Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Ղեւոնդ Անդրեասյան. «Երբ մատուցողը ասում է «ցավդ տանեմ», քեզ սիրաշահել չի փորձում, պարզապես անկեղծ է, եւ դա ցնցող է»

11:22, 8 հունիսի

Ղեւոնդ Անդրեասյան` պրոդյուսեր... Հասարակ տղա Երեւանից, որը եղբայրների՝ Արտաշեսի եւ Սարիկի հետ մեկնել է նվաճելու Մոսկվան 2000-ականների սկզբին։ Հիմա նրանց ֆիլմերը գիտեն եւ դիտում են, չնայած անգամ քննադատությանը, որը Ղեւոնդը համարում է միանգամայն օրինաչափ։ Ուզում ես հանրահայտ լինել՝ պատրաստ եղիր բանջարանոցդ նետվող քարերին, կարծում է նա։ Անդրեասյան եղբայրների ֆիլմերին կարելի է տարբեր կերպ վերաբերվել, բայց մի բան հաստատ է՝ դրանք աչքի են ընկնում արգասավորությամբ եւ աշխատասիրությամբ... «Փիլիսոփայությունս այսպիսին է. ավելի լավ է ստեղծել հարյուր ֆիլմ, որոնցից տասը կմնա, քան տասը ֆիլմ, որոնցից կմնա մեկը։ Կինոդիտողն ինքը կզտի եւ կթողնի այն, ինչն իրեն անհրաժեշտ է»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Ղեւոնդ Անդրեասյանը, որի հետ շփվեցինք Երեւանում Ռուսական կինոյի շաբաթվա շրջանակում։

Օրերս ներկայացվեց ձեր նոր՝ «Ռոբո» ֆիլմի թրեյլերը։ Ի՞նչ կասեք դրա մասին։

Այս տարի երկու ֆիլմ ունենք։ Փրկարար ռոբոտի պատմությունը, որը փնտրում է իրեն եւ գտնում ընկերոջ, բարի ընտանեկան ֆիլմ է։ Իսկ նոյեմբերի 14-ին կներկայացվի «Կոմա» ֆանտաստիկ կինոնկարը, մենք դրա վրա աշխատել ենք երեք տարի։ Գաղափարը Սարիկինն է, նկարահանելը վստահել ենք  Նիկիտա Արգունովին, որը շատ գեղեցիկ վիզուալ աշխարհ է հորինել։ Նախագիծն իրականացվում է Ռուբեն Դիշդիշյանի «Մարս Մեդիա Էնթերթեյնմենթ»-ի հետ համատեղ։ Դա ֆիլմ է հիշողություններից հյուսված աշխարհի մասին. ով ինչ հիշում է իրական կյանքից, այն էլ գոյություն ունի կոմայի աշխարհում։

Կոմայի թեման Հոլիվուդում արդեն խաղարկել են, եւ ոչ մեկ անգամ․․․

Մեր գաղափարն ինքնատիպ է եւ հոլիվուդյան ոչ մի գաղափարի նման չէ, եթե նկատի չունենանք վիզուալ նմանությունը «Սկիզբը» ֆիլմի հետ, այն էլ ֆիլմի 5-րդ րոպեից հասկանալի է դառնում, որ այստեղ միանգամայն այլ կինո է։ Մենք չէ՞ որ չենք փորձում մրցակցել Հոլիվուդի հետ. նրանց ֆիլմերը 200 մլն դոլար արժեն, մերը, եթե Աստված կամենա՝ 5 միլիոն։ Համենայն դեպս, ջանացել ենք լինել առավելագույն չափով ստեղծարար եւ ենթադրում էինք, որ «հեյթերները» կակտիվանան, Աստված մի արասցե, որ գոնե մեկ վայրկյան ինչ-որ մեկը քո կինոնկարում զուգահեռներ գտնի ամերիկյան կինոյի հետ, քեզ կոչնչացնեն։ Նշեմ, որ «Կոման» վաճառվել է արդեն 60 երկրում։ Մի քանի տարի առաջ մեզ հաջողվեց իրականացնել «Երկրաշարժ» ֆիլմը։ Ինձ համար հպարտության հատուկ առարկա է այն, որ կինոնկարը դիտել են Չինաստանում եւ Ճապոնիայում, աշխարհի այլ երկրներում։

Բայց «Երկրաշարժն» այնքան քննադատեցին։

Ռուսաստանում չեն քննադատել, հայհոյել են այստեղ, եւ ոչ սովորական կինոդիտողները, այլ մի ինչ-որ կինոհանրույթ։ Հայ ըկերներիս, գործընկերներիս միշտ բացատրում եմ, որ մեր նպատակն աշխարհին կատարվածի մասին պատմելն էր։ Հետո, գիտե՞ք, կա կարծրատիպային մի այսպիսի պահ. եկել են հայերն այլ երկրից, նկարում են այսպիսի ցավագին թեմա։ Հավանաբար, զայրացրել է, որ օտարները, ոչ թե իրենք։ Բայց, ըստ էության, «Երկրաշարժը» միակ ազգային ֆիլմն է, որը Ռուսաստանում հավաքել է 1 միլիոն կինոհանդիսատես կինոթատրոնում, եւ տասնյակ միլիոնավոր դիտումներ առցանց հարթակներում։ Եվ ես հիմա վաստակածի մասին չեմ խոսում, այնտեղ դա լինել չէր կարող, այլ այն մասին, որ միլիոնավոր մարդիկ ցանկացան իմանալ ողբերգության մասին։ Եվ ահա, ես կարծում եմ, որ դրանով նպաստում եմ Հայաստանի մասին տեղեկատվության տարածմանը, հայի դրական կերպարի ձեւավորմանը։ Ես մենակ չեմ դա անում, իհարկե։ Ինձնից առաջ կային մեծն Արամ Իլյիչ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը եւ հարյուրավոր այդպիսի հայեր։ Եվ հենց Երեւանի բժշկական ինստիտուտի ԿՎՆ-ի թիմն ու «Նոր հայերը»։ Մենք բոլորս զբաղված ենք մի գործով։ Մենք գրեթե ամեն մի ֆիլմում հայ ունենք, որը բարիք է բերում։ Մենք դա հատուկ չենք անում։ Դա սրտից է բխում։ Իսկ մեծ հաշվով քննադատում են ոչ միայն մեզ։ Ահա, վերջերս ներկայացվեց Ֆյոդոր Բոնդարչուկի «Ներխուժում» նոր ֆիլմի թրեյլերը («Ձգողականության» երկրորդ ֆիլմն է), ես ուսումնասիրել եմ մեկնաբանություններն ու ապշել։ Անընդհատ մտածում էի. «Մարդիկ, էս ի՞նչ եք անում»։ Նիկիտա Միխալկով, Թիմուր Բեկմամբետով, Ֆյոդոր Բոնդարչուկ. հանրահայտ մարդկանց շուրջ դժոխք է... Ինչ վերաբերում է ինձ ու Սարիկին, ապա ֆիլմերը շատ են, հավանաբար, դրա համար էլ քննադատության առումով մենք վարժվել ենք։ Բայց դա նորմալ է, առանց քննադատության զարգացում չի լինի, գլխավորը հոսքից անհրաժեշտ ու օգտակար հատիկը քաղելն է։

Դուք մի տեսակ հեռացել եք զվարճալի ժանրից դեպի լուրջ կենսական պատմություններ... «Չներվածը» ֆիլմն օրինակ։ Պատմեք դրա մասին։

Այնտեղ նույնպես քննադատություն կար. ասում էին՝ ինչպե՞ս կարելի էր շոումենին (գլխավոր դերը կատարել է Դմիտրի Նագիեւը- հեղ.) վստահել նման դերը։ Բայց երբ կինոնկարը ցուցադրվեց, ես առավոտվանից նայում էի այցելությունների թիվը եւ հասկացա. «Իզուր չէր»։ Մեզ ասում էին. սա կինո է վրեժի մասին, այնտեղ անելանելիություն է։ Իսկ ես կարծում եմ, որ ընդդիմախոսները ճիշտ չեն հասկացել գաղափարը։ Այն նախեւառաջ արդարության եւ ընտանիքի հանդեպ սիրո մասին է։ Մեկուկես տարի Վիտալի Կալոեւը արդարություն է փնտրել եւ գտավ այն։ Այո, նա օրենքի տեսակետից սխալ  ճանապարհ է ընտրել, բայց նրան ստիպել են։ Եվ այն, որ ֆիլմն այդպես «խորն ընդունվեց», մեկ անգամ եւս ապացուցում է, որ դրա սոցիալական պահանջը կար.  չէ՞ որ անարդարությանը բախվում ենք ամեն օր։ «Չներվածը» ֆիլմը ցուցադրվելուն սպասում էր հինգ տարի։ Առաջին տարբերակը գրել է ամերիկացի, իսկ հետո մենք որոշեցինք վերակենդանացնել գաղափարը՝ սցենարը տալով ռուսաստանցի  հեղինակների՝ Սերգեյ Վոլկովին եւ Ալեքսեյ Գրավիցկուն։ Ամերիկյան տարբերակն ավելի թեթեւքաշային էր, իսկ Սարիկը ցանկանում էր ցավը հաղորդել եւ այն, թե ինչպես կարող է անպատժելիությունը մարդուն հասցնել նման վիճակի։

Շարունակություն-ֆիլմերը, ինչպես, ասենք, «Ծառայողական սիրավեպը՝ մեր օրերում»-ը, լա՞վ է։ Եվ արդյո՞ք չեք վախենում դիմել նման նախագծերի։

Երբ 23 տարեկան ես, եւ առաջարկում են նկարահանել կինո, դա քո շանսն է։ Գուցե, եթե Սարիկին առաջարկեին նկարահանել մի ինչ-որ արթհաուս, նա էլ հետո կգնար այդ ճանապարհով։ Սկիզբը ճակատագրի հարց է։ Մենք չենք ընտրել ինչ նկարել, մեզ են ընտրել, իսկ մենք ընդամենը օգտվել ենք շանսից։ Ես ռեմեյքների հաշվով իմ տեսլականն ունեմ. մենք հո չենք ջնջում հինը՝ դրա փոխարեն նորն ստեղծելով։ Մենք փորձում ենք ընդամենը պատմությունը նորովի պատմել։ Մանավանդ որ քսանհինգ տարեկանների սերունդն այդ ֆիլմերի մասին ոչինչ չգիտի։ Ստացվել է, թե ոչ՝ պարզ կլինի տասը տարի հետո։ Ռուսաստանում կինո նկարահանելու հնարավորություններն այնքան էլ շատ չեն, եւ երբ ձեզ հնարավորություն  է ընձեռվում, հիմարություն է հրաժարվել դրանից։ Սարիկի առաջին ֆիլմը կոչվում էր «Լոշտակները» 21 մլն ռուբլի բյուջեով, բայց հավաքեց 143 մլն։ Այն ժամանակների համար հազվադեպ բան էր։ Այդպես էլ սկսվեց։

Ինչպե՞ս եք դուք՝ երեւանցի հասարակ տղաներդ, հայտնվել Մոսկվայում, այն էլ կինոյի «տուսովկայում»։

Մենք մինչեւ հիմա մոսկովյան «տուսովկա» չենք։ Երեւանում կա «Սիլիկյան թաղամաս» կամ Երրորդ գյուղ, այդպես է ասում ժողովուրդը, մենք այնտեղից ենք։  87-ին, երբ շատ փոքր էինք, հայրս տեղափոխվեց ղազախստանյան Կուստանայ քաղաք, երկու տարի հետո հորս մոտ գնացին մայրս եւ Սարիկը։ Մենք ավագ եղբորս՝ Արտաշեսի հետ մնացինք տատիկի մոտ եւ միայն 91 թվին գնացինք ծնողներիս մոտ: Հայրս ու մայրս մեզ ասացին. «Դուք մնում եք»: Այդ ժամանակ արդեն Հայաստանում այն տարիներն էին, երբ չկար լույս, գազ, ջուր եւ ջեռուցում, դժվար էր, դպրոցներն աշխատում էին օրական 1 ժամ, եւ մենք մնացինք, չնայած այդքան էլ չէինք ուզում... Երեք տարի հետո ծնվեց մեր քույրը, որին շատ ենք սիրում: Այնտեղ գնացինք դպրոց, ռուսերեն սովորեցինք, մինչեւ 15 տարեկանը սովորական երեխաներ էինք: Բայց մի օր ավագ եղբայրս՝ Արտաշեսը, որն այդ ժամանակ 15 տարեկան էր, մոտեցավ հորս եւ ասաց. «Ինձ համար տեսախցիկ գնիր, ուզում եմ նկարահանել սովորել»... Հայրս գնեց Panasonic M-3000՝ հսկա խցիկ, թանկարժեք... Չգիտեմ՝ այդ ժամանակ հայրս ինչ էր վաճառել. ծնողներս սկզբունք ունեին՝ չմերժել այն բոլոր հարցերում, որոնք կարող էին մեզ գիտելիքներ տալ: Արտաշեսը սովորեց նկարահանել, ու մենք սկսեցինք սյուժեներ որսալ փողոցներում, բարձրախոս գնեցինք, վազում էինք տարբեր իրադարձությունների հետեւից՝ այնտեղ հրդեհ է, այստեղ՝ ծեծկռտուք, մի այլ տեղ՝ էլի ինչ-որ բան: Ինչպես հիմա են ասում՝ դարձանք սթրիմերներ, մենք իրազեկիչներ ձեռք բերեցինք. առաջինն էինք իմանում, եթե ինչ-որ բան էր տեղի ունենում:

Հետո սկսեցինք սկավառակները փոխանցել տեղական հեռուստատեսությանը. անցակետում թողնում էինք մեր տվյալներն ու հեռանում: Երկու շաբաթ հետո մեզ զանգահարեցին, իսկ հետո 15-ամյա Արտաշեսին հրավիրեցին օպերատոր աշխատելու (նա դպրոցը շուտ է ավարտել)... Երկու տարի հետո նա խմբագրություն ղեկավարեց, ներգրավեց մեզ, սկսեցինք հաղորդումներ նկարահանել՝ զուգահեռ ՈւՀԱ-ում էինք խաղում, կինոթատրոնում, ռադիոյում աշխատում:

Գրեթե հինգ տարի մենք գյուղում թիվ առաջին տղաներն էինք, ամեն ինչ մեր ձեռքերում էր: Իսկ հետո, երբ 21 տարեկան դարձա, որոշեցինք, որ պետք է Մոսկվա գնանք: Սարիկը ցանկանում էր ռեժիսորական ընդունվել, բայց ծնողներս նրան ոչ մի տեղ թույլ չէին տալիս  գնալ... Մայրս համաձայնվեց, իսկ հայրս ասաց. «Ես դեմ եմ, որովհետեւ չեմ երազել այն մասին, որ երեք որդիներիցս ոչ մեկը կողքիս չլինի: Բայց քանի որ որոշել եք, մեկնեք: Ինձ զանգահարեք միայն այն դեպքում, երբ հետադարձ ճանապարհի փողի կարիք ունենաք, այլ օգնություն չսպասեք, սա սկզբունքի խնդիր է»: Հիշում եմ՝ մեզ մի անգամ բնակարանից վտարել էին, ստիպված էինք գիշերել կայարանում, ես նրան զանգահարեցի, սկսեցի ինչ-որ բան բացատրել: Նա հարցրեց. «Հետ գալու ճանապարհի համա՞ր»: Ասացի. «Ոչ»: Իսկ նա ինձ. «Այդ դեպքում վերջ»...

