Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«10 ոսկե կանոնները»՝ ռեժիսոր Ատոմ Էգոյանի 50-ամյակին նվիրված գրքից՝ թարգմանությամբ Զավեն Բոյաջյանի

17:32, 26 հունվարի

Ամենահեղինակավոր կինոփառատոններում առավել հաճախ ներկայացող կարեւորագույն անձը  թերեւս մեր հայրենակից Ատոմ Էգոյանն է, ում հայկական անվան մեջ ասում են  խորհրդանշական իմաստ կա: 1960 թվականին Էգոյանի ծննդյան տարեթվի հետ է համընկնում  Եգիպտոսում առաջին միջուկային ռեակտորի  կառուցման պատմությունը: Ի պատիվ այդ իրադարձության  եգիպտահայ ծնողները իրենց առաջնեկին կնքում են Ատոմ անունով: Հատկանշական է նաեւ, որ  շրջանառության մեջ  մտած Էգոյան ազգանունը  նախնական տարբերակում Եղոյան էր: Կանադա տեղափոխվելուց հետո Ատոմի ծնողները հարկ են  համարում պարզեցնել իրենց ազգանվան անգլերեն գրությունը: Արդյունքում  Եղոյանը ընդմիշտ դառնում է Էգոյան, իսկ Ատոմ Էգոյանը անունը՝ հետագայում անառարկելի հեղինակություն ժամանակակից  կինեմատոգրաֆի պատմության մեջ:

Ֆրանսիացի հայտնի կինոռեժիսորներից  մեկը (Ռենե Քլեր)  վստահաբար պնդում էր, թե՝ «Կինեմատոգրաֆը վտանգավոր հայտնագործություն է»: Ինչպե՞ս Դուք կբնորոշեիք Ձեր մասնագիտությունը, պարոն Էգոյան:  

Ես ինձ  արտոնյալ  մարդ եմ համարում, որ ֆիլմեր ստեղծելու հնարավորություն ունեմ եւ դա իմ կենսակերպի անբաժանելի մասն է դարձել։ Երբեմն «վտանգավոր» լինելով հանդերձ՝ սա մի չքնաղ նվեր է՝ պատմել պատմություններ, որոնք ապա ամբողջ աշխարհն է դիտելու։

Ձեր ֆիլմերում այդ պատմությունները  համընկնում են ինքնակենսագրական փաստերի հետ: Դուք  հաճա՞խ եք անդրադառնում սեփական կյանքի այս կամ այն դրվագներին:

Այո, բավականին հաճախ:  Իմ հարաբերությունները սեփական արմատներիս հետ բավական բարդ են եղել: Ես ծնվել եմ Կահիրեում: Որոշ ժամանակ անց իմ ընտանքիը տեղափոխվում է Վիկտորիա, ուր հայկական պատկանելիությամբ միակ ընտանիքն էինք: Այս եւ  շատ այլ հանգամանքների ազդեցությամբ իմ կյանքում հակասական իրադարձություններ են տեղի ունենում, որոնք հետագայում  արտացոլվում են  նաեւ ֆիլմերում, իմ մասնագիտական կյանքի վաղ շրջանում արված ֆիլմերի մեջ՝ հատկապես: Ինքնակենսագրական ընդգծված տարրեր կային «Ընտանեկան դիտում», «Ապահովագրական գործակալ», «Խոսուն դերեր» աշխատանքներում:

Իսկ «Արարատո՞ւմ»: Մի առիթով նշել եք, որ «Արարատը» Ձեր ամենակարեւոր ֆիլմն է:

Կարեւորության առումով անկասկած այդպես է: Այդ թեմային անդրադառնալու հիմնական պատճառ ինձ համար դարձավ  շրջապատող մարդկանց հոգեւոր  դիսբալանսը, որ  նրանք ունենում էին  պատմական ճշմարտությունների պարբերաբար  շահարկումներից, 1915թ Հայոց ցեղասպանության հերքման փորձերից: Գուցե «Արարատն» իմ ստեղծած ֆիլմերից ամենագերազանցը չէ, բայց կա մի փաստ՝ ֆիլմի բազմաթիվ ցուցադրումներից հետո դժվար թե գտնվի մի թուրք, ով  ինչ-որ  չափով  որոշակի ինֆորմացիա չիմանա այդ ողբերգության մասին:

Ձեր ֆիլմերում Դուք հաճախ եք անդրադառնում միայնության խնդրին: Ի՞նչ ազդեցությամբ է պայմանավորված այդ ընտրությունը: 

Որպես նոր մշակույթի հանդիպած գաղթական`ես շատ վաղ հասակում իրազեկվեցի, թե այդ  մշակույթի մեջ «տեղավորվելը» որքան դժվար կարող է լինել: Ակնհայտորեն, սա հսկայական ազդեցություն  թողեց ինձ վրա: Գուցե դրանից է գալիս միայնության թեմայի  ընդգծված առկայությունը իմ արվեստում:

Ի՞նչը կարող  է Ձեզ համար առանցքային  ելակետ  դառնալ    ֆիլմը  ստեղծելու երկար ճանապարհին:

Պատմությունը, հերոսի հոգեբանությունը:

Երբեւէ պատահե՞լ է այնպիսի իրավիճակ, երբ հրաժարվեք որեւէ ֆիլմ նկարահանելու առաջարկից:

Կարող է լինել նման բան: Երբ պրոդյուսերը դեմ է տալիս վատ սցենար եւ կարծում, թե «աստղային» դերասանական կազմը կարող է լրացնել այդ բացը, ապա ես հրաժարվում եմ: Խնդիրն այն է, որ վատ սցենարով լավ դերասանական թիմ հավաքելը գրեթե անհնարին ու անարդյունավետ աշխատանք է:

Ի՞նչ հատկանիշներով  պետք  է օժտված լինի ռեժիսորը, ով մեծ  ու «աստղային» թիմի հետ է աշխատում:  Չէ՞ որ, ի վերջո դա կայացած ու որոշակի ամբիցիաներ ունեցող  մարդկանց մի մեծաքանակ  խումբ է: 

Ասում են, թե իբր ռեժիսորները «բռնակալ» են: Համենայն դեպս հասարակական թյուր կարծիք է դա: Իրականում ռեժիսորների մասին չափազանցված պատկերացումները հեռու են միանշանակ լինելուց,  թեեւ իրականության հատիկ կա: Վերջին հաշվով մենք  հստակ իշխանություն ունենք մարդկանց մի մեծ խմբի վրա: Թեեւ կար ժամանակ, որ ինձ մեծ դժվարությամբ էր տրվում այս հատկանիշը՝ վերահսկել մի մեծ թիմ, բաց այս հարցի հստակ պատասխանը ես գտել եմ՝  մեծ բավականությամբ ու անխոչընդոտ կարող ես աշխատել  միայն մարդկանց այն խմբի հետ, որոնց վստահում ես:

Ի՞նչ եք կարծում, Ձեր ընկալումներն  ու համոզմունքները ժամանակի ընթացքում կինոյի ազդեցությամբ փոփոխության ենթարվում են:

Ժամանակն ինձ հանգեցրեց այն համոզմանը,  որ կինոն ընկալելի ու առավել ազդեցիկ է այն կերպ, ինչպես այսօր ինքներս ենք սահմանում տալիս մեզ համար:

Որո՞նք են Ձեր՝ որպես ռեժիսորի ազատության չափանիշները:

Ազատ լինել արտաքին աշխարհից եւ իմ կատարած նախկին աշխատանքների ազդեցությունից: Ես աշխատում եմ՝ ամբողջությամբ տրվելով պահին, զգալով ժամանակն ու նույնիսկ ակնթարթը:  Երբեմն սեփական ֆիլմերս դիտելիս բարկանում եմ, որովհետեւ տեսնում եմ բաներ, որոնք կուզեի այլ կերպ արած լինեի: Կինոռեժիսորի համար չափազանց կարեւոր է գտնել սեփական ոճը, ինչն իրոք դժվար է, որովհետեւ պետք է կարողանաս ազատագրվել  այլ ազդեցություննից ու ոճերից:

Երբեւէ բախվե՞լ եք սահմանափակումների կամ արգելքների, այդ թվում նաեւ գաղափարական բնույթի:

Ես խնդիր ունեցա իմ «Որտեղ է թաքնված ճշմարտությունը» ֆիլմում՝ սեքսուալ տեսարանների հետ կապված: Դա բացահայտ գրաքննություն էր, որն այնուամենայնիվ ես հաղթահարեցի: Սակայն այսօր այնպիսի գրաքննություն, ինչպիսին եղել է խորհրդային իշխանության տարիներին, ինքս չեմ հանդիպել, որովհետեւ ապրել եմ ազատ երկրում՝ Կանադայում: Իմ համոզմամբ գրաքննության առավել վտանգավոր տեսակը, որ սպառնում է ստեղծագործողին, անկախ ժամանակաշրջանից ու տարածական սահմաններից՝ ինքն իրեն գրաքննության ենթարկելու սովորությունն է, ինչից ես մշտապես խուսափել եմ:

Ի՞նչ եք մտածում կինեմատոգրաֆ ներխուժած թվային տեխնիկայի մասին:

Թվային հեղափոխությունը աննախադեպ բեկում էր կինեմատոգրաֆի ժողովրդավարացման առումով։ Կինեմատոգրաֆն արվեստի այնպիսի տեսակ է, որ ժամանակի վրա է հիմնված՝ ժամանակ ու տարածություն է պետք, որպեսզի արձանագրի սա:  Թվային տեղեկատվության հսկայական ներհոսքի պատճառով մարդկանց ժամանակն արդեն չի հերիքում։

Այսօրվա երիտասարդ ռեժիորներին առավել մատչելի է ֆիլմեր նկարահանել  հենց այդ  տեխնիկայով: Ինչպե՞ս եք վերաբերում այդ իրողությանը:

Ըստ իս՝  թվային տեխնիկան երիտասարդների համար հրաշալի միջոց  է, առավել եւս որ թվային ֆիլմը հեշտությամբ կարելի է տեղափոխել ժապավենի վրա: Խնդիրն այդ չէ: Երիտասարդներին առավել շատ պետք է հետաքրքրի, թե ինչպես պատմեն իրենց պատմությունը, որպեսզի այն յուրօրինակ լինի, անկեղծ ու ժամանակակից:  Ֆիլմը  ծնվում է անկեղծության ու արդիականության միաձուլումից:

Կինոն կանոններ ունի:

Անկասկած:  Իմ կինոն տասը ոսկե կանոն ունի: Ես եմ դրանք  ստեղծել ինձ համար: Կարող եք գտնել համացանցում:

Ովքե՞ր  են ոգեշնչման աղբյուր հանդիասնում Ձեզ համար:

Ես դասական արվեստի ազդեցությամբ եմ ձեւավորվել: Բերգմանը, Ֆելինին, Անտոնիոնին, Փարաջանովը, ֆրանսիական «Նոր Ալիքը» մեծ ազդեցություն են ունեցել իմ մասնագիտական կողմնորոշման հարցերում:

Կարծես  հստակ ձեւավորված ավանդույթ լինի՝ ամեն տարի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում անհամբեր սպասում ենք  Ձեր հայաստանյան այցին:

Ես շատ հպարտ եմ, որ մասնակցում եմ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնին, որովհետեւ այն հնարավորություն է տալիս բացահայտել հայ նոր  տաղանդավոր սերունդը: Հույս ունեմ ներկա կգտնվեմ  2013 թ.-ի՝ 10-րդ հոբելյանական  փառատոնին:

P.S. Դժվար է դիմադրել էգոյանական կինոյի 10 ոսկե կանոններին ծանոթանալու գայթակղությանը: Ինչպես ասում են. «Փնտրեք եւ կգտնեք»…

ԻՄ ՈՍԿԵ ԿԱՆՈՆՆԵՐԸ. Ատոմ Էգոյան

1. Երբեք ժամանակ մի վատնիր՝ քեզ համեմատելով ուրիշի հետ: Կան հարյուրավոր այլ մարդիկ, որոնք այդ ծառայությունն անվճար կմատուցեն:

2. Մի նեղվիր, որ այնտեղ չես, ուր ուզում ես լինել: Բաղձանքի այդ անդուլ զգացումը փաստորեն կոչվում է ձգտում: Ձգտումը քո բարեկամն է:

3. Ոչինչ երբեւէ այնպես չի ստացվում, ինչպես ուզում ես: Կարող է ավելի լավ լինել: Բայց երբեք չի լինի ճիշտ այն, ինչ պատկերացրել ես:

4. Դու դերասան չունես, քանի դեռ նրանք ֆիզիկապես կինոխցիկիդ առաջ չեն եւ գրածդ երկխոսությունը չեն արտաբերում: Մինչեւ այդ պահը նրանց առնչությունը քո նախագծին երեւակայական է:

5. Ամենամեծ բավարարությունն առաջանում է այն մարդկանց թիմի հետ, որոնց վստահում ես: Օպերատորդ, նկարիչդ, զգեստների նկարիչդ, մոնտաժողդ, կոմպոզիտորդ եւ հիմնական անձնակազմի մյուս անդամները միս ու արյան պես են:

6. Ընդունելով թիվ 5 կանոնը՝ անհրաժեշտ է հիշել, որ դերասանից է ակնկալվում, թե նա, իրո՞ք, ինչ-որ մոգական բան կարարի նկարահանման հրապարակում: Ահավոր ճնշման տակ՝ նրանից պահանջվում է լիովին վերափոխվել: Պաշտպանիր նրանց բացառիկ արտիստիզմը:

7. Ամեն ոք մի օրակարգ ունի:

8. Զգույշ լծորդիր այդ անհամատեղելի  եւ հաճախ հակասող օրակարգերը սեփական ձգտմանդ հետ: Սա շատ ավելի ծանր է, քան թվում է:

    9. Ֆիլմ նկարահանելը տարօրինակ եւ նյարդային ոգեշունչ կոչում է: Երբեմն դա ենթադրում է համոզել եւ /կամ թելադրել մարդկանց այնպիսի բաներ անելու, որ այլ կերպ նրանց մտքով էլ չէր անցնի անել:

    10. Համատեղ աշխատելու համար այնպիսի մարդկանց ընտրիր, ովքեր հասկանում եւ խորապես հարգում են թիվ 9 կանոնի արատավորությունը:

    Հարցազրույցը՝ Նվարդ Մանվելյանի


    Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





    • Այս թեմայով



    @NEWSam_STYLE

    • Արխիվ
    Որոնել