«Ժառանգ80» նախագծի նկարահանման մեկնարկը տրված է

ՇոկTok. «Բուքմեյքերների գովազդ չեմ անի». Ռաֆո Համբարձումյանը` բլոգային կյանքի, տիկտոկերներին բլոկելու մասին

Ամերիաբանկի «Դարձիր փոփոխությունը» մրցույթի հաղթող թիմը ստացավ 3 մլն ՀՀ դրամ մրցանակ

ՇոկTok. Մագա Հարությունյանը` միլիոններ աշխատելու, սիրելիից բաժանվելու եւ Քինգ Ռուզիի հետ կոնֆլիկտի մասին

ՇոկTok. Անյա Սահակյանը` տղամարդու վրա ձեռք բարձրացնելու, ոստիկանություն ընկնելու, բաց տեսարաններում նկարահանվելու մասին

«Նոյը եւ՛ ինձ է նման, եւ՛ ամուսնուս». Լյուսի

ՇոկTok. «Իմ բոլոր ուզողները հիմնականում «ճիշտ աբրած տղերք են»». Ջուլիաննա Հարությունյան (julianna_loo_)

«Սիրո հասակ». մարտի 18-ից կմեկնարկի նոր հումորային նախագիծը

ՇոկTok. «Երբ ինձ հարցնում են, կուզեիր բոյով լինել, ասում եմ ոչ». Աստվածուհի (Ելենա Վարդերեսյան)

Նոր արկածներով եւ փորձություններով հումորային սիթքոմ. «Հյուրերն անցյալից»

«Սա մի սիրո պատմություն է». Արամեի «Շատ սիրունա» տեսահոլովակի backstage-ը

Ու՞մ բաժին կհասնի տունը. Սամսոնի՞ն, թե՞ Շավոյին. «Բլբուլյանները 2»-ի նկարահանումները կադրից դուրս

#ՇոկTOK․ Աշայվին՝ Սիրուշոյի հետ հանդիպելու ցանկության, տիկին Գրետայի հետ կոնֆլիկտի մասին եւ ոչ միայն

Ինչպես են ընթանում «Պոլլի» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները

H2Օ Emotional Exposition. Kivera Naynomis բրենդի ցուցադրությունը

«Ամեն տարի գարնանը». նոր հեռուստասերիալի դերասանական կազմն ու նկարահանումները

Ի՞նչ սպասել 2022 թվականից. աստղաբան Գուրգեն Հովհաննիսյանը՝ Կապույտ ջրային վագրի տարվա մասին

Ի՞նչ դիմահարդարմամբ դիմավորել 2022-ը՝ Կապույտ ջրային վագրի տարին. խորհուրդներ Ագա Քանքանյանից

Արման ՆՈւՌ. «Անլուրջ գովազդի կարիք չունեմ, կոչումներով, ինչպես հովհարով, չեմ քողարկվում»

12:14, 28 սեպտեմբերի

Նուռի հարցազրույցներում նրան ներածականով չեն ներկայացնում. ընդունված չէ, եւ իմաստ էլ չունի։ Նրան առանց այդ էլ բոլորը ճանաչում են։ Ճանաչում են որպես Արման Նուռ, պարզապես Նուռ կամ Արման՝ ում ինչպես հարմար է։ Ի դեպ, նրա հետ զրույցում անընդհատ շփոթում էի, մեկ «Արման», մեկ «Նուռ»... Նուռի հետ հեշտ է զրուցելը, անգամ կարելի է հատուկ չպատրաստվել (նոթատետրս փակեցի, կարիքը չկար). գլխավորը, ինչպես ասում են, ալիքը բռնելն էր եւ ավելի իմաստուն չերեւալը, քանզի Նուռը իր ողջ նրբաճաշակությամբ հանդերձ՝ խոսելիս ու վարվելաձեւում, անհավանականորեն պարզ է։ Նրա մեջ մի գրամ պաթոս չկա կամ տեղի «արվեստագետներին» բնորոշ ինքնավստահություն, այն դեպքում, երբ նման ամպլուայի համար Նուռը լիքը հիմքեր ունի։ Արմանը սիրալիր դիմավորում է իր պատկերասրահի հյուրերին, որը հենց Երեւանի սրտում է՝ Հանրապետության հրապարակում, պատասխանում հարցերին, խորհուրդներ տալիս... Այստեղ չորս կողմը շքեղություն է, բայց աչք չի ծակում, չի ճչում. դրա մեջ լիքը իմաստ ու շատ սեր կա՝ արվեստի, մարդկանց, պատմության հանդեպ։ Աշխատում է Նուռը գիշերները, պատվերը սովորաբար պատրաստվում է մեկ տարվա ընթացքում. վարպետը պարզապես ժամանակ չունի եւ ստեղծագործության համար «պատուհանիկներ» է ստեղծում հանդիպումների, ուղեւորությունների արանքում։ Վերջինը Բելգիա էր...

