Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Նկարիչ Տարոն Մուրադյան. «Արտագաղթը մեր պետության ամենամեծ սպառնալիքն է…»

21:25, 30 օգոստոսի

Այս նկարչի աշխատանքներում արտացոլվում է մի ամբողջ բարի ու հեքիաթային աշխարհ: Ֆրանսիացի արվեստաբանները նրան «Արեւելյան Բոսխ են» անվանում: Բայց Տարոն Մուրադյանը կարծում է, որ սխալ է նկարիչներին միմյանց համեմատել եւ գնահատում է այն ամենը, ինչ իրեն դուր է գալիս՝ անկախ ժանրից եւ ժամանակաշրջանից: NEWS.am STYLE-ի լրագրողին հաջողվեց այս զարմանահրաշ աշխարհի հեղինակի հետ զրուցել արվեստի, հայ ժողովրդի եւ արդիական խնդիրների մասին:

Ինչպե՞ս սկսվեց Ձեր ստեղծագործ ուղին: Ձեր ընտանիքում նկարիչներ կա՞ն:

Հայրս սովորել է Թերլեմեզյանի անվան ուսումնարանում, բայց հետագայում այլ ուղի է ընտրել: Կարծում եմ՝ նա որոշեց այն, ինչ իր մոտ չստացվեց, իրականացնել իր զավակներից մեկի միջոցով: Ես հորս եմ պարտական ամեն ինչի համար, որովհետեւ երբ 1960-70-ականներին Մոսկվա եւ Լենինգրադ էինք գնում, պարտադիր այցելում էինք բոլոր թանգարանները: Բացի այդ, մեր շրջապատի մեծ մասը նկարիչներ էին, եւ ես մանկությունից այդ միջավայրում եմ եղել:

Ձեր գործերի կերպարները հեքիաթային հերոսների տպավորություն են թողնում: Որտեղի՞ց եք գտնում այդ պատկերները ստեղծելու ներշնչանքը:

Անկեղծ ասած՝ այդ մասին չեմ մտածել: Միշտ էլ ցանկացել եմ նկարել կերպարներ, որոնք իրական կյանքում գոյություն չունեն: Բայց իմ ստեղծագործություններում փիլիսոփայություն բացարձակապես չկա: Անվանումները նույնպես պայմանական են: Ես չեմ սիրում նկարը դիտողին ստիպել վերնագրի միջոցով ինչ-որ եզրակացությունների հանգել: Ինձ համար ավելի հաճելի է, երբ մարդիկ իրենք են կիսվում իրենց տպավորություններով: Կերպարներս էլ Քաջ Նազարի նման մարդիկ են եւ կարող են գործել սխրանքներ, որոնք իրական կյանքում հնարավոր չէ:

Համաձա՞յն եք այն կարծիքին, որ նկարիչը նաեւ պետք է հոգեբան լինի՝ կերպարների ներաշխարհն առավել դիպուկ պատկերելու համար:

Կան այդպիսի նկարիչներ, բայց իմ դեպքում այդպես չէ: Օրինակ՝ ես չեմ ընդունում, երբ նկարիչը ստանձնում է փիլիսոփայի, հոգեբանի, գիտնականի պարտականությունները, կերպարվեստը համեմատում է ֆիզիկայի եւ մաթեմատիկայի հետ: Ամեն ինչ իր տեղն ունի: Վստահ եմ, որ Կլոդ Մոնեն իր բնապատկերները ստեղծելիս նման ոչ մի բանի մասին չի մտածել: Պարզապես նա անում էր այն, ինչ սիրում էր: Ես ունեմ ընկերներ, ովքեր հիանալի նկարում են՝ փիլիսոփայությունից ելնելով:

Ո՞րն է Ձեր նկարների առաջնահերթ թեման:

Հստակ առաջնահերթ թեմա չունեմ: Բայց, երեւի, առաջին հերթին ցանկանում եմ պատկերել հեքիաթային մի աշխարհ, որն իրական կյանքում գոյություն չունի:

Ինչպիսի՞ն է արվեստի դերը հասարակության կյանքում: Արդյո՞ք այն կարող է որեւէ երեւույթների փոփոխության պատճառ դառնալ:

Ես չեմ կարծում, որ այն կարող է ինչ-որ բան փոխել: Կարծում եմ, որ արվեստի միակ դերը ճաշակ հղկելն է: Հիշում եմ՝ մի օր այցելել էի Հենրիկ Իգիթյանին, նրա մոտ մարդիկ կային, որոնցից մեկն ասաց, որ Իգիթյանի գեղագիտական կենտրոնում չափազանց շատ աշակերտներ կան: Մի՞թե նրանք բոլորը նկարիչներ են դառնալու: Իգիթյանը պատասխանեց. «Այդ ամենեւին կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ նրանք գեղեցիկի հետ են շփվում»: Իհարկե, ես երբեւէ չեմ սիրել կոմունիստական ժամանակաշրջանը, բայց մարդիկ այսպես թե այնպես անհոգ էին ապրում: Նրանք, իհարկե, չգիտեին, թե կյանքում ինչքան այլ լավ բաներ կան, բայց Նկարիչների միությունում անցկացվող ցուցահանդեսների ամեն օր մարդիկ էին այցելում: Իսկ հիմա միայն բացման օրը գալիս են տվյալ նկարչի ծանոթները, ընկերներն ու բարեկամները: Հիմա կենցաղային հոգսերը մարդկանց շատ են հեռացրել արվեստից:

Ի՞նչ կա իրականության մեջ, որի հետ չի կարող համակերպվել արվեստագետը: Որեւէ բան կա՞, որ կցանկանայիք փոխել:

Կցանկանայի, որ շատ բան փոխվեր մեր թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական կյանքում: Տխուր վիճակ է: Վերջերս համացանցում կարդացի Կոմիտասի 5 հասցեում գտնվող շենքի հետ կապված իրադարձությունների մասին: Ոստիկաններից մեկն այնպես հրեց մի տարեց կնոջ… Սարսափելի էր: Այս վիճակը շատ է ազդում ինձ վրա: Հաճախ եմ եղել Ֆրանսիայում եւ տեսել եմ, որ արվեստագետները երբեք քաղաքականության մասին չեն մտածում: Բայց մենք, ապրելով նման իրականությունում, չենք կարող լռել, որովետեւ այդ ամենը մեզ հետ ուղղակի կապ ունի: Շատ ծանր եմ տանում նաեւ երկրի դատարկվելը: Հիմա ես սեփական տուն եմ կառուցում: Իսկ այդ նշանակում է, որ չեմ ուզում այստեղից հեռանալ: Բայց երբ տեսնում եմ, թե ինչպես են հեռանում իմ ընկերները, չափազանց ծանր եմ տանում: Հուսով եմ՝ հետագայում նրանց գոնե մի մասը կվերադառնա:

Իսկ ազգային արժանիքների տեսակետից մենք՝ հայերս, ինչպիսի՞ն ենք:

Բարդ հարց է: Բոլոր ազգերն էլ միանշանակ լավ եւ վատ կողմեր ունեն: Օրինակ՝ ես երբեւէ չեմ ընդունել առանձնահատուկ հայ կնոջ եւ հայ ընտանիքի վերաբերյալ գովասանքները: Տեսել եմ, որ Ֆրանսիայում կան ե՛ւ բռնակալ, ե՛ւ հոգատար հայրեր ու ամուսիններ: Մարդը մարդ է մնում: Կարծում եմ, որ մեր արժանիքներն այնքան էլ շատ չեն, որովհետեւ եթե դրանք շատ լինեին, այսօր այս վիճակում չէինք լինի: Օրինակ՝ այս թողնել-գնալն էլ ես չեմ հասկանում: Մի՞թե այդ ազգային գիծ է: Հնարավոր չէ, որ լինի մի ազգ, որը երկրում տիրող վատ վիճակի պատճառով թողնի ու հեռանա: Ինձ թվում է՝ այդ ինչ-որ շատ վատ մտածողություն է: Ես ապշում եմ նման մտածողության վրա՝ բացառությամբ, երբ մարդիկ երկրից հեռանում են՝ ուղղակի հոգեպես չդիմանալով: Երեւի թե մեր ամենամեծ արժանիքներից մեկն այն է, որ մեզ անհնար է ոչնչացնել:

Մի օր` 1990-ական թվականներին, այդ թեմայով զրուցում էի լեզվաբան Ռաֆայել Իշխանյանի հետ, ում գրքերից մեկը ես պատկերազարդել եմ: Նա ասաց, որ մեզ երբեք չեն ոչնչացնի, բայց այսպես էլ ապրելու ենք՝ աշխարհով մեկ քարշ գալով: Արտագաղթը մեր պետության համար ամենամեծ սպառնալիքն է: Մենք ոխերիմ թշնամի ունենք թուրքի տեսքով, բայց ռուսներն էլ մեր հանդեպ արդեն նույն կերպ են վարվում, եւ ես նրանց էլ թուրքերի հետ եմ համեմատում: Ռուսը երբեք էլ մեր եղբայրը չի եղել:

Առաջիկայում ինչպիսի՞ ստեղծագործական ծրագրեր ունեք:

Ներկայում ծրագրեր չունեմ, որոնց մասին կարող եմ խոսել: Բայց նախատեսում եմ 2 տարի անց Ժնեւում անհատական ցուցահանդեսով հանդես գալ:

Զրուցեց Լիլիթ Պետրոսյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել