NEWS.am Style-ը սկսում է ուժեղ, հաջողակ հայ կանանց մասին խորագիր, որոնք չեն վախեցել փոխել կյանքի սովորական դրվածքը, անցնել նոր «Ես»-ի կայացման դժվարություններով եւ հաջողության հասնել նոր ասպարեզում: Նրանք չեն դժգոհում բաց թողնված հնարավորություններից, չեն կառչում անցյալից, այլ պարզապես սիրելի գործից հաճույք են ստանում: Մեր խորագրի այսօրվա հյուրն է ֆիթնես գուրու Բելլա Նազարեթյանը, որն անկեղծ զրույցում պատմեց, ինչպես է կապվել ակումբային կյանքի հետ, ինչու երբեք չի մարզի հայ տղամարդկանց, եւ որ 40 տարեկանում ամեն ինչ նոր է միայն սկսվում:
Նոր մարմին՝ նոր կյանք
Իմ գիտակցական ամբողջ կյանքում բացարձակապես այլ գործով եմ զբաղվել, վարել եմ ամենեւին ոչ առողջ կենսակերպ: Իմ՝ արդեն նախկին ամուսնու հետ 10 տարի զբաղվել ենք ակումբային բիզնեսով՝ մեկնելով տարբեր երկրներ եւ քաղաքներ: Բայց հետո այնպես ստացվեց, որ կյանքը մեզ իրարից հեռացրեց՝ մենք բաժանվեցինք: Չեմ թաքցնում՝ ապրումներ ունեի, դեպրեսիայի մեջ էի, գիրացա: Սակայն պիտի խոստովանեմ, որ հենց այս իրավիճակը դրական ազդեց իմ հետագա ճակատագրի վրա: Եթե մենք այդ ժամանակ չբաժանվեինք, ապա ես չէի ունենա այն ամենը, ինչ հիմա կա իմ կյանքում: Ես մի դաս քաղեցի՝ նույնիսկ բացասական իրավիճակում հարկավոր է կարողանալ դրական պահեր գտնել: Ինձ համար ամենագլխավորը մշտապես առաջ ընթանալն է՝ հետ չնայելով:
Ամեն ինչ սկսվեց այն գիտակցումից, որ ինչ-որ բան փոխելու ժամանակն է: Ես հասկանում էի, որ այն ինքնավստահ, ուժեղ կինն անհետանում է: Եվ իմ առջեւ նպատակ դրեցի՝ Երեւանից ոտքով Էջմիածին հասնել: Ես անչափ ուժեղ բնավորություն ունեմ, բայց այդ ժամանակ ինձ թվում էր, որ ինչ-որ տեղ թուլացել եմ եւ պետք է բնավորությունս կոփեմ: Իմ 4-ժամյա ուխտագնացությունից հետո սկսեցի ակտիվորեն սպորտով զբաղվել, շատ ընթերցել՝ տարբեր գրականություն: Այսպես ես սկսեցի գրել իմ կյանքի նոր էջը:
Կայացման դժվարությունների մասին
Ինձ հաճախ են հարցնում՝ արդյոք կնոջ համար դժվար չէ՞ սպորտային կարիերա սկսել արդեն հասուն տարիքում: Իսկ ես ավելին ասեմ՝ եթե այս տարիքում չլինեի, ապա այս գործում հաջողության չէի հասնի: Որովհետեւ որեւէ փորձով կիսվելուց առաջ, պետք է այդ բոլոր դժվարությունները սեփական մաշկիդ վրա զգաս: Ցանկացած անհաջողություն դեպի բարձունք թռիչք է: Մինչեւ իմ մարզչական աշխատանքը սկսելը ինձ լուրջ չէին ընդունում՝ շշնջալով այն մասին, որ ակումբային աշխարհից դուրս եկած մարդը չի կարող առողջ կենսակերպ վարել, դեռ ինչ-որ մեկին էլ դա սովորեցնել: Սակայն ժամանակն ամեն ինչ իր տեղը դրեց: Ես վաղուց բոլորին ամեն ինչ ապացուցել եմ իմ արդյունքներով:

