Ֆրանսիան գուրմանների երկիր է, որտեղ նրբահամ ուտեստների հանդեպ մարդկանց հետաքրքրության արդյունքում խոհարարական գլուխգործոցներ են ստեղծվում: Երեւանում նույնպես ֆրանսիական շքեղ ռեստորաններ կան, որոնք ոչնչով չեն զիջում եվրոպականներին:
Ֆրանսիացիների ազգային խոհանոցն առանձնանում է մեծ բազմազանությամբ, որը պայմանավորված է օգտագործվող մթերքների լայն տեսականիով եւ դրանք պատրաստելու տարբեր եղանակներով: Ֆրանսիայի տարբեր շրջաններում գոյություն ունեն ուտեստների պատրաստման սեփական առանձնահատկությունները:
Օրինակ՝ հարավային շրջաններում ճաշատեսակներն ավելի կծու են: Դրանք պատրաստում են գինով եւ տարատեսակ համեմունքներով, հատկապես՝ սխտորով եւ սոխով: Արեւելյան Էլզասի բնակիչներն առավելապես ուտում են խոզի միս եւ կաղամբ, իսկ հարավային եւ արեւմտյան ափամերձ շրջաններում՝ ծովամթերք: Ֆրանսիացիները սիրում են խոհարարության մեջ յուղերի տարբեր տեսակներ գործածել: Հյուսիսային եւ կենտրոնական շրջաններում ավելի շատ գործածում են սերուցքային կարագ, իսկ հարավում՝ ձիթապտղի ձեթ:
Ֆրանսիական խոհարարներն օգտագործում են մսամթերքի բոլոր տեսակները: Նրանք նաեւ հպարտանում են յուրահատուկ սոուսներով: Ֆրանսիական խոհանոցի առանձնահատկություններից մեկն էլ ուտեստի պատրաստման ժամանակ գինու, կոնյակի եւ լիկյորի օգտագործումն է:
Ֆրանսիական խոհանոցում պատվավոր տեղ է զբաղեցնում պանիրը: Հաշվվում է ավելի քան 500 տարատեսակ: Ֆրանսիայում, ինչպես եւ Հայաստանում, յուրաքանչյուր գյուղակ պանիր պատրաստելու սեփական անկրկնելի բաղադրատոմսն ունի: Լայնորեն հայտնի են ռոքֆորը, գրյուերը, կամամբերը:
Ոստրե – այն ֆրանսիական խոհանոցում հատուկ տեղ է զբաղեցնում: Խոհարարական արվեստի գիտակներն այն համարում են ամենանուրբ խորտիկը: Մատուցվող ոստրեներն աճեցնում են ծովի ջրով հատուկ ֆերմաներում, որտեղ աղի պարունակությունը նվազեցված է:
Անհնար է ուշադրություն չդարձնել նաեւ շքեղ աղանդերներին: Այդ հարցում ֆրանսիացիները, իհարկե, գիտակ են. բալի կարկանդակ, մրգերով տորթեր եւ հանրահայտ կրեմ-բրյուլե՝ կարամելի կեղեւով եփված սերուցք:
Ուսումնասիրելով Երեւանի ֆրանսիական ռեստորանները, մենք բախվեցինք մի շարք ազգային խոհանոցները մեկ՝ եվրոպականում միավորելու խնդրին: Մայրաքաղաքում 8 ռեստորան կա, որտեղ այս կամ այն չափով ներառված են ֆրանսիական խոհանոցի ճաշատեսակներ: Այդպիսիք են, օրինակ, «Florence»-ը, «Mozarteum»-ը, «Yans Club»-ը եւ այլն: Բայց դա ամենեւին չի նշանակում, որ որակով կամ պատրաստման եղանակով այդ ռեստորանները զիջում են նրանց, որտեղ միայն ֆրանսիական ուտեստներ են մատուցում: Այդ ռեստորաններում ֆրանսիական խոհանոցը նույնքան պատվավոր տեղ է զբաղեցնում, որքան իտալական, հայկական եւ այլ խոհանոցներ:
Սակայն մեր ուշադրությունը գրավեցին հենց այն հաստատությունները, որտեղ ներկայացված է միայն ֆրանսիական խոհանոցը: Դրանք համեմատաբար երիտասարդ են: Գրեթե բոլորը բացվել են 5-6 տարի առաջ: Դրանք ֆրանսիական հմայք, գեղեցկություն եւ նրբություն ունեն: Ռեստորաններից յուրաքանչյուրի ինտերիերը յուրօրինակ է:
Ինչ վերաբերում է ճաշացանկին, պետք չէ մոռանալ, որ ֆրանսիական խոհանոցն ամենահարուստներից է: Այդ պատճառով Երեւանում ներկայացված են ամենից հայտնի ճաշատեսակները: Ֆրանսիայի այցեքարտը, անշուշտ, «ֆուա-գրա» -ն է՝ սագի եւ բադի լյարդից պաշտետը, ինչպես նաեւ բազմաթիվ ուտեստներ տարբեր մսամթերքից: Հանրահայտ մսային սթեյքեր, ծովամթերքից ուտեստներ, կրուասաններ, բանջարեղենային ապուրներ, տարատեսակ պանիրներ, գաղտնի բաղադրատոմսերով սոուսներ. այս ամենն այս կամ այն չափով ներկայացված են Երեւանի ֆրանսիական ռեստորաններում:
«Նոյան Տուն» ռեստորանում ֆրանսիական շեֆ խոհարարն առաջարկում է ամենահամեղ ծովային խորտիկներից մեկը, որը նուրբ միս ունի՝ ծովախեցգետին: Ռեստորանում մսային տարբեր ճաշատեսակներ կան, որոնք ներմուծվում են Ֆրանսիայից:
Ֆրանսիացիները խստորեն հետեւում են ամբողջական սպասքավորմամբ երկարատեւ ընթրիքների ավանդույթի պահպանմանը, լինի դա տանը, թե ռեստորանում: Այս ավանդույթին մեծ նշանակություն են տալիս նաեւ «Charles»-ում: Այստեղ մեկ ուտեստից մյուսին անցումն արարողություն է: Ռեստորանը հայտնի է նաեւ սրահների յուրօրինակ եւ բազմազան ինտերիերով: «Charles»-ում փոքրիկ հրուշակագործարան կա, որտեղ համեղ ֆրանսիական աղանդեր են պատրաստում:
«Bel Etage»-ում կարելի է պրովանսյան ոճով տան ջերմ մթնոլորտ զգալ: Աչքի են զարնում սիրալիր անձնակազմը եւ ուշադիր սպասարկումը: «Bel Etage»-ում հատուկ բաղադրատոմսով ֆրանսիական հաց են թխում: Ճաշացանկում նաեւ հետաքրքիր աղանդերներ կան: Գրավիչ է հատկապես մելբուն՝ պաղպաղակով դասական աղանդեր, որ ստեղծվել է հեռավոր 1892 թվականին:
Ֆրանսիական խոհանոցն անհնար է պատկերացնել առանց գինու: Այն լայնորեն օգտագործվում է ինչպես ուտեստներ պատրաստելիս, այնպես էլ որպես խմիչք: Ֆրանսիան աշխարհի խոշորագույն գինի արտադրողն է: Այս երկիրը խաղողի տարբեր տեսակների հայրենիքն է, ինչպիսիք են, օրինակ, Կաբերնե Սովինյոնը, Շարդոնեն, Սովինյոն Բլանը եւ Սիրան: Յուրաքանչյուր շրջան արտադրում է կարմիր եւ սպիտակ գինիների որոշակի տեսակներ: Գինիների ամենամեծ հավաքածուն «Նոյան տուն» ռեստորանն ունի: Այստեղ կա ավելի քան 90 տարատեսակ՝ ինչպես ֆրանսիական, այնպես էլ այլ երկրների արտադրության: Ռեստորանը հսկայական հավաքածուով գինու հարուստ մառան է հիշեցնում:
Բոլոր ռեստորաններում ճաշացանկը թարմացվում է տարվա ընթացքում երկու եւ ավելի անգամներ: Ժամանող շեֆ խոհարարները նոր ճաշացանկը կազմելուց հետո սկսում են ուսուցանել տեղացի վարպետներին եւ անձնակազմին: Գները ցածր չեն, բայց միանգամայն համապատասխանում են առաջարկվող ճաշատեսակների որակին: Մեկ գավաթ գինիով ընթրիքն այստեղ մեկ անձի համար կարժենա 9.000-12.000 դրամ:
Չմոռանանք նաեւ ֆրանսիական սրճարան-բարերի մասին: Այդպիսիք են «La Boheme»-ը՝ շքեղ աղանդերով ու կոկտեյլներով, ինչպես նաեւ «Crepe de Paris»-ն, որտեղ կարելի է ախորժաբեր նրբաբլիթներ համտեսել:
Գրիգոր Ավետիսյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 4 սեպտեմբերի
Ֆանտաստիկ ճանապարհորդություն. սուպեր զբոսանավերը և շքեղ լայներները գերհարուստ արկածախնդիրներին տանում են աշխարհի ծայրը15:43, 4 սեպտեմբերի
£87 արժողությամբ կրծկալ և £74,000–անոց Birkin. Ջորջինա Ռոդրիգեսը շքեղ նորաձևության շքերթ է կազմակերպել Վենետիկում15:24, 4 սեպտեմբերի
Amouage-ը իր սահմանային գծում. երկու նոր բույրեր կայծակի, բեմի և գոյատևելու ցանկության մասին14:36, 4 սեպտեմբերի
Փոքր Rolex-ները մեծ գումարներ են բերում. Ինչու են կանացի ժամացույցները ռեկորդներ սահմանում երկրորդային շուկայում14:13, 4 սեպտեմբերի
Առանց ղեկի և ոտնակների. Tesla-ն ոսկե ռոբոտաքսի է բերել Տեխասի փողոցներ13:43, 4 սեպտեմբերի
«ԹԷԱՏՐՈՆ» փառատոնի շրջանակում Երևանում կցուցադրվի «Ֆոլիա» ներկայացումը13:25, 4 սեպտեմբերի
Լքել է իր 73-ամյա հարսնացուին հանուն 25-ամյա միլիարդատեր ժառանգորդուհու. սկանդալային արիստոկրատի գաղտնի հարսանիքը12:46, 4 սեպտեմբերի
Ջենիֆեր Անիստոնի մտերիմ շրջապատը չի վստահում նրա նոր ընկերոջը. «Նա օպորտունիստ է թվում»12:22, 4 սեպտեմբերի
Նույն տարիքի զգեստը. 30-ամյա Քենդալ Ջենները նվաճել է Վենետիկը իր ծննդյան տարվա զգեստով11:37, 4 սեպտեմբերի
375,000 դոլարանոց փայլեր. Ամալ Քլունին գրավել է Վենետիկի կինոփառատոնի ցուցադրությունը Tom Ford-ի զգեստով և Cartier-ի զարդերով11:19, 4 սեպտեմբերի
Ջոն Մալկովիչը 13 րոպեանոց ծափահարությունների է արժանացել Վենետիկի կինոփառատոնում10:55, 4 սեպտեմբերի
«Նրանք արդեն այստեղ են». Սանդրա Բուլոքն ապշեցրել է մարդկանց այլմոլորակայինների մասին խոստովանությամբ. «Ես տեսել եմ նրանց նավերը»