Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Համասյանի ու Ռիք Ռոզատոյի երաժշտությունը՝ ARARAT-ի լեգենդար համի ու Ձիթողցյանի կտավների ուղեկցությամբ

ՇոկTok. «Մարդիկ ինձ են օգնում. ես եմ որոշում օգնել ընտանիքների, թե`ոչ». Տարոն Սարգսյան

Ի՞նչ է գեղեցկությունը, ի՞նչ բարդույթներ են ունեցել տիտղոսակիր գեղեցկուհիներն ու ինչպե՞ս են կարողացել «հաշտվել» իրենց արտաքինի հետ (ֆոտո)

14:31, 7 ապրիլի

Ապրիլի 7-ը Մայրության ու գեղեցկության օրն է, եւ եթե մայրությունն, ինքնին, գեղեցիկ է բոլորի աչքերում, գեղեցկությունը, նորաձեւության միտումներով ու հանրային կարծրատիպերով պայմանավորված, հարաբերական հասկացություն է: Սակայն ավելի բարդ է ոչ թե դիմացինի կարծիքով տգեղ լինելը, այլ հենց ինքդ քո, քանի որ դիմացինը քո կողքին ժամանակավոր է, իսկ քո սեփական կարծիքը ճնշում է քեզ ամեն վայրկյան` բերելով տրամադրության անկման, ընկճախտի ու հոգեբանական այլ խնդիրների, որոնք անդրադառնում են կյանքի բնականոն ընթացքին` զրկելով քեզ վայելելու այն:

Արտաքին բարդույթները մեր ընկալման արդյունքում են ստեղծվում, որոնց առաջացման ճանապարհին մեծ է նաեւ մեզ շրջապատող մարդկանց դերը: Հաճախ մարդիկ մեր արտաքինում կարող են այնպիսի բաներ մատնանշել` բնորոշելով դրանք «թերություն», այնուհետեւ խորհուրդ տալով «փոքրիկ միջամտության» կամ «հատուկ make up-ի օգնությամբ» «շտկել», որոնց գոյության մասին մենք` ինքներս, հնարավոր է` երբեք էլ չկռահեինք ու թերություն չհամարեինք...

Իհարկե, երբեմն, լինում է նաեւ հակառակը` երբ հենց մենք ենք կետրոնանում մեր դեմքի կամ մարմնի ինչ-որ հատվածի վրա ու ստիպում դիմացինին էլ հավատալ, որ այն տգեղ է, մինչդեռ հնարավոր է` վերջինը, նույնիսկ, «չկասկածեր» այդ մասին:

nrm_1424375652-atlas-of-beauty-intro.jpg (58 KB)

Բարդույթները որքան էլ կյանքը ծանրացնող երեւույթներ են, նույնքան թեթեւ է դրանց «բուժումը», երբ սկսում ես «թերություն» բառը փոխարինել «յուրահատուկ»-ով եւ սիրել քեզ այնպիսին, ինչպիսին` կաս. չէ՞ որ, իրական գեղեցկությունը երբեք էլ չի ունեցել չափանիշներ, ինչի լուռ վկան հենց ժամանակն է: Բավական է թերթել տարբեր ժամանակահատվածների լուսանկարները` տեսնելու համար, թե որքան տարբեր ընկալումներ են եղել գեղեցկության վերաբերյալ` մի ժամանակ սուր դիմագծերն էին «գեղեցիկ», մեկ այլ շրջանում` նեղ շուրթերը, ոմանք կարծում էին` բարակ հոնքերն են «գեղեցիկ», այսօր էլ կանայք չեն պատկերացնում իրենց առանց արտահայտիչ հոնքերի եւ հաստ շուրթերի... Եվ միայն մի չափանիշ է, որն ընդհանուր է բոլոր դարաշրջաններում` այն հասկացությունը, որ գեղեցկությունը ներքինից է բխում եւ այն յուրահատկության մեջ է:

Մոդելների ու գեղեցության մրցույթների մասնակիցների մասին կարծրատիպերը եւս հասարակության ամենասիրելի քննարկումներից են, սակայն դրանցից մեկը, միանշանակ, կարող ենք կոտրել՝ «բացահայտելով», որ անգամ տիտղոսակիր գեղեցկուհիները որոշակի բարդույթներ հաղթահարելուց հետո են միայն ուժ գտել բարձրանալու մրցութային հարթակ:

NEWS.am STYLE-ը զրուցել է նրանցից մի քանիսի հետ, պարզել, թե ինչ բարդույթներ են ունեցել, ինչպե՞ս են հաղթահարել դրանք ու, արդյոք, կարողացե՞լ են մինչեւ վերջ ներդաշնակ դառնալ իրենց արտաքինի հետ:
Ի դեպ, շատերը բարդույթները հաղթահարելու ճանապարհին դիմում են արտաքին միջամտությունների, ինչը եւս ներդաշնակության հասնելու միջոց է, սակայն մեր խորագրում ներառված գեղեցկուհիները, թեեւ չեն քննադատում պլաստիկ միջամտությունները, իրենք այդ քայլին չեն դիմել, եւ ընտրել են սեփական արտաքինը, պարզապես, սիրելու ու ընդունելու ճանապարհը:

Միրնա Բզդիգյան. «Կարծում էի, որ գեղեցիկ են միայն այն աղջիկները, որոնք ունեն կապույտ կամ կանաչք երանգի աչքեր, շեկ մազեր, իսկ ես լրիվ հակառակն էի»...

277885511_659802271990905_4458506326680178036_n.jpg (83 KB)

«Միսս Աշխարհ Արմենիա 2021» տիտղոսին արժանացած Միրնա Բզդիգյանը երբեք իրեն չի համարել գեղեցկուհի ու չի էլ կարծել, որ մի օր մասնակցելու է գեղեցկության մրցույթի, եւ որ ամենակերեւորն է՝ հաղթելու է այն:

«Իմ կարծիքով աղջիկներից շատերն ունեն արտաքինի՝ դեմքի կամ կազմվածքի հետ կապված բարդույթներ: Ինքս 13-14 տարեկանում սկսեցի ուշադրություն դարձնել արտաքինիս, քանի որ ընկերուհիներս միշտ շպարվում էին, իսկ ես բնույթով շատ սպորտային էի, եւ դա իմ պատկերացումների մեջ չէր մտնում, եւ այդ շրջանում միայն սկսեցի մտածել արտաքին տեսքիս մասին: Չեմ կարող ասել, թե ինձ տգեղ էի համարում, բայց այդ տարիքում ինձ գեղեցիկ էլ չէի համարում, քանի որ կարծում էի, որ գեղեցիկ են միայն այն աղջիկները, որոնք ունեն կապույտ կամ կանաչք երանգի աչքեր, շեկ մազեր, իսկ ես լրիվ հակառակն էի: Երբ այդպիսի արտաքինով աղջիկների էի հանդիպում, մտածում էի՝ ինչ գեղեցիկ են նրանք, ես այդպիսին չեմ: Դա որոշ ձեւով ազդում էր իմ ընկալումների վրա»,-պատմում է Միրնան, որը, ինչպես շատ բարձրահասակ աղջիկներ (նրա հասակը 179 սմ է), ժամանակին բարդութավորվել է նաեւ իր հասաակիցներից ավելի բարձր լինելու պատճառով.

«Այդ նույն տարիքում արդեն 170 սմ հասակ ունեի, իսկ ընկերներուհիներս ու, նույնիսկ, դասարանիս տղաներն ինձանից ցածրահասակ էին, ու ինձ թվում էր, որ ես կանացի չեմ, սակայն 16-17 տարեկանում հասակիս հետ կապված բարդույթն անցավ՝ պայմանավորված լողով զբաղվելով, քանի որ այնտեղ դա առավելություն էր դիտվում»:

Միրնայի խոսքով՝ իրեն, հատկապես, բարդութավորել են հասակի հետ կապված համեմատությունները, որոնք եղել են ոչ միայն դասարանցիների, այլեւ՝ ուսուցիչներից մեկի կողմից, որը «Միսս Աշխարհ Արմենիա»-ի ապագա տիտղոսակրին համեմատել է լուսաֆորի հետ:

«Կողքից լսում էի, որ շատերն ասում էին՝ «Աղջկա համար նա շատ բարձրահասակ է», կամ՝ «Իր տարիքի համեմատ բարձրահասակ է», «Կանացի չէ» եւ այլն»:

277864044_1132974943942721_4036018837200428525_n.jpg (73 KB)

Միրնան ասում է, որ իր բարդույթներն իր վրա հոգեբանական որեւէ ազդեցություն չեն ունեցել, չնայած այն փաստին, որ հաճախ նեղացրել են, ստիպել, որ իրեն անինքնավստահ զգա:

«Հաճախ էի երկար նայում հայելու առաջ մինչ ընկերներիս հետ դուրս գալը, փորձում էի հասկանալ՝ արդյոք բավարար գեղեցի՞կ եմ, ի՞նչ կմտածեն մարդիկ ինձ նայելով: Ցածր կոշիկներ էի միշտ հագնում, որպեսզի ավելի բարձրահասակ չերեւամ, բայց որքան մեծացա, այդքան այդ բարդույթները հեռացան, եւ 17 տարեկանում ինձ ավելի վստահ էի զգում: Ինձ չէի համարում գեղեցկուհի, բայց արդեն բարդույթները վերացան: Հասկացա, որ հասակս լողի մեջ ինձ օգնում է,  եւ այն չէ, որ պետք է որոշի իմ կանացի լինել-չլինելը կամ խոչընդոտի, որ ընկերներիս հետ ցանկանամ դուրս գալ զբոսանքի»:

Գեղեցկուհին նշում է, որ ինքն իրեն ընդունելու ճանապարհին պակաս ոգեւորիչ չեն եղել ընկերների խոսքերը, որոնք փաստել են, որ իրեն ընդունում ու սիրում են հենց այնպիսին, ինչպիսին ինքը կա:

«Եղել են դեպքեր, երբ ընկերներիս հետ կիսվել եմ իմ բարդույթներից ու նրանք էլ նշել են, որ իրենց համար միայն կարեւոր է, որ ես լինեմ իրենց հետ՝ անկախ իմ շպարից, հագ ու կապից, դիմահարդարումից կամ հասակից: Իհարկե, երբ ծանոթանում ենք ինչ-որ մեկի հետ, առաջին բանը, որը նրան գրավում է, մեր արտաքինն  է լինում, բայց արտաքինն այնքան շուտ կարող է մարդուն անհետաքրքիր դարձնել, երբ նա սխալ պահվածք դրսեւորի: Առհասարակ, ցանկացած բարդույթ կվերանա, երբ մի օր մենք մեզ ընդունենք այնպիսին, ինչպիսին կանք: Մի անգամ, ինքս իմ մեջ խորհելով, սկսեցի փնտրել իմ առավելությունները, եւ հասկացա, որ աշխարհում չկան կատարյալ մարդիկ, ու յուրաքանչյուրն ինչ-որ մի թերություն ունի, բայց երբ մենք ընդունում ենք մեր թերություններն ու դրանք դարձնում ուժ, վերածվում ենք հաջողակ մարդկանց: Ես հիմա շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ տվել է նման հասակ ու դիմագծեր, քանի որ ինձ գնահատելու են ոչ թե արտաքինիս, այլ ներքինիս համար: Իհարկե, այս գիտակցմանը չես գալիս մեկ գիշերվա ընթացքում, բայց սա գործընթաց է, որին աստիճանաբար կարելի է հասնել»,-կարծում է նա:

Միրնան խոստովանում է, որ «Միսս Արմենիա» մշակութային հիմնադրամի գեղեցկության մրցույթին էլ շատ պատահական է մասնակցել, քանի որ երբեք չի կենտրոնացել իր արտաքինի վրա, բայց նաեւ հավելում է, որ մրցույթի շնորհիվ սկսել է իրեն ավելի շատ սիրել:

277887993_3892621764295777_5994151948588543453_n.jpg (72 KB)

«Իրականում գեղեցկության մրցույթի մասնակցելու նպատակ չունեի, ես դիմել էի՝ որպես կամավոր, սակայն ինձ շատերը նկատեցին ու քաջալերեցին, որ մասնակցեմ: Նախկինում երկմտում էի, քանի որ հաճախ էի տեսնում աղջիկների, որոնք թե´ դեմքով, թե´ կազմվածքով, միգուցե, ինձանից ավելի գեղեցիկ էին, եւ կարծում էի՝ գեղեցկության մրցույթներում ժյուրին միայն արտաքինին է նայում, բայց երբ հասկացա, որ նրանք դիտարկելու են նաեւ մեր ներքինը, մեր կարողությունները, ոգեւորվեցի ու որոշեցի մասնակցել: Գեղեցկության մրցույթը, կարող եմ ասել, որ վերջին փուլն էր, որն օգնեց ինձ վերաջնականապես ազատվել բարդույթներից»:

Խոսելով գեղեցկության՝ իր ընկալումների մասին՝ Միրնան ասում է.

«Գեղեցկությունը շատ օբյեկտիվ թեմա է, ամեն մեկը տարբեր ճաշակ ունի, սակայն մի բան միանշանակ է՝ գեղեցկությունն առանց ներքինի ոչինչ է, եւ երբ սկսում ես դա ընդունել, ամեն ինչ գեղեցիկ է թվում քո մեջ ու չես սկսում կենտրոնանալ կոնկրետ բաների վրա: Ինձ համար գեղեցկությունը բարությունն է, ազնվությունը, անկեղծությունը եւ հարուստ ներաշխարհը: Այն ինձ համար զգացնունք է, քանի որ մենք կարող ենք ամեն ինչ գեղեցիկ տեսնել, եթե սիրենք՝ կլինի դա մարդ, տեղ, թե առարկա, որը մեզ դրական էմոցիա ներշնչի»:

Միրնան կարծում է՝ հաճախ աղջիկների բարդույթների պատճառը համացանցում տարածվող իդեալական լուսանկարներն են, ու խորհուրդ է տալիս չկենտրոնանալ դրանց վրա, քանի որ դրանք, սովորաբար, ֆոտոշոփի արդյունք են.

«Մենք ապրում ենք 21-րդ դարում, եւ անընդհատ լինելով սոցիլական կայքերում՝ տեսնում ենք կատարյալ աղջիկների լուսանկարներ, եւ կարծում, թե իրականությունը հենց դա է, մինչդեռ շատ դեպքերում դա խաբեություն է, եւ աղջիկները չպետք է իրենց դատեն՝ ելնելով այդ նկարներից: Մենք երբեք չենք լինելու մեկս մյուսին նման, յուրաքանչյուրը տարբերվում է իր դիմացինից, եւ եթե սկսենք մեզ ընդունել ու, առհասարակ, ամեն ինչի համար շնորհակալ լինել Աստծուն, այդ ժամանակ կսկսենք բռնել հաջողության ճանապարհը, եւ Աստված մեզ ավելին կտա: Ունեցածից դժգոհ լինելը լավ բան չէ. դա մեզ խանգարում է հասնել հաջողության ու ձգտել ավելի լավին: Երբեմն այն, ինչ մենք մեր մեջ նկատում ենք, կարծում ենք՝ շրջապատն էլ է նույնը անում, բայց իրականում դա այդպես չէ»:

Նանե Ավետիսյան. «Երբեք ինձ գեղեցիկ չեմ համարել... երբ նաեւ լսում էի, օրինակ, քաշիս հետ կապված կատակներ, ավելի էի զայրանում»...

277838947_3324350144470574_5820873415034044904_n.jpg (99 KB)

«Միսս Տիեզերք Արմենիա 2021» Նանե Ավետիսյանն այսօր շատերին թվում է առանց բարդույթների եւ շատ ինքնավստահ, սակայն գեղեցկուհին պարզվում է՝ միշտ չէ այդպիսին եղել.

«Քչերը, իհարկե, գիտեն, բայց փոքր տարիքում շատ փակ, բարդութավորված երեխա էի: Այնքան նիհար էի, որ ինձ համար հագուստ գնելը միշտ խնդիր էր, քանի որ ամեն ինչ մեծ էր ինձ համար: Մաշկս մուգ էր, եւ դա ինձ դուր չէր գալիս: Նյարդայնացնում էր նաեւ այն, որ իմ հասակակիցների համեմատ շատ ցածրահասակ էի ու որքան էլ միշտ լավ խոսքեր եւ հաճոյախոսություններ էի լսում իմ հասցեին, միեւնույն է, ինձ երբեք չեմ համարել գեղեցիկ»,-անկեղծանում է նա ու նույնպիսի անկեղծությամբ հավելում,-«Բնավորությունս էլ մի բան չէր՝ շատ նեղացկոտ, լացկան, չխոսկան, բոլորից ամաչող երեխա էի. մի խոսքով, ամենը, ինչ հիմա ունեմ, հակապատկերն է իմ փոքր տարիքի: Չեմ կարող ասել, որ 9 տարեկանում ունեի այդ բարդույթները, բայց 14-ում, օրինակ, ազատվեցի, որովհետեւ նման հատուկ տարիք չի եղել, բայց հիշում եմ, որ եթե 5-րդ դասարանում շարքի հետեւում նստող, չխոսկան, խելոք Նանեն էի, արդեն ավագ դպրոցում վարդագույն մազափնջիս համար ուսուցիչներիս հետ էի պայքարում, դպրոցի բոլոր աշակերտներն իմ ընկերներն էին, իսկ համալսարանում այնքան էի փոխվել, որ ուսանողների համար կազմակերպում էի ուսանողական երեկույթներ, միջոցառումներ եւ այլն»:

