«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Փարիզյան խճանկար (մաս II)

21:30, 25 ապրիլի

Սիտե կղզին Փարիզի սիրտն է: Այստեղից է սկսել ծնվել Փարիզ քաղաքը, այստեղ էլ գտնվում է Վիկտոր Հյուգոյի հայտնի վեպում գովերգվող Ֆրանսիայի ամենահայտնի՝ Փարիզի Աստվածամոր տաճարը, Notre Dame de Paris-ն: Տաճարի կառուցումը սկսվել է շուրջ 600 տարի առաջ, դրա նախագծման ժամանակ առաջին անգամ կիրառվել են ճարտարապետական շատ հնարքներ, որոնք հետագայում դարձել են դասական: Արտաքինից տաճարը զարդարված է հսկայական քանակությամբ քանդակներով եւ խորաքանդակներով: Տաճարի ճակատամասը լատինական «Н» տառի կառուցվածքն ունի՝ երկու աշտարակներով, իսկ հիմնական շինության տանիքը պսակում է նախշազարդ, երկինք սլացող նետը:

Եթե բավարար ժամանակ ունեք, զբոսնեք ամբողջ կղզում: Այստեղ է գտնվում Արդարադատության պալատի համալիրը՝ Փարիզի գլխավոր ոստիկանական վարչությունը, համալիրի շենքերից մեկը դուրս է գալիս Օրֆեվր գետափ, որը հայտնի է Ժորժ Սիմենոնի վեպերից, իսկ համալիրի մյուս կողմից հնագույն բանտի՝ Կոնսիերժըրիի շենքն է:

Երբ մոտենաք Փարիզի Աստվածամոր տաճարին, NEWS.am STYLE-ը խորհուրդ է տալիս միանգամից ներս չմտնել. նախ տաճարը շրջանցեք աջ կողմից եւ կտեսնեք զբոսաշրջիկների մեծամասնությունից թաքնված տաճարի փառահեղ պատերի կողային հատվածը, իսկ դիտումն ավարտելով՝ կհայտնվեք շենքի հետեւի հատվածի ոչ մեծ գեղեցիկ այգում: Ամռանն այստեղ շատ գեղեցիկ է, այգին ամբողջությամբ պատված է ծաղկած թփերով եւ վարդերով:

Տաճարի առջեւի հրապարակի աջ կողմում (եթե կանգնեք դեմքով դեպի ճակատամասը) անվճար հասարակական զուգարաններ կան: Դրանք տեղակայված են գետնի տակ եւ մուտքը նման է մետրոյի մուտքի: Ցուցանակների օգնությամբ հեշտությամբ կգտնեք դրանք:

Տաճարի ձախ պատին դեպի վերեւ՝ աշտարակների դիտահրապարակ էքսկուրսիայի մուտքն է: Սովորաբար այստեղ հերթ է եւ ստիպված կլինեք 15-20 րոպե կանգնել:

Տաճարի մուտքն ազատ է, կարելի է մտնել, շրջել եւ ներսից դիտել ամբողջ տաճարը: Անպայման ուշադրություն դարձրեք բազմերանգ ապակե լուսամուտներին. գունավոր ապակուց նկարների թեման բիբլիական սյուժեներն են եւ Փարիզի պատմության դրվագները:

Փարիզի Աստվածամոր տաճարը գործող կաթոլիկ եկեղեցի է: Մուտքի մոտ Պատարագի անցկացման ժամանակացույցն է, ու եթե հասնեք Պատարագի սկզբին, եզակի հնարավորություն կունենաք լսել իսկական երգեհոնի երաժշտություն կամ երգչախմբային կենդանի երգեցողություն տաճարի յուրահատուկ ակուստիկայում: Հատուկ Պատարագի համար բազմաթիվ հավատացյալներ են գալիս, այդ պատճառով դահլիճի կենտրոնում աթոռների շարքեր են, որոնցում տեղավորվում են Պատարագի եկածները:

Ավարտելով Սիտեում զբոսանքը եւ Փարիզի Աստվածամոր տաճարի դիտումը, կարող եք հետաքրքիր զբոսանք կատարել Սեն Միշել զբոսայգում կամ քայլել զբոսայգուն հարող Լատինական թաղամասի փողոցներով: Դրա համար հարկավոր է տաճարից դուրս գալուց հետո անմիջապես թեքվել ձախ եւ հատել տաճարի առջեւի հրապարակը: Սենան անցեք Փոքրիկ կամրջով (Petit Pont) եւ կհայտնվեք ամենագեղեցիկ եւ հետաքրքիր գետափերից մեկում: Գետափի երկայնքով հուշանվերների եւ հսկայական քանակությամբ բացիկների, նկարների, պաստառների, բուկինիստական եւ ժամանակակից գրքերի, հին աֆիշների պատճենների վաճառակետեր են: Այստեղ կարելի է զբոսնել եւ վաճառողի հետ սակարկելով՝ Փարիզից որեւէ հիշատակ գնել:

Այստեղից կարելի է սկսել Սեն Միշել բուլվարով զբոսանքը: Բարձրանալով օրվա ցանկացած պահին աղմկոտ զբոսայգով, կտեսնեք բազմաթիվ ռեստորաններ, սրճարաններ, որտեղ կարող եք ուտել ըստ ձեր ճաշակի եւ դրամապանակի չափի: Ամենից դեմոկրատական ուտեստն այս շրջանում ֆրանսիական նրբաբլիթներն են՝ քրեփը: Դրանք պատրաստվում են ոչ մեծ տաղավարներում եւ վաճառվում են տարբեր միջուկներով՝ քաղցր, մսային, բանջարեղենային, պանրային: Միջուկով քրեփը ոչ հարուստ ուսանողների սիրելի ուտեստն է, որոնք այս շրջանում շատ են: Եթե զբոսայգով շուրջ 20 րոպե դեպի վեր քայլեք, կհայտնվեք Լյուքսեմբուրգյան այգու նախշազարդ ցանկապատի մոտ: Այգու մուտքն անվճար է, ու եթե ժամանակ ունեք, կարող եք զբոսնել, հիանալ Լյուքսեմբուրգյան պալատով, այգու ծաղկանոցներով ու ծառերով, կենտրոնական կլոր շատրվանով, ամբողջ այգով մեկ տեղադրված քանդակախմբերով:

Իսկ եթե ձեր ժամանակը սահմանափակ է եւ Լյուքսեմբուրգյան այգում զբոսանք չեք նախատեսում, ապա գետափից անմիջապես կարող եք ուղեւորվել հանրահայտ Լատինական թաղամասի փողոցներով զբոսանքի: Ի դեպ, NEWS.am STYLE-ը ձեր ուշադրությունն է հրավիրում այն բանի վրա, որ թաղամասի անվանումը ոչ մի առնչություն չունի լատինաամերիկյան ժողովուրդների հետ: Անվան ծագումը կապված է այստեղ գտնվող Եվրոպայի հնագույն համալսարաններից մեկի՝ Սորբոնի ամենահին՝ բժշկական ֆակուլտետի հետ: Բժշկությունն այստեղ դասավանդվում էր բացառապես լատիներենով, այստեղից էլ առաջացել է թաղամասի անունը: Հիմա թաղամասի նեղ փողոցներում բազմաթիվ սրճարաններ են, որտեղ երեկոյան երաժշտություն է հնչում, գրքերի եւ բուկինիստական առեւտրային կետեր են, փոքրիկ խանութներ, որտեղ արվեստի գործեր են վաճառում: Սրճարաններում գները կարող են զգալիորեն տարբերվել. շատ բարձրից մինչեւ միանգամայն դեմոկրատական: Գների հարցում կողմնորոշվելու գործում օգնում է ճաշացանկը, որ տեղադրված է անմիջապես սրճարանի կամ ռեստորանի մուտքի մոտ կամ կավիճով գրված է տախտակին: Հատկապես երեկոյան այստեղ լավ է. կենդանի երաժշտություն է հնչում, սրճարաններից ախորժաբեր հոտեր են տարածվում, զբոսաշրջիկները զբոսնում են, հավաքվում է երիտասարդությունը, թատերական եւ երաժշտական բոհեմը:

Շարունակությունը՝ հաջորդիվ...


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search