Այդ ի՞նչ ճանապարհորդություն էր։

Դա երկարատեւ նախագծի մի մասն էր. «Ճանճը» շրջագայությունն սկսեց Ֆլորենցիայում, հետո այն ցուցադրվեց այստեղ՝ «Գաֆեսճյան» թանգարանում, հետո Լոնդոնում, Ամստերդամում, իսկ հետո թռավ Բելգիա՝ Կնոկե քաղաք... Ինձ այդ քաղաքը շատ զարմացրեց. գյուտ էր, հայտնագործություն։

Ինչո՞վ զարմացրեց։

Դե, այսպես ասենք, դա Եվրոպայի համար այնքան էլ բնորոշ տեղ չէր. ամառանոց, որը համարվում է ամենահեղինակավորներից ու թանկարժեքներից մեկը Եվրոպայում, եւ այնտեղ ապրում են շատ հետաքրքիր, հիմնականում աստղային ու հարուստ մարդիկ։ Բայց Կնոկեի գլխավոր հետաքրքրությունն այն է, որ այնտեղ մոտ հինգ հարյուր պատկերասրահ կա։ Այսինքն՝ դա մի տեսակ արտ-քաղաք է, որը ստեղծվել է արվեստի շուրջ։ Դրա համար էլ «Արտ-նոկտյուրնը», որն անցկացվում է ամեն տարի, կարծես ամփոփում է արտ-տարին, ամեն բան իր տեղը դնում... Ես իմ մի մասը թողեցի այնտեղ. մի գծով նկարեցի Կնոկե քաղաքը իմ «Ճանճի» պատվանդանին։ Այնպես որ, դա արդեն պարզապես պատվանդան չէ, այլ արտ-իր, որը հիմա դրված է քաղաքի թանգարանում։ Հիմա «Ճանճը» պատրաստվում է թռչել Ժնեւ, Փարիզ, հետո Բեյրութ, Աթենք, իսկ եկող տարի ծրագրում է հատել օվկիանոսը։ Մինչեւ 2022 թվականը «Ճանճի» ծրագրերում 74 երկիր կա...

Հարցազրույցներից մեկում ասացիք, որ ճանճը մեկ ուղղությամբ չի շարժվում։ Իսկ Դո՞ւք։ Դուք ճա՞նճ եք։

Ոչ, նուռ եմ (ծիծաղում է)... Ես էլ, ինչպես տեսնում եք, արվեստում մեկ ուղղության վրա կախված չեմ մնում։ Ինչ-որ մեկն ինձ գիտի քանդակներով, ինչ-որ մեկը՝ նկարներով, ինչ-որ մեկն էլ՝ ոսկերչական իրերով։ Եվ հավատացեք, շուտով ինձ կճանաչեք էլի մի նոր դրսեւորմամբ... Թե ինչպիսին՝ չեմ ասի, բայց շուտով, մինչեւ Նոր տարի, ձեզ կզարմացնեմ իմ նոր դրսեւորմամբ։ Լրիվ անսպասելի։

Ինչպե՞ս է դա պատահում։ Այ, Դուք հանկարծ զգում եք, որ կարող եք էլի՞ ինչ-որ բան անել։

Շատ դժվար է բացատրել, թե ինչպես է դա տեղի ունենում։ Ինքդ էլ ես զարմանում, որ հանկարծ քեզ ինչ-որ գաղափար է այցելում, որովհետեւ, ըստ էության, ոչինչ դրա մասին չէր վկայում. դու դրա հետ նախկինում ոչ մի կերպ չէիր առնչվել, բայց այն գալիս է ու դառնում քո մի մասը...

Չէի ցանկանա կարծրատիպային հարցեր տալ, բայց, ախր, պատահում է, չէ՞, որ մի օր հասկանում ես՝ վե՛րջ, փակուղի է։ Թե՞ Ձեզ հետ այդպես չի պատահում։

Մինչեւ որոշակի պահի ինձ հետ նման բան չի պատահել, իսկ երբ կարճ ժամանակով պատահել է, դա ինձ խիստ վախեցրել է...

Դուք միանգամից չուզեցիք ստեղծագործե՞լ, աշխատե՞լ։

Դե, ոչինչ չէր ուրախացնում։ Գաղափարները լավն էին, գժական, բայց չէին ուրախացնում։ Իսկ եթե այսպես է, դու չես կարող աշխատել։ Ձեռքերդ վար են իջնում։ Լավ է, որ անցավ, եւ հիմա վերելքը հարյուրապատիկ ուժգին է, քան առաջ։ Գեներատորն աշխատում է ամբողջ թափով։ Եվ ես պատրաստվում եմ լուրջ թռիչքի։

Շուտով հերթական անգամ բարձրանալու եք Արարատ։ Գիտեմ, որ բարձրացել եք նաեւ Կիլիմանջարոն... Դուք այդպես փորձում եք դատարկվե՞լ։ Եվ ո՞ր լեռն էր ավելի դժվար բարձրանալ։

Այո, լրիվ դատարկվում ես։ Բարձրանալուց հետո միանգամայն մաքուր ու հանգիստ ես։ Ամբողջ կուտակվածը քեզանից դուրս է գալիս։ Դու, բառի լավ իմաստով, դատարկ ես... Իսկ լեռները շատ տարբեր են. Կիլիմանջարոն բարի լեռ է, պարզապես ֆիզիկապես պետք է պատրաստ լինել նման «զբոսանքի»։ Իսկ Արարատից հետո դա իսկապես զբոսանք է։ Արարատը ոչնչացնում է։

Ես փորձեցի ինչ-որ կերպ բացատրել. լեռը ցանցկեն է, շնչող, նրանից ոչ մի կաթիլ ջուր չի հոսում։ Բայց փոխարենը գազեր են անջատվում, դու դրանք շնչում ես, ու սկսվում է խելագարությունը։ Սեզոնից կախված՝ իհարկե։ Օգոստոսին ու սեպտեմբերին լեռն արդեն չոր է։ Իսկ մայիս-հունիսին պարզապես մղձավանջ է...

Ընդունված է Ձեզ անվանել «նորաձեւ նկարիչ». քանի անգամ այդպիսի արձագանքի եմ հանդիպել... Դուք ձեզ նորաձեւ զգո՞ւմ եք։

Ես կարծում եմ՝ դրանում ինչ-որ, թույլ տվեք ասել, լրագրողական մակերեսայնություն կա։ Մոդայիկ արվեստագետ կարելի է լինել մեկ տարի, իսկ ես Նուռ եմ արդեն քսան տարի...

Եվ Դուք պարգեւներ ու կոչումներ ունեք... Ինչպես՞ եք վերաբերվում դրանց։

Շատ հանգիստ եմ վերաբերվում։ Եվ երբեք դրանցով չեմ ներկայանում։ Պետական պարգեւները, մեդալները եւ այլն՝ այդ ամենը կա, բայց եւ, եթե ես հարցազրույցի եմ գնում, ինձ ներկայացնում են՝ Նուռ։ Իմ անունը հենց իմ կոչումն է... Մնացածն այն է, ինչից հրաժարվելու իմաստ չեմ տեսնում. հրաժարվել՝ նշանակում է մի ավելորդ անգամ փիառ անել ինքդ քեզ։ Ես նման անլուրջ գովազդի կարիք չունեմ, կոչումներով, ինչպես հովհարով, չեմ քողարկվում։

Այդ դեպքում եւս մեկ հարց. արվեստագետի եւ իշխանության փոխհարաբերությունների մասին հաճախ է խոսվում։ Ո՞րն է դրանց կատարյալ վիճակը՝ հատկապես հաշվի առնելով այն, որ արվեստն ինքն իրեն մեր երկրում կերակրել չի կարող։

Երբ իշխանությունը մոտենում է արվեստին, դա նրան պատիվ է բերում։ Պատահել է՝ ինձ ասել են, որ պալատական արվեստագետ եմ։ Նման դեպքերում ես պատասխանում եմ՝ շնորհակալություն, եւ հիշեցնում, որ թե՛ Միքելանջելոն էր պալատական, թե՛ դա Վինչին ու Վերդին, եւ Մոցարտը...

Իսկ հիշո՞ւմ եք Ձեր առաջին իրը, որը նկատեցին լուրջ մակարդակում։

Այո՛, քսան տարի առաջ էր։ Մոսկվայում։ Քանդակ էր «Հանճարը» շարքից, որն արժանացավ 29 գրան-պրիի հնարավոր բոլոր միջազգային ցուցահանդեսներում։ Այն իմ թալիսմանն է։ Այցեքարտս։ Դրանով ճանաչում են ինձ։

Որտե՞ղ Ձեզ առաջին անգամ ճանաչեցին՝ այնտե՞ղ, թե՞ մեզ մոտ:

Այնտեղ: Հայրենիքում ինձ վրա ուշադրություն դարձրին այն բանից հետո, երբ արտասահմանում առաջին մրցանակներն ստացա: Ցավոք, այդպես չպետք է լինի, դա սխալ է: Ես շատ կցանկանայի, որ պետությունը նկատեր իր հպատակներին՝ իր այն երեխաներին, որոնք հետո արտասահմանում երկիրը ներկայացնում են լավ լույսի ներքո:

«Հանճարի» հետ առաջին ուղեւորությունը ծա՞նր էր:

Այնքան ծանր, որ հետս ոչինչ չունեի, բացի հետադարձով տոմսից: Անգամ սուրճի փող չունեի: Քնելու տեղ չունեի, ուտելու տեղ չունեի: Անգամ ցուցահանդեսային տարածք չկար: Ես տաղավար մտա եւ տեղում սկսեցի փնտրել: Բարեբախտաբար, ընկերներս օգնեցին, իսկ աշխատանքը նկատեցին, նշեցին, եւ ես վերադարձա արդեն դրամական պարգեւով, երջանիկ...

Սուրճ գնեցի՞ք:

Ե՛վ սուրճ, ե՛ւ գործիքներ հետագայում աշխատելու համար... Ես սկսել եմ զրոյից, մինուսից, առանց որեւէ մեկի օգնության: Մինչեւ հիմա ոչ մեկի աջակցության կարիքը չունեմ: Երբեք ոչ մեկից ոչ մի օգնություն չեմ ընդունել: Եթե որեւէ մեկը կասի, որ երբեւէ ինձ օգնել է՝ ֆինանսապես կամ էլի ինչ-որ կերպ...

Կխաբի՞...

Այո՛, կխաբի: Ես ահա հիմա դա հայտարարում եմ. թող որեւէ մեկն ասի, ես կպատասխանեմ, որ այդպես չէ...

Գործիքները թանկ հաճո՞ւյք են:

Բնականաբար: Դրանք մշտապես մաշվում են, եւ անհրաժեշտ է նորերով ապահովվել, իսկ հընթացս էլ հետեւել տեխնոլոգիաներին, որոնք ամեն օր կատարելագործվում են...

Ես աստիճանաբար հանգում եմ այն մտքին, որ Ձեզ, ըստ էության, հաջողվել է արվեստը միահյուսել բիզնեսին... Թե՞ սխալ եզրահանգում է:

Իրականում՝ ոչ: Եթե ես բիզնես մտնեի, ապա արդեն արտադրություն հիմնած կլինեի: Հիմա դա բավական հեշտ է անել... Բիզնեսմեններից ոչ մեկն ինձ չի հասկանում: Ասում են. «Դու ի՞նչ է՝ խելագա՞ր ես: Ինչո՞ւ դա չես անում: Կարող ես մեծ փող վաստակել»... Առաջարկում են արտադրել Limited edition ձեւաչափով՝ ինչպես անում են բոլորը: Բայց իմ աշխատանքները եղել եւ մնում են մենահատ, երբեք չեն կրկնվում, ստեղծվում են իմ ձեռքերով:

Քարերը ֆանտաստիկ են... Հայկակա՞ն են:

Ոչ միայն: Ես շատ եմ ուղեւորությունների մեկնում, բերում եմ: Իրականում Հայաստանում քարերի դեֆիցիտ չկա: Խնդիրը դրանք օգտագործելու տեխնոլոգիայի մեջ է: Քարը կարելի է այնպես ձեւավորել, որ անմիջապես աչքի զարնի եւ զարմանք հարուցի, բայց կարելի է այն ընդհանրապես աննկատ դարձնել: Իրականում ցանկացած նյութի հետ անհարմարավետություն չունեմ, ոչ մի առաջնահերթություն:

Ձեզ դա որեւէ մեկը սովորեցրե՞լ է:

Դե, ես սովորել եմ ինստիտուտում, բայց նյութերի բազմազանությունն անհնար է սովորեցնել: Տեխնիկան էլ մշակվում է գործընթացում: Պիտի բնույթը քո միջով անցկացնես, հասկանաս՝ ինչպես է ամենն աշխատում, ինչպես են միմյանց հետ փոխգործակցում: Կարելի է մոտեցում գտնել ցանկացած հումքի հանդեպ: Չի եղել այնպես, որ ասեի՝ ահա այս նյութն անհաղթահարելի է:

Դուք բազմանիստ արվեստագետ եք՝ թե՛ քանդակներ, թե՛ մետաղի հետ քարեր, թե՛ նկարներ... Մի՞թե երբեք ընտրության խնդիր չի եղել:

Ես նաեւ օծանելիք եմ պատրաստում... Սա «Սաթենիկ» հավաքածուն է: Ինչպես հայտնի է, նա հայոց թագուհի է, որը 6 տարի մերժել է Արտաշես թագավորին: Բայց նա նվաճել է Սաթենիկի սիրտը՝ Արտամետ գյուղում (հիմա Թուրքիայի տարածքում է) դղյակի շուրջ խնձորենիներ տնկելով. դրանց գույնն ու բույրն այնքան շշմեցուցիչ էր, որ թագուհին սիրահարվել է: Այս բույրը ստեղծելու համար ես մեկնեցի Արտամետ գյուղ, տնկիներ բերեցի, տնկեցի եւ ծաղկից այս բույրը ստացա՝ այնքան օրգանական է եւ հարազատ: Բուն զարդը կոչվում է «բոժոժազարդ», որը նաեւ հնչեղ է, իսկ երբ բացվում է, քաղցրաբույր է տարածում... Ինչ վերաբերում է ընտրության խնդրին, ապա, իհարկե, եղել է...

Ինչի եւ ինչի միջեւ:

Ամեն ինչի եւ ամեն ինչի միջեւ: Ամեն ինչի, որ ինձ գրավել է, դուր է եկել: Ես երեք բուհ եմ ավարտել եւ ոչ մի կերպ չէի կարողանում կանգ առնել: Ուզում էի բժիշկ դառնալ: Ընկերներս ու հարազատներս տարհամոզեցին, ասացին. «Լսի, բավական է, գնա աշխատի»... Եվ մինչեւ հիմա բժշկության հանդեպ ձգտում կա...

Ո՞ր ոլորտում:

Ես լավ նեյրովիրաբույժ կլինեի. զգում եմ, որ կկարողանայի, իմ ձեռքերը դրան են հարմարեցված...

Երբ աշխատում եք, երաժշտություն լսո՞ւմ եք:

Անպայման: Եվ միայն դասական. այն թույլ է տալիս կենտրոնանալ եւ թեւավորում է: Իսկ ընդհանրապես ջազ եմ սիրում՝ կոշտ, ոչ լաունջ: Եվ որ լայվ լինի՝ պարտադիր ելույթ, ոչ ստուդիական... Երաժշտությունն ուղեկից է, որը քեզ այլ իրականություն է փոխադրում, թաքցնում արտաքին աշխարհից:

Ձեր ոսկերչական աշխատանքները պարզ չես որակի: Ըստ իս, իհարկե, ճոխություն են, բայց պլյուս նշանով...

Յուրաքանչյուր շքեղ աշխատանք խորը փիլիսոփայություն ունի. ինչու է այսպիսին, ինչու է հենց այսպես ստեղծվել: Ի վերջո, ո՞ւմ համար է պատրաստվել: Չէ՞ որ հնագույն ժամանակներից զարդը կարգավիճակ է նշանակում: Այն ցույց տալիս, թե ով ես դու...

Սա «Մարիա Կյուրի» ականջօղն է, այնտեղ «Կոկո Շանելն» է, կա նաեւ «Մոմիկ»՝ նվիրված ճարտարապետ Մոմիկին, եւ Սաթենիկ... Օրինակ՝ Մարիա Կյուրին ասկետ կին էր, երբեք զարդեր չի կրել, բայց ես նրա գիտությունը միահյուսել եմ զարդերին. եթե նկատեցիք, ականջօղերի վրա բանաձեւեր են:

Այսպիսի աշխատանքները թույլ են տալիս բացել ժամանակի դռները: Ես իմ հերոսներին ուսումնասիրում եմ, նույնիսկ նրանց ներկայությունն եմ զգում: Իսկ շատ շուտով նոր հավաքածու կլինի. այն մարդկային զգացմունքների մասին է: Հավաքածուներից մեկը այդպես էլ կկոչվի՝ «Զգացմունքներ», հաջորդը՝ «Խորություն» եւ եւս մեկը՝ «Ներխուժում»: Նաեւ կներկայացվի իմ գեղանկարների հավաքածուն. այն կմիանա «Ճանճին» եւ կկոչվի «Ներսից»:

Ինչի՞ ներսից:

Քո իսկ ներսից: Սա ինքներս մեր ներսը նայելու փորձ է, նախքան որեւէ մեկին դատելն ու մեղադրելը: Այն մարդկանց ցույց կտա, որ ներսից մենք միեւնույն բաղադրությունն ունենք...

Այո՞: Ես, այնուամենայնիվ, հույս ունեի, որ այդպես չէ...

Դե, ստիպված ենք այս փաստն ընդունել (ծիծաղում է):

Պատահե՞լ է, որ ձեր աշխատանքը որեւէ մեկին սկզբունքորեն չեք վաճառել:

Բազմիցս: Ես հասկանում էի, որ մարդը գնում է չընկալելով, ուղղակի այն պատճառով, որ վարկանիշային է: Ինձ համար անչափ կարեւոր է, թե այն ով է կրելու, ինչպես է կրելու... Սա իմ իմիջի, «մակնիշի» հարցն է...

Մասնագիտական այսպիսի պաշարով հանգիստ հնարավոր էր իրացվել արտասահմանում ինչ-որ տեղ... Այդպիսի մտքեր չե՞ք ունեցել:

Վերջերս մի պատմություն պատահեց: Մեր կառավարության գործունեության ինչ-որ ուղղությունից դժգոհություն հայտնեցի եւ գրեցի, որ եթե այսպես շարունակվի, կհեռանամ: Ու սկսվեց... Փոստս պայթում էր առաջարկներից. օրական 100-120 նամակ էի ստանում... Իրականում կարող եմ հեշտորեն իրացվել որեւէ տեղում: Ինձ անհրաժեշտ է միայն փոքր ճամպրուկ առաջին օրվա համար, եւ վերջ: Անգամ գործիքները կտան: Բայց ես դա չեմ անի: Որովհետեւ եթե գնամ, ապա ո՞վ է մնալու: Յուրաքանչյուրը, ով մտածում է հեռանալու մասին, իրեն պետք է այս հարցը տա: Իշխանությունն ու կոնյունկտուրան գալիս եւ գնում են, իսկ ես՝ Նուռս, եղել եմ եւ կմնամ այս երկրում:

Աննա Սաթյան

Լուսանկարները՝ Արման Նուռի Facebook-յան էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