277913061_1850380971819398_4452622275593396613_n.jpg (138 KB)

Նանեի խոսքով՝ ժամանակին իր բարդույթներն ավելի են «թեժացել» կողքի կարծիքների եւ անզգույշ մեկնաբանությունների պատճառով.

«Ես իմ ներսում ինքս էլ ունեի այդ դժգոհությունները, բայց երբ նաեւ լսում էի, օրինակ, քաշիս հետ կապված կատակներ, ավելի էի զայրանում: Շատ էին ասում, որ հաց ուտեմ, գրպանս քարեր լցնեմ, որ քամին չքշի, կամ որ մի քիչ էլ նիհարեմ, թափանցիկ եմ դառնալու եւ այլն Սակայն դա հոգեբանական հետեւանք երբեւէ չի ունեցել ինձ վրա, որովհետեւ շատ կարեւորություն չէի տալիս արտաքինին եւ երբեք չեմ տվել»:

Նանեն պատմում է, որ այդ փուլն իրեն օգնել է հաղթահարել իր մեծ ընտանիքը, որոնք իրեն միայն սեր ու հոգատարություն են տվել,-«Իմ փորձով գիտեմ, թե որքան լավ կարող է անդրադառնալ երեխայի վրա ծնողական սերն ու ասած մի դրական խոսքը»,-ասում է նա:

277861480_886121452335558_2388620185073059279_n.jpg (114 KB)

Ըստ Նանեի՝ բարդույթները սովորեցնում են, որ պետք է աշխատենք մեզ վրա,- «Շատ կարճ կյանք ունենք, որպեսզի նստենք տեղներս, համեմատենք մեզ մյուսների հետ ու անընդհատ դժգոհենք. պիտի վերցնենք մեր ուզածը կյանքից»,-հավելում է գեղեցկուհին՝ վստահեցնելով, որ հիմա արդեն չունի ոչ մի տեսակի բարդույթ.

«Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ գեղեցիկը ամենեւին էլ արտաքինի իդեալականության եւ սիմետրիայի մասին չէ. գեղեցկությունն ինձ համար ձեւի եւ բովանդակության ճիշտ համադրումն է. այն էներգիա է, որը առավելապես զգայական մակարդակի վրա է եւ ոչ տեսողական: Արտաքինը կարեւոր է, բայց առանց բովանդակության, էներգիայի, կրակի, այն արժեք չունի»:

Բարդույթներից խուսափելու համար Նանեն աղջիկներին խորհուրդ է տալիս, որ իրենց երբեք չհամեմատեն մյուսների հետ, գիտակցեն իրենց յուրահատկությունն ու արժեքը.

«Վատ բան չկա կոսմետիկ փոփոխությունների մեջ, բայց իսկական գեղեցկությունը ուղեղից ու սրտից է գալիս. մնացածը հեչ բաներ են»,-ասում է նա:

Լիլիթ Մարտիրոսյան. «Դպրոցական հանդեսներից ինձ բացառում էին միայն նրա համար, որ ես շատ բարձրահասակ էի, եւ իրենց խոսքով՝ խախտում էի ներդաշնակությունը»…

275505225_995332578077290_8767445617637638692_n.jpg (373 KB)

Միսս Երկրագունդ Հայաստան 2015», «Միսս Բիկինի Տիեզերք 2015», «Միսս Երկիր 2017»-ի հատուկ մրցանակակիր, մոդել Լիլիթ Մարտիրոսյանը, ինչպես եւ Միրնան, ժամանակին չի սիրել իր հասակը: 180 սմ հասակ ունեցող մոդելը դպրոցում իրեն «սպիտակ ագռավ է» զգացել, քանի որ բախվել է ոչ միայն դասարանցիների ու դպրոցի աշակերտների ծաղրին, այլեւ որոշ ուսուցիչների խտրական վերաբերմունքին:

«Բարդույթներս սկսվել են դեռահասության շրջանում, երբ այնպես ստացվեց, որ ես դասարանում ամենաբարձրահասակն էի, իսկ մնացածը իմ կողքին` շատ ցածրահասակ: Այդպես, ծաղրանքի թեմա դարձա: Իմ հասակը ծաղրում էին ոչ միայն դասարանում, այլեւ ամբողջ դպրոցում: Ինչպես գիտեք՝ հատկապես դպրոցական տարիքի երեխաները շատ դաժան են լինում իրենց մեկնաբանություններում, եւ այդ խոսքերը, բնականաբար, իրենց մեծ ազդեցությունն ունեցան իմ հոգեբանության վրա»,-պատմում է նա:

Լիլիթը նշում է, որ հիմա վերլուծելով դասարանցիների վերաբերմունքը` նրանց չի մեղադրում` հասկանալով, որ գիտակցական բարձր մակարդակ չեն ունեցել այդ տարիքում, բայց այսօր էլ ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե ինչու էին նույնը անում ուսուցիչները, որոնք պետք է, որ ունենային այլ մտածելակերպ.

275449489_689385929074953_7357779414312936627_n.jpg (276 KB)

«Մեր դպրոցական հանդեսներից ինձ բացառում էին, զրկում էին այդ իրավունքից միայն նրա համար, որ ես շատ բարձրահասակ էի, եւ իրենց խոսքով՝ ես խախտում էի ներդաշնակությունը»,-հիշում է նա,-«Նման դեպքեր հաճախ են եղել, ու ես շատ ավելի ծանր էի տանում հենց այդ փաստը, որը գումարվում էր նաեւ դասարանի երեխաների ծաղրանքին ու ինձ համար ունենում շատ ցավալի հետեւանք, որը կուտակվելով վերածվել էր հոգեբանական լուրջ խնդրի: Ես չէի հասկանում իմ առավելությունն ու այդ շրջանում երազում էի լինել ավելի ցածրահասակ՝ չգիտակցելով, որ հասակն այն սքանչելի առավելություններից է, որը ես ունեմ: Դեռահասության տարիքում մենք շատ ավելի խոցելի ենք եւ չենք հասկանում, որ երբեմն այն, ինչ մենք թերություն ենք համարում, Աստծո կողմից տրված պարգեւ է, իսկ շրջապատի անզգույշ խոսքերն ու մեծերի վերաբերմունքը կարող են շատ լուրջ հետեւանք ունենալ, եթե չլինի ծնողների աջակցությունը»:

Լիլիթի համար քաջալերող է եղել մայրիկի աջակցությունը, ով դստերը վստահեցրել է, որ հասակն առավելություն է, որը նրան մեծ հաջողություն է բերելու մոդելային ասպարեզում, ու հետագայում Լիլիթն արդարացրել է թե´ իր, թե´ մայրիկի սպասելիքները:

«Հաղթահարման ու ինքս ինձ սիրելու շրջանը սկսվեց, երբ ավարտեցի դպրոցն ու շարունակեցի ուսումս Երեւանում՝ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, որտեղ իմ կուրսեցիները, նույնպես, անդադար ասում էին, որ գեղեցիկ եմ ու կարող եմ մոդելային կարիերա սկսել: Այդ մշտական լավ խոսքերը, ինչպես նաեւ դասախոսական կազմի հաճելի վերաբերմունքն ինձ առաջնորդեցին դեպի «բուժման փուլ», ու ես սկսեցի հաղթահարել ամեն ինչ: Ինքս ինձ ավելի շատ սիրեցի ու ընդունեցի, երբ սկսեցի մասնակցել նորաձեւության ցուցադրությունների եւ գեղեցկության մրցույթների: Իսկ երբ մեկնեցի այլ երկրներ մրցույթների եւ նույն հիացմունքի խոսքերը լսեցի նաեւ այնտեղի ժյուրիի անդամներից, դա ավելի մեծ արտահատություն ունեցավ ինձ վրա. սկսեցի սիրել իմ արտաքինն ու հպարտանալ այն ամենով, ինչ ունեմ»:

270044372_478578623901196_8394649291703214434_n.jpg (508 KB)

Լիլիթի կարծիքով` իրեն ընդունելու համար մարդը, նախ, պետք է զբաղվի ինքնակրթությամբ.

«Քո «թերությունը» պետք է կարողանաս դարձնել առավելություն ու դրա հետ ապրես: Իմ բարդույթներն ինձ օգնեցին, որպեսզի ինձ կարողանամ ընդունել, եւ այսօր կարող եմ, վստահաբար, ասել, որ ազատվել եմ ցանկացած բարդույթից, եւ դրա միակ ճանապարհը գիտակցության զարգացման ու ճիշտ մարդկանց հանդիպելու հետեւանքն է: Հնարավոր է՝ տարիք գա, որ ցանկանամ մի բան փոխել իմ մեջ, որովհետեւ ամեն տարի մենք փոխվում ենք ու փոխվում են գեղեցկության մասին մեր պատկերացումները, մեր պահանջներն են փոխվում, այնպես որ չեմ կարող հստակ ասել, թե մի քանի տարուց ինչպես կմտածեմ»:

Գեղեցկուհը կարծիքով` արտաքին գեղեցկությունը չունի նշանակություն առանց բարության, կրթության ու զսպվածության:

«Կարծում եմ՝ որքան մարդ զարգացած է, հանգիստ ու որքան շատ է աշխատել իր հոգեւոր արժեքների վրա, այնքան այդ ամենը սկսում է արտահայտվել իր արտաքինի՝ հայացքի ու ձեւավորման վրա: Կարծում եմ՝ գեղեցկությունը հրաշալի երեւույթ է, որը բոլորիս համար, անկախ մեր մասնագիտությունից ու նախասիրությունից, ներշնչման աղբյուր է: Ըստ իս՝ աշխարհը հենց հիմնված է գեղեցկության վրա, որը շարժիչ ուժ է , որը, սակայն, ոչինչ է նաեւ առանց սիրո. Սեր՝ սեփական անձիդ, հայրենիքիդ, ծնողիդ ու, առհասարակ, մարդկանց հանդեպ: Լինելով տարբեր գեղեցկության մրցույթների մասնակից ու տիտղոսներ նվաճած մարդ՝ կարող եմ միանշանակ ասել, որ ցանկացած պարագայում գեղեցկության կողքին միշտ գնահատվել են մարդկային հատկանիշները` բարությունը եւ պահվածքը: Գեղեցկությունն առանց բովանդակության ոչինչ է»:

Լիլթը երբեք չի դիմել արտաքին միջամտությունների, բայց ասում է` դեմ չէ, երբ մարդիկ փոքրիկ փոփոխություններ են կատարում, որոնք երջանկացնում են իրենց.

«Իրենց արտաքինի հետ անհաշտ աղջիկներին խորհուդ կտամ, որ սկսեն աշխատել իրենց վրա՝ փորձելով հասկանալ, թե իրենց ինչ է պետք, ինչու են իրենք անհաշտ սեփական արտաքինի հետ: Ես միշտ դեմ եմ եղել արմատական փոփոխություններին, որոնք արվում են պլաստիկ վիրահատությունների միջոցով, բայց երբեք չեմ քննադատել այն մարկանց, որոնք դրանք կատարել են, քանի որ յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում երջանիկ լինելու ուղիները, իսկ դա եւս համարում եմ երջանկության մի ուղի, որով մարդն ինքն իր հետ բանակցությունների մեջ է մտնում ու փորձում վերացնել իր ներսի անհաշտությունը, չէ՞ որ, մենք՝ բոլորս, առհասարակ, մի բան ենք ուզում՝ լինել երջանիկ: Բայց նաեւ պետք չէ ֆիքսվել թերությունների վրա, որովհետեւ, սովորաբար, այն, ինչ մենք համարում ենք թերություն, այն կարեւոր գործոնն է, որը մեզ տարբերում է մյուսներից»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ գեղեցկուհիների անձնական արխիվից, Michaela Noroc


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել