«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Wine Story. «Պատերազմը պատճառ չէ, որ լքես երկիրը». ինչպե՞ս հնդկուհին 2020-ին եկավ Հայաստան ու այստեղ ստեղծեց գինու բրենդ

12:08, 26 հունիսի

Պատերազմը պատճառ չէ, որպեսզի լքես երկիրը․ հակառակը՝ պետք է մնալ ու հզորացնել այն, ասում է հնդկուհի Լոբհանա Ահլեն, որը 2020-ին եկավ Հայաստան ու այստեղ հիմնեց իր Yog Wines գինիները։ Հավաքագրման մասնագետը նախկինում ոչ մի կապ չի ունեցել գինիների հետ․ ամեն ինչ սկսվեց պանդեմիայի շրջանում, երբ Դուբայում գտնվող ապագա գինեգործը որոշեց նոր մասնագիտություն ուսումնասիրել, եւ ընտրեց հենց գինեգործությունը։ Ուրիշ էլ որտե՞ղ, եթե ոչ Հայաստանում, պետք է սկսեր գինիների ուսումնասիրությունը․․․

«Ցանկանում էի մի քիչ դադար վերցնել իմ աշխատանքից՝ նոր բան սովորելու համար։ Հետո իմացա EVN Wine ակադեմիայի մասին, կապվեցի նրանց հետ եւ ընդունվեցի այնտեղ։ Սկզբում շատ բարդ էր, քանի որ դպրոցում անցած քիմիայի գիտելիքներս մոռացել էի։ Հետո, երբ մեր ուսուցիչները մեզ գինի էին տալիս փորձելու համար, հասկացա, որ հայերից շատերի ընտանիքի մեծերը զբաղվել կամ զբաղվում են գինեգործությամբ, այդ պատճառով էլ նրանք ավելի լավ էին հասկանում ամեն ինչից։ Այդ փաստից ամաչում էի եւ շփոթվել էի՝ չգիտեի՝ ինչ եմ զգում, ինչն էր ճիշտ կամ սխալ։ Բայց պանդեմիայի ընթացքում, պարզապես, որոշեցի, որ դասընթացներիս զուգահեռ պետք է զբաղվեմ նաեւ ինքնուրույն ուսումնասիրությամբ։ Ահա, թե ինչպես հետաքրքրությունս մեծացավ»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում հիշում է Ահլեն։ 

ASP_0590.jpg (138 KB)

Ինչո՞ւ ընտրեց Հայաստանը

Լոբհանան ասում է՝ իրեն միշտ ավելի շատ հետաքրքրել են փոքր երկրները, չնայած՝ շատերը նախընտրում են տեղափոխվել մեգապոլիսներ։ Զարմանալի չէ, որ նրա կանգառը եղել է Հայաստանը՝ այն փոքրիկ երկիրը, որը հայտնի է դարերից եկած հսկա պատմությամբ ու մշակույթով։ 

«Երբ եկա այստեղ, միանգամից սիրահարվեցի բնությանը։ Չնայած՝ շատ դժվարությունների բախվեցի լեզվին չտիրապետելու պատճառով, ամեն ինչ հեշտացրեց այն փաստը, որ մարդիկ ջերմ էին եւ ընկերասեր։ Անգամ նրանք, ովքեր չեն խոսում անգլերեն, բարեհամբույր են եւ պատրաստակամ օգնելու։ Ընկերներս, որոնց հետ սովորել եմ գինեգործություն, ինձ ընտանիքի անդամի պես էին վերաբերվում։ Այդպիսով, ինձ համար հեշտ էր Հայաստանի մի մասնիկը դառնալը։ Հիմա շատ ընկերներ ունեմ այստեղ, շատերը հենց գինեգործներ են»։

Լոբհանան այստեղ ապրում է արդեն 3 տարի։ Բացի լեզվական խոչընդոտից, որն արդեն հաղթահարում է՝ հայերենի դասընթացների հաճախելով, խոչընդոտ է հանդիսանում նաեւ հեռավորությունը։ Հնդկուհու ընտանիքը Հնդկաստանում է, իսկ ամուսինը՝ Դուբայում։ Բայց անկախ ամեն ինչից՝ նա իր ապագան կապում է Հայաստանի հետ, անգամ 44-օրյա պատերազմն Արցախում չի ազդել նրա որոշման ու նպատակների վրա․