Մենք սկզբում 700 դոլար ունեինք, նստեցինք գնացք ու մեկնեցինք: Մոսկվայում տուն վարձեցինք: Սարիկն ընդունվեց ռեժիսորական, ես գիշերային ակումբում լուսավորողի գործը սովորեցի: Արտաշեսը,- նա լավ երաժիշտ է,- հնչունային ռեժիսոր էր աշխատում: Սարիկը փող էր վաստակում գիշերային ակումբում վարողի աշխատանքով... Մինչեւ հիմա հիշում եմ պատուհանագոգին դրված այդ անվերջանալի հնդկաձավարը... Զուգահեռ մեծ թվով սցենարներ էինք գրում, ընկերներ գտանք, շրջապատ ստեղծեցինք. գնում էինք ՎԳԻԿ (Կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ), աշխատում էինք ծանոթանալ ստեղծագործող մարդկանց հետ... Որոշ ժամանակ անց տուսովկա ձեւավորվեց, սկսեցին մեզ կանչել: Նկատեցին մեր՝ «Լոպուխի» կինոնկարի սցենարը, որը նախապես «Ֆիշկա» էր կոչվում... Այդ ժամանակ ես պրեդյուսեր չէի, անվճար էի աշխատում, իսկ Սարիկը սցենարի համար փողից հրաժարվեց՝ ինքնուրույն ֆիլմ նկարահանելու հնարավորության դիմաց: Մենք ցանկացած «զոհողության» դիմում էինք՝ միայն ինքնուրույն նկարահանելու համար... Հետո եղավ «Ծառայողական սիրավեպ. Մեր ժամանակներ»-ը, որը ստեղծեցինք արդեն որպես թիմ... Այդպես էլ առաջ ընթացանք...

Իսկ մի՞թե մրցակցություն չկար...

Այդ ժամանակ առանձնապես մրցակցություն չկար. տարեկան ընդամենը 4-5 դրամարկղային ֆիլմ, եւ այդ պայմաններում մենք կարողացանք մեր հանդգնությամբ եւ ինքնավստահությամբ առաջ ընթանալ: Ոչ ոք չէր հասկանում, թե մենք ով ենք, ինչ տղաներ են երկնքից իջել: Շատերը կարծում էին, որ իբր, նրանց հայերն օգնում են: Բայց մեզ ոչ ոք չէր օգնում, մենք ոչ մի հայի չէինք ճանաչում...

Լո՞ւրջ: Իսկ ինչո՞ւ չեն օգնել:

Մենք այդ ժամանակ ոչ ոքի չէինք ճանաչում, չէինք դիմում: Հիմա ես այս ոլորտում բոլոր հայերի հետ ընկերություն եմ անում, բայց որ մեզ սկզբում օգնեին, նման բան չի եղել... Չնայած ես շատերին եմ շնորհակալ: Արդեն 3 տարի մեր գործընկերն ու համապրոդյուսերն է Արմեն Անանիկյանը, 10 տարի ընկերություն ենք անում, բայց վերջերս ենք սկսել միասին աշխատել: Ինչ-որ փուլում ինձ անսահման հաճելի էր, երբ զանգում էին ու օգնություն առաջարկում. «Գեւ, գիտեմ՝ խնդիրներ կան, իմացի, որ ես կամ»: Զանգում էին ինդուստրիայից շատ կարեւոր մարդիկ... Ես հպարտանում եմ յուրաքանչյուր հայով՝ ե՛ւ Արթուր Ջանիբեկյանով, ե՛ւ Ռուբեն Դիշդիշյանով, Գեւորգ Ներսիսյանով, ե՛ւ Գարիկ Մարտիրոսյանով, ե՛ւ Միշա Գալուստյանով, ե՛ւ Ալեքսանդր Ակոպովով, ում հետ ծանոթ չեմ... Մշտապես, երբ նույն սեղանի շուրջ եմ հայտնվում «ԵԲՀ» ՈւՀԱ թիմից կամ «Նոր հայերից» տղաների հետ, նրանց կենացը կանգնած եմ խմում: Որովհետեւ եթե նրանք չլինեին, մեծ թվով ստեղծագործական մարդիկ չէին լինի, որոնք հիմա տարբեր ոլորտներում են զբաղված: Նրանք մեզ այնպիսի ուժ են հաղորդել: Նրանց շնորհիվ մենք հավատացինք մեզ, հասկացանք, որ նույնպես կարող ենք ինչ-որ բանի հասնել, եւ նրանք անկասկած, էմոցիոնալ առումով միավորել են ամբողջ հայությանը...

Դուք գեղեցիկ ընտանիք ունեք, երեք հրաշալի երեխաներ... Նրանց հետ ի՞նչ լեզվով եք շփվում:

Կինս հայուհի է, եւ սկզբում մենք ավելի շատ ռուսերեն էինք խոսում: Հետո, երբ հղիացավ, որոշեցինք անցնել հայերենի, որպեսզի երեխան մշտապես լսի մայրենի խոսքը: Այնպես որ, երեքն էլ հայերեն նույնիսկ ավելի լավ են խոսում, քան ես (ծիծաղում է – հեղ.): Կոստանայում նույնպես երկաթե օրենք կար. տանից դուրս՝ ռուսերեն, տանը՝ հայերեն... Մի անգամ Մոսկվայում օդանավ եմ բարձրանում, մի տղա է բիզնես դասում նստած, երջանկությունից ուղղակի փայլում է: Հետաքրքրվեցի, թե ինչ է պատահել, եւ պարզվեց, որ նա երկու օր առաջ էր իմացել, որ հայ է: «Ես թռչում եմ այնտեղ, որտեղ, իմ կարծիքով, իմ սիրտ ն է գտնվում,- ասաց նա՝ պարզաբանելով,- 27 տարի ապրել եմ այն բանի ըմբռնմամբ, որ իմ կյանքում ինչ-որ բան այն չէ»: Այնպես որ, արմատները շատ կարեւոր են... Բայց չեմ սիրում, երբ ցուցամոլություն են անում՝ իրենց մնացյալից վեր դասելով: Հայրենակիցներիս միշտ ասում եմ. «Ձեզ ավելի համեստ պահեք. մեր յուրաքանչյուր արարքը ազդում է անվան, իմիջի վրա, այն բանի վրա, թե ինչպես են ընկալում մեր ազգին»...

Լսել եմ, որ ձեր ծնողներին Ղազախստանից Հայաստան եք տեղափոխել...

9 տարի առաջ զանգահարեցի հորս եւ ասացի. «Եկ դու տեղափոխվիր Հայաստան: Չեմ ուզում ձեզ Ղազախստանում այցելել, ուզում եմ հայրենիք գալ»: Հայրս մինչեւ հիմա շնորհակալ է. երբ առավոտյան վաղ արթնանում է, խնամում խաղողի այգին, նա երջանիկ է: Մորս համար եւս այստեղ ավելի հարմարավետ է: Ես տարեկան մի քանի անգամ գալիս եմ, շփվում մերձավորներիս եւ ազգականներիս հետ, հանգստանում եմ, ես այստեղ նույնիսկ աշխատել չեմ կարողանում: Պարբերաբար երեխաներիս այստեղ եմ բերում հանգստանալու, այստեղ նրանց համար հանգիստ եմ... Մոսկվայում հանգիստն անչափ պակասում է. աշխատանք, խցանումներ, օրական 10 հանդիպում, ուղեղդ մշտապես լարված է՝ ում ինչ պիտի ասես, չուշանաս: Այդ ամենից սարսափելի հոգնում ես: Երբ մատուցողն այստեղ քեզ ասում է՝ «ցավդ տանեմ», նա չի փորձում քեզ հաճոյանալ, նա ուղղակի անկեղծ է, եւ սա շշմեցուցիչ է: Եվ ամեն անգամ հարազատներիս նայելով՝ մտածում եմ, թե նրանք որքան երջանիկ են, որ կարող են հենց այնպես հավաքվել ու ամեն ինչի մասին խոսել...

Զրուցեց Աննա Սաթյանը 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել