Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Համասյանի ու Ռիք Ռոզատոյի երաժշտությունը՝ ARARAT-ի լեգենդար համի ու Ձիթողցյանի կտավների ուղեկցությամբ

ՇոկTok. «Մարդիկ ինձ են օգնում. ես եմ որոշում օգնել ընտանիքների, թե`ոչ». Տարոն Սարգսյան

«Ես անսահման շնորհակալ եմ Նազենի Ղարիբյանին. այսպիսի փիառը միլիոններ արժե». Կոնստանտին Օրբելյան

12:12, 11 մայիսի

Փաստ է, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում Կոնստանտին Օրբելյանին սիրում եւ հարգում են: Իմ՝ «եկել եմ Կոնստանտին Գարիեւիչի մոտ» բառերը աշխատակազմի աշխատակիցների, ներառյալ պահակների եւ անվտանգության աշխատակիցների դեմքը ողողեցին ջերմ ժպիտով: Համաձայնվեք, որ նման վերաբերմունքը հենց այնպես, օդի մեջ չի ստեղծվում: Կոնստանտին Օբելյանին ոչ լրիվ 3 տարում հաջողվել է խաղի, կատարման, բեմականացումների մակարդակը բարձրացնել  որակական նոր աստիճանի: Ուստի առավել քան անհասկանալի են մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի քայլերը, որը ավելի քան մեկ ամիս առաջ որոշել էր մեկ ժամում մաեստրոյից ազատվել... Մենք նրա որոշմանը եւ այն ամենին, ինչ եղել է հետո, բնորոշումներ եւ որակումներ չենք տա, ինչպես եւ ինքը՝ Կոնստանտին Օրբելյանը, որը NEWS.am STYLE-ի հետ զրույցում որոշեց խուսափել «կեղտոտ սպիտակեղենը» փորփրելուց եւ այն թեմայի շուրջ խոսելուց, թե ով, ում եւ ինչ ասաց ու պատասխանեց: Ի դեպ, նա իր դիրքորոշումը ներկայացրեց առանց ակնարկների եւ ավելորդ համեստության, որը, ինչպես ցույց է տալիս փորձը, մեր օրերում չի գնահատվում:   

Դուք վերադարձել եք Նյու Յորքից, որտեղ, կարծեմ, մասնակցել եք ինչ-որ շատ հեղինակավոր միջոցառման, եւ ըստ լուրերի՝ կարծես, պայմանավորվել եք թատրոնի ապագա նախագծերի շուրջ... 

Այո, ես Նյու Յորք էի մեկնել, որտեղ ամեն տարի անցկացվում է Opera News Awards-ը, հյուրընկալվեցի Էնն Զիֆֆին. նա իր շրջանակում հայտնի անհատ է՝ Metropolitan Оpera-ի վարչության նախագահն է: Անչափ հետաքրքիր էր, մեծ թվով հայտնի վոկալիստներ, օպերային ռեժիսորներ կային... 

Ճշտող հարց՝ Դուք Ձե՞ր միջոցներով եք համանման միջոցառումների մեկնում

Ես երբեք պետական փողից ոչ մի կոպեկ չեմ ծախսել: Ոչ մի անգամ: Պետության հաշվին ոչ մի տեղ չեմ գնացել, ոչ մի հյուրանոցում չեմ ապրել պետության հաշվին եւ օրավճար էլ չեմ վերցնում: 

Դուք սո՞ւրբ եք:

(Ծիծաղում է) Ինձ այդ ամենն ուղղակի պետք չէ... 

Բայց չէ՞ որ Դուք երկիր եք ներկայացնում, հարցը նրա հեղինակությունն է... Չէ՞ որ կարելի է ծախսերի գոնե մի մասը վճարել պետական միջոցներից:

Դե, ինչ ասեմ... Իմ ոչ մի ուղեւորության համար չի վճարվել: Նույնիսկ երբ մեկնեցի Դուբայ՝ պայմանավորվելու թատրոնի հյուրախաղերի շուրջ:  Օ՜, ոչ, ներողություն եմ խնդրում, հյուրանոցի մի գիշերվա համար, այնուամենայնիվ, ֆինանսավորեցին... Ի դեպ, այդպիսի նպատակների համար թատրոնում հիմնադրամ կա, որից եւ ոչ մի անգամ չեմ օգտվել... Բայց վերադառնամ Նյու Յորքի ուղեւորությանը, որովհետեւ կարեւորում եմ տպավորություններս հայտնելը:

Ես մասնակցել եմ գալա ընթրիքին՝ նվիրված մեր թանկագին ընկերոջը, Metropolitan Opera-ի գլխավոր տնօրենի գեղարվեստական մասով տեղակալ Ջոն Ֆիշերին. նա, ի դեպ, շատ է սիրում Հայաստան գալ: Մենք նրան ճանապարհում էինք. Ֆիշերի պայմանագրի ժամկետը լրացել է, եւ նա որոշել է ազատ արվեստագետ լինել, ինչի համար Metropolitan Opera-ում բոլոր երգիչները եւ ղեկավարությունը չափազանց ափսոսում են: Ընթրիքի ժամանակ շփվեցի Պլասիդո Դոմինգոյի հետ, նա ջերմորեն էր հիշում իր ուղեւորությունը Երեւան, ասաց, որ հաճույքով մեկ անգամ էլ կգար:

Այդ ընթրիքին մասնակցում էր նաեւ Սոֆի Ջոյսը՝ Metropolitan Opera-ի երիտասարդական ծրագրի տնօրենը: Նրա հետ մենք պայմանավորվեցինք մեր թատրոնի երիտասարդական «թեւի» հետ համագործակցության շուրջ, որը ղեկավարում է Լեւոն Ջավադյանը. Metropolitan Opera-ի հետ այդպիսի գեղեցիկ կամուրջ ենք ուզում ստեղծել:

Շփվեցի նաեւ Metropolitan Opera-ի գլխավոր դիրիժոր Յաննիկ Նիզե-Սեգունի հետ. ֆենոմենալ երաժիշտ է Մոնռեալից:

Նա այնտեղ սեփական նվագախումբ ունի, կոչվում է Orchestra Metropolitan de Montreal, որի ելույթի դիրիժորը լինելու բախտն եմ ունեցել: Դրանից բացի, Սեգունն արդեն 15 տարի Ֆիլադելֆիայի նվագախմբի գլխավոր դիրիժորն է: Նաեւ տարբերակներ եմ որոնում ԱՄՆ-ում խաչատրյանական 3 բալետները՝ «Սպարտակը», «Գայանեն» եւ «Դիմակահանդեսը» ներկայացնելու համար... Ամերիկա է տարվել միայն «Սպարտակը», այն էլ 1979 թվականին եւ Մեծ թատրոնի հետ: Ես, ի դեպ, այդ ժամանակ թարգմանիչ էի աշխատում հրաշալի դիրիժոր Ալգիս Ժյուրայտիսի մոտ…

Մի խոսքով տաղանդավոր եւ պայծառ մարդկանց հետ բազմաթիվ հանդիպումներ եղան, եւ ինձ համար հաճելի է, որ հաջորդ սեզոնին Metropolitan Opera-ում է երգելու Լիպարիտ Ավետիսյանը: Հրավիրված է նաեւ մեր հիասքանչ բարիտոն Գեւորգ Հակոբյանը:

Ի դեպ, ինչպե՞ս են մերոնց այնտեղ ընդունում:

Հրաշալի: Մեր երգիչները հոյակապ են, էքստրա դասի մասնագետներ են: Մեզ մոտ երգում են աներեւակայելի տաղանդավոր մարդիկ՝ Գեւորգ Հակոբյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Հասմիկ Թորոսյանը, Պերճ Խարազյանը եւ իհարկե՝ Անահիտ Մխիթարյանը... Ինչպե՜ս է կատարում Անուշի դերերգը: Դա ինչ-որ յուրահատուկ մի բան է:

Դուք այնպիսի ոգեւորությամբ, փայլատակող աչքերով եք պատմում ուղեւորության եւ հանդիպումների մասին: Ի՞նչն է Ձեզ պահում Երեւանում: Դուք կարող էիք շատ հանգիստ Ձեր կյանքն ու կարիերան այնտեղ կազմակերպել, այլ ոչ թե այստեղ անվերջանալի խնդիրներ լուծել...

Ես այստեղ եմ, որովհետեւ ցանկանում եմ իմ երկրի համար ինչ-որ լավ բան անել: Ոչ մի հետին միտք չունեմ, ինչպես ինչ-որ մեկին թվում է: Կարծում եմ, որ բավականին կարճ ժամկետում կարողացա ցույց տալ, թե այս թատրոնն ինչի է ընդունակ: Ինձ չի հետաքրքրում՝ սա կառավարությանը կամ նախարարությանը հարկավոր է, թե ոչ: Ինձ պետք է թատրոնում մարդկանց ապացուցել, որ նվագախումբը կարող է շքեղ նվագել, երգչախումբը կարող է հոյակապ երգել. ապացուցել, որ մարդիկ կարող են մեկ կոլեկտիվում համերաշխ աշխատել:

Իսկ նրանք նախկինում այս մասին չգիտեի՞ն:

Ես չգիտեմ, թե նրանք ինչ գիտեին, ես այստեղ չեմ եղել: Բայց երբ եկա, այստեղ, մեղմ ասած, բավականին գորշ մթնոլորտ էր: Բալետը միագամայն փոխակերպվեց Արմեն Գրիգորյանի հետ՝ դա պահանջում է ահռելի աշխատանք, ջանքեր… Դուք չեք պատկերացնի, թե ես որքան երջանիկ էի, արտասվելու չափ, երբ անցյալ տարի ելույթ էինք ունենում Մեծ թատրոնում: Մեր մոսկովյան ընկերների եւ Ռուսաստանում Հայաստանի դեսպանի հետ մենք, այնուամենայնիվ, այդ հյուրախաղերը կազմակերպեցինք: Պատմության մեջ առաջին անգամ մեր բալետը ներկայացվում էր Մեծ թատրոնի պատմական բեմում:

Նախկինում հայկական բալետային ներկայացումները եթե անգամ գալիս էին, ապա ելույթ էին ունենում Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնում: Դե կամ, ասենք, 1975 թվականին հորեղբորս՝ Կոնստանտին Օրբելյանի «Անմահություն» բալետը ներկայացվեց Կրեմլի համագումարների պալատում... Իսկ Մեծ թատրոնում մեր բալետի հյուրախաղերը անսահման երջանկություն էին. հանդիսատեսի ցնծությունը, ծափերը, մարդիկ ցատկոտում էին, բղավում... Այս համերգին են եղել ե՛ւ վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, ե՛ւ Լիլիթ Մակունցը, ե՛ւ Նազենի Ղարիբյանը. այնպես որ, նրանք այդ ամենը տեսել են սեփական աչքերով:

Այնուհետեւ՝ դրանից կարճ ժամանակ անց, մենք մեկնեցինք Դուբայի Օպերայի թատրոնում սեզոնը բացելու: Կարո՞ղ եք պատկերացնել, որ մեր թատրոնը հաստատապես 2 տասնյակ տարի դուրս չէր եկել, իսկ այստեղ, ահա, այսպիսի իրադարձություններ էին տեղի ունենում... Մենք գնացել էինք Նաիրե Ստեփանյանի բեմականացրած «Կարմեն» օպերայի եւ «Կախարդական սրինգի» նոր բեմադրություններով...

Մեր երգիչները հոյակապ էին երգում՝ Լիպարիտ Ավետիսյանը, Մերի Մովսիսյանը, Հասմիկ Թորոսյանը փայլուն Գիշերային թագուհի էր:

Երբ հոլովակները Եվրոպա եմ ուղարկում, գործընկերներս զարմանում են, ասում. «Որտե՞ղ եք նրանց բոլորին թաքցնում»... հայերը չափազանց տաղանդավոր են...Անցյալ տարվա սեպտեմբերի վերջին Քուվեյթում էինք, որտեղ երկրի պատմության մեջ առաջին օպերային բեմադրությունը ներկայացվեց, եւ դարձյալ մենք ելույթ ունեցանք. ցնցող օպերայի թատրոն է, խելահեղ ակուստիկայով: Այնուհետեւ Երեւանում Ֆրանկոֆոնիայի օրերին բեմադրեցինք Ժյուլ Մասնեի «Մանոնը», պրեմիերային երգեցին հրաշալի Լիպարիտ Ավետիսյանը եւ Մերի Մովսիսյանը: Ի դեպ, Մակունցն ու Ղարիբյանը այս ներկայացմանը եւս եկել էին:

Ձգտում եմ հրավիրել արտասահմանցի դիրիժորների եւ ոչ այն պատճառով, որ մերոնք ավելի վատն են. հայ երաժիշտները հրաշալի են, բայց անհրաժեշտ է բազմազանություն: Առանց դրա անհնար է: Ցանկացած, նույնիսկ ամենալավ բանը պետք է պարբերաբար ինչ-որ թարմությամբ լրացնել, դե նաեւ պարտադիր երաժիշտներին ցույց տալ, որ մենք լուրջ երաժշտական հարթակ ենք, որ աշխարհն իմանա, թե մեզ մոտ ինչ է կատարվում: 

Ի՞նչ եք կարծում, այդ դեպքում որտեղի՞ց է նման բացասական վերաբերմունքը Ձեր նկատմամբ նոր իշխանությունների կողմից։ Գուցե դա այն պատճառով է, որ Դուք, այսպես ասած, նախորդ իշխանությունների կողմի՞ց եք նշանակվել...

Բայց շատերն են այսօր նախորդ իշխանությունների կողմից նշանակված։ Եվ ի՞նչ։ Ի՞նչ է, ես ի՞նքս եմ եկել։ Այո, Հասմիկ Պողոսյանն ինձ հրավիրել է, մենք քննարկել ենք, եւ ես եկել եմ այստեղ օգնելու։ Ինձ էլ էր հետաքրքիր... Օգոստոսից ինձ ասում են. «Ձեզ լեգիտիմ կերպով չեն նշանակել, դուք պետք է հեռանալու դիմում գրեք»։ Ես պատասխանեցի, որ ոչինչ էլ չեմ գրի, եւ որ իրենք պետք է ապացուցեն ամեն ինչ իրավաբանորեն...

Քանի որ խոսեցինք նախորդների մասին... Ինչպե՞ս հայտնվեցինք Դուբայում Օպերայի թատրոնի բացմանը։ Հանրահայտ իմպրեսարիո Մարիո Դրադին, որն ամբողջ աշխարհով պտտեցրել է երեք տենորներին (Դոմինգո, Կարերաս, Պավարոտի), ասաց, որ հնարավորություն կա մասնակցելու Օպերայի թատրոնի բացմանը։ Եվ քանի որ Եվրոպայի համար դա նոր մշակութային ուղղություն է, ԵՄ-ն ֆոնդեր ունի, որոնք կարող են մասամբ վճարել ավիատոմսերը, մնացածը վճարում է Դուբայը։ Այսինքն՝ մի մասը տալիս է հայկական կողմը, երկրորդը՝ ԵՄ-ն, մնացածը՝ հրավիրող կողմը։ Ես խոսեցի մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հետ, նա համաձայնեց, որ դա կարեւոր է, մանավանդ որ՝ միջոցառումը համընկնում էր Հայաստանի եւ ԱՄԷ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների քսանամյակին։ Նախատեսվում էր մեծ միջոցառում՝ պաշտոնական պատվիրակությամբ։ Սակայն «թավշյա» իրադարձություններից հետո Լիլիթ Մակունցն ասաց, որ 22 միլիոն դրամ իրենք հատկացնել չեն կարող, կարող են 10 միլիոն։ Իսկ հետո Նազենի Ղարիբյանը տեղեկացրեց, որ այդ փողերն էլ չեն լինելու։ «Եթե Օրբելյանին պետք է թատրոն տանել, դե, թող ինքն էլ տանի, դա մեզ պետք չէ»,- ասաց նա։ Թեեւ երեխային էլ պարզ է, որ նման միջոցառումները երկրի դեմքն են ներկայացնում...

Իսկ ի՞նչ փողերով, այնուամենայնիվ, գնացիք։

Իմ... Իմ անունը, կարգավիճակն ու շքանշանները ես, առանց կեղծ համեստության, վաստակել եմ սեփական աշխատանքով, հասել այն բանին, որ ինձ ճանաչում են շնորհիվ աշխատանքիս բարձր որակի, դրա համար էլ ես չկարողացա գնալ մեր արտիստների մոտ եւ ասել. «Մեզ չեն օգնելու, մենք ոչ մի տեղ չենք գնում»...

Իսկ Դուբայում մերոնցից որեւէ մեկը կա՞ր։

Ոչ։ Մեր դեսպան Գեղամ Ղարիբջանյանն էր, բայց ոչ պատվիրակություն, ոչ էլ անգամ շնորհավորանքներ մեր կողմից չեն եղել։ Դուք հասկանո՞ւմ եք, դա արվում է ոչ իմ դեմ։ Դա արվում է ընդդեմ այն 700 մարդու, որոնք աշխատում են այստեղ։ Ես գուցե հիմա հուզված եմ ասում, բայց անկեղծորեն այս ամենը չեմ հասկանում։

Իսկ ի՞նչ կասեք աշխատակիցների ազատման մասին, որոնք հիմա Ձեր դեմ բողոքներ են գրում։ Լրատվամիջոցներում վարկած հնչեց, բայց կցանկանայի լսել ձեր պատասխանն այդ ամենի մասին...

Ես ոչ մեկին չեմ ազատել։ Խոսքը լուծարման մասին է։ 2016-ի վերջին – 2017-ի սկզբին ինձ նշանակեցին թատրոնի տնօրենի պաշտոնակատար, իսկ մեկ ամիս անց (մարտի սկզբին) տուգանք եկավ «մշակույթի նախարարության եւ ֆինանսների նախարարության միջեւ վարչական խախտումների մասին»... Մենք ի՞նչ կապ ունենք դրա հետ։ Ի՞նչ կապ ունեմ ես դրա հետ։ Գուցե միայն այն, որ այդ պահին ես նստած էի այդ աթոռին, թեեւ փաստաթուղթ չեմ ստորագրել։ Մենք փորձեցինք ամեն կերպ պայմանավորվել նրանց հետ, կոնսենսուսի գալ, առաջարկեցինք մի մասը «տալ» մանկական ներկայացումներով։ Հետո մեզ ասացին, որ թատրոնների արտադրողականությունն այս տարիներին ընկել է, տոմսերը չեն վաճառվում, իսկ վարչական կազմը ավելացել է 27-28 մարդով, պնդում էին, որպեսզի այդ մարդկանց ես կրճատեմ։ Նախարար Ամիրյանի հետ միասին քննարկեցինք, նա հետաքրքրվեց՝ արդյո՞ք նրանք ինձ պետք են։ Ես ասացի, որ ոչ, որ դրանք կրկնվող պաշտոններ են, եւ մենք հիանալի գլուխ կհանենք առանց նրանց։ Թեեւ իրականում մենք փող կորցրինք. ես ցանկանում էի ֆինանսների մի մասը հատկացնել նվագախմբին, որպեսզի մենք կարողանանք օրական երկու անգամ փորձեր անել։ Մեզ մեկուկես նվագախումբ է պետք օդի պես՝ մարդիկ չեն կարող ամեն օր նվագել առանց հանգստի... Այնպես որ, ես հետեւել եմ բացառապես ստուգող վարչության հանձնարարականներին, եւ կրճատված Քրիստինե Նաղդալյանը խիստ վիրավորվել է։ Բայց դա նրա խնդիրն է։ Այս է ամենը...

Ինչպե՞ս եք Դուք, որպես, ըստ էության, արեւմտյան աշխարհայացքի տեր մարդ, որը սովոր է աշխատանքի այլ ոճի, հարմարվել մեր արեւելյան մենթալիտետին։

Աստիճանաբար մեր այս ամբողջ արեւելյան երանությունը կարող է վերածվել մի ինչ-որ օգտակար բանի։ Արդեն նկատելի են տեղաշարժերը. արտիստները սկսել են այլ կերպ վերաբերվել իրենց աշխատանքին, նրանք սպասում են անշլագների, «Անուշին» ներկա էր 950 մարդ, այն դեպքում, երբ դահլիճում 1050 տեղ է։ «Չիպոլինոյին» եկել էր կրթության նախարարն իր թիմով, լիքը երեխաներ եւ մեծահասակներ կային, ամենուրեք երջանկություն էր եւ ուրախություն։

Վեց ամսում սովորել վեց նոր ներկայացում, նոր բալետ, «Կարմենի» նոր բեմականացում... Հասկանալի է, որ երաժշտությունն արտիստները գիտեին, բայց ամեն բան նոր էր. Քրիստինե Ավետիսյանի ցնցող հագուստները, Նաիրե Ստեփանյանի վառ բեմականացումը... «Կախարդական սրինգը» նույնպես նոր վարկածով էր ներկայացվում՝ զիլ ապարատուրայով։ Ես դեռ «Մանոնն» էլ բերել էի հատուկ Լիպարիտ Ավետիսյանի համար, որը «Ոսկե դիմակ» ստացավ հենց այդ ներկայացման մեջ իր ելույթի համար։

Դրա համար իմ ստորագրությամբ բերեցի չորս տասներեք մետրանոց փուռ Մոսկվայից՝ հագուստներ եւ դեկորացիաներ։ Շատ գեղեցիկ եւ հուզիչ ստացվեց, ես ահավոր ուրախ եմ, որ անում եմ դա։

Իսկ ի՞նչ պատմություն է կապված Լոս Անջելես՝ «Գրեմիի» արարողությանը մեկնելու հետ։

Մշակույթի նախարարությունում ինձ ասացին, որ նպատակահարմար չէ, որ ես գնամ... Այ, եթե պարգեւ ստանայի, իսկ ինչպե՞ս իմանայի՝ ստացել եմ, թե ոչ, եթե այնտեղ չլինեի։

Բայց Դուք, միեւնույն է, Ձեր փողերով կգնայիք։ Ինչպե՞ս կարող են արգելել Ձեզ։

Օրենքով ես պետք է նախազգուշացնեի, պաշտոնապես ստանայի հավանություն այն բանի համար, որ պարտականություններս դնում եմ տեղակալիս վրա։ Ավելին՝ մինչ այդ պետք է թռչեի Կաունաս, որովհետեւ Կաունասի երգչախումբը, որի հետ ես աշխատում եմ, նոյեմբերին պետք է թռչեր Երեւան համերգով. ես պետք է նրանց հետ քննարկեի։ Տիկին Ղարիբյանն ինձ ասում է. «Իսկ ինչո՞ւ Դուք պետք է թռչեք այնտեղ, հեռախոսով չե՞ք կարող քննարկել նրանց հետ»... Բացատրում եմ, որ դա այնքան էլ ճիշտ չէ, որ պետք է ամեն բան պլանավորել, նման գործերը հեռախոսով չեն արվում։ Մանավանդ որ՝ ես ցանկանում էի համոզել նրանց, որպեսզի նրանք Գյումրիում էլ ելույթ ունենան։ Ասում եմ. «Բայց դա Ձեզ վրա ոչինչ չի նստում... Որ ես գնում, շփումներ եմ հաստատում, դրանից աշխատանքը չի տուժում»... Հիմա Մեծ թատրոնն է ինձ առաջարկել Երեւան բերել 8 օպերային ներկայացում եւ 8 բալետ, դե, ահա, նորից պիտի թռչեմ Մոսկվա։ Նման նախագիծը մեյլերով չես պատրաստի, ամեն բան անձնական շփումների վրա է հիմնվում։

Մշակույթի նախարարության դիրքորոշումը հետեւյալն է. թող գեղարվեստական կոլեկտիվներն ապրեն ինչպես ուզում են, հարմարվեն շուկայի օրենքներին։ Բայց նրանք ի վիճակի չեն գոյատեւել... Ի՞նչ անել։ Փակվե՞լ։ Ահա, ասենք, դուք միջոցներ ու կապեր ունեք, թատրոնը գոյատեւում է։ Բայց եթե ամեն բան այլ կերպ լիներ, չէ՞ որ պարզ է, թե արդյունքն ինչպիսին կլիներ...

Պետությունը պետք է ֆինանսավորի, լավ ֆինանսավորի նշանային թատրոնները։ Դրանք երկրի այցեքարտն են։ ԱՄՆ-ում, օրինակ, պետսուբսիդիաները նվազագույն են, բայց փոխարենը այնտեղ կան ֆոնդեր, որոնց համար մշակույթի օջախներին աջակցելը, այսպես ասենք՝ պարտականություն է։ Կան մեկենասներ, մասնավոր անձինք, որոնք կայուն օգնում են, ինչը նրանց հարկային արտոնություններ է տալիս։ Եվ միաժամանակ, դա մեծ պատիվ է։

Բայց, որքան էլ ցանկանաք օգնել, սիրել թատրոնը, հո անընդհատ հարցեր չե՞ք լուծելու։

Իհարկե ոչ, մանավանդ ինձ ասացին, որ դա հարկավոր չէ։ Այն ամենն, ինչ արել եմ վերջին տարիներին, արել եմ ավանսով, որպեսզի ցույց տամ, թե ինչի է ընդունակ թատրոնը...

Եթե անկեղծ, ես անչափ շնորհակալ եմ Նազենի Ղարիբյանին. վերջին քսան տարիներին քչերն են հիշել Երեւանի օպերայինի մասին, իսկ հիմա բոլորը գիտեն։ Իրավիճակն աննախադեպ է։ Ինձ Metropolitan Opera-ի գլխավոր տնօրենն ասաց, որ երբեք չի տեսել, որպեսզի թատրոնի տնօրենի համար այդքան մարդ փողոց դուրս գա, որպեսզի հազարավորներ, ներառյալ Լատվիայի մշակույթի նախարարը, խնդրագիր ստորագրեն։ Դե, գիտեք ինչ, նման փիառը միլիոններ արժե։

 

Զրուցեց՝ Աննա Սաթյանը

Լուսանկարները՝ Կոնստանտին Օրբելյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել