Անցյալ դարի 50-ական թվականներին Կիեւյան փողոցը Երեւանի ծայրամասն էր համարվում: Փողոցն անվանակոչվել է 1951 թվականին բարեկարգվելուց հետո, որի համար փողոցի միջնամասում ստիպված էին գրեթե 8 մետրանոց հողաթումբ ստեղծել:
Այնտեղ տրանսպորտի երթեւեկություն չկար, երեկոյան կենտրոնից այստեղ հասնելու համար տաքսիստները այն ժամանակների փողով 10 ռուբլի էին պահանջում: Փողոցի վերջում վեր էր խոյանում դեռեւս 2 շենք՝ համար 7-ը, որի առաջին հարկում պարենային եւ հացի խանութներ կային, եւ համար 8-ը, որտեղ հետագայում «Հրազդան» կինոթատրոնը բացվեց: Դրանց հետեւում մեծ կառույց էր երեւում՝ Հրազդանի կիրճի վրա նոր կամուրջ էր կառուցվում:
Ձախ կողմում Ծիծեռնակաբերդն էր՝ զբոսանքների եւ բացօթյա խնջույքների վայրը: Այնտեղ կարելի էր հասնել ձոր իջնելով, հետո երկար բարձունքը հաղթահարելով: Աջ կողմում ընդարձակ, ծառատնկված 420 հեկտար տարածք էր, որտեղ առաջարկվում էր բնակելի նոր թաղամաս կառուցել:
Իսկ առայժմ երկու ափերն իրար էր միացնում ճոպանների վրա հենված փայտե նեղ կամուրջը, որը քամոտ եղանակին ճոճվում էր: Այն ծառայում էր շինարարներին, բայց եթե քաղաքի համարձակ բնակիչներից որեւէ մեկն ամուր նյարդեր ուներ, կարող էր մյուս ափ անցնել անդունդի վրա ձգված երերվող արահետով:
Երեւանցիները գիտեին, որ սա երկրորդ կամուրջն է, առաջինը փլվել էր շինարարության ընթացքում՝ մի քանի տասնյակ մարդու կյանք խլելով: Զոհված շինարարները հիմնականում դատապարտյալներ էին: Գաղութը գտնվում էր Կիեւյան փողոցի վրա կառուցվող համար 8 շենքի բակում: Գաղութը փակվեց, իսկ մեկ տարի անց շենքն ընդունեց առաջին բնակիչներին՝ 1937 թվականին բռնաճնշումների ենթարկված սիբիրյան աքսորից վերադարձող «հին բոլշեւիկներին»: Իսկ գաղութը վերափոխվեց մասնագիտական-տեխնիկական ուսումնարանի:
Նոր կամուրջը, որ պաշտոնապես Հրազդանի Մեծ համուրջ է կոչվում, տպավորիչ չափեր ուներ: Երկարությունը 335 մետր էր, լայնությունը՝ 25, բարձրությունը՝ 68, կամարաթռիչքը՝ 100: Այն ԽՍՀՄ-ում ամենամեծ եւ աշխարհում երկրորդ երկաթբետոնե կամարային կամուրջն էր: Անհնար է չհիշատակել ամենակարեւորը՝ կամրջի ճարտարապետությունը եւ կառուցվածքը: Մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Գրիգոր Գարեգինի Աղաբաբյանի ճարտարապետական գլուխգործոցի իրականացումը հնարավոր դարձավ նախագծողներ Վ. Փինաջյանի, Ս. Հովնանյանի, Ի. Սլովինսկու եւ Ս. Դուրգարյանի ինժեներական վարպետության շնորհիվ: Նորակառույցը գեղեցիկ էր դիտվում Հրազդանի կիրճի համայնապատկերին: Թուջից ձուլած զանգվածեղ ցանցկեն բազրիքները հուսալիության եւ անվտանգության զգացում էին առաջացնում:
1956 թվականի մայիսի 12-ին տեղի ունեցավ կամուրջի հանդիսավոր բացումը: Մինչեւ այդ կամրջի ամրությունն էր փորձարկվել: Ամբողջ երկայնքով կամրջի վրա բեռնատարներ էին կանգնեցրել, որոնց թափքերը բեռնված էին քարերով: Հարեւան շենքերի բնակիչները հավաքվել էին դարափի մի փոքրիկ հատվածի վրա: Շատերն անցել էին մյուս ափ եւ տեղի ունեցողին հետեւում էին Ծիծեռնակաբերդից: Կամրջի տակ՝ կամարի ամենավերին հատվածում, կանգնած էին ինժեներները՝ ձեռքերին սարքեր, որոնցով չափում էին բեռնվածության հետեւանքով առաջացող կորությունը: Շատերը փորձում էին գուշակել՝ «Բա որ հանկարծ փլուզվի՞: Ախր նրանք կզոհվեն» հարցի պատասխանը:
«Գիտակները» պատասխանում էին, որ այսպես է ընդունված համաշխարհային պրակտիկայում, հեղինակները եւ շինարարները պարտավոր են այնտեղ լինել, եթե իրենց կատարած աշխատանքին 100 տոկոսով վստահ են:
Հրազդանի կիրճի ափերի միացումը ակտիվացնում էր բնակելի նոր թաղամասի՝ Աջափնյակի կառուցումը, աշխուժացնում երթեւեկությունը եւ Կիեւյան փողոցի վրա շինարարությունը: Շենքերը կառուցվում էին Գեորգի Թամանյանի, Աելիտա Նավասարդյանի, Ֆենիքս Դարբինյանի նախագծերով:
Շուտով կամուրջը տխուր հռչակ ձեռք բերեց, քանի որ այն դուր եկավ նրանց, ովքեր ցանկանում էին ինքնակամ կյանքից հեռանալ: 70 մետրանոց բարձրությունից վերջին թռիչք սկսեցին կատարել ե՛ւ երիտասարդները, ե՛ւ մեծահասակները, ինչի պատճառով կամուրջն սկսեցին անվանել «ինքնասպանների կամուրջ»:
Այսպիսի յուրաքանչյուր դեպքն ամբողջ քաղաքին անմիջապես հայտնի էր դառնում, եւ բոլորին հետաքրքրում էր այն հարցը, թե ո՞ր կողմից է ցատկել այս կամ այն տղամարդը կամ կինը: Կարծես թե դա որեւէ նշանակություն ուներ: Սակայն ավելի շատ ցած էին նետվում արեւելյան կողմից, որը քաղաքին էր ուղղված: Տարիների ընթացքում ինքնասպանությունների թիվը չի կրճատվում, սակայն հիմա դա այնպիսի արձագանքի չի արժանանում, ինչպես այն տարիներին:
Կամուրջը 2 անգամ երկար ժամանակով փակվել է: 1980 թվականի մայիսից նոյեմբեր այստեղ ծավալուն շինարարական աշխատանքներ են կատարվել: Զննվել են կառուցվածքները, կարգի է բերվել ճանապարհային ծածկույթը, հաղորդակցությունը:
2005 թվականի ապրիլից Կիեւյան կամրջով երթեւեկությունը 4 ամսով դադարեցվել է եւ կապիտալ վերակառուցում է սկսվել: Տրանսպորտային երթեւեկությունը կատարվել է Դավիթաշենի կամրջով: Որեւէ լուրջ վնասվածք կամ խնդրահարույց հատված չի հայտնաբերվել: Սակայն կառուցվածքներն ամրապնդվել են, տրամվայի գծերն ապամոնտաժվել:
Այնուամենայնիվ, առաջին կամուրջն ինչո՞ւ փլուզվեց: Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողներին պատմել են, որ երբ երկու ափերին հավաքել են կիսակամարների մետաղական հիմնակմախքները, իսկ հետո դրանք տարել են միջնամաս, կցատեղերն ամրացրել են հեղույսներով: Հետո փայտամած են դրել եւ սկսել վերեւից բետոն լցնել: Ինչ-որ պահի հիմնակմախքը բետոնի ծանրությանը չի դիմացել, եւ կամրջի կառուցվածքները փլուզվել են՝ թափվելով կիրճ: Նախագծային փաստաթղթավորման, շինանյութի որակի եւ աշխատանքների կազմակերպման բազմակողմանի փորձաքննություն է պահանջվել: Արդյունքում պարզվել է, որ ամրացնող հեղույսները նախագծով պետք է պատրաստվեին 5 ստանդարտի պողպատի տեսակից: Իրականում դրանք պատրաստվել էին 3 ստանդարտի ավելի թույլ տեսակի պողպատից: Կիրճում դեռ երկար ժամանակ ընկած էին փլուզված կամրջի բետոնե հսկա մեծաբեկորները:
Կիեւյան կամուրջը դեռեւս որքա՞ն երկար կանգուն կմնա: Համարվում է, որ նախագծողները կամուրջները հաշվարկում են 150-ամյա շահագործման համար: Այնպես որ, մերը, ինչպես ասում են, դեռեւս «ուժերի լիակատար ծաղկման» շրջանում է:
Պավել Ջհանգիրով
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:09, 18 փետրվարի
Քայլի Ջենների 1-ամյա դուստրն ադամանդե վզնոց է նվեր ստացել19:49, 18 փետրվարի
«Աշխատեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը…». Էդգար Իգիթյան19:19, 18 փետրվարի
Մեգան Մարքլի քույրն ու հայրը կշարունակեն հայտնիություն ձեռք բերել նրա շնորհիվ նաեւ երեխայի ծնունդից հետո18:41, 18 փետրվարի
«Գիտե՞ք ես ինչ կանեմ։ Մի շատ շոկային բան եմ մտածել․․․»․ Ջոն Տրավոլտան դարձավ 65 տարեկան18:13, 18 փետրվարի
Ռուսները՝ Լոնդոնում. Իրինա Շեյքը եւ Նատալյա Վոդյանովան` Burberry-ի ցուցադրության հերոսներ17:45, 18 փետրվարի
Լիլիթ Հովհաննիսյանի հմայիչ լուսանկարը17:13, 18 փետրվարի
Եվգենի Պետրոսյանի սիրուհու զգեստապահարանի էվոլյուցիան. հումորիստի հետ սիրավեպը բրենդեր է «ավելացրել»16:47, 18 փետրվարի
Լիլուն՝ գայթակղիչ կերպարում16:13, 18 փետրվարի
Համացանցում է հայտնվել «Սառցե սիրտը 2» մուլտֆիլմի առաջին թիզերը15:41, 18 փետրվարի
«Եթե արտիստ ես, չպետք է կաշկանդվես տեսախցիկի առաջ»․ մոդել Էդգար Կարապետյանն իր համարձակ ֆոտոշարքի եւ առօրյա ոճի մասին15:08, 18 փետրվարի
Անսպասելի. Դեցլի մայրը բացահայտել է երգչի մահվան իրական պատճառը14:57, 18 փետրվարի
Արման Մարգարյանը՝ Վահագն Հայրապետյանի հետ