Առաջին ֆիթնես խնամարկյալս ընկերուհիս էր, որն ինձ խնդրեց իրեն մարզել: Մենք մարզվելու էինք գնում այգի՝ անձրեւին, շոգին, ձյանը, ցրտին: Ես հետս հանտելներ, փոքր գորգեր, գնդակ, պարան էի վերցնում, եւ մենք մարզման էինք գնում: Ես հետեւում էի նրա սնունդին, եւ արդյունքում նա 2 ամսում 16 կգ քաշ գցեց: Այգում մեզ թարս հայացքով էին նայում, հարցնում էին՝ ինչ ենք այստեղ անում: Երեւանի բնակիչների համար դա արտառոց էր: Սակայն ավելի ուշ ինձ սկսեցին դիմել նաեւ այլ ցանկացողներ, նրանց թիվը շարունակ մեծանում էր: Եվ մեր բոլոր մարզումները կրկին բացօթյա էին: Որոշ ժամանակ անց ինձ արդեն հրավիրեցին աշխատելու ֆիթնես ակումբում:
Հայ տղամարդկանց մասին
Իմ մարզչական կարիերայի սկզբում ես որոշեցի, որ հայ տղամարդկանց չեմ մարզելու: Այն պարզ պատճառով, որ նրանք հաճախ են մոռանում սուբորդինացիայի մասին՝ փորձելով հաճոյախոսություններ անել եւ սիրահետել: Մինչեւ հիմա ինձ տղամարդիկ դիմում են, նրանց կանայք են զանգահարում, որպեսզի իրենց ամուսինների հետ պարապեմ: Սակայն ես անզիջում եմ: Ինձ ավելի հաճելի է աշխատել նպատակասլաց աղջիկների եւ կանանց հետ, որոնք պատրաստ են փոխել իրենց, կազմվածքը, ապրելու կերպը: Ես երջանիկ, գեղեցիկ, առողջ կանանց հսկա բանակ ունեմ:
Տղամարդ գործընկերներիս կողմից որոշակի նախանձ եմ զգում, մշտապես իմ մասին տհաճ լուրեր եւ զրույցներ եմ լսում: Սակայն դրան շատ հանգիստ եմ վերաբերվում եւ կարծում եմ, որ ճշմարտությունը մրցակցությունից է ծնվում: Բամբասում են ամենահետաքրքիր մարդկանց մասին (ծիծաղում է):

Ուժեղ կանայք միշտ միայնակ են...
Կարող եմ ասել, որ շատ դժվար է լինել ուժեղ, ինքնաբավ, հաջողակ կնոջ կողքին, որովհետեւ մենք չափից ավելի շատ բան ենք պահանջում ե՛ւ ինքներս մեզնից, ե՛ւ մեր կողքին եղողից: Ես, սակայն, միայնակ չեմ, իմ կողքին տղամարդ կա, նա նույնպես մարզիկ է, որի հետ միասին մենք միայն առաջ ենք ընթանում: Ընդհանրապես իմ աշխատանքը փոխել է նաեւ բնավորությունս: Եթե նախկինում տղամարդու հետ հարաբերություններում ես խիստ էի, առաջնորդ ու չզիջող, ապա հիմա գիտակցել եմ, որ կնոջ ուժը նրա թուլության մեջ է:
Չի կարելի քո ամբողջ կյանքը տղամարդու շուրջ կառուցել, որովհետեւ նա այսօր կա, իսկ վաղը չի լինի: Ես տղամարդուն չեմ ընկալում որպես օբյեկտ, որը կարող է օգնել կարիերայի հարցում կամ խանգարել զարգացմանը: Հասկացող եւ սիրող տղամարդը պետք է հարգի քո հետաքրքրությունները, ընդունի դրանք եւ կողքիդ լինի: Օրինակ՝ նախկին ամուսնուս հետ լավ ընկերներ ենք, ես մշտապես նրա հետ կիսվում եմ իմ նոր գաղափարներով, տպավորություններով եւ ձեռքբերումներով: Մենք որդի ունենք, հետեւաբար՝ չենք կարող չշփվել:
Քո հանդեպ սիրո մասին
Ինձ հաճախ են դիմում պայմանով, որ պետք է նիհարեն հանուն հարսանիքի, արձակուրդի, ընկերոջ, փեսացուի... իսկ ես փորձում եմ նրանց բացատրել, որ չարժի որեւէ մեկի համար նիհարել, փոխվել է պետք քեզ համար: Ի դեպ, ես նկատել եմ, որ հայ տղամարդիկ գեր կանանց են նախընտրում՝ նրանց համար գիրությունը գեղեցկության եւ առողջության գրավականն է: Երբ փոքր-ինչ ավելի գեր էի, քան հիմա, ապա ավելի շատ երկրպագուներ ունեի: Ուստի բոլոր կանանց կոչ եմ անում կերպարանափոխություններ անել բացառապես հանուն առողջության եւ ինքդ քեզ նորովի ընկալելու համար:
Մարգարիտա Ավագյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 22 սեպտեմբերի
«Ռուսական մանիկյուր». Ինչու է աշխարհը տարված կատարյալ մաքուր եղունգներով22:17, 22 սեպտեմբերի
Գեղեցիկ վայրեր՝ սառը ընդունելություն. 6 ուղղություն, որտեղ զբոսաշրջիկները բախվում են կոպտության21:30, 22 սեպտեմբերի
Շքեղությունը կորցնում է իր փայլը. Մերձավոր Արևելքում պատերազմը սրում է համաշխարհային շքեղության ճգնաժամը20:21, 22 սեպտեմբերի
Burberry-ն վերադարձնում է ուրախությունը նորաձևությանը. Դանիել Լին համագործակցում է Սելիա Բիրթվելի հետ19:19, 22 սեպտեմբերի
Louis Vuitton-ը պայուսակները վերածել է արվեստի առարկաների. հավաքածու՝ Քիթ Հարինգի նկարներով16:42, 22 սեպտեմբերի
Բրեդ Փիթը վերադառնում է զոմբիների աշխարհ. Paramount-ը պաշտոնապես մշակում է «Z համաշխարհային պատերազմ»-ի շարունակությունը16:19, 22 սեպտեմբերի
Բրիջիտ Բարդոյի անձնական իրերը Փարիզում կայացած աճուրդում վաճառվել են գրեթե 1 միլիոն եվրոյով15:33, 22 սեպտեմբերի
Fox News-ի նախկին պրոդյուսերը ինքնասպան է եղել 36 տարեկանում՝ նախկին հաղորդավար Էդ Հենրիին բռնաբարության մեջ մեղադրելուց վեց տարի անց15:15, 22 սեպտեմբերի
Կրծքի կաթը որպես բարձր նորաձևություն. Հղի Little Mix-ի աստղը ցնցել է Լոնդոնը14:39, 22 սեպտեմբերի
Թոմ Քրուզը ծափեր է կորզել՝ վեց րոպեանոց ելույթ ունենալով այն մասին, թե ինչու արհեստական բանականությունը չի փոխարինի կինոյին14:17, 22 սեպտեմբերի
«Դա կատակ չէր, դա կյանքի և մահվան հարց էր». Սիլվեստր Ստալոնեն պատմել է Առնոլդ Շվարցենեգերի հետ իր 20-ամյա պատերազմի մասին13:28, 22 սեպտեմբերի
Հոլիվուդյան դերասանուհին օգնել է իր խաբեբա ընկերոջը փախչել Մեքսիկա