավտոսպորտի ապագա աստղեր դառնալուն15:20, 22 նոյեմբերի
Մաշկի իմունիտետը․ ինչպես ազատվել ճաքերից ու կարմրությունից և ցուրտ եղանակին վերականգնել դեմքի փայլը14:35, 22 նոյեմբերի
Հայկական ոճ․ 70-ականների ռոմանտիկայից մինչև քրեական աշխարհի կնոջ էսթետիկա․ ընտրում ենք այս աշնան նորաձև կողմը13:56, 22 նոյեմբերի
Տաշքենդում կայացած Our Generation մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Լեոն զբաղեցրել է 2-րդ տեղը12:12, 22 նոյեմբերի
Ո՞վ կդառնա ԱՄՆ հաջորդ առաջին տիկինը․ հանրապետական քաղաքական գործիչների կանայք և ընտրյալներն արդեն պայքարում են Մելանյա Թրամփի տեղը զբաղեցնելու համար10:30, 22 նոյեմբերի

09:00, 22 նոյեմբերի
Wine Scope․ Ո՞ր գինին եք դուք այս հանգստյան օրերին ըստ կենդանակերպի նշանի19:23, 21 նոյեմբերի
Երկրպագուն 2000 կիլոմետր ճանապարհ է անցել՝ հնդիկ բլոգերի հետ ամուսնանալու համար. աղջկա հայրն ու հարևանները ծեծելով սպանել են նրան19:10, 21 նոյեմբերի
Մահացել է լեգենդար ոսկերիչ Պաոլո Բուլգարին, ով ընտանեկան բիզնեսը վերածել էր համաշխարհային շքեղության18:17, 21 նոյեմբերի
Ջենիֆեր Լոպեսը կարմիր գորգ է դուրս եկել թափանցիկ զգեստով և 100 կարատանոց ադամանդով17:29, 21 նոյեմբերի
Բացահայտվել է արքայազն Հարիի և Մեգան Մարքլի՝ Մեծ Բրիտանիա հանկարծակի վերադարձի անսպասելի պատճառը