Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

Արմեն Սմբատյանն՝ Արամ Խաչատրյանի անվան մրցույթի մասին. Մրցույթը միայն տաղանդի մասին չէ. Այն նաև յուրատեսակ քաղաքականություն է, և որոշակի պայմանականություններ

19:22, 6 հունիսի

Երեւանում մեկնարկում է Արամ Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթը, որի համար տաղանդներ են գալիս ամբողջ աշխարհից: Մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում խոսեց մրցույթի նշանակության, հայ երաժշտության հանրահռչակման վրա դրա ազդեցության, հաղթողների ընտրության դժվարությունների, ինչպես նաև Արամ Խաչատրյանի անձնական ոգեշնչումների մասին։ 
 
Կարո՞ղ ենք ասել, որ մրցույթն իր ստեղծման պահից կարողացավ իրականացնել Խաչատրյանի գաղափարը հայ այլ կոմպոզիտորների հետ միասին ստեղծելու այնպիսի երաժշտություն, որը կսիրվի և կլսվի ամբողջ աշխարհում։

Սա բարդ հարց է, ըստ էության, և ոչ միանշանակ։ Արամ Խաչատրյանը յուրահատուկ անձնավորություն էր. Նա ցանկանում էր հայ երաժիշտների հետ միասին ստեղծել երաժշտություն, որը արձագանք կգտնի ամբողջ աշխարհում։ Սակայն, խոսելով մրցույթի մասին, պետք է հասկանալ, որ խոսքը միայն նրա երաժշտության մասին չէ։ Մրցույթն, առհասարակ, հայկական երաժշտությունն է քարոզում, և Խաչատրյանն, անշուշտ, կարևոր գործիչ է այս գործընթացում։ Բայց յուրաքանչյուր կոմպոզիտոր իր հետ բերում է ինչ-որ իրենը, յուրահատուկը: Այս արվեստում առանցքային դեր են խաղում անհատականությունները:

Ինչպե՞ս եք գնահատում մրցույթի հեղինակությունը հիմա, հաշվի առնելով, որ դասական երաժշտությունը, ցավոք, ժամանակակից աշխարհում այդքան մեծ ժողովրդականություն չունի։

Համաձայն չեմ, որ դասական երաժշտությունը կորցնում է ժողովրդականությունը։ Այն միշտ ունի իր սեփական հանդիսատեսը, թեկուզ փոքր: Միշտ էլ կլինեն դասական երաժշտություն սիրողներ։ Սա էլիտար արվեստ է, և նրանք, ովքեր հասկանում են դա, հոգեպես հարուստ են։ Մենք ձգտում ենք գրավել երիտասարդներին, որպեսզի նրանք նույնպես բացահայտեն այս արվեստը։ Դասական երաժշտությունը հասկանալը բարդ հասկացություն է, դա նման է հավատքի՝ կամ զգում ես այն, կամ՝ ոչ:

Ժամանակակից աշխարհում արհեստական ինտելեկտն ակտիվորեն օգտագործվում է արվեստում։ Ի՞նչ կարծիքի եք դրա մասին: Արդյո՞ք այն լուրջ վտանգ է ներկայացնում արվեստագետների համար։

Ես ծանոթ եմ արհեստական ինտելեկտի թեմային և նույնիսկ համակարգիչ եմ օգտագործել երաժշտություն գրելու համար: Հետաքրքիր փորձ է, բայց այն երբեք չի փոխարինի մարդու կողմից ստեղծված արվեստին: Երաժշտության մեջ կարևոր է «շունչը», որը բացակայում է արհեստական բանականությամբ ստեղծված ստեղծագործություններում։ Իսկական արվեստը մարդու շունչն ու սիրտն է։ Ահա թե ինչու մենք դեռ լսում ենք Բախի և Վիվալդիի երաժշտությունը՝ ստեղծված հարյուրավոր տարիներ առաջ։

Արվեստը բնության շարունակությունն է։ Նկարչությունը գույներ են, ճարտարապետությունը՝ քարեր ու ժայռեր, թատրոնը՝ քաղաքային կյանք։ Երաժշտությունը նույնպես բնության գաղափարների շարունակությունն է։ Այն գործում է ժամանակի մեջ, հայտնվում ու անհետանում է բռնկման պես։ Հենց սա է այն յուրահատուկ դարձնում: Բախի և Մոցարտի ստեղծագործությունները բացարձակ տրամաբանություն ունեն, նույնիսկ մաթեմատիկական բանաձևերի տեսք ունեն։ Այս կոմպոզիտորները ստեղծել են իրական գիտական գործեր։ Իսկ ռոմանտիզմի գալստով, սկսած Բեթհովենից, երաժշտության մեջ ի հայտ եկան մարդկային գործոնը, ողբերգությունն ու հույզերը։ Ուստի արհեստական ինտելեկտը կատարելագործված տեխնիկա է, բայց ոչ երբեք կյանքի արտահայտություն, որը մեր մեջ արթնացնում է բոլորովին անբացատրելի զգացումներ և առավել եւս՝ գոյության խորը զգացում։

Դուք աշխատում եք երիտասարդ երաժիշտների հետ. նրանք դասական երաժշտությունն ընկալու՞մ են և զգո՞ւմ են այնպես, ինչպես այն մեզ ներկայացրիք։

Անկասկած։ Ամենուր կան երիտասարդներ, ովքեր ֆանտաստիկ են ընկալում երաժշտությունը։ Հայ երիտասարդները բացառություն չեն։ Բայց կարևոր է նաև ուսումը: Առանց ուսման դուք չեք կարող դառնալ վարպետ: Երբ դուք տիրապետում եք գործիքին, սկսվում է իրական արվեստը: Այստեղ կարևոր են ոչ միայն բնական տվյալները, այլև ստացած գիտելիքները։

Ընդհանրապես երաժշտությունը հսկայական դեր է խաղում հասարակության կյանքում։ Հիշեք Լենինգրադի պաշարումը, երբ մարդիկ սովից մահանում էին, բայց հավաքվեցին Շոստակովիչի յոթերորդ սիմֆոնիան կատարելու։ Սա բարձրացրեց հաղթանակի ոգին և հավատը: Շոստակովիչի երաժշտությունն օգնեց մարդկանց զգալ իրենց ուժն ու կարևորությունը։ Իսկ երիտասարդ տաղանդների մեջ կան այնպիսիք, ովքեր քաջ գիտակցում են դրա ուժը և գիտեն՝ ինչպես օգտագործել այն։

Մրցույթը համախմբում է մասնակիցների ամբողջ աշխարհից: Կպատմե՞ք մասշտաբի և դրա կառուցվածքի մասին:

Այս տարի  աշխարհի տարբեր ծայրերից մասնակցության շուրջ երկու հարյուր հայտ է ներկայացվել։ Բոլոր մասնակիցները պետք է կատարեն Խաչատրյանի երաժշտությունը, սա մրցույթի պարտադիր պայման է։ Նրանցից շատերն առաջին անգամ են հանդիպում նրա ստեղծագործություններին, և մեր նպատակն է, որ նրանք ուսումնասիրեն և նվագեն այս երաժշտությունը։ Մրցույթին մասնակցելուց հետո երաժիշտները շարունակում են կատարել Խաչատրյանի ստեղծագործություններն աշխարհի տարբեր ծայրերում գտնվող համերգներին, ինչը նպաստում է  միջազգային բեմում հայկական երաժշտության առաջխաղացմանը։

Գիտեք, մեր նախկին մասնակիցներից ու մրցանակակիրներից շատերն համերգներին ամենաշատը ծափահարությունների են արժանանում հենց Արամ Խաչատրյանի կոմպոզիցաներով համարների ժամանակ։ Սա խոսում է այն մասին, որ արևելյան երաժշտությունը, հատկապես Խաչատրյանի ստեղծագործությունները, մեծ ազդեցություն են ունենում մարդկանց վրա և հավանում նրանց։ Այժմ մենք հասել ենք նրան, որ հազարավոր երաժիշտներ ամբողջ աշխարհում սովորել են նրա կոնցերտները։ Սա մեծ ձեռքբերում է, քանի որ իմ հիշողության մեջ Խաչատրյանի երաժշտությամբ  արդեն 8 հազար երաժիշտ կա ամբողջ մոլորակի վրա՝ դրանով իսկ ամրապնդելով նրա անունը և ժառանգությունը։ 

Ո՞ւմից և ինչի՞ց էր ոգեշնչվում ինքը՝ Խաչատրյանը։

Ռուսական երաժշտական դպրոցը մեծ ազդեցություն է ունեցել Խաչատրյանի վրա։ Նա ծնվել է Թբիլիսիում, ապրել Ռուսաստանում, սակայն նրա երաժշտությունը հիմնված է հայկական մոտիվների վրա։ Նրա տանը մի անկյուն կար՝ հայկական հոգեւոր երաժշտության գրքերով, որոնք նույնպես ոգեշնչում էին նրան։ Նա ոգեշնչում էր ստանում ամենուր, բայց հատկապես Աստվածաշնչից, որն անընդհատ դրված էր նրա գրասեղանի վրա: Իմ կարծիքով՝ այս ամենի համադրությունն է, որ նրա ստեղծագործություններն այդքան առանձնահատուկ ու սիրելի են դարձնում ոչ միայն ունկնդիրների, այլև կատարողների կողմից։ Բացի այդ, կարծում եմ, դա արտացոլվել է նաև այն օրհներգում, որը նա ժամանակին գրել է Հայաստանի համար, և որը շատերն ուզում են վերադարձնել մեր այժմյան հիմնի տեղը. ամեն դեպքում, մարդիկ նրա գրածի մեջ՝ ուժ և վերելք են զգում։ 

Ինչպե՞ս եք ընտրում մրցույթի հաղթողներին: Սա հեշտ չէ՝ հաշվի առնելով, որ բոլոր մասնակիցները տաղանդավոր են։

Մրցույթում հաղթող ընտրելը միշտ էլ շատ բարդ խնդիր է։ Մրցույթը մրցակցություն է, ինչպես սպորտը: Բայց սպորտում կան հստակ չափանիշներ՝ ով ավելի բարձր է ցատկել, հաղթում է։ Բայց արվեստում ամեն ինչ այլ է։ Այստեղ դուք չեք կարող չափել տաղանդը սանտիմետրերով կամ վայրկյաններով: Սակայն, մենք ձգտում ենք օբյեկտիվության։ Ժյուրին բաղկացած է պրոֆեսիոնալներից, սակայն յուրաքանչյուրն ունի իր ճաշակն ու նախասիրությունները։ Սա նորմալ է: Օրինակ, ամենահիշարժան դեպքերից մեկը կապված էր Ռումինիայից ժամանած երիտասարդ թավջութակահարի հետ: Նա իսկական ապստամբի տեսք ուներ՝ նա բեմ էր դուրս եկել հողաթափերով, բայց հիանալի էր նվագում: Սակայն, ժյուրիի շատ անդամներ չցանկացան նրան թողնել հաջորդ փուլ, քանի որ նրանք ունեին իրենց նախասիրություններն ու կապերը: Այս երաժիշտը լավագույնն էր, բայց նրան չուզեցին ճանաչել։

Նման իրավիճակներում շատ կարևոր է օբյեկտիվ մնալը։ Հետագայում այս թավջութակահարը հաղթել է ևս մի քանի հեղինակավոր մրցույթներում, այդ թվում՝ Մոսկվայում կայացած Չայկովսկու անվան մրցույթում։

Կարևոր է հիշել, որ մրցույթը միայն տաղանդի մասին չէ: Այն նաև յուրատեսակ քաղաքականություն ու որոշակի պայմանականություններ է։ Մենք փորձում ենք նվազագույնի հասցնել սուբյեկտիվությունը։

Օրինակ՝ ես հատուկ մրցանակ առաջարկեցի այդ ռումինացի թավջութակահարի համար։ Նա ստացավ Գրան պրի, որը թույլ տվեց ճանաչել նրա տաղանդը, իսկ մյուս մասնակիցները նույնպես ստացան իրենց արժանի մրցանակները։ Սա փոխզիջում է, որը թույլ է տալիս արդարություն և բավարարվածություն բոլոր ներգրավվածների համար:

Ես կարծում եմ, որ որքան էլ դժվար լինի դա իրականացնել, մենք պետք է այնպես անենք, որ մրցակցությունը հնարավորինս օբյեկտիվ և արդար լինի։ Ի վերջո, հենց դա է այն հեղինակավոր ու նշանակալից դարձնում միջազգային ասպարեզում։

Լիանա Աղաջանյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել