Քչերին է հայտնի, որ իտալական Emporio Armani ապրանքանիշի՝ տղամարդկանց շարքի դիզայներներից մեկը հայ է: Ռիմա Կազումյանը ներկայում հայտնի ապրանքանիշի Senior դիզայներ է: Հենց նրա ստեղծած հագուստներով են Emporio Armani-ի մոդելները փայլուն համաշխարհային բեմերում:
Չնայած խիստ զբաղվածությանը, Ռիմա Կազումյանը ժամանակ գտավ պատասխանել NEWS.am STYLE-ի մի քանի հարցերին:
Ռիմա, մանկության տարիներին սիրո՞ւմ էիք Ձեր տիկնիկների համար հագուստ կարել:
Այո, իհարկե, ինչպես շատ աղջիկներ: Բայց ընտանիքիս շնորհիվ ես սկսեցի դրանով լրջորեն, պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվել:
Պատմեք, խնդրեմ, ե՞րբ եւ ինչպե՞ս է սկսվել Ձեր դիզայներական կարիերան:
Ես մանկության տարիներից հասկացա, որ ցանկանում եմ դիզայներ դառնալ: 11 տարեկանում սկսեցի «Ատեքս» նորաձեւության կենտրոնում նկարչության դասերի հաճախել: Դրան հետեւեցին գրաֆիկայի, մոդելավորման, հագուստի դիզայնի կուրսերը:
Իմ առաջին դիզայներական փորձն «Առաջին քայլ» մրցույթում էր, որտեղ ես առաջին տեղը գրավեցի: Այն ժամանակ 17 տարեկան էի: Հետո մասնակցեցի «Русский Силуэт» մրցույթին եւ արժանացա Գրան Պրի մրցանակի: Դրան հետեւեցին բազմաթիվ այլ հեղինակավոր մրցույթներ եւ պարգեւներ:
Իսկ ի՞նչ բարձրագույն կրթություն ունեք:
Ես ավարտել եմ Երեւանի Գեղարվեստի ակադեմիան, հետո սովորել եմ Լոնդոնում, Saint Martins քոլեջում, այնուհետեւ՝ Ֆլորենցիայում, Accademia Arte&Moda-ում: Ընդունվել եմ նաեւ Միլանի Istituto Marangoni-ի Master Design-ի բաժին: Գերազանց ավարտելուց հետո իրավունք ստացա մասնակցել ինստիտուտի լավագույն ուսանողների ցուցադրությանը:
Ինչպե՞ս հայտնվեցիք Emporio Armani-ում:
Istituto Marangoni-ն ավարտելուց հետո ինձ հրավիրեցին փորձաշրջան անցնել Frankie Morello-ում, իսկ հետո արդեն՝ Emporio Armani-ում: Փորձաշրջանից հետո առաջարկեցին ապրանքանիշի գլխավոր դիզայների օգնականի պաշտոնը: Այնուհետեւ սկսեցի աշխատել որպես դիզայներ, իսկ հիմա արդեն senior designer եմ:
Ինչո՞ւ հենց տղամարդկանց շարք: Այդպես ստացվե՞ց, թե՞ Դուք ընտրեցիք ուղղությունը:
Կարծում եմ՝ տղամարդկանց նորաձեւությունում աշխատելը հիմա ավելի հետաքրքիր է: Այն ավելի ինտենսիվ է զարգանում, իսկ ստեղծագործելու, երեւակայելու հնարավորությունն ավելի շատ է:
Ե՞րբ կթողարկվի Ձեր մասնակցությամբ արված հաջորդ հավաքածուն:
Emporio Armani-ի հաջորդ ցուցադրությունը կայանալու է 2014 թվականի հունվարին, Միլանի նորաձեւության շաբաթվա ընթացքում:
Ձեր կարծիքով, կա՞ որոշակի մանրուք, որը պետք է անպայման առկա լինի հենց հայ տղամարդկանց հագուստում:
Ցավոք, հայ տղամարդիկ շատ միատոն են հագնվում: Օգտվելով առիթից՝ կցանկանայի նրանց կոչ անել ավելի շատ բաց գույների հագուստ հագնել, ուշադրություն դարձնել աքսեսուարներին, մանրուքներին: Հաճախ սխալ ընտրված աքսեսուարները փչացնում են ամբողջ արտաքին տեսքը: Կարեւոր է, որ տղամարդիկ ոչ այնքան նորաձեւ, որքան նորաոճ տեսք ունենան: Ի դեպ, այդ վերաբերում է նաեւ կանանց:
Գտնել սեփական ոճը, անհատականությունը, միաժամանակ՝ հետեւել նորաձեւության միտումներին. ահա ինչին պետք է ձգտեն մեր տղամարդիկ: Այդ դյուրին չէ, հարկավոր է իմանալ նորաձեւության ժամանակակից ուղղությունները, նորաձեւության բնագավառում որոշակի գիտելիքներ ունենալ:
Ի դեպ, հայ տղամարդկանց մասին: Ընտրյալ ունե՞ք: Եթե այո, արդյո՞ք հայ է:
Ոչ, առայժմ ես ազատ եմ:
Հայաստանում վաղո՞ւց եք եղել:
Որպես կանոն, Հայաստան գալիս եմ արձակուրդներին: Ես աշխատանքային խիտ գրաֆիկ ունեմ եւ, ցավոք, հաճախ չեմ կարողանում տանը լինել: Բայց շատ եմ կարոտում: Երեւանում իմ տունն է, իմ հարազատները, ընկերները:
Եվ վերջում. կա՞ ինչ-որ բան, որ կցանկանայիք ասել NEWS.am STYLE-ի ընթերցողներին:
Ես մեր բոլոր ընթերցողներին ցանկանում եմ երջանկություն, առողջություն, հաջողություն բոլոր գործերում եւ բարեկեցություն:
Մարինա Ադուլյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 28 օգոստոսի
Ժամանակից ու դարաշրջաններից դուրս․ կես միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը կաշխատի հազար տարի22:20, 28 օգոստոսի
Կատարյալ մանիպուլյատորներ. ինչու է հասարակությունն անպաշտպան թաքնված հոգեպաթների առջև21:31, 28 օգոստոսի
Փախուստ քաղաքակրթությունից. ինչու են մոլորակի ամենահարուստ մարդիկ հանգստավայրերի փոխարեն ընտրում անտառային խորքերն ու վայրի բնությունը20:19, 28 օգոստոսի
Բուրգունդի՝ այս աշնան ամենաշքեղ գունային թրենդը19:28, 28 օգոստոսի
Samsung-ը պարտավորվել է Swatch-ին վճարել 11.6 միլիոն դոլար՝ շքեղ ժամացույցների դիզայնի պատճենահանման համար16:16, 28 օգոստոսի
Հայտնաբերվել է Հիսուս Քրիստոսի «իսկական գերեզմանը» 2000 տարի ա՞նց15:49, 28 օգոստոսի
Սիդնի Սվինին՝ մերկ և մատը բերանում. դերասանուհին թողարկել է իր ամենապրովոկացիոն ներքնազգեստի գովազդը15:21, 28 օգոստոսի
Hermès-ը մետաքսե թելեր է հյուսում նոր Arceau ժամացույցի ցուցատախտակի մեջ14:37, 28 օգոստոսի
Քանյե Ուեսթը այս տարի չեղարկված համերգներից վաստակել է ավելի քան 25 միլիոն դոլար14:19, 28 օգոստոսի
«2002–ի նյարդային խանգարման ուրվականը». Ընկերները տագնապ են բարձրացնում Ջենիֆեր Լոպեսի խելահեղ մարաթոնի պատճառով13:17, 28 օգոստոսի
«Սա կեղտոտ հնարք է». Ջեյն Ֆոնդան քննադատել է Paramount-ին՝ Մարկ Ռուֆալոյին «լռեցնելու» փորձի համար՝ մեղադրելով հակասեմականության մեջ12:50, 28 օգոստոսի
«Միսս ԱՄՆ»–ի մասնակիցը պատմել է, թե ինչպես է նիհարել 77 կգ զվարճանքի այգում ամոթալի միջադեպից հետո