«Երբ եկա, սկզբում, պարզապես, ցանկանում էի մի նոր բան սովորել, բայց ընթացքում պատերազմը բռնկվեց, ինչի պատճառով մարդիկ կասկածամիտ դարձան՝ ինչո՞վ պետք է զբաղվեն, որտե՞ղ։ Շատերը որոշեցին լքել երկիրը, ոմանք՝ այստեղ աշխատել։ Իմ դեպքում այստեղ աշխատելն անհնարին էր թվում, քանի որ չէի տիրապետում ոչ հայերենին, ոչ էլ՝ ռուսերենին։ Անգամ, երբ մարդիկ ցանկանում էին ինձ աշխատանքի վերցնել, լեզվական խոչընդոտը խանգարում էր։ Արտասահմանցի ծանոթներիցս շատերն ինձ ասում էին՝ ներդրում մի կատարիր Հայաստանում, ոչ-ոք չգիտի, թե ինչ է լինելու հետագայում։ Բայց ինձ համար հենց դա պատճառ դարձավ, որ չհանձնվեմ։ Որոշեցի հենց այստեղ ներդրում անել, հետո կտեսնեի, թե ինչ կլիներ։ Կարծում եմ՝ որոշմանս վրա ազդեցին նաեւ այն մարդիկ, որոնց հանդիպեցի պատերազմի ընթացքում։ Իմ կարծիքով՝ պատրազմը պատճառ չի կարող հանդիսանալ, որպեսզի լքես երկիրը։ Կարծում եմ՝ այս երկիրն ավելիին է արժանի»։

Մինչ Հայաստան գալը նա սպասելիքներ չի ունեցել, քանի որ գինին Լոբհանայի համար բոլորովին նոր աշխարհ էր։ Ահլեն խոստովանում է՝ նույնիսկ, հետաքրքրություն չի ունեցել դրա հանդեպ, եւ չի իմացել հայկական գինիների իրական համը․

«Երբ փորձեցի հայկական գինին, այն սկսեցի համեմատել եվրոպականի հետ։ Կարծում եմ՝ հայկականը հրաշալի է, քանի որ դրանում կա մի ազգային մասնիկ, ինչը նորություն է աշխարհի համար։ Օրինակ՝ նարնջի գինին, որը աշխարհում, հազվագյուտ բան է, Հայաստանում մեծ տարածում ունի։ Շատ գինեգործներ տարբեր փորձարկումների են դիմում, որոնք, սովորաբար, գեղեցիկ արդյունք են ունենում։ Այդպիսով, հայկական գինին աշխարհում իր ուրույն տեղն ունի»։

ASP_0774.jpg (171 KB)

Հնդկական շունչը հայկական գինու վրա

Yog Wines-ը հնդկական շունչ է հաղորդում հայկական արտադրության գինիներին։ Այն նաեւ արտահայտում է գինեգործի անհատականությունը։

«Ես արդեն 20-25 տարի է՝ հոգեւոր կողմին մեծ ուշադրություն եմ դարձնում։ Այն իմ անբաժան մասնիկն է դարձել։ Yog-ն ավելի շատ արտահայտում է յոգայի հոգեւոր, ոչ թե ֆիզիկական կողմը։ Այն խորհրդանշում է մարմնի, մտքի ու հոգու միասնությունը։ Իմ բրենդի մեջ ես փորձել եմ ցույց տալ գինու եւ հոգու այդ կապը։ Գինին պտղից պատրաստվող խմիչք է, այն պարունակում է բնության հետ այդ կապը։ Բացի այդ, երբ մարդիկ փորձում են գինի, նրանք սպասում են, որ այն պետք է խոսի իրենց հետ, պատմի գինեգործի, տվյալ երկրի մասին։ Մենք միշտ որեւէ կապ ենք փնտրում»։

Լոբհանան ցանկանում է, որ նրանք, ովքեր փորձում են իր գինիները, կարողանան ցրվել, դրանով շնորհակալություն արտահայտել իրենց էությանը,-«Մենք, սովորաբար, զբաղված ենք լինում աշխատանքով, ընտանեկան հոգսերով, եւ մոռանում ենք ինքներս մեր մասին։ Երբ մարդիկ Yog Wines են խմում, ինձ համար կարեւոր է, որ կարողանան գնահատել իրենց ու շնորհակալ լինեն այն ամենի համար, ինչ ունեն»։

Ահլեն դեռ չունի սեփական արտադրամաս, բայց ձեռք է բերել խաղողի այգիներ։ Արենի տեսակի գինիները պատրաստվում են Աղավնաձորի այգու պտղից, իսկ խնդողնին բերվում է Մարտակերտից։ 

«Ես համագործակցում եմ «Մարան»-ի՝ Մուսալեռում գտնվող գործարանի հետ։ Մեր երկու տեսակի գինիներն էլ արտադրվում են սահմանափակ քանակությամբ։ Խնդողնին, հատկապես, սպառվում է Արցախում, քանի որ հենց պատերազմը ինձ ստիպեց մնալ այստեղ։ Շշի հետեւի մասում եւս գրառում կա այդ մասին։ Ես միայն կարմիր գինիներ եմ պատրաստում եւ մտադրություն չունեմ արտադրելու նաեւ սպիտակ կամ վարդագույն տեսակի, քանի որ դեռ չեմ հասկացել՝ ինչ նոր բան կարող եմ փոխանցել դրանց մեջ»,-ասում է հնդիկ գինեգործը՝ հավելելով՝ իր գինիները բոլորի համար չեն,-«Դրանք սովորականից ավելի թունդ են, բայց դրանով իսկ արտահայտում են ինձ։ Արենին ընտրել եմ, քանի որ այդ տեսակի խաղողը մեղմ է, բայցեւ ինքնաբավ եւ հեշտությամբ հարմարվում է միջավայրին, այն նման է իմ ուժեղ ու հաստատակամ էությանը։ Խնդողնին էլ արտահայտում է իմ մյուս գծերը՝ այն կրկին ուժեղ է, բայց միեւնույն ժամանակ՝ իմաստուն»։

ASP_0713.jpg (121 KB)

Գինին ըմպելու նախընտրելի միջոցները

Յուրաքանչյուրն իր մեկ գավաթ գինին ըմպելու սեփական ձեւերն ունի․ որոշները հետեւում են «խիստ» կանոնների, թե որ գինին ինչ ուտելիքի հետ է սազում։ «Ես, սովորաբար, սիրում եմ գինին վայելել ընթերցանության հետ։ Բայց երբ դրսում եմ, այն համադրում եմ հայկական ուտեստների հետ։ Ավելի շատ նախընտրում եմ բանջարեղենային սնունդը, միս, հիմնականում, չեմ օգտագործում․ բացառություն է կազմում միայն հավի միսը։ Հայկական ուտեստներից նախընտրում եմ սպասը, կաղամբով տոլման, բազուկով աղցանը եւ սմբուկով ռոլերը»,-ասում է Լոբհանան։ 

Ապագան՝ Հայաստանում

Հայկական եւ հնդկական մշակույթներն ունեն որոշակի նմանություններ, մարդիկ՝ եւս։ Ահա, թե ինչպես հնդկուհին հեշտությամբ հարմարվեց հայաստանյան կյանքին՝ ներդրում կատարելով այս երկրում։ 

«Կարծում եմ՝ հայերն, իսկապես, գնահատում են իրենց մշակույթը, կրոնը, ընտանիքը եւ մարդկային հարաբերությունները․ դա մի բան է, որը հատուկ է նաեւ հնդիկներին։ Բացի այդ, այս երկու ազգերը սիրում են համեղ ուտել, չնայած՝ մեր խոհանոցը բավական տարբեր է։ Թե հայերը, թե հնդիկները, շատ հյուրընկալ են, եւ քեզ երբեք քաղցած չեն թողնի։

ASP_0653.jpg (154 KB)

Ես, իսկապես, տեսնում եմ իմ ապագան Հայաստանում։ Ծրագրում եմ այստեղ հիմնել իմ արտադրամասը եւ զարգացնել գինու բիզնեսը։ Ցանկություն չունեմ այլ երկիր տեղափոխվելու, այստեղ ինձ, միանշանակ, տանն եմ զգում։ Ես ճարտարագիտություն եմ սովորել միայն այն պատճառով, որ ծնողներս էին այդպես ցանկանում, իսկ գինեգործությունն այն է, ինչ ինձ հաճույք է պատճառում։ Այդպիսով, Հայաստանն օգնեց, որ գտնեմ այն, ինչ ինձ դուր է գալիս»։

Լոբհանան ասում է՝ ամենադժվարը աշխատանքից հետո տանը միայնակ լինելն է, եւ այն հեռավորությունը, որը բաժանում է իրեն եւ ամուսնուն։ 

«Ամուսինս երբեք չի այցելել Հայաստան, եւ միմյանցից հեռու ապրելը դժվար է։ Երբեմն գնում եմ Դուբայ՝ նրան տեսնելու համար։ Եթե ինձ հարցնեն, թե որն է այս ճանապարհորդության ամենաբարդ կողմը, կպատասխանեմ՝ անկախ նրանից՝ լավ օր ես ունեցել, թե վատ, երբ գալիս ես տուն ու հայտնաբերում, որ միայնակ ես, դժվար է։ Չնայած՝ սովոր եմ մենակ ապրելուն, գալիս է մի կետ, երբ, պարզապես, ցանկանում ես, որ կողքիդ սիրելի մարդիկ լինեն»։

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել