Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Զգեստներ կսարքեմ». Արեւիկ Սիմոնյանը՝ մանկության, ընտանիքի, վարդագույն ակնոցների եւ ոգեշնչման մասին

13:37, 2 փետրվարի

Արեւիկ Սիմոնյանը Kivera Naynomis հանրահայտ դիզայներական բրենդի հիմնադիրն է ու ղեկավարը. նրանցից, ում մասին ասում են՝ self made: Նա իր գործը ստեղծել եւ զարգացրել է զրոյից, ինքն է որոշել եւ իր համար հատուկ, յուրատեսակ նշաձող ամրագրել հայրենական (եւ ոչ միայն) նորաձեւության ոլորտում: Ինքնուրույն, փորձի եւ սխալների մեթոդով տիրապետել է գրագետ բիզնես-մենեջմենթի նրբություններին: Ընդ որում՝ մեծամտության, գոռոզության ոչ մի գրամ. կատարյալ հմայք եւ բարեկրթություն... Զրույցի ժամանակ խոստովանեց, որ չափազանց հազվադեպ է համաձայնվում հարցազրույց տալ. այնպես որ, համարեք, որ NEWS.am STYLE-ի բախտը բերել է: 

Հիշո՞ւմ եք, թե որն էր ձեր առաջին զգեստը:

Այո՛, ես այն շատ լավ եմ հիշում: Ընդհանրապես, երբ որոշեցի այս մասնագիտությունն ընտրել, ընդամենը 5 տարեկան էի: Բայց ես անգամ չգիտեի, թե ինչ է նշանակում դիզայներ լինելը: Հիշում եմ, թե ինչպես էին մեր մեծ ընտանիքում երեխաներին շարք կանգնեցնում եւ հարցնում՝ որ մեծանաս, ի՞նչ ես դառնալու: Մեկն ասում էր հրշեջ, մեկը՝ տիեզերագնաց, իսկ ես ասացի՝ մոդելիեր: Լռություն տիրեց, եւ ինձ հարցրեցին. «Իսկ դա ի՞նչ է»: Եվ ես ի պատասխան ասացի. «Զգեստներ կսարքեմ»… Եվ վերջ: Եվ ես սկսեցի հագուստ նկարել, տատիկիս զգեստներից մոդելներ ձեւել: Տատիկս այդ ժամանակ հաճախ էր Ամերիկա գնում եւ երեկոյան զգեստներ էր բերում: Ես դրանք վերցնում էի, մի հատվածը գնդասեղով էի ամրացնում, մյուսը ծալքավորում, կանչում էի հարեւան երեխաներին, տոմսեր նկարում եւ դեֆիլե անցկացնում: Իհարկե վրաս բղավում էին, քանի որ այդ գնդասեղներով գործվածքը փչացնում էի, բայց, միեւնույն է, դրա պատճառած ուրախությունը շատ ավելին էր… Մինչեւ 8 տարեկանը ապրել եմ Երեւանում, հետո ընտանիքով Մոսկվա տեղափոխվեցինք: Սկզբում մտածում էինք մի տարի կմնանք, բայց ամեն ինչ այլ կերպ դասավորվեց… Արդյունքում բոլոր հարազատներս Մոսկվայում են, տատիկ-պապիկից բացի, ոչ մեկն այստեղ չի: Ես այնտեղ եմ դպրոց հաճախել, հետո 9-րդ դասարանից ընդունվեցի Մոսկվայի տեխնոլոգիական քոլեջ, իսկ ինստիտուտ որոշեցի չընդունվել: Սա նույնպես տնեցիների մոտ իրարանցում առաջացրեց՝ իբր, ինչպես կարելի է, բոլորս երկուական բարձրագույն ունենք, իսկ դու՝ ոչ մի:

Իսկ ինչո՞ւ վերադարձաք:

Հայրս դեռ այն հայրենասերներից է, որը մշտապես ուզում էր, որ ընտանիքից որեւէ մեկը Հայրենիք վերադառնա: Մի անգամ ինձ ասաց. «Ուզո՞ւմ ես քո ցուցադրությունը կազմակարպել, ես կօգնեմ, բայց այն Երեւանում ես անելու»: Ես այդ ժամանակ 19 տարեկան էի եւ հեշտությամբ համաձայնվեցի: Այնուհետեւ պապաս ասաց. «Աղջիկս, փող չկա: Դու փորձիր հովանավորներ գտնել, դեսուդեն գնա, ինչը չբավականացնի ես կավելացնեմ»: Դա 2004 թվականին էր...

Բայց այդ ժամանակ այստեղ ընդհանրապես ոչ մի բան չկար...

Անշուշտ, ոչ մի բան: Ավելին ասեմ՝ ես այստեղ ոչ մեկին չէի էլ ճանաչում: Այդ ժամանակ գործում էին Լիլիթ Մարգարյանը եւ «Ատեկս» նորաձեւության կենտրոնը: Եվ վերջ: Երբ հիմա հիշում եմ, թե ինչպես էի տարբեր գրասենյակներ մտնում հովանավոր գտնելու համար, իմ վարդագույն մազերով, այնքան ծիծաղելի է: Ես ինքս էլ նման մեկին հաստատ փող չէի տա: Հիմա զարմանում եմ իմ համարձակության վրա: Ես այն աստիճանի ամաչող էի, որ հեռախոսով չէի զանգահարում: Ամաչում էի գործակալություն զանգահարել, Երեւան տոմս պատվիրել: Պապաս ասում էր. «Ուզո՞ւմ ես Երեւան գնալ հանգստանալու, զանգահարի, տոմս ամրագրի»: Բոլորը մեկնում էին, իսկ ես նստած էի եւ մինչեւ վերջին պահը հեռախոսին չէի մոտենում: Մոտ մի ամիս տանջվում էի, հետո համարը հավաքում: Մերոնք ինձ այսպես էին դաստիարակում, դուրս էին քաշում զգեստների եւ բարբիների աշխարհից... Բայց մենք, այնուամենայնիվ, ինչ-որ կերպ ցուցադրությունն անցկացրեցինք: Մարդիկ եղան, որոնք մեզ ռեալ օգնեցին: Տարածքը անվճար տվեցին, «Ատեկսն» օգնեց մոդելների հարցում, մի ընկերություն կար, որ օգնեց աքսեսուարներով: Մի խոսքով, շատերը որոշեցին աջակցել՝ հավանաբար, ուղղակի տեսնելով իմ եւ ընկերուհուս՝ Անի Ավդալյանի չարչարանքները: Դրանից հետո ես Երեւանից մեկնեցի: Եվ այստեղից սկսեցին զանգել… «Իսկ ե՞րբ ես գալու», «իսկ դու այստեղ հարցազրույց ունես» եւ այլն: Եկա ամռանը ու մնացի:

Չեք ափսոսո՞ւմ: Չէ՞ որ այդ ժամանակ Մոսկվայում արդեն վերելք էրՄարդկանց ձեռքին միանգամայն խոշոր փողեր էին հայտնվել, նորաձեւության հարթակներն ավելի շատ էին...

Իհարկե, վերելք կար: Երբ սովորում էի, մասնակցել եմ անխտիր բոլոր դիզայներական մրցույթներին՝ Ռուսաստանում, Բելառուսում, Ուկրաինայում: Ի դեպ, ինձ ոչ մի անգամ առաջին տեղը բաժին չի հասել. բոլոր լրացուցիչ մրցանակները ես էի ստանում, գլխավորները՝ ոչ մի անգամ: Ինձ հետո ակնարկեցին, որ դա ազգանվանս պատճառով է... Ես դարձա Մոսկվայի Դիզայներների միության անդամ, ընկերուհիներիս հետ իմ ֆիրման բացեցի, արդեն պատվերներ էի ընդունում: Այսինքն՝ ինձ ճանաչում եւ ընդունում էին: Այդ պատճառով էլ զարմացած հարցնում էին. «Ինչո՞ւ հեռացար»: Իսկ ես այդպես էլ չկարողացա բացատրել, թե ինչու... Իսկ ուսուցչուհիս պապայիս ասել էր, որ եթե ցանկանում եք նա կայանա, այստեղ անելիք չունի: Ասել էր, որ ես պրակտիկայի կարիք ունեմ, դե՝ կամ էլ արտասահման գնալու:

Գնացի՞ք:

Ո՛չ, որովհետեւ ոչ մի լեզվի չէի տիրապետում: Ինձ համար լեզու սովորելը տառապանք է: Ավելի լավ է օրը 24 ժամ աշխատեմ... Ինչ վերաբերում է Երեւանին, ապա ես իմ գաղափարներով այս քաղաքի համար երեւի չափից ավելի ցայտուն էի: Վերջերս պատահաբար արխիվս ձեռքս ընկավ, նայում էի լուսանկարներն ու մտածում. «Մամա ջան, ես հիմա ոչ մի պարագայում չէի կարողանա անել այն, ինչն արեցի այդ ժամանակ»: Հիմա մենք պատրաստում ենք ավելի դասական, ավելի նրբաճաշակ հագուստ... Այդ ժամանակ ես գույներն ու ոճերը իրար էի խառնում՝ ինչպես մտքովս անցներ: Սեւով ընդհանրապես չէի աշխատում, մտածում էի՝ հայկական ձանձրացնող գույն է: Հիմա սեւն ինձ համար լուրջ, մաքուր եւ միաժամանակ բարդ է:

Ինչո՞ւ է բարդ:

Որովհետեւ երբ դու գույներ ես խառնում, ցանկանաս, թե ոչ, ուշադրություն ես գրավում: Իսկ սեւով ինչ-որ բան անելն ու նկատված մնալը շատ ավելի դժվար է, հատկապես, եթե այդ գույնով բոլորն են աշխատում: Նախկինում պրինտներ էի սիրում, հիմա դրանց շատ զգուշավոր եմ վերաբերվում: Հավանաբար, ես էլ եմ փոխվել: Ներքին աշխարհը փոխվում է եւ դրա հետ միասին նաեւ շրջապատի ընկալումը...

Երբ պայմանավորվեցինք հարցազրույցի հարցում, առաջին հերթին երկյուղած հարցրեցիք. «Իսկ այս տարվա միտումների մասին չե՞ք հարցնելու»… Ձեզ այս հարցն այդքան հոգնեցրե՞լ է:

Եթե անկեղծ՝ այո. բացարձակապես անիմաստ, ոչ պիտանի հարց է: Քանի որ միտումները շատ հարաբերական են: Դեռ լավ է, որ հիմա սկսել են տարբերակել դիզայներներին եւ ոճաբաններին: Չնայած դրա մեջ մեր մեղքի բաժինն էլ կա. մենք զբաղվել ենք թե՛ մեկով, թե՛ մյուսով, եւ մարդիկ դրան են վարժվել: Ինչ վերաբերում է միտումներին, ապա վստահ եմ, որ իսկական, պրոֆեսիոնալ դիզայները չի կարող առաջնորդվել միայն թրենդներով եւ միտումներով: Նա պետք է դրանցից օգտվի, դա բնական է, բայց հարկ է հիշել, որ միտումը բիզնես է: Իսկ լավ դիզայներական հավաքածու ստեղծելը միանգամայն այլ բան է:

Իսկ ինչպե՞ս ստեղծել լավ հավաքածու: Եվ դրա համար որքա՞ն ժամանակ է պահանջվում:

Որպես կանոն, երկար: Բայց մեզ մոտ ամեն ինչ մշտապես հեւիհեւ է արվում: Տարեկան 4 հավաքածու ենք պատրաստում. երկու Kivera Naynomis-ի համար (այս հավաքածուն ավելի տոնական է, երեկոյան) եւ երկու Kivera-ի համար (այստեղ հագուստն առավել ամենօրյա է): Երեւանում դժվար է դա այնպես անել՝ ինչպես ես եմ ուզում, այնպես՝ ինչպես պետք է, այնպես՝ ինչպես Արեւմուտքում...

Ինչո՞ւ: Ոգեշնչո՞ւմ չկա:

Հարցը տեխնիկական եւ կազմակերպական ասպեկտներն են, իսկ ոգեշնչման համար կարելի է ինչ-որ տեղ գնալ՝ տեսնել որեւիցե հետաքրքիր, թարմ բան, գալ եւ անել: Եթե 3-4 ամիսը մեկ երկրի սահմաններից դուրս չեմ գալիս, ինձ մոտ ճգնաժամ է սկսվում: Այ, հիմա աշխատելու իմաստով սարսափելի արգելակում է, չեմ կարողանում ոչ մի բան անել: Մենք պետք է շուտով ցուցահանդեսի գնանք, իսկ ես շարունակ ձգում եմ…

Եվ ո՞ւր է ձեզ ձգում:

Ինձ համար միեւնույն է: Ես Հայաստանը շատ եմ սիրում, այն էներգետիկայի առումով անչափ ուժեղ վայր եմ համարում… Բայց ինձ պետք է իրավիճակը փոխել, որ ստեղծագործական զարգացում ունենամ, որ չճահճանամ: Նաեւ այլ մարդկանց հետ շփվելու ցանկություն կա. ինձ այս պահին շատ են զարմացնում մեր մենթալիտետի որոշ առանձնահատկությունները:

Օրինակ՝ ինչպիսի՞:

Դե, ասենք, արտասահմանում ես հաճախ եմ շփվում ունեւոր մարդկանց հետ, բայց նրանցից ոչ մեկը իր ունեւորությունը չի ցուցադրում: Այնտեղ դա անպարկեշտություն է համարվում, քանի որ առանց այդ էլ պարզ է: Այս իմաստով մեզ մոտ ինչ-որ պաշտամունք կա: Նույնիսկ «բարեւը» ըստ կարգավիճակի է տրվում… Ես վարժվել եմ բոլորի հետ որպես հավասարը հավասարի շփվել, ողջունել: Եթե որեւէ մեկին չեմ նկատել, ապա միայն այն պատճառով, որ իմ մտքերով էի տարված՝ ինչ-որ բան էին ծրագրում, ինչ-որ բան հաշվարկում...

Ի դեպ, հաշվարկի մասին: Չէ՞ որ Հայաստանում նորաձեւությունն այնքան էլ շահութաբեր գործ չէ:

Ընդհանրապես շահութաբեր չէ: Դա պետք է հետեւյալ կերպ գործի՝ կա՛մ դու պատրաստում ես շատ թանկարժեք կուտյուր, կա՛մ մատչելի «զանգավածային» բան: Երեւանում բիզնեսի այլ կանոններ են: Եվ երբ արտասահմանում ինձ խորհուրդ են տալիս ինչ-որ բան այսպես կամ այնպես անել, փորձում եմ բացատրել, որ իրենց մեթոդները մեզ մոտ չեն աշխատում: Բայց ինձ անչափ ուրախացնում է, որ ընկերություններ են հայտնվել, որոնք տեքստիլ են արտադրում եւ այս ոլորտը զարգացնում: Դա դիզայն չէ, բայց կարեւոր է: Ընդհանրապես, ի՞նչ է դիզայնը, եւ ինչո՞ւ են բոլորն այդպես դրանից կառչում: Այսօր յուրաքանչյուր ինստիտուտում այդպիսի ֆակուլտետ կա, եւ դա անհեթեթ է: Երիտասարդները, որոնք ցանկանում են մեզ մոտ աշխատել, արագ հանձնվում են, քանի որ ստիպված եմ լինում իրականությանն իրենց ներկայացնել, աչքերը բացել:

Նորաձեւության ոլորտում բիզնեսը առանձին թեմա է: Ինքս միայն հիմա՝ շատ տարիներ հետո եմ հասկացել, որ դիզայները ընդամենը խաղաքար է, նա առաջին շարքերում չի: «Առաջնագծում» են մարքեթինգը, փիարը, իսկ դիզայներն այդ ամենը շրջանակում է: Երիտասարդներն ինձ ասում են՝ իմ ապրանքանիշն եմ ուզում, եւ երբ բացատրում եմ, չեն հասկանում, որ դրա համար ամենեւին պարտադիր չէ հագուստի դիզայներ լինել: Ապրանքանիշ ես ուզում՝ ստեղծիր: Լավ բիզնեսմեն եղիր, թիմ հավաքիր եւ աշխատիր: Սա էլ հենց ժամանակակից իրողություններն են: Ես հանում եմ նրանց վարդագույն ակնոցները, որ չտառապեն, ինչպես ես երկար տարիներ՝ մինչեւ սրան հասնելը:

Ճիշտ նույն կերպ ես հանգել եմ այն եզրակացության, որ անհրաժեշտ է աշխատել արտաքին շուկայի համար: Թավշյա հեղափոխությունից հետո մեր հաճախորդներն ինչ-որ տեղ են անհետացել: Ես չեմ կարող ինձ թույլ տալ գրեթե 20 աշխատակիցներին պահել այն հույսով, որ այս վերարկուն որեւէ մեկին դուր կգա: Ահա եւ մենք որոշեցինք այստեղ արտադրել, բայց այնտեղ վաճառել…

Այնտեղ՝ որտե՞ղ:

Մեզ սիրում են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, սիրում են Գրոզնիում, Մախաչկալայում, հրեաներն են սիրում, արաբները… Հավանաբար, պատճառը ձեռքի աշխատանքի առկայությունն է…

 Իսկ ինքներդ սիրո՞ւմ եք ձեր արտադրանքը, հագնո՞ւմ եք:

Այո, իհարկե հագնում եմ եւ համոզված եմ, որ դիզայները պետք է իր հագուստը կրի… Ճիշտ է, այն, ինչ առօրյա կյանքում հագնում եմ, տարբերվում է նրանից, ինչը մենք կարում ենք: Պատահում է, որ նոր հավաքածու ենք ստեղծում, մշտապես մի քանի մոդել պատրաստում եմ իմ, անձնական ճաշակով: Եվ դրանք միշտ մնում են: Այդ պատճառով մենք պատրաստում ենք միայն այն, ինչն, անկասկած, կվաճառվի…

Այ, ահա ձեր հավաքածուում կա սքանչելի սպիտակ վերարկու սպիտակ ծաղիկներով: Դուք մի՞թե այն չէիք կրի:

Կկրեի: Բայց մարզակոշիկներով, որեւէ գործած գլխարկով: Ես այն միանգամայն այլ կերպ կհագնեի: Իսկ մեզ մոտ նման վերարկուի հետ ավելի հաճախ բարձրակրունկներ եւ այլ պաթոս են ընտրում:

Նրանից է, որ ճաշակ չունե՞ն:

Չէի ասի: Իրականում ամեն ինչ գալիս է ներքին վիճակից եւ այս իրականության մեջ քեզ զգալուց: Կախված այն բանից, թե քեզ ինչպես ես դիրքավորում ընտանիքում, բիզնեսում… Այ հենց հիմա մտածեցի, որ ինձ համար թե՛ մեկը, թե՛ մյուսը շատ թանկ են, ինձ չեմ պատկերացնում առանց իմ կյանքի այդ կարեւորագույն, մեկտեղ միահյուսված բաղադրիչների:

 Աննա Սաթյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել