«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Գլխավորը ներքին բովանդակությունն է: Եթե դա կա, կարելի է նաեւ ոճի մասին խոսել». Նատա Բրետել

14:44, 13 մարտի

Նատա Բրետելը նորաձեւության մասին ամեն ինչ գիտի: Դե, կամ գրեթե ամեն ինչ: Նրա հարմարավետ, հրապուրիչ կահավորված ստուդիան տրամադրում է նորաձեւության եւ ամեն տեսակի գեղեցկությունների մասին անվերջ խոսելուն: Ընդհանրապես չստացվեց հարցազրույց այդ բառի դասական հասկացությամբ. «հարց-պատասխան» սխեման Նատայի դեպքում գործուն չէ՝ նրա հետ առավել հարմար է պարզապես զրուցել կյանքի մասին, առանց մտածելու, թե այդ ամենից հոդված կստացվի, թե ոչԻնձ համար Նատա Բրետելը ինքնաբավության եզակի օրինակ է. նրան ակներեւորեն չի ձանձրացնում ինքն իր հետ մնալը, նա չի փորձում իրեն ցուցադրել, ներկայացնել նրբաճաշակ, ոճային տիկին՝ այսպիսին է, եւ ամեն ինչ ասված է: Նրա մեջ չկա շինծու սեթեւեթանք, փոխարենը կա անդնդախոր հմայք. մի տեսակ երեւանյան հմայք, որը համեմվել է Արեւմուտքում ապրելու պատկառելի փորձով եւ մասնագիտական լուրջ «բեքգրաունդով»: Հիմա խոսքը նորաձեւության ու ոճի մասին չէՄի խոսքով՝ ամեն ինչի մասին հերթով...

Եվ այսպես, դու երկար ժամանակ ապրել ես Ավստրալիայում, զբաղվել հագուստի ոճաբանությամբ ու նորաձեւությամբ...

Հիմնական մասնագիտությամբ հոգեբան եմ, իսկ նորաձեւությամբ «տառապում» եմ վաղուց, դրա համար էլ նաեւ զբաղվել եմ կարով։ Այլ բան է, որ Ավստրալիայում նորաձեւությամբ վաստակել, եթե խոսքն արդյունաբերության մասին է, գրեթե անհնար է։ Չափից ավելի թանկ է աշխատուժը։ Օրինակ՝ դերձակը մեկ ժամի համար 50 դոլար է վերցնում... Կանացի ժակետը «գիտությամբ» արդուկելու համար 8 ժամ է հարկավոր, դե, բնականաբար, գինն էլ համապատասխանաբար բարձրանում է։ Ոչ ոք պատվերով գրեթե չի կարում. շատ ծախսատար է եւ կուտյուրային... Ամեն տեղի համար չեմ ասի, բայց այնտեղ, որտեղ եղել եմ, ամեն բան հենց այսպես է։ Միայն Լոնդոնում, որտեղ կան որոշակի ավանդույթներ եւ պահանջներ տղամարդու հագուստի հանդեպ, փոքր-ինչ այլ է։ Լոնդոնում առաջին բանն, ինչ անում եմ՝ գնում եմ արհեստանոցներ՝ տոհմիկ, դասական, ստանդարտ, որտեղ ամեն տեսակի արքայազնների համար են հագուստ կարում. այնտեղ ես տեղեկություն եմ քաղում, նայում, ուսումնասիրում... Վերջերս՝ սեպտեմբերին, Սիդնեյում էի, Fashion Retail Festival-ին, որտեղ դիզայներները, բայերներն են հավաքվում, ցուցադրում իրենց գործերը։ Եվ պոդիում էլ կա։ Եվ ահա, ես միլանցի աղջիկների հետ շփվեցի, ու նրանք նույնպես դժգոհում էին, որ եթե անկախ դիզայներ ես, անգամ փոքր հավաքածու ստեղծելն է խնդիր։

Օ՜, Fashion Retail Festival։ Զիլ «տուսովկա» է։

Այո, շատ գոհ եմ արդյունքներից. Amazon Fashion-ն ինձ կոշիկի առնվազն 40 դիզայն պատվիրեց։ Ուղարկեցին պայմանագիրը, բայց ես հիմա մտածում եմ՝ արժի արդյոք այդպես ռիսկի դիմել։ Չէ՞ որ դրա համար մի ամբողջ արտադրություն է պետք, հումքն էլ թանկ է։ Շատ բան պետք է բերել, ինչ-որ բան հայթայթել։ Ինձ համար հաճելի է, իհարկե. ո՞ւմ չէր շոյի նման առաջարկը։ Բայց հետո... Չգիտեմ...

Եթե վերադառնանք նորաձեւության արդյունաբերության խնդիրներին, մի՞թե այնպես չի ստացվում, որ կարող են գոյատեւել միայն խոշոր, անվանի եւ մեծ փողեր ունեցող բրենդները։

Կա այսպիսի հասկացություն՝ Slow Fashiоn (բառացի՝ «դանդաղ նորաձեւություն». շարժում հօգուտ խոհուն, հանգիստ, չափավոր սպառման - խմբ.)։ Ես, օրինակ, գիտակցաբար այստեղ խանութ չեմ վերցնում, այն չեմ մարմարապատում ու ամեն բաներով նախշազարդում։ Ինչո՞ւ թանկացնեմ այն, ինչը մարդկանց համար է։ Ավելի լավ է դասական գործվածքների մեջ փող դնեմ... Այնպես որ, համարիր, որ ես ունեմ այդ նույն slow-fashion-ը՝ կուտյուրային տեխնոլոգիաների օգտագործմամբ. ձեռքի աշխատանք, բոլոր հնարամտությունները, խորամանկությունները... Այո, կուտյուր...

Շահույթի հարցն ակտուալ է։ Քանի դեռ մեծ փողեր չունես՝ անձնակազմ վարձելու համար, որը քեզ համար ամեն բան կկարի, որը հաճախորդներ կապահովի ու սպառման շուկա, լուրջ փողերի մասին մտածելն անիմաստ է... Ավստրալիայում ժողովուրդը չի սիրում շատ փող ծախսել հագուստի վրա, կարճ տաբատ հագար, շապիկ՝ ու առա՛ջ։ Դե, կամ էլ մարքեթ են գնում։ Կան, իհարկե, մարդիկ, ովքեր Gucci են հագնում, բայց նրանք շատ չեն։ Ընկերներ ունեմ Ավստրալիայում, նրանք գալիս են ինձ մոտ կարում ու տանում այնտեղ հագնելու։ Այնտեղ կարված հագուստ պատվիրելը շքեղություն է...

Դու նաեւ կոշիկ ես կարում, չէ՞... Ինչ-որ տեղ սովորե՞լ ես...

Ոչ մի տեղ չեմ սովորել։ Իմ պարագայում կոշիկը կարեւոր է կերպարի համար, ասենք՝ վերեւը հետաքրքիր է, իսկ կոշիկները՝ չէի ասի։ Ինչ-որ գաղափար եթե ունեցա, գնում եմ դիզայներ Անդրանիկի մոտ։ Դա նրան այնքան էլ շահավետ չէ, բայց նա նախանձախնդիր է, հոգու համար կանի դա. այդպես էլ ընկերացանք։ Անցած ամառ մյուլեր, «օքսֆորդներ», սնիկերսներ պատրաստեցինք՝ վաճառվեց։ Կանեմ, բայց ամենայն հավանականությամբ, կվաճառեմ իմ ստուդիայում։ Ցանկանում են պահել միջին նշաձող՝ գնի առումով։ Ես նաեւ հագուստի մասին եմ հիմա խոսում։

Իսկ «միջին նշաձողը» որքա՞ն է։

Իմ գործվածքները լավորակ են, դրսից բերված։ Եթե իրերը կարված են Chanel կամ Margiella ոճով, 70 հազարից մինչեւ 110 հազար դրամ եւ ավելի։ Համաձայնիր, որակյալ հագուստի համար բոլորովին թանկ չէ։ Գործվածքներն, ի դեպ, ինքս եմ բերում, շատ եմ դուրս գնում։ Գնացել էի Իտալիա հանգստանալու, ինչ-որ բան հավանեցի՝ բերում եմ այստեղ։ Միեւնույն ժամանակ, կարելի է գնել այն մարդկանցից, ովքեր այստեղ զբաղվում են ներմուծմամբ։

Շատերն անհանգստանում են, որ կուտյուրն ավելի սերտորեն է միահյուսվում սթրիթ սթայլի հետ, ժողովրդականություն է վայելում...

Իսկ նորաձեւությունը գրեթե մշտապես առաջինն է արձագանքում սոցիալական փոփոխություններին: Չնկատել դա՝ նշանակում է կյանքին հակառակ շարժվել: Քանի դեռ դու փորձում ես ինքդ հարմարվել, նորաձեւությունն անմիջապես հայտնվում է: Օրինակ՝ Ժոզեֆինա Բոնապարտը շատ էր սիրում անանաս, քանի որ ծնվել էր պլանտատորի ընտանիքում եւ հենց դարձավ Նապոլեոն Բոնապարտի կինը, անանասի պրինտները նորաձեւ դարձան: Կուտյուրն այժմ նույնպես հարմարեցվում է: Եվ այդ իմաստով պետք է բրավո ասել Gucci-ին՝ նրանք դժվարություններ ունեին եւ արագ կողմնորոշվեցին, հասկացան, որ աշխարհը փոխվում է, եւ ով է գլխավոր գնորդը:

Հասկացան, որ մարդիկ ինչ-որ արտասովոր, էներգետիկ, անսպասելի բան են ուզում՝ crazy&cool, ինչպես ասում են: Պատահական չէ, որ մինչ մնացյալ բրենդային խանութները դատարկ են, Gucci-ում եւ Balenciaga-ում հերթեր են գոյանում:

Balenciaga-ին, ի դեպ, շունչ հաղորդեց Սուխումիից Դեմնա Գվասալիան, նա խելահեղ բաներ է անում՝ աստիճանաբար հրաժարվելով թանկարժեք պոդիումային ցուցադրություններից:

Ի՞նչ տպավորություններ ունես մեր նորաձեւության միջոցառումից

Այստեղ բոլորը ջանում են, ամեն մեկն իր տեղում. կեցցեն բոլորը: Բայց ինչպես չհիշել հայտնի ֆեշն-դիզայներ, Lanvin-ի նախկին կրեատիվ տնօրեն Ալբեր Էլբազին... «Նորաձեւությունը թելադրում են ոչ թե դիզայներները, այլ մարքեթոլգները: Մոդան ինդուստրիա է»,- մի անգամ ասել է նա: Նույն Ֆրանսիայում նրաձեւությունն արտահանման լուրջ առարկա է: Այնտեղ շատ դարեր առաջ հասկացել էին, որ դա պետական սեփականություն է եւ բրենդային իրերի արտադրությունը նաեւ եկամտաբեր է: Ինչպես կարող է նորաձեւությունն այստեղ զարգանալ, երբ ամեն մի դիզայները յուրովի է փորձում առաջ գնալ...

Դու կրկնօրինակո՞ւմ ես

Ինչ-որ չափով բոլորն էլ կրկնօրինակում են: Հիշում եմ՝ կարդում էի հետպատերազմյան իտալական նորաձեւության մասին, լավ պատմություն է, ի դեպ, անընդհատ ուզում եմ դրա մաիսն գրել... Իտալիայում նորաձեւության արդյունաբերությունը զարգացավ Երկրորդ համաշխարհայինից հետո՝ մինչ այդ այդտեղ շատ տխուր վիճակ էր: Իհարկե՝ չխոսելով Վերածննդի ժամանակների մասին, երբ Իտալիան նարձեւություն էր թելադրում:

Եվ ահա իտալացի դիզայներները սկսեցին ակտիվորեն գնել փարիզյան ձեւվածքերը, իսկ հետո դրանցով հագուստ արտադրել եւ վաճառել: Իսկ, օրինակ, իտալացի դիզայներ Ջերմանա Մարուչելին պնդում էր, որ Դիորն իրենից մեկ գաղափար չէ, որ գողացել է: Եվ իսկապես, որոշակի տարրերի նմանությունն ակնհայտ է: Ֆրանսիացի դիզայներներն էլ այն ժամանակ կրկնօրինակում էին իրար, եւ դրան արդեն բոլորը սովորել էին: Այսինքն՝ դա մշտապես է եղել: Եթե ինչ-որ բան ժողովրդականություն է վայելում, այն միշտ կրկնօրինակվելու է:

Դիզայները կարող է ոճ ունենալ, իր էներգետիկան, սակայն նորաձեւությունում դժվար է ինչ-որ էքսկլյուզիվ բան մտածել... Պատահական չէ, որ նույնիսկ առաջատար Տները եւ դիզայներները անընդհատ յուրովի մեկնաբանում են նախորդ մոդելները եւ տասնամյակները՝ մեկ 80-ականները, մեկ 90-ականները, մեկ 2000-ականները... եւ այսպես անվերջ: Ասենք՝ կրկնօրինակո՞ւմ էր արդյոք Կառլ Լագերֆելդը Շանելին: Նա մեկնաբանում էր: Հին ու բարի ժակետին ժամանակակից տեսք էր հաղորդում:

Կխնդրեի «քո ոճի» մասին պատմել

Գլխավորը ներքին բովանդակությունն է: Եթե դա կա, կարելի է նաեւ ոճի մասին խոսել: Օրինակ՝ աղջիկը ամբողջությամբ բրենդային հագուստով է, բայց ոճը բրենդի մեջ չէ: Երբ մարդն ինքն իր հետ ընկերանում է, հասկանում իր էությունը, հավատարիմ է դրան, այ այդ դեպքում դա ոճի մասին է խոսում:

Իսկ ինքդ ի՞նչ ես սիրում հագնել:

Նայած երբ ինչպես: Ներքին վիճակն է թելադրում: Երբ անտրամադիր եմ լինում, պատահում է ջինսի միջից դուրս գալ չեմ կարողանում… Ժամանակահատված կար, երբ ինձ լավ էի զգում «լեդի-լայք» ոճի մեջ: Իսկ ընդհանրապես, մարդը փոխվում է, ես չեմ կարող նույն իրը երկար կրել: Այս տարի կենտրոնացել եմ հարմարավետության վրա: Սիրում եմ արդիականությունը:

Մի րոպե, իսկ ստանդարտ փոքրիկ, սեւ զգեստի մասին ի՞նչ կասես...

Շանելն ինքն էր ասում, որ նորաձեւությունն իրեն համապատասխան է ստեղծել, իսկ նրա կազմվածքը տղայական էր: Նա կարծում էր, որ հագուստը պետք է հարմարավետ, ազատ լինի: Եվ փոքր, սեւ զգեստի տակ ամենեւին նկատի չունեն կարճ եւ կիպ զգեստը: Գլխավոր պայմանն այն է, որ պետք է սազի... Շանելը 69 թվականի իր հայտնի հարցազրույցում ասել է գրեթե այսպես. «Մահանում եմ, երբ կանանց տեսնում եմ ծնկից վեր կիսաշրջազգեստով, քանի որ կատարյալ ծնկները եզակի են»... Նա մեծ նշանակություն էր տալիս այն հանգամանքին, թե ծնկներն ինչպես են նայվում հետեւից, եւ նրա փաստարկն այն բանի օգտին էր, որ դրանք ամեն դեպքում ավելի լավ է ծածկել... Հատկապես որոշակի տարիքում...  

Ահա եւ հասանք տարիքի ցավոտ թեմային...

Թեման չափազանց արդիական է: Պետք է սեփական տարիքն ընդունել, ես գոնե գիտեմ, թե ինչ է նշանակում գիտակցել, որ այլեւս 26 տարեկան չես եւ զուգահեռ ընդունել, որ 46-դ է լրացել: Հագուստը անչափ խոսուն իր է, այն մարդու մասին կարող է շատ բան պատմել: Այ, դու ասում ես, որ իրանը կիպ գրկող հագուստ չես սիրում, եւ դա ավելի շուտ խոսում է այն մասին, որ դու դինամիկա, ազատություն սիրող մարդ ես:

Անկեղծ ասած, ես անչափ ծույլ եմ...

Ի դեպ, ծուլությունը շատ հետաքրքիր եւ օգտակար բան է... Եթե դու ինձ մոտ գայիր որպես հոգեբանի մոտ, ես քո ծուլության մասին կխոսեի՝ դրա ծագման, իմաստի... Ճիշտ է, հիմա արմատավորվում է ծուլության հետ այնքան էլ չհամատեղվող հայեցակարգ՝ «Հաջողությունը»: Ընդ որում՝ վտանգ կա, որ մարդիկ կսկսեն կյանքն ընկալել ոչ թե որպես «գործընթաց», այլ որպես «արդյունք», որն առաջ է մղվում նպատակին հասնելու անհրաժեշտությամբ եւ ինչ-որ բան բաց թողնելու վախով… Եվ դա վտանգավոր է...

Դու ակներեւորեն սիրում ես քո գործը... Մի կողմից հագուստ ես ստեղծում, մյուս կողմից՝ մարդկանց օգնում իրենց պահարանը «կարգավորել»: Մեզ մոտ դա ինչպե՞ս է գործում:

Դա անչափ հետաքրքիր է եւ ձայնակցում է հոգեբանությանը: Կանայք կարող են պահարանը վերանայելու մի ամբողջ խուրձ պատճառներ ունենալ. փոխել է աշխատանքը, ֆիզարձակուրդից վերադարձել է, քաշն է փոխվել, ինքնազգացողությունը…

Գլոբալ իմաստով մասնագիտությունը «ոճաբան» է կոչվում: Ինձ ցույց են տալիս պահարանը, ես այն ուսումնասիրում եմ, մենք ինչ-որ բան հաճախորդի հետ ենք մտածում, ինչ-որ բանից ազատվում ենք, ինչ-որ բան ենք գնում: Եվ ինձ ամենամեծ հաճույքը պատճառում է այն փաստը, որ կինը նայում է հայելու իր արտացոլանքին եւ իրեն սիրում է: Թեւ առած թռչում է...

Դեկտեմբերին ներքին ճգնաժամի մեջ էի՝ աշխատանքի խելահեղ տեմպ, գերծանրաբեռնվածություն, իսկ շուրջբոլորս նախաամանորյա իրարանցում էր: Նստած մտածում եմ՝ բոլորը դոլմա կուտեն, իսկ ես ոչ մի բանով զբաղվել չեմ ուզում, ոչ մի բան անել չեմ ցանկանում: Եվ այդ պահին, գիտես, ինձ համակեց ելքի այնպիսի զգացողություն կամ ինչ-որ բան: Հաջորդ օրը ինձ մոտ եկավ մի կին եւ ասում է. «Նատա, կդառնա՞ս իմ ոճաբանը»: Ես ապշահար էի. տիեզերքը գործում է, ինձ լսեցին: Հետո եւս մի տիկին դիմեց, հետո ուրիշը: Ընդ որում, հասկանում ես, ես ինձ չեմ գովազդում, «տուսովկաների» առանձնապես չեմ մասնակցում: Ըստ երեւույթին, առաջին մասնագիտության շնորհիվ ես, կարծես, զգում եմ, թե նրանք ինչի կարիք ունեն, տեսնում եմ, թե նրանց ինչպես օգնեմ...

Նշանակում է, վերադառնալով նպատակի մասին խոսակցությանը, այնուամենայնիվ, նպատակ ունես...

Դե, չէ, չունեմ... Ես պարզապես կյանքն ընկալում եմ որպես գործընթաց, ցանկանում եմ կարողանալ կյանքով ուրախանալ այստեղ եւ հիմա. դա դժվար է, բայց դրա մեջ է երջանկությունը: Ես գիտեմ՝ ինչ է նշանակում, երբ պետք է մի բան անել վաստակելու համար: Բայց, ամեն դեպքում, նախ պետք է սիրես այն, ինչ անում ես...

 Զրուցեց՝ Աննա ՍԱԹՅԱՆԸ

Լուսանկարներ՝ Lidia Virabyan & Daniel Ghazaryan